ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2304/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2304/02/08
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Վ. Ավանեսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանների, Սվետլինա Սաղումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Ծատուրյանի ընդդեմ Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանների, Սվետլինա Սաղումյանի` բնակեցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուզաննա Ծատուրյանը պահանջել է բնակեցնել ընդհանուր սեփականության իրավունքով Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյաններին, Սվետլինա Սաղումյանին պատկանող Երևանի Լեփսիուսի 21 փողոցի թիվ 24 բնակարանում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 15.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանները, Սվետլինա Սաղումյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, ճիշտ գնահատական չի տվել գործում եղած ապացույցներին, մասնավորապես` Երևանի քաղաքապետի 03.09.1997 թվականի թիվ 1028 որոշմանը, ինչի հետևանքով եկել է սխալ հետևության: Նշված որոշմամբ վիճելի բնակարանը սեփականաշնորհվել է անհատույց` որպես համատեղ սեփականություն: Որոշման մեջ նշված է, որ թույլատրվել է 50.25 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը ոչ թե վաճառել, այլ ձևակերպել Ալյոշա Թաթոսյանի անվամբ: Այսինքն` վիճելի բնակարանը չէր կարող համարվել Ռուզաննա Ծատուրյանի և Գևորգ Թաթոսյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ընդհանուր սեփականություն, քանի որ այն չի գնվել, այլ ձեռք է բերվել անհատույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումը, օրինական ուժի մեջ թողնել Դատարանի վճիռը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` հաստատված համարելով, որ Երևանի Լեփսիուսի 21 շենքի թիվ 24 բնակարանը ձեռք չի բերվել համատեղ ամուսնության ընթացքում Ռուզաննա Ծատուրյանի և Գևորգ Թաթոսյանի կողմից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 17.03.1995 թվականի թիվ III-ՍԼ N 465007 ամուսնության վկայականի համաձայն` Գևորգ Թաթոսյանի և Ռուզաննա Ծատուրյանի ամուսնությունը գրանցվել է 1995 թվականի մարտի 17-ին Երևանի Խորհրդային շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում (գ.թ. 6):
2) 07.11.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2596601 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 09.03.1997 թվականի բնակարանի սեփականաշնորհման մասին թիվ 1028 որոշման, նոտարի 13.08.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6710 վկայագրի հիման վրա Երևանի Լեփսիուսի 21 շենքի թիվ 24 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանների, Սվետլինա Սաղումյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/4 բաժնով (գ.թ. 11-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին և արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը (տե՛ս, ըստ հայցի Գարիկ Կուրդիյանի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես, Տիգրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-506 (ՎԴ)):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ վիճելի բնակարանում Գևորգ Թաթոսյանի ունեցած բաժնի նկատմամբ Ռուզաննա Ծատուրյանի համատեղ սեփականության իրավունքի ծագման փաստը Դատարանի կողմից ճիշտ է հաստատվել: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, պատճառաբանել է, որ հայցվորի իրավունքը ծագել է օրենքի ուժով և ենթակա է ճանաչման և պաշտպանության` անկախ գրանցված լինելու հանգամանքից:
Սույն գործի փաստերի համաձայն` Գևորգ Թաթոսյանի և Ռուզաննա Ծատուրյանի ամուսնությունը գրանցվել է 1995 թվականի մարտի 17-ին Երևանի Խորհրդային շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում, իսկ Երևանի քաղաքապետի 09.03.1997 թվականի բնակարանի սեփականաշնորհման մասին թիվ 1028 որոշման, նոտարի 13.08.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6710 վկայագրի հիման վրա Երևանի Լեփսիուսի 21 շենքի թիվ 24 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանների, Սվետլինա Սաղումյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/4 բաժնով: 07.11. 2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2596601 վկայականի համաձայն` Ռուզաննա Ծատուրյանը վիճելի բնակարանի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք չունի:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանը թեև ձեռք է բերվել Գևորգ Թաթոսյանի և Ռուզաննա Ծատուրյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն Գևորգ Թաթոսյանի կողմից` անհատույց սեփականաշնորհման հիմքով, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը չէ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունենալու պայմաններում այնտեղ բնակեցնելու մասին Ռուզաննա Ծատուրյանի պահանջն անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ռուզաննա Ծատուրյանի հայցը մերժել:
2. Ռուզաննա Ծատուրյանից հօգուտ Գևորգ, Սասուն, Նարինե Թաթոսյանների, Սվետլինա Սաղումյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան