Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Ասամբլեան`

գումարելով իր 25-րդ /արտահերթ/ նիստը Մոնրեալում` 1984 թվականի մայիսի 10-ին,

նկատի առնելով, որ միջազգային քաղաքացիական ավիացիան կարող է զգալիորեն նպաստել աշխարհի պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ստեղծմանը և պահպանմանը, իսկ դրա չարաշահումը կարող է սպառնալիք դառնալ համընդհանուր անվտանգության համար,

նկատի առնելով, որ ցանկալի է խուսափել վեճերից և պետությունների ու ժողովուրդների միջև համագործակցություն զարգացնել, ինչից և կախված է աշխարհի խաղաղությունը,

գիտակցելով միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգ և կանոնակարգված զարգացման ապահովման անհրաժեշտությունը,

գիտակցելով, որ, մարդասիրության տարրական նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական օդանավերի մեջ գտնվող անձանց ապահովությունն ու անվտանգությունը,

նկատի առնելով, որ 1944 թվականի դեկտեմբերի յոթին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի համաձայն Պայմանավորվող պետությունները.

- ճանաչում են յուրաքանչյուր պետության լիարժեք և բացառիկ ինքնիշխանությունն իր տարածքի վրա սփռվող օդային տարածության նկատմամբ,

- պարտավորվում են իրենց պետական օդանավերի համար կանոններ սահմանելիս, նկատի առնել քաղաքացիական օդանավերի օդագնացության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,

- համաձայնում են քաղաքացիական ավիացիան չօգտագործել սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող նպատակների համար,

նկատի առնելով Պայմանավորվող պետությունների պատրաստակամությունը ձեռնարկելու այլ Պետությունների օդային տարածության խախտումների կանխարգելմանն ու սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող նպատակների համար քաղաքացիական ավիացիայի օգտագործման բացառմանն ուղղված միջոցներ և նպաստելու միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգության ամրապնդմանը,

 

նկատի առնելով, որ Պայմանավորվող պետություններն իրենց ընդհանուր ցանկությունն են արտահայտում վերահաստատել թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավերի դեմ զենք չկիրառելու սկզբունքը.

1. Որոշում է, որ այդ իսկ պատճառներով նպատակահարմար է փոփոխություն կատարել 1944 թվականի դեկտեմբերի յոթին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայում,

2. Հաստատում է, վերը նշված Կոնվենցիայի 94-րդ հոդվածի «ա» կետի դրույթներին համապատասխան, նշված Կոնվենցիայում հետևյալ առաջարկված փոփոխության կատարումը.

3-րդ հոդվածի տակ ավելացնել նոր` 3bis հոդվածը:

 

«ՀՈԴՎԱԾ 3bis

 

ա/ Պայմանավորվող պետությունները գիտակցում են, որ յուրաքանչյուր Պետություն պետք է խուսափի թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավերի դեմ զենք կիրառելուց, իսկ օդանավը զավթելու դեպքում չպետք է վտանգվի օդանավի անվտանգությունը և դրա մեջ գտնվող անձանց կյանքը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված Պետությունների իրավունքներն ու պարտականությունները որևէ կերպ փոփոխող:

բ/ Պայմանավորվող պետությունները գիտակցում են, որ յուրաքանչյուր Պետություն, իր ինքնիշխանությունն իրականացնելիս, իրավունք ունի պահանջելու քաղաքացիական օդանավի վայրէջքը որևէ նշված օդանավակայանում, եթե առաջինն իր տարածքի վրա թռիչք է իրականացնում առանց թույլտվության կամ եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ օդանավն օգտագործվում է սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող նպատակների համար, կամ կարող է այդ օդանավին տալ այլ ցուցումներ` նշված խախտումներին վերջ դնելու նպատակով: Դրա համար Պայմանավորվող պետությունները կարող են ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող ցանկացած միջոցներ` ներառյալ սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցները, մասնավորապես սույն հոդվածի «ա» կետի դրույթները: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնվում է հրապարակել քաղաքացիական օդանավերն օդում զավթելու իր մոտ գործող կանոնները:

գ/ Յուրաքանչյուր քաղաքացիական օդանավ պարտավոր է կատարել սույն հոդվածի «բ» կետի համաձայն տրված հրամանը: Այդ նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրության և կանոնակարգերի մեջ ներառում է դրույթներ, որոնք նախատեսում են նշված հրամանի պարտադիր կատարումը ցանկացած քաղաքացիական օդանավի կողմից, որը գրանցված է այդ Պետությունում կամ շահագործվում է այդ Պետությունում իր հիմնական գործունեությունը ծավալող կամ մշտապես բնակվող շահագործողի կողմից: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն խիստ պատիժներ է նախատեսում նշված գործող օրենսդրական դրույթների կամ կանոնակարգերի խախտման համար և դրանց մասին գործերը փոխանցում է իր իրավասու մարմիններին` սեփական օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

դ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ Պետության գրանցում ունեցող կամ այդ Պետությունում իր հիմնական գործունեությունը ծավալող կամ մշտապես բնակվող շահագործողի կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերի հակառակ սույն Կոնվենցիայի դրույթների միտումնավոր օգտագործումն արգելելու համար: Սույն դրույթը չի ազդում սույն հոդվածի «ա» կետի դրույթների վրա և չի փոփոխում սույն հոդվածի «բ» և «գ» կետերի դրույթները»:

3. Սահմանում է, որ, վերը նշված 94-րդ հոդվածի «ա» կետի դրույթներին համապատասխան, վերը շարադրված փոփոխությունը ուժի մեջ է մտնում այն հարյուր երկու Պայմանավորվող պետության կողմից վավերացնելուց հետո և

4. որոշում է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարը Արձանագրությունը կազմի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում, բոլոր տեքստերը կհամարվեն հավասարազոր` ներառելով վերը շարադրված փոփոխության տեքստը և հետևյալ դրույթները.

ա/ Արձանագրությունը ստորագրվում է Ասամբլեայի նախագահի և Գլխավոր քարտուղարի կողմից,

բ/ Արձանագրությունը բաց է վավերացման համար` վերը նշված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած ցանկացած Պետության կողմից,

գ/ վավերագրերն ի պահ են հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը,

դ/ Արձանագրությունն այն վավերացրած Պետությունների համար ուժի մեջ է մտնում 102-րդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից,

ե/ Գլխավոր քարտուղարն անմիջապես ծանուցում է բոլոր Պայմանավորվող պետություններին Արձանագրության յուրաքանչյուր վավերագրի ի պահ հանձնելու օրվա մասին,

զ/ Գլխավոր քարտուղարը վերը նշված Կոնվենցիայի բոլոր անդամ պետություններին ծանուցում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

է/ Արձանագրությունն` այն վերը նշված ժամկետից ուշ վավերացրած ցանկացած Պայմանավորվող պետության համար ուժի մեջ է մտնում վերջինիս վավերագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն ի պահ հանձնելու պահից,

Այսպիսով, Ասամբլեայի կողմից վերը նշված գործողությունները ձեռնարկելու արդյունքում, Գլխավոր քարտուղարը կազմեց սույն Արձանագրությունը:

Ի հավաստումն որի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 25-րդ /արտահերթ/ նիստի Նախագահը և Գլխավոր քարտուղարը, լիազորված լինելով Ասամբլեայի կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Մոնրեալ քաղաքում, 1984 թվականի մայիսի 10-ին` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, կազմված միասնական փաստաթղթի տեսքով, ընդ որում բոլոր լեզուներով տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրությունն ի պահ է հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության արխիվներին, իսկ դրա հաստատված պատճենները Կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում են 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի բոլոր անդամ պետություններին:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 8-ից:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Ասամբլեա
10.05.1984
Արձանագրություն