Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 306...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 306 ԵՎ 275-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-793 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                           2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-505

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում քննելով Գառնիկ և Գոհար Փանոսյանների, ինչպես նաև Վահե Այվազյանի վճռաբեկ բողոքները ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` դատարան) 06.02.2007 թվականի թիվ 07-505 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Հասմիկ Բլուրցյանի, երրորդ անձինք Տիգրան Թերզյանի և Գոհար Գզողյանի հայցի ընդդեմ Վահե Այվազյանի, Գառնիկ և Գոհար Փանոսյանների` անշարժ գույքի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է առոչինչ ճանաչել Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 30 շենքի, 127 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, անվավեր ճանաչել Վահե Այվազյանի և Գառնիկ Փանոսյանի միջև 11.09.2000 թվականին կնքված Կոմիտասի 30 շենքի 127 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Գառնիկ Փանոսյանին և նրա ընտանիքի անդամներին վտարել նշված բնակարանից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.10.2006 թվականի թիվ 2-1516 վճռով հայցը մերժվել է:

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի թիվ 07-505 վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գառնիկ և Գոհար Փանոսյանները, ինչպես նաև Վահե Այվազյանը:

Վճռաբեկ բողոքներին պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Վահե Այվազյանի բողոքի`

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 306 և 275-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Առուվաճառքի գործարքը կնքվել է կողմերի ազատ կամահայտնության պայմաններում: ՀՀ ոստիկանության 06.10.2000 թվականի որոշման և 24.01.2003 թվականի եզրակացության համաձայն` բնակարանը հայցվորը վաճառել է պատասխանողին գումարի դիմաց: Որոշման 3-րդ էջում արձանագրված է, որ կողմերի համաձայնությամբ գումարային և բնակարանային պարտք ու պահանջը լուծված է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2000 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ Վահե Այվազյանը բնակարանի սեփականատերն է, սակայն այդ փաստը դատարանի կողմից չի գնահատվել:

Բացի այդ, տարիների ընթացքում հայցվորը և երրորդ անձինք չեն դիմել դատական պաշտպանության, որևէ պահանջ չեն ներկայացրել գործարքն անվավեր ճանաչելու մասին և բաց են թողել դատական պաշտպանության դիմելու վաղեմության ժամկետները, որը կիրառելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն է ներկայացվել դատարանին:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի թիվ 07-505 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Ըստ Գառնիկ և Գոհար Փանոսյանների վճռաբեկ բողոքի`

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ, 304-րդ, 226-րդ և 275-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վահե Այվազյանը գումարի դիմաց հայցվորներից վիճելի բնակարանը ձեռք է բերել պատշաճ կարգով, միջնորդ Արմեն Աբգարյանի միջոցով, իսկ թե վերջինիս և հայցվորների միջև բնակարանի վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ են եղել, սույն վեճի համար իրավաբանական հետևանքներ չեն կարող առաջացնել, քանի որ հայցվորների և Վահե Այվազյանի կամքն ուղղված է եղել գումարի դիմաց բնակարան գնելուն: Նման պայմաններում դատարանն անհիմն գտել է, որ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագրով քողարկված գրավի պայմանագիր` հիմք ընդունելով գործի ելքով շահագրգռված երրորդ անձանց ցուցմունքները` անտեսելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) 06.10.2000 թվականի որոշման մեջ Վահե Այվազյանի տրված բացատրությունն այն մասին, որ ինքը բնակարանը ձեռք է բերել Ա. Աբգարյանի միջոցով` գումարի դիմաց:

Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու են մերժվում այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայականը, իսկ հայցվորի բացատրությունները դիտվել են հավաստի:

 

Գործով ապացուցված է, որ Գառնիկ Փանոսյանը բնակարանը ձեռք է բերել այն օտարելու իրավունք ունեցող անձից` բնակարանի սեփականատեր Վահե Այվազյանից նախապես համոզվելով, որ բնակարանն երրորդ անձանց իրավունքով ծանրաբեռնված չէ, կալանքի, արգելանքի տակ չի գտնվում, հաշվառվածներ չկան: Այնինչ, դատարանը հիմք ընդունելով գործի ելքով շահագրգռված երրորդ անձանց բացատրություններն այն մասին, որ գործարքը շինծու է, և իբր Գառնիկ Փանոսյանն իմացել է դրա մասին, անտեսելով բացատրություններն այն մասին, որ Գառնիկ Փանոսյանն ընդհանրապես տեղյակ չի եղել վիճելի բնակարանը Վահե Այվազյանին վաճառելու պատճառների մասին նշել է, որ բնակվելով հայցվորի հարևանությամբ, քաջատեղյակ է եղել, որ բնակարանի վերաբերյալ վեճ կա:

Իրականում նրանք հարևաններ չեն, Գառնիկ Փանոսյանը բնակվել է մի քանի մուտք հեռու և հայցվորի ընտանիքի հետ որևէ առնչություն չի ունեցել:

Գործի նյութերում բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված` գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ վերցնելու պայմանները:

Դատարանը չի գնահատել նաև ոստիկանության` Ա. Աբգարյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման 3-րդ էջը, որտեղ արձանագրված է, որ հայցվոր Տիգրան Թերզյանի և միջնորդ Ա. Աբրահամյանի միջև փոխհամաձայնության գումարային և բնակարանային պարտք ու պահանջը լուծված է:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի թիվ 07-505 վճիռը և հայցապահանջն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հասմիկ Բլուրցյանի անունից հանդես եկող Տիգրան Թերզյանի, Արամ և Հասմիկ Թերզյանների անունից հանդես եկող Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 30 շենքի, 127 բնակարանը վաճառվել է Վահե Այվազյանին` 5 300 000 ՀՀ դրամով:

2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 03.05.2000 թվականին Վահե Այվազյանի հայցի հիման վրա կայացրել է վճիռ Հասմիկ Անուշավանի Բլուրցյանին, Տիգրան, Հասմիկ և Արամ Թերզյաններին Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 30 շենքի, 127 բնակարանից վտարելու մասին:

3) Վահե Այվազյանի և Գառնիկ Փանոսյանի միջև 11.09.2000 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 30 շենքի 127 բնակարանը վաճառվել է Գառնիկ Փանոսյանին, նշված պայմանագրից ծագած իրավունքներն ստացել են պետական գրանցում և Գառնիկ ու Գոհար Փանոսյանների անվամբ տրվել է անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայական:

4) ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ վարչության 06.10.2000 թվականի որոշման համաձայն` Երևան քաղաքի բնակիչ Արմեն Աբգարյանը, չունենալով գրավատնային գործունեությամբ զբաղվելու թույլտվություն, Վահե Այվազյանից վերցնելով 6000 ԱՄՆ դոլար 16.12.1997 թվականին տվել է Տիգրան Թերզյանին` 10% տոկոսադրույքով` որպես գրավ Տ.Թերզյանի` Կոմիտասի 30 շենքի թիվ 127 բնակարանը առուծախ ձևակերպելով Վահե Այվազյանի անվամբ: Թերզյանն որպես տոկոս Աբգարյանին վճարել է 1850 ԱՄՆ դոլար և չի կարողացել վերադարձնել վերցրած գումարը, այդ պատճառով Ա.Աբգարյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որի կողմից 03.05.2000 թվականին վճիռ է կայացվել Թերզյանին և նրա ընտանիքի անդամներին վտարել նշված բնակարանից:

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ Վահե Այվազյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով մերժել հայցը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները` նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

Վահե Այվազյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, կամ դադարելուն: Նույն օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար: Վերոհիշյալ նորմի համաձայն` առուվաճառքի պայմանագրի կողմերն են հանդիսանում միայն գնորդը և վաճառողը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Հետևաբար, գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով էական նշանակություն ունեն ներքոհիշյալ իրավական հարցերը

1. արդյոք մի կողմից Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և մյուս կողմից Վահե Այվազյանի կամքն ուղղված է եղել բնակարանի առուվաճառքի պայմանագրով քողարկված այլ պայմանագիր կնքելուն, և

2. արդյոք նշված գործարքն իրականում կնքվել է ոչ թե այն ստորագրած, այլ` ուրիշ անձանց միջև:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում, քաղաքացիական գործում առկա ապացույցները, մասնավորապես, ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ վարչության 06.10.2000 թվականի որոշումով չի հիմնավորվում ոչ այն հանգամանքը, որ Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված գործարքի կողմ (կամ կողմեր) իրականում հանդիսանում են այլ անձինք, ոչ էլ այն հանգամանքը, որ վերոհիշյալ պայմանագիրը կնքած Վահե Այվազյանի կամքն իրականում ուղղված է եղել մեկ այլ պայմանագիր կնքելուն, որը քողարկվել է վեճի առարկա պայմանագրով: Հետևաբար, երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում, չի կարող այդ գործարքը գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ:

Բացի այդ, գործում առկա է նաև Ա.Աբգարյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման 3-րդ էջը, որտեղ արձանագրված է, որ հայցվոր Տիգրան Թերզյանի և միջնորդ Ա.Աբրահամյանի միջև փոխհամաձայնության գումարային և բնակարանային պարտք ու պահանջը լուծված է:

 

Վերը նշվածի հիման վրա, անհիմն է Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 30 շենքի, 127 բնակարանի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ լինելու մասին վճռի պատճառաբանությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Տվյալ դեպքում, Վահե Այվազյանի և Գառնիկ Փանոսյանի միջև 11.09.2000 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցային վաղեմության ժամկետը լրացել է այն կնքելու պահից մեկ տարի հետո:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ Վահե Այվազյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով մերժել հայցը, սակայն դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը:

 

Գառնիկ և Գոհար Փանոսյանների վճռաբեկ բողոքի մասով.

Վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները: Դատարանը միակողմանիորեն է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ վարչության 06.10.2000 թվականի որոշումը, քանի որ Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված պայմանագրքի` շինծու լինելու վերաբերյալ դատողություններ է կատարել` առանց հաստատված համարելու Վահե Այվազյանի մոտ խաթարված կամքի առկայությունը, այսինքն, այն հանգամանքը, որ վերջինս գիտակցել է տվյալ պայմանագրի` բնակարանի առուվաճառքից բացի այլ պայմանագիր լինելը:

Տվյալ դեպքում, այն հանգամանքը, թե Արմեն Աբգարյանն իրականում ինչ պայմանագիր է քողարկել բնակարանի առուվաճառքի պայմանագրով, սույն քաղաքացիական գործով ապացուցման առարկայի անմիջական շրջանակից դուրս է, քանի որ վերջինս չի հանդիսացել վեճի առարկա պայմանագրի կողմ, ուստի և նրա կամքի գնահատումն էական չէ Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված պայմանագրի նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման համար:

Այսպիսով, սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ Վահե Այվազյանի մոտ կնքված պայմանագրից այլ պայմանագիր կնքելու կամքի առկայության վերաբերյալ որևիցե ուղղակի ապացույց:

Ինչ վերաբերում է դատարանի այն պատճառաբանությանը, որ Գառնիկ Փանոսյանը բնակվել է մի քանի մուտք հեռու և պետք է իմանար շինծու գործարքի մասին, նույնպես հիմնավոր չէ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն oտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Դատարանը բազմակողմանիորեն չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնք բավարար են հաստատված համարելու փաստերն այն մասին, որ Գառնիկ Փանոսյանը բնակարանը ձեռք է բերել այն օտարելու իրավունք ունեցող անձից` բնակարանի սեփականատեր Վահե Այվազյանից, նախապես համոզվելով, որ բնակարանը երրորդ անձանց իրավունքով ծանրաբեռնված չէ, կալանքի, արգելանքի տակ չի գտնվում, հաշվառվածներ չկան, գործարքի կնքման պահին (11.09.2000 թվականին) առկա է եղել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ (03.05.2000 թվական)` Հասմիկ Անուշավանի Բլուրցյանին, Տիգրան, Հասմիկ և Արամ Թերզյաններին Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 30 շենքի, 127 բնակարանից վտարելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են բավարար փաստեր, եզրակացնելու, որ Գառնիկ Փանոսյանը հանդիսանում է տվյալ գույքի բարեխիղճ ձեռք բերող:

 

Սույն որոշման` Վահե Այվազյանի և Գառնիկ և Գոհար Փանոսյանների բողոքների հիմքերը և Վահե Այվազյանի վճռաբեկ բողոքի` հայցային վաղեմություն չկիրառելու պատճառաբանությունները բավարար հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

 

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում հետևյալ պատճառաբանությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

 

Տվյալ դեպքում, հայցապահանջով ներկայացված գործարքների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը լրացել է այն կնքելու պահից մեկ տարի հետո, իսկ հայցային վաղեմության կիրառման պահանջ ներկայացվել է գործի քննության ժամանակ (գ.թ. 74):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Գառնիկ և Գոհար Փանոսյանների վճռաբեկ բողոքը բավարարել:

2. Վահե Այվազյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

3. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի

թիվ 06-3340 վճիռը և փոփոխել.

Հասմիկ Բլուրցյանի հայցն ընդդեմ Վահե Այվազյանի, Գառնիկ և Գոհար Փանոսյանների` Տիգրան Թերզյանի, Գոհար Գզողյանի և Վահե Այվազյանի միջև 16.10.1999 թվականին կնքված Երևան քաղաքի Կոմիտասի փողոց, թիվ 30 շենքի, 127 բնակարանի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու, Վահե Այվազյանի և Գառնիկ Փանոսյանի միջև 11.09.2000 թվականին կնքված Կոմիտասի 30 շենքի թիվ 127 բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և Գառնիկ Փանոսյանին և նրա ընտանիքի անդամներին նշված բնակարանից վտարելու պահանջների մասին, մերժել:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-793(ՎԴ)
Որոշում