Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-739 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

քաղաքացիական գործ թիվ 07-202/2007 թ.

նախագահող դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

դատավորներ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիդիա Ժուրավլյովայի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Լիդիա Ժուրավլյովայի ընդդեմ Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների` փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան հայցվորը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների սեփականության իրավունքը Երևանի Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի 38 շենքի թիվ 10 բնակարանի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.10.2006 թվականի վճռով հայցը բավարարել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Երևանի Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի 38 շենքի թիվ 10 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների` Լիդիա Ժուրավլյովայի, Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է հայցվոր Լ. Ժուրավլյովան:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելիս սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, քանի որ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կարող է կայացնել միայն` նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում: Իսկ սույն գործով այդպիսի հանգամանք դատարանը չի ապացուցել:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 215-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, մասնավորապես, օբյեկտիվ չի հետազոտել քաղաքացիական գործում առկա թիվ 16053620 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Արարատի մարզի Շաղափ գյուղի գյուղապետի 09.10.2006 թվականի թիվ 005 և «Նոր-Նորք» թաղամասի «Նոր-Նորք 8» համատիրության նախագահի 12.10.2006 թվականին տրված տեղեկանքները:

Դատարանը սխալ է գնահատել ներկայացված ապացույցները, հաշվի չառնելով ներկայացված պահանջը` վճիռ է կայացրել մի պահանջի վերաբերյալ, որը ներկայացված չի եղել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածը սահմանում է գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում: Նշված հոդվածով հայցապահանջի շրջանակներից դուրս գալու վերաքննիչ դատարանի լիազորություն նախատեսված չէ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.10.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա) վիճելի բնակարանի 2/5 բաժնի սեփականատեր է Լիդիա Ժուրավլյովան, իսկ բնակարանի մնացած` 3/5-րդ մասը համատեղ սեփականություն իրավունքով պատկանում է Լիդիա Ժուրավլյովային, Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյաններին:

բ) Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների բաժնեմասը վիճելի բնակարանի ընդհանուր սեփականության իրավունքում կազմում է դրա 2/5 մասը, իսկ Լիդիա Ժուրավլյովայի բաժնեմասը` 3/5:

գ) Լիդիա Ժուրավլյովան դիմել է դատարան` միայն Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով:

դ) Վիճելի բնակարանի համատեղ սեփականություն հանդիսացող` 3/5 մասը տեխնիկապես բաժանել հնարավոր չէ:

ե) Վիճելի բնակարանի շուկայական արժեքը կազմում է 8.598.954 ՀՀ դրամ:

զ) Աստղիկ Գյուլամիրյանը 1998 թվականից մինչ օրս բնակվում է Արարատի մարզի Շաղափ գյուղում:

է) Կողմերը համաձայն չեն իրենց բաժնեմասի դիմաց փոխհատուցում ստանալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթով բաժնային սեփականության մասնակցին իրավունք է ընձեռել մյուս սեփականատերերի համաձայնությամբ, նրանց փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնել ընդհանուր գույքում նրանց բաժնի նկատմամբ ունեցած իրավունքը: Այս նորմը, դատարանի թույլտվությամբ, կարող է գործել նաև այն պարագայում, երբ ընդհանուր գույքի համասեփականատերերը փոխհատուցմանը համաձայն չեն: Այդ դեպքում, փոխհատուցման նախապայման է հանդիսանում սեփականատիրոջ (կամ սեփականատերերի) բաժինն աննշան լինելը, բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չլինելը և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատիրոջ (կամ սեփականատերերի) էական շահ չունենալը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Սույն գործով, Լիդիա Ժուրավլյովան դիմել է դատարան ընդդեմ Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների` փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, մինչդեռ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության փաստը ապացուցված չլինելու պայմաններում վճիռ է կայացրել վիճելի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափորեն բաշխելու մասին:

Հետևաբար դատարանն ըստ էության սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն, վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

Վերոգրյալի հիման վրա դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իր իրավունքը կարող է իրականացնել միմիայն համապատասխան հայցապահանջի առկայության դեպքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը, հիմնավոր է համարում նաև բողոքի սույն հիմքում նշված այն փաստարկը, թե վերաքննիչ դատարանը վիճելի բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին վճիռ կայացնելով դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջների շրջանակից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:

Սույն գործով հայցվորի ներկայացրած հայցի առարկան փոխհատուցմամբ ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցների սեփականության իրավունքը դադարեցնելն է:

Հայցվոր Լիդիա Ժուրավլյովան վիճելի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, վճիռ կայացնելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, ըստ էության փոխել է հայցի առարկան, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ դատարանում գործի քննության կանոնների խախտմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Սեփականատերը իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց կամ տնօրինել այլ եղանակով:

Տվյալ դեպքում հայցվորը, ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցների սեփականությունը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջ ներկայացնելու պայմաններում, փաստորեն զրկվել է վիճելի գույքի իր` 2/5 մասը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը սույն քաղաքացիական գործի քննության արդյունքում հաստատված է համարել հետևյալը.

. պատասխանողների համաձայնությունը փոխհատուցում տալու վերաբերյալ բացակայում է,

. վիճելի բնակարանի 3/5 մասը տեխնիկապես հնարավոր չէ բաժանել (հիմք է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր-Նորք» տարածքային ստորաբաժանման 24.11.2003 թվականի թիվ Կ/Մ 3204ա գրությունը),

. պատասխանողները 1998 թվականից այդ բնակարանում չեն բնակվում, բնակարանը պատասխանողների կողմից այլ կերպ չի օգտագործվում, այն չի հանդիսանում նրանց օթևանը (այն պարզապես 2/5 մասով նրանց սեփականությունն է դարձել ժառանգություն ընդունելու եղանակով),

. հայցվորի բաժնեմասը 1,5 անգամ գերազանցում է պատասխանողների բաժնեմասը:

Վերը նշված փաստերի հիման վրա առաջին ատյանի դատարանը իրավացիորեն գտել է, որ պատասխանողները վիճելի բնակարանի օգտագործման մեջ էական շահ չունեն և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հայցվորին թույլատրել է վճարել փոխհատուցում:

Փոխհատուցման գումարի հաշվարկման համար առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել փորձաքննության եզրակացությամբ որոշված` բնակարանի 8.598.954 ՀՀ դրամ ընդհանուր արժեքը, որի պարագայում էլ պատասխանողների 2/5 բաժնեմասի փոխհատուցման գումարի չափ է որոշվել 3.439.591 ՀՀ դրամ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը սույն գործով 13.10.2006 թվականին կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի պնդումը հիմնավոր է, քանի որ դատարանը բազմակողմանիորեն և լրիվ չի հետազոտել գործով ներկայացված բոլոր ապացույցները: Մասնավորապես, դատարանը օբյեկտիվ չի հետազոտել քաղաքացիական գործում առկա թիվ 16053620 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Արարատի մարզի Շաղափ գյուղի գյուղապետի կողմից 09.10.2006 թվականի թիվ 005 և «Նոր-Նորք» թաղամասի «Նոր-Նորք 8» համատիրության նախագահի կողմից 12.10.2006 թվականին տրված տեղեկանքները, ինչի հետևանքով չի պարզել վիճելի բնակարանում պատասխանողների բնակվելու կամ չբնակվելու, նրանց համար վիճելի բնակարանում ունեցած բաժնեմասը էական կամ աննշան լինելու հանգամանքները, վճռում սխալ է նշվել հայցվորի բաժնեմասի չափը:

ՀՀ քաղաքացիական դատավարության 215-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը ևս հիմնավոր է համարում` հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածը սահմանում է գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում: Այդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու, անպատշաճ կողմը փոխարինելու, հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոխելու, հայցից հրաժարվելու, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու, հակընդդեմ հայց հարուցելու մասին կանոնների: Այսպիսով, օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար սահմանել է գործի քննության նույն կարգը, ինչ սահմանված է առաջին ատյանի դատարանում գործերի քննության համար` որոշակի բացառություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից:

Սույն գործով հայցվորը առաջին ատյանի դատարանում հայցի առարկան և հայցապահանջի չափը չի փոխել, իսկ վերաքննիչ դատարանում նա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի ուժով արդեն իսկ զրկված էր նման դատավարական գործողություն կատարելու իրավական հնարավորությունից:

Հետևապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի առարկան կամ հայցապահանջի չափը հայցվորի կողմից չփոխելու պայմաններում դատարանի կողմից հայցի առարկայից շեղումը խախտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի հիշատակված կանոնը: Ավելին, վերաքննիչ դատարանում հայցի առարկայի կամ հայցապահանջի չափի փոփոխմամբ խախտվում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը: Ակնհայտ է, որ օրենսդիրն այս հոդվածում «հայց» եզրույթն օգտագործելով ի նկատի է ունեցել հայցվորի ներկայացրած հայցի առարկան և հայցապահանջի չափը: Դատավարական իրավունքի վերը նշված խախտումը հանգեցրել է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի սխալ մեկնաբանման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքերը համարում է հիմնավոր և դիտում բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-739(ՎԴ)
Որոշում