Սեղմել Esc փակելու համար:
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0935/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0935/02/08

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ռուբեն Հախվերդյանի հայցի ընդդեմ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի` պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուբեն Հախվերդյանը պահանջել է հարկադրել պատասխանողին հերքել 02.08.2008 թվականի «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թիվ 134 համարում զետեղված իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2009 թվականի որոշմամբ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուբեն Հախվերդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերը և գործում առկա ապացույցները գնահատել է ոչ ճիշտ և կամայականորեն: Մասնավորապես, մի դեպքում ապացույցների շրջանակում է թողել վկա Ասատուր ՈՒմրոյանի գրավոր հայտարարությունը (որում հավաստվում է հայցվորի սթափ լինելը), իսկ մյուս դեպքում` որպես ոչ վերաբերելի ապացույցներ, ապացույցների շրջանակից հանել է պատասխանողի կողմից հանդես եկող վկաների գրավոր հայտարարություններն ու բացատրությունները (որոնցում հավաստվում է հայցվորի ոչ սթափ լինելը և անպարկեշտ պահվածքը):

Վերաքննիչ դատարանի կողմից վերոհիշյալ դատավարական խախտումների հետևանքով հաշվի չի առնվել հայցվորի կողմից «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հերքում պահանջելու կանոնների խախտումներով հայցի ներկայացման փաստը, ինչպես նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ռուբեն Հախվերդյանի գործողությունները կատարվել են բազմահազար անձանց ներկայությամբ և կրում են հրապարակային բնույթ, ուստի տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, կատարել է ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի գնահատում, որի արդյունքում կայացրել է հիմնավորված և օրինական որոշում:

Բողոք բերողի իրավական դիրքորոշումը սխալ է: Պատասխանողի ներկայացրած վկաների ցուցմունքներին գնահատական չտալը չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, քանի որ նույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների վերաբերելիության շրջանակը, համաձայն որի` սույն գործով միակ վերաբերելի ապացույցը «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պ. Սեմերջյանի 05.11.2008 թվականի թիվ 2259 գրությունն է: Սույն գործով պատասխանող կողմը դատարանին չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց, որով կհաստատվեր Հախվերդյանի «այնքան խմած լինելու և հազիվ ոտքի վրա կանգնած մնալու» հանգամանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. «Չորրորդ իշխանություն» օրաթերթի 02.08.2008 թվականի թիվ 134 համարում զետեղված «Հախվերդյանին չթողեցին բարձրանալ» հոդվածում տպագրվել է` «ի դեպ, Ռուբեն Հախվերդյանն այնքան խմած էր, որ հազիվ էր կանգնում ոտքի վրա, Ռ. Հախվերդյանն իրեն շատ անպարկեշտ էր պահում ... Մեզ մնում է Հախվերդյանին հորդորել` այսուհետ նման հոգեվիճակի և տրամադրության առկայության դեպքում խուսափել մասսայական միջոցառումներին մասնակցելու իր բուռն ցանկությունը» (գ.թ. 7):

2. Ասատուր ՈՒմրոյանի գրավոր հայտարարության համաձայն` 01.08.2008 թվականին կայացած հանրահավաքին ներկա է գտնվել Ռուբեն Հախվերդյանի հետ և եղել են միանգամայն սթափ վիճակում (գ.թ. 59):

3. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 05.08.2008 թվականին թիվ 091-Ն տեղեկանքի համաձայն` 04.08.2008 թվականին Ռուբեն Հախվերդյանից վերցված փորձանմուշում ալկոհոլի` էթիլ սպիրտի, հետքեր չեն հայտնաբերվել (գ.թ.8): Նույն ընկերության 05.11.2008 թվականի թիվ 2259 գրության համաձայն` մարդու օրգանիզմում ալկոհոլի առկայության կամ բացակայության փաստը որոշվում է առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդներով և սարքերով: Տվյալ հետազոտությունն իրավունք ունի անցկացնել բժիշկ-նարկոլոգը կամ այլ մասնագետ բժիշկ, ով ունի տվյալ գործունեությունն իրականացնելու լիցենզիա (գ.թ.57):

4. Քաղաքացիական գործում առկա են Սոնա Մովսեսյանի, Գայանե Վարդանյանի, Սյուզաննա Թովմասյանի գրավոր հայտարարությունը և Ալիտա Սարդարյանի ու Գոհար Վեզիրյանի կողմից բացատրությունները, որոնց համաձայն` 01.08.2008 թվականին Մատենադարանի տարածքում Ռուբեն Հախվերդյանը գտնվել է ոչ սթափ վիճակում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ որևէ հանգամանքի միայն որոշակի ապացույցով հաստատվելի լինելը պետք է ամրագրված լինի օրենքով կամ իրավական այլ ակտով:

Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, փաստելով Սոնա Մովսեսյանի, Գայանե Վարդանյանի, Սյուզաննա Թովմասյանի կողմից տրված գրավոր հայտարարությունը և Ալիտա Սարդարյանի ու Գոհար Վեզիրյանի կողմից տրված գրավոր բացատրությունները, վկայակոչելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 05.08.2008 թվականի գրությունը, դրանք դիտել է որպես ոչ վերաբերելի ապացույցներ` առանց նշելու այն օրենքը, կամ իրավական այլ ակտը, որտեղ ամրագրված է համապատասխան արգելքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 05.08.2008 թվականի տրված թիվ 091-Ն գրությունը գնահատելիս անտեսել է այն հանգամանքը, որ Ռ. Հախվերդյանը նարկոլոգիական կլինիկա է դիմել դեպքից երեք օր անց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.06.2009
N ԵՔԴ/0935/02/08
Որոշում