(ուժը կորցրել է 16.04.13 թիվ 103-Ն որոշում)
i
050.0163.270709
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2009 թվականի թիվ 163-Ն
i
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/10-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» և «լա» ենթակետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները կանոնակարգ 3/10-ը»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 163-Ն որոշմամբ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/10
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգին (այսուհետ` Ներքին հսկողության համակարգ) ներկայացվող նվազագույն պահանջները:
2. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքի, գործարար գործընթացների, հաշվետվողականության ու միջոցառումների համալիր է, որը կոչված է պահպանելու ապահովագրական ընկերության ակտիվները, ապահովելու ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությունը, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, բարձրացնելու իրականացվող գործառնությունների արդյունավետությունը, ապահովելու ապահովագրական ընկերության գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերին:
3. Ներքին հսկողության հիմնական նպատակներն են`
1) ապահովագրական գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտումը և կառավարումը, ապահովագրական ընկերության աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և անձնակազմի արդյունավետ կառավարումը (գործառնական նպատակ),
2) ապահովագրական ընկերությունում որոշում կայացնելու համար անհրաժեշտ հաշվապահական, ֆինանսական և այլ հաշվետվությունների հուսալիության, ամբողջականության և ժամանակին ներկայացման ապահովումը, ապահովագրական ընկերության ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովումը (տեղեկատվական նպատակ),
3) ապահովագրական ընկերության գործունեության համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատված ներքին իրավական ակտերի (քաղաքականությունների, կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլն) պահանջներին (համապատասխանության նպատակ):
4. Ներքին հսկողության համակարգը առնվազն բավարարում է սույն կանոնակարգով սահմանված պայմաններին: Ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերով սահմանվում է ընկերության համար էական ռիսկի չափը (ֆինանսական ռիսկերի դեպքում)` որպես կանոն արտահայտված ապահովագրական ընկերության կապիտալի և/կամ շահույթի տեսակարար կշռով: Եթե ապահովագրական ընկերության կողմից իրականացվող առանձին գործառնությունների բնույթը, ծավալը կամ այդ գործառնություններից ստացվող ապահովագրական ընկերության ֆինանսական արդյունքները էական չեն ապահովագրական ընկերության համար կամ ապահովագրական ընկերության համար չեն առաջացնում էական ռիսկեր, ապա ապահովագրական ընկերությունը կարող է չպահպանել այդ գործառնությունների գծով սույն կարգով սահմանված ներքին հսկողության պահանջները` ապահովագրական ընկերության խորհրդի որոշմամբ հաստատված հիմնավորմամբ:
5. Ապահովագրական ընկերությունում պատշաճ ներքին հսկողության համակարգի ձևավորման, կենսագործունեության և արդյունավետության շարունակական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու են ապահովագրական ընկերության խորհուրդը, գործադիր մարմինը, ներքին աուդիտի ստորաբաժանումը, ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրենց պարտականությունների շրջանակներում:
6. Ներքին հսկողության համակարգը նկարագրվում է ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերում, որոնք հանդես են գալիս քաղաքականությունների, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների և այլ տեսքով:
7. Ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերը պարբերաբար, սակայն ոչ պակաս քան տարին մեկ անգամ, վերանայվում են` դրանք միջավայրի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:
8. Ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերը հասանելի են ապահովագրական ընկերության անձնակազմին: Ապահովագրական ընկերության գործադիր մարմինը ապահովում է ապահովագրական ընկերության անձնակազմի տեղեկացվածությունը Ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի դրույթներին:
9. Ներքին հսկողության համակարգը ներառում է ապահովագրական ընկերության գլխամասի և մասնաճյուղերի ներքին հսկողության համակարգերը, որոնք կազմում են տրամաբանական ամբողջություն և հիմնվում են միևնույն չափանիշների և սկզբունքների վրա:
10. Ներքին հսկողության համակարգը ապահովում է հուսալի և բնականոն ապահովագրական գործունեության իրականացումը` հաշվի առնելով տվյալ ապահովագրական ընկերության գործունեության բնույթը, ծավալը, առկա ու հնարավոր ռիսկերը, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, գործարար շրջանառության սովորույթները ու միջավայրի փոփոխությունները:
Միջավայրի փոփոխություններ են.
1) փոփոխված գործառնական միջավայրը (ապահովագրական և վերաապահովագրական շուկաներում տեղի ունեցած փոփոխությունները, ապահովագրական ընկերության գործընկեր վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդների փոփոխությունը և այլն),
2) նոր անձնակազմը,
3) նոր կամ վերափոխված տեղեկատվական համակարգերը,
4) նոր տեխնոլոգիաները,
5) նոր ծառայությունները, գործունեության տեսակները,
6) նոր կամ վերափոխված կազմակերպական կառուցվածքը,
7) ապահովագրական ընկերության վերակազմակերպումը,
8) ապահովագրական ընկերության կողմից դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը, դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը և այլն:
11. Ներքին հսկողության համակարգը բխում է ապահովագրական ընկերության ռազմավարությունից ու ներառում է ապահովագրական ընկերության ռազմավարության ձևավորմանը, սահմանմանը, գնահատմանը և վերանայմանը վերաբերող գործարար գործընթացներ:
12. Ապահովագրական ընկերության գործարար գործընթացների մշակումը ներառում է հետևյալ քայլերը.
1) գործարար գործընթացի նկարագրություն,
2) գործարար գործընթացի յուրաքանչյուր քայլի իրականացման հետ առնչվող հնարավոր ռիսկերի ու բացասական իրադարձությունների նույնականացում (ճանաչում),
3) ռիսկերի ու բացասական իրադարձությունների ի հայտ գալու հավանականության և ապահովագրական ընկերության գործունեության վրա հնարավոր ազդեցության սահմանում,
4) ռիսկերը կառավարելու, կանխարգելելու և նվազեցնելու նպատակով միջոցառումների ու մեխանիզմների սահմանում:
13. Ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել ապահովագրական ընկերությունը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ ապահովագրական ընկերության կապիտալի և/կամ շահույթի վրա:
14. Ներքին հսկողության համակարգի գործունեության արդյունավետությունը ենթադրում է ապահովագրական ընկերության գործունեության հետ կապված ռիսկերի ժամանակին բացահայտում, գնահատում և շարունակական կառավարում: Ներքին հսկողության մեխանիզմները անհրաժեշտ է վերանայել նոր կամ նախկինում հսկողությունից դուրս մնացած ռիսկերի հայտնաբերման դեպքում:
15. Ապահովագրական ընկերությունը ռիսկերի գնահատում և վերլուծություն իրականացնելիս հաշվի է առնում հավանական ծայրահեղ հանգամանքների/իրավիճակների առկայությունը (սթրես սցենարներ), որի հիման վրա ապահովագրական ընկերությունը սահմանում է արտակարգ հանգամանքի/իրավիճակի պայմաններում ապահովագրական ընկերության կողմից ձեռնարկվելիք միջոցառումները (այն կարող է լինել արտակարգ/չնախատեսված իրավիճակների ծրագիրը, որը պարբերաբար թարմացվում և փորձարկվում է` պարզելու համար դրա արդյունավետությունը):
16. Ապահովագրական ընկերությունն իրականացնում է ներքին միջավայրում հնարավոր սթրեսային (արտակարգ) իրավիճակների կանխարգելմանն ուղղված ընթացակարգեր և միջոցառումներ: Ապահովագրական ընկերությունը վերահսկում է այն ռիսկերը, որոնք առնչվում են ապահովագրական ընկերության գործունեությանը: Վերահսկումը կատարվում է այնպես, որպեսզի հստակ կապ ապահովվի ապահովագրական ընկերության ընդհանուր ռիսկի մակարդակի և ֆինանսական միջոցների միջև: Ելնելով դրանից` Ներքին հսկողության համակարգը ներառում է ապահովագրական ընկերության ռիսկերին կապիտալի համարժեքության մոնիտորինգի իրականացմանն ուղղված ընթացակարգեր և միջոցառումներ:
17. Ապահովագրական ընկերությունը հաստատում է արտակարգ իրավիճակներում (համակարգչային ցանցի խափանում, հրդեհ, այլ) գործունեության իրականացման ծրագրեր: Արտակարգ իրավիճակներում գործունեության ծրագրերը նվազագույնը ներառում են ապահովագրական ընկերությունում գործող առանցքային նշանակություն ունեցող ոլորտների, համակարգերի, ստորաբաժանումների աշխատանքի նկարագրությունը արտակարգ իրավիճակի դեպքում և աշխատանքի անընդհատության ապահովման արարողակարգերի նկարագրությունը: Արտակարգ իրավիճակներում գործունեության իրականացման ծրագրերը առնվազն տարին մեկ անգամ թեսթավորվում են` որոշելու համար դրանց արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում վերանայվում:
18. Արդյունավետ Ներքին հսկողության համակարգը նախատեսում է այդ համակարգի կիրառման անընդհատ կամ պարբերական մոնիտորինգի իրականացում, թերությունների կամ բացթողումների ուղղում (ճշգրտում): Ապահովագրական ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի ստորաբաժանման, ապահովագրական ընկերության աշխատակիցների կողմից հայտնաբերված Ներքին հսկողության համակարգի թերությունները և բացթողումները ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվում են ապահովագրական ընկերության խորհրդին:
19. Ռիսկերի բացահայտման, կանխարգելման և նվազեցման ներքին հսկողության ձևերն են.
1) ապահովագրական ընկերության գործունեության պարբերական ուսումնասիրությունը և գնահատումը ապահովագրական ընկերության կառավարման մարմինների կողմից (աշխատակիցներից կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների պահանջման, իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ աշխատակիցներին հարցերի տրման և նրանցից պատասխանների, պարզաբանումների և բացատրությունների ստացման և այլ միջոցներով),
2) ապահովագրական ընկերությանը պատկանող գույքի և առավել կարևոր փաստաթղթերի (այդ թվում` ապահովագրության պայմանագրերի) ֆիզիկական պաշտպանվածության ապահովումը, ինչը ենթադրում է, որ ապահովագրական ընկերությանը պատկանող գույքը և առավել կարևոր փաստաթղթերը պաշտպանված են կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից,
3) ներքին սահմանաչափերի սահմանումը և պահպանումը (օրինակ` առանձին գործարքների, գործունեության ցուցանիշների նկատմամբ և այլն),
4) որոշակի սահմանաչափերը գերազանցելու դեպքում որոշումների և գործարքների հաստատումը և (կամ) թույլատրումը համապատասխան իրավասու անձանց կողմից,
5) աշխատանքային պարտականությունների պատշաճ տարանջատումը և աշխատակիցներին շահերի բախում չպարունակող պարտականությունների հանձնարարումը,
6) կրկնակի ստուգումը,
7) տվյալների և գրառումների համադրումը,
8) պարբերական գույքագրումը,
9) ապահովագրական ընկերության հայեցողությամբ` հսկողության այլ գործիքները:
ԳԼՈՒԽ 2. |
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
20. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.
1) ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը` սխեմատիկ և/կամ տեքստային ձևով,
2) ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականությունները: Պարտականությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահսկվում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները,
3) ռիսկերի կառավարման առանձին ոլորտների համար պատասխանատու անձանց,
4) ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիր` սխեմատիկ և/կամ տեքստային ձևով: Ընդ որում, ապահովագրական ընկերության առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ հետագա հսկողության (post control-ի) ձևով) սկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա:
21. Ներքին հսկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.
1) աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
2) աշխատակիցների վերապատրաստման սկզբունքները,
3) աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
4) աշխատակիցների պաշտոնների փոփոխման կարգը,
5) արձակուրդային քաղաքականության սկզբունքները,
6) աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
7) մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
8) աշխատանքային էթիկայի կանոնները:
22. Ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները առնվազն տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիսկերի, Ներքին հսկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրս իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին:
ԳԼՈՒԽ 3. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
23. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ռիսկերի ստանձնման գործընթացի և սակագնային քաղաքականության (անդերռայթինգի գործընթաց) առումով նվազագույնը նախատեսում է.
1) ապահովագրական ընկերության նպատակային շուկաները, ապահովագրական պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը,
2) ապահովագրական պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները, կենտրոնացումների սահմանաչափերը ըստ ապահովագրության դասերի և/կամ ենթադասերի, ապահովագրական ընկերության հայեցողությամբ` նաև ըստ այլ չափանիշների,
3) ապահովագրական սակագների հաշվարկման, կիրառման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը,
4) ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը որոշելու չափանիշները և ընթացակարգերը,
5) ապահովագրական ռիսկը գնահատելու համար հաճախորդներից պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
6) ապահովագրության պայմանագրեր կնքելու, ապահովագրական ռիսկը գնահատելու և կոնկրետ ապահովագրական սակագին կիրառելու իրավասություն ունեցող անձանց, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
7) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ապահովագրության պայմանագրերի կնքման, սակագների կիրառման կարգը, սահմանաչափերը,
8) ապահովագրության պայմանագրերի հաշվառման, պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը,
9) ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի, կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը:
24. Սույն կանոնակարգի 23-րդ կետի դրույթները տարածվում են նաև ապահովագրական ընկերության կողմից համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերով ռիսկերի ստանձնման գործընթացների նկատմամբ:
25. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական հատուցումների գծով ներկայացված հայտերի (այսուհետ` նաև ապահովագրական հայտերի) կարգավորման գործընթացի առումով նվազագույնը նախատեսում է.
1) ապահովագրական հայտերի ընդունման, գրանցման և հաշվառման կարգը,
2) ապահովագրական հայտերի կարգավորման, այդ թվում` ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրման, ապահովագրական հատուցումների վճարման կարգը, ժամկետները, ինչպես նաև այդ գործընթացների նկատմամբ հսկողության իրականացման մեխանիզմները,
3) ապահովագրական հայտերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը,
4) ապահովագրական հայտերը կարգավորող հանձնաժողովի կազմը, քանակը, հանձնաժողովի իրավասությունները և պարտականությունները, գործունեության կարգը, իսկ նման հանձնաժողովի բացակայության դեպքում` ապահովագրական հայտերի կարգավորման համար պատասխանատու անձի/անձանց պարտականությունները և լիազորությունները,
5) ապահովագրական հայտերի կարգավորման համար պահանջվող, ինչպես նաև հայտերի գործերում պահվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
6) ապահովագրական ընկերության կողմից մերժված ապահովագրական հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և մերժումների հիմնավորվածության փաստաթղթավորման պահանջը,
7) ապահովագրական հայտերի գծով վնասի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,
8) վնասը գնահատող անկախ ընկերությունների ընտրության սկզբունքները և նրանց հետ համագործակցության կարգը:
26. Ապահովագրական ընկերության ներքին ընթացակարգերով նախատեսվում է, որ նախապես որոշված գումարը գերազանցող հայտերի գծով ապահովագրական ընկերության կողմից տրված եզրակացությունները վավերացվում են նաև համապատասխան իրավասու անձի/անձանց կողմից:
27. Ներքին հսկողության համակարգը տեխնիկական պահուստների առումով նվազագույնը նախատեսում է.
1) տեխնիկական պահուստների հաշվարկման, իրավական ակտերով չնախատեսված այլ տեխնիկական պահուստների ձևավորման անհրաժեշտության որոշման ներքին ընթացակարգերը,
2) տեխնիկական պահուստների հաշվարկման մեթոդների ընտրության չափանիշները և մեթոդները (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) համապատասխան նորմատիվ իրավական ակտով նման ընտրության հնարավորություն նախատեսված լինելու դեպքում),
3) տեխնիկական պահուստների հաշվարկման ժամանակ օգտագործվող տեղեկատվության հավաքագրման, պահպանման, արժանահավատության ստուգման ընթացակարգերը,
4) տեխնիկական պահուստների հաշվարկման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները:
28. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության կողմից վերաապահովագրության փոխանցած ռիսկերի առումով նվազագույնը նախատեսում է.
1) վերաապահովագրության տարեկան ծրագրի կազմման ընթացակարգը, ժամկետները,
2) վերաապահովագրության տարեկան ծրագրի մշակման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները,
3) վերաապահովագրության տարեկան ծրագրի հաշվարկների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, պահպանման կարգը, դրա համար պատասխանատու անձանց,
4) վերաապահովագրությանն առնչվող ռիսկերի (այդ թվում` վարկային ռիսկ, արտարժութային ռիսկ, վերաապահովագրական ծածկույթի անբավարարության ռիսկ) բացահայտման, գնահատման և կանխարգելման ընթացակարգերը:
ԳԼՈՒԽ 4. |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
29. Ներքին հսկողության համակարգը ներդրումային գործունեության առումով նվազագույնը ներառում է.
1) ներդրումային գործունեության նպատակները,
2) ներդրումային պորտֆելի (ներդրումային գործիքների առանձին խմբերի) նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,
3) ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը, ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը,
4) ներդրումային հանձնաժողովի կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կազմը, պարտականությունները և լիազորությունները, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում` ներդրումների համար պատասխանատու անձի պարտականությունները և լիազորությունները,
5) ներդրումային սահմանափակումները (օրինակ` ըստ փոխառուների վարկանիշների, ըստ փոխառուների ֆինանսական վիճակի, պարտքի փոխհատուցման ունակության),
6) թույլատրելի կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ` ըստ ներդրումային գործիքների, ըստ գործընկերների/արժեթուղթ թողարկողների/փոխառուների, ըստ տնտեսության ճյուղերի, ըստ ապահովագրական ընկերության հետ կապված անձանց),
7) ներդրումների բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները,
8) փոխառության ապահովվածության ընդունելի տեսակները,
9) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ներդրումային գործարքների կնքման պայմանները, ներքին ընթացակարգերը,
10) ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացման ռազմավարությունը, ներքին ընթացակարգերը,
11) ձեռք բերված արժեթղթերի թողարկողների և փոխառուների վարկունակության գնահատման պահանջը, այդ գնահատումները իրականացնելու կարգը, ժամկետներն ու պարբերականությունը, դրանց համար պատասխանատու անձանց և նրանց պարտականությունները,
12) ապահովագրական ընկերության ներդրումների դասակարգման, չաշխատող ակտիվների գծով հնարավոր կորուստների պահուստի ձևավորման սկզբունքները, ընթացակարգերը, դրանց հաշվարկման և պարբերական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները:
30. Ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ընկերության ներդրումներին առնչվող կարևոր փաստաթղթերի պահպանության արդյունավետ համակարգ, որը ապահովում է այդ փաստաթղթերի պաշտպանությունը կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից:
31. Ներքին հսկողության համակարգը հիմնական միջոցների կառավարման առումով նվազագույնը ներառում է.
1) հիմնական միջոցների ձեռքբերման, վաճառքի և դուրսգրման սկզբունքները,
2) հիմնական միջոցների ձեռքբերման/օտարման նպատակահարմարության որոշման չափանիշները,
3) սուբրոգացիայի արդյունքում ապահովագրական ընկերության սեփականությունը դարձած հիմնական միջոցների օտարման կամ օգտագործման սկզբունքները, ժամկետներն ու ընթացակարգերը,
4) հիմնական միջոցների պահպանման, հաշվառման ներքին ընթացակարգերը,
5) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ հիմնական միջոցներին վերաբերող գործարքների կնքման ներքին ընթացակարգերը,
6) գույքի չլիազորված օգտագործման բացահայտման ձևերը,
7) ակտիվների և պարտավորությունների գույքագրման պարբերականությունը և ներքին ընթացակարգերը,
8) դուրս գրված հիմնական միջոցների տնօրինման սկզբունքներն ու ձևերը,
9) հիմնական միջոցների վերագնահատման պարբերականությունը, վերագնահատման անհրաժեշտության որոշման սկզբունքները,
10) հիմնական միջոցների հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողության իրականացման մեխանիզմները:
32. Ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերը դրամարկղային գործառնությունների առումով նվազագույնը ներառում են.
1) գանձապահների տնօրինության տակ գտնվող կանխիկի առավելագույն սահմանաչափերը,
2) կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման ներքին ընթացակարգերը, հսկողության մեխանիզմները,
3) կանխիկ միջոցների պահպանման անվտանգությունն ապահովող մեխանիզմները,
4) կանխիկ միջոցների գույքագրման պարբերականությունը:
ԳԼՈՒԽ 5. |
ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԻՆՔ |
33. Ներքին հսկողության համակարգը, ապահովագրական ընկերության ռիսկերի կառավարման առումով նվազագույնը նախատեսում է.
1) հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման, սահմանաչափերի պահպանման ներքին ընթացակարգերը և հսկողության մեխանիզմները,
2) ապահովագրական ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի (ըստ ռիսկերի առանձին տեսակների (վարկային, շուկայական, գործառնական և այլն)) կառավարման ապահովագրական ընկերության ռազմավարությունը, այդ ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման ներքին ընթացակարգերը,
3) ռիսկերի կառավարման գործընթացում համապատասխան աշխատակիցների պարտականություններն ու լիազորությունները:
34. Ապահովագրական ընկերությունում ռիսկերի կառավարման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը.
1) ռիսկի ճանաչում, որն ուղղված է գոյություն ունեցող կամ գործարարական նոր նախաձեռնության կամ շուկայական պայմանների փոփոխության արդյունքում առաջացող հնարավոր ռիսկերի ճանաչմանը.
2) ռիսկի չափում, որը ենթադրում է ռիսկի ի հայտ գալու հավանականության և ընկերության գործունեության վրա հնարավոր ազդեցության (կորստի) չափի որոշում.
3) ռիսկի հսկողություն, որը ենթադրում է ռիսկի ընդունելի չափի սահմանում և այնպիսի ներքին ընթացակարգերի ընդունում, որոնք կապահովեն այդ սահմանների չգերազանցումը.
4) ռիսկի մոնիտորինգ, որը ռիսկի անընդհատ չափման և հսկողության իրականացման գործընթաց է, այսինքն` ապահովագրական ընկերությունները անընդհատ մոնիտորինգի են ենթարկում առկա ռիսկերի մակարդակը, նոր ռիսկերի ի հայտ գալը և դրանց նկատմամբ հսկողության իրականացման գործընթացը:
35. Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության կողմից գործառույթների պատվիրակման առումով նվազագույնը նախատեսում է.
