Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-506 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3155

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

դատավորներ` Տ. Սահակյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գարիկ Կուրդիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3155 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Գարիկ Կուրդիյանի հայցի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես և Տիգրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժիններն որոշելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ճանաչել Երևանի Ավան, Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանում հանգուցյալ Մանյա Կուրդիյանի ունեցած բաժնի կեսի նկատմամբ Ալեքսանդր Կուրդիյանի սեփականության իրավունքը` որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր գույքում վերջինիս բաժինը, մյուս կեսը համարել Ալեքսանդր, Գարիկ և Թագուհի Կուրդիյանների կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքով հավասար բաժիններով ընդունած ժառանգություն, բնակարանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում Ալեքսանդր և Գարիկ Կուրդիյանների բաժինները միասին վերցրած սահմանել 11/30 մասը կամ 36.6%, իսկ Թագուհի Կուրդիյանի և Հովհաննես և