1) ապահովագրական ընկերության կողմից գործառույթների պատվիրակման վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգը,
2) գործող օրենսդրության և ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին կոնտրագենտների համապատասխանությունը գնահատելու ներքին ընթացակարգերը,
3) պատվիրակված գործառույթների մասով տեղեկատվության ստացման և հսկողության իրականացման ներքին ընթացակարգերը,
4) պատվիրակման արդյունքում ծագող ռիսկերի բացահայտման և կառավարման առումով ներքին ընթացակարգերը:
36. Ապահովագրական ընկերության կողմից պատվիրակված գործառույթների առկայությունը չպետք է թուլացնի Ներքին հսկողության համակարգը:
37. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է ապահովագրական ընկերության հետ կապված անձանց մասին տեղեկատվության հավաքագրման, պահպանման (արխիվացման) և մշտապես թարմացման արդյունավետ ընթացակարգերի, ինչպես նաև ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ գործարքների կնքման արդյունավետ ընթացակարգերի առկայություն:
38. Ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ գործարքների կնքման ընթացակարգերը նվազագույնը բացահայտում և վերահսկում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները:
39. Ապահովագրական ընկերությունն ապահովում է ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ինչպես նաև ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկությունների ստացումն ու ուսումնասիրությունը:
40. Ապահովագրական ընկերության հետ կապված անձանց մասին տեղեկատվությունը նվազագույնը ներառում է`
1) անձի անունը և բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գտնվելու վայրը),
2) զբաղմունքը (իրավաբանական անձի դեպքում` գործունեության տեսակը),
3) կապվածության ձևը,
4) ապահովագրական ընկերության հետ կնքված գործարքները (կնքված ապահովագրության պայմանագրեր, ապահովագրական ընկերությանը տրված, ինչպես նաև վերջինիս կողմից տրամադրված փոխառություններ, ստացվելիք այլ գումարներ և այլն):
ԳԼՈՒԽ 6. |
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ |
41. Ներքին հսկողության համակարգը գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության առումով նվազագույնը ներառում է.
1) ապահովագրական ընկերության կողմից ապահովագրության յուրաքանչյուր դասի և/կամ ենթադասի գծով մատուցվող ծառայության նկարագրությունը, այդ թվում` ապահովագրության կանոնները, ապահովագրության պայմանագրերի/վկայագրերի ձևերը և դրանցում ներառվող տեղեկատվությունը, չհատուցվող գումարի, բոնուսների և զեղչերի կիրառման պայմանները: Վերոնշյալ փաստաթղթերում նշված դրույթները պետք է լինեն պարզ և հասկանալի, չպետք է պարունակեն ապակողմնորոշող և մոլորության մեջ գցող դրույթներ և չպետք է խախտեն ապահովադիրների (ապահովագրված անձ, շահառու) և պոտենցիալ ապահովադիրների շահերը,
2) ապահովագրության պայմանագիրը կնքելուց առաջ և պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրներին (ապահովագրված անձ, շահառու) և պոտենցիալ ապահովադիրներին տրամադրվող տեղեկատվությունը, այդ տեղեկատվության տրամադրման կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերության կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, այդ տեղեկատվության հրապարակման կարգը,
3) ապահովադիրներին (ապահովագրված անձ, շահառուն) և պոտենցիալ ապահովադիրներին սպասարկման ընթացքում շահերի հնարավոր բախման դեպքերի բացահայտմանն ու բացառմանն ուղղված ընթացակարգերը,
4) ապահովադիրների (ապահովագրված անձ, շահառուն) դիմում-բողոքների և/կամ պահանջների ընդունման, քննարկման, դրանց արդյունքում որոշումների կայացման, այդ գործընթացի նկատմամբ մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը:
42. Ապահովագրական հատուցումների գծով ներկայացված հայտը մերժելու դեպքում ապահովագրական ընկերությունը հաճախորդին տրամադրում է հայտը մերժելու մասին գրավոր եզրակացություն` նշելով այն մերժելու պատճառներն ու հիմքերը: Նշված փաստաթղթի պատճենը պահվում է ապահովագրական ընկերությունում:
43. Հաճախորդների դիմում-բողոքների ընդունման և քննարկման գործառույթը իրականացվում է այն աշխատակիցների կողմից, ովքեր չեն իրականացնում ապահովագրական հատուցումների գծով հայտերի կարգավորման և ապահովագրության պայմանագրերի կնքման գործառույթ:
44. Ներքին հսկողության համակարգը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով նվազագույնը ներառում է.
1) այն պարտադիր ընթացակարգերը, որոնք ապահովագրական ընկերության կողմից պետք է պահպանվեն հաճախորդների, պարտատերերի և այլ անձանց հետ ֆինանսական և (կամ) այլ գործառնություններ կատարելիս,
2) ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում ապահովագրական ընկերության կողմից պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),
3) իրական շահառուի վերաբերյալ նվազագույն տեղեկությունների հավաքագրումը և հաճախորդների նույնականացման համար անհրաժեշտ նվազագույն ընթացակարգերը,
4) գործարքները կասկածելի համարելու չափանիշները,
5) հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման և պահպանման, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման կարգը,
6) կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ապահովագրական ընկերության համապատասխան աշխատակիցների միջև տեղեկատվության փոխանցման ընթացակարգերը, կասկածելի գործարքների մասին ընկերության ղեկավարությանը և Կենտրոնական բանկին հայտնելու ընթացակարգերը,
7) աշխատակիցների կողմից պարտադիր իրականացվող գործընթացները` ֆինանսական կամ այլ գործառնություններ իրականացնելիս կասկածելի գործարքներ հայտնաբերելու դեպքում,
8) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված օրենսդրական պահանջների և ապահովագրական ընկերության ներքին ընթացակարգերի նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները:
ԳԼՈՒԽ 7. |
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ |
45. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է ապահովագրական ընկերությունում հուսալի և արդյունավետ տեղեկատվական և հաշվետվողականության համակարգերի առկայություն:
46. Ապահովագրական ընկերության հաշվապահական և այլ գրառումները, ընկերության ներսում օգտագործվող տեղեկատվությունը պետք է լինեն արժանահավատ, ամբողջական, ներկայացվեն ժամանակին և պաշտպանված լինեն չարտոնված առնչություններից:
47. Ապահովագրական ընկերության ներսում տեղեկատվական հոսքերը օգտագործվում են կառավարման բոլոր մակարդակներում ապահովագրական տարբեր գործառույթների իրականացման և դրանց նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու համար:
48. Ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերով սահմանվում են ապահովագրական ընկերության խորհրդին ու գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը և պարբերականությունը, հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատու ստորաբաժանումը/անձը: Ապահովագրական ընկերության խորհրդին և գործադիր մարմնին առնվազն ներկայացվում են սույն կանոնակարգի 3-6-րդ գլուխներում նշված ոլորտների վերաբերյալ հաշվետվություններ:
49. Ապահովագրական ընկերության ներքին իրավական ակտերով սահմանվում են որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (հաշվետվություն, տեղեկանք, այլ), այդ տեղեկատվության տրամադրման կարգը և պարբերականությունը:
50. Ապահովագրական ընկերությունն ապահովում է տեղեկատվության պահպանման և մշակման էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը և դրանց աշխատանքի անընդհատությունը:
51. Ապահովագրական ընկերությունում հստակ կանոնակարգվում են ապահովագրական ընկերության համապատասխան ստորաբաժանումներից, ընկերության մասնաճյուղերից տեղեկատվության ստացման, հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների կազմման և Կենտրոնական բանկ ներկայացման ընթացակարգերը:
52. Ապահովագրական ընկերությունը նախատեսում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովել Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը: Նման ընթացակարգերը առնվազն ներառում են.
1) մինչև ապահովագրական ընկերության գործարքների հաշվապահական ձևակերպումների կատարումը առկա տվյալները ստուգվում են այն անձի կողմից, ով չի կնքել այդ գործարքները,
2) գործարքների հաշվապահական ձևակերպումները իրականացվում են այն անձի կողմից, որը չի նախաձեռնում այդ գործարքները,
3) հաշվետվությունները մինչև Կենտրոնական բանկ ներկայացնելը ստուգվում են այն անձի կողմից, ով չի կազմել այդ հաշվետվությունները,
4) նման ստուգման արդյունքում հայտնաբերված տարբերությունները գրանցվում են և ուսումնասիրվում են դրանց առաջացման պատճառները:
53. Հաշվետվական փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության ճշտությունը հաստատվում, իսկ հնարավորության դեպքում` նաև ստուգվում է հաշվետվություն տրամադրող ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում` հաշվետվության ներկայացման համար պատասխանատու աշխատակցի կողմից:
54. Ապահովագրական ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները (ներառյալ` նաև հաշվետվությունների ճշգրտված տարբերակները) ստորագրվում են համապատասխան իրավասու անձանց կողմից և պատշաճ կերպով պահվում (արխիվացվում):
55. Ներքին հսկողության համակարգը ներքին աուդիտի գործունեության առումով նվազագույնը ներառում է.
1) ներքին աուդիտի խնդիրները, դերը, պարտականությունները, իրավասությունները,
2) ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա նվազագույն աշխատանքները,
3) աուդիտորական հաշվետվության պատրաստման և ներկայացման կարգը,
4) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների ընտրության և նշանակման կարգը,
5) ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագրի մշակման կարգը, ժամկետները,
6) աուդիտորական ստուգումների իրականացման և հաշվետվությունների պատրաստման կարգը և ժամկետները:
56. Ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագիրը նվազագույնը ներառում է ծրագրի գործողության շրջանակները (ներառյալ` ստուգումների ժամանակացույցը), որն ըստ անհրաժեշտության քննարկվում և վերանայվում է:
57. Ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս նվազագույնը հաշվի են առնվում.
1) ապահովագրական ընկերության գործունեության ռիսկայնության գնահատման արդյունքները,
2) նախկինում իրականացված համանման աուդիտորական ստուգումների փորձը,
3) ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող, իրենց ոլորտներում աուդիտի անցկացման պահանջարկը,
4) վերստուգվող ստորաբաժանումներում իրականացվող գործառնությունների բարդությունը, ծավալները և այդ ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության (կոմպետենտության) աստիճանը:
58. Ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագրի ներքո ներքին աուդիտի աշխատանքները նվազագույնը ներառում են.
1) աշխատանքային փաստաթղթերի և գրանցումների ամբողջականության և համարժեքության, ինչպես նաև գործարքների համապատասխան և պատշաճ հաշվառման ստուգումը,
2) ապահովագրական ընկերության ֆինանսական հաշվետվություններում ակտիվների պատշաճ ներկայացման, իսկ անհրաժեշտության դեպքում` ակտիվների ֆիզիկապես առկայության և ակտիվների պահպանման եղանակների ստուգումը (օրինակ` կանխիկ դրամ) և պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելու ստուգումը,
3) ապահովագրական ընկերության և ապահովագրական ընկերության ղեկավարների իրականացվող գործունեության համապատասխանության ստուգումը գործող օրենքների, նորմատիվ և այլ իրավական ակտերի պահանջներին, այդ թվում` ապահովագրական ընկերության քաղաքականություններին ու կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին և այլն),
4) ապահովագրական ընկերության աշխատակիցների կողմից ապահովագրական ընկերության ներքին քաղաքականություններին և կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելու ստուգումը,
5) եկամուտների հաշվառման և իրականացված ծախսերի հիմնավորվածության ստուգում` օրենսդրության և ընկերության ներքին կանոնակարգերի համապատասխանության տեսանկյունից (օրինակ` ապահովագրավճարների համար կիրառված զեղչերի, վճարումների ուշացումների համար տույժերի, ծառայությունների դիմաց վճարումների օրինականության ստուգում),
6) յուրաքանչյուր աշխատակցի կողմից իր իրավասությունների շրջանակներում ներքին հսկողության գործառույթների իրականացման գնահատումը,
7) Ներքին հսկողության համակարգի արդյունավետության և ապահովագրական ընկերության ռիսկերին համարժեք լինելու գնահատումը,
8) ապահովագրական ընկերության աշխատակիցներին տրված լիազորությունների (օրինակ` պայմանագրեր կնքում, լիազորագրերի տրամադրում, իրավական կամ հաշվապահական փաստաթղթերի ստորագրում) ուսումնասիրումը և գնահատումը` հնարավոր խախտումները և չարաշահումները բացառելու նպատակով,
9) ապահովագրական ընկերության ներքին տեղեկատվական և հաշվետվական համակարգի գնահատումը,
10) ապահովագրական ընկերության վճարունակության ապահովման մեխանիզմի արդյունավետության ուսումնասիրումը և գնահատումը:
59. Ներքին աուդիտի աշխատակիցներին տրվում են բավարար լիազորություններ իրենց պարտականությունները կատարելու համար: Նրանք պետք է իրավասու լինեն ստանալու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մուտք գործելու ստուգվող ստորաբաժանում ու այլ տարածքներ, որտեղ պահվում են փաստաթղթեր (արխիվներ), կանխիկ դրամ, այլ արժեքներ (դրամապահոցներ), տվյալների համակարգչային մշակումներ` ստուգվող ստորաբաժանման ղեկավարի կամ նրա կողմից լիազորված աշխատակցի պարտադիր ներգրավմամբ:
60. Ներքին աուդիտը ապահովագրական ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա ներկայացնում է համապատասխան առաջարկություններ ստուգման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, ռիսկերի զսպման և/կամ նվազեցման նպատակով:
61. Ներքին աուդիտը նվազագույնը կատարում է հետստուգումային հսկողություն ապահովագրական ընկերությունների ստորաբաժանումների կողմից այն միջոցառումների իրականացման նկատմամբ, որոնք առաջարկվել են ներքին և արտաքին աուդիտորական, ինչպես նաև Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքում և հաստատվել են ապահովագրական ընկերության խորհրդի կողմից:
62. Հետստուգումային հսկողության արդյունքների հիման վրա, սահմանված ժամկետում, իսկ այդպիսին սահմանված չլինելու դեպքում` առնվազն եռամսյակը մեկ, կազմվում և ապահովագրական ընկերության խորհրդին են ներկայացվում հաշվետվություններ` ներքին և արտաքին աուդիտորական, ինչպես նաև Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքներով կատարված առաջարկությունների և/կամ հանձնարարականների իրականացման վերաբերյալ: Խորհրդին ներկայացվող հաշվետվությունները նկարագրում են ապահովագրական ընկերությունում առկա նշանակալից ռիսկերը, հսկողության միջոցառումները, կորպորատիվ կառավարման խնդիրները (եթե դրանք կան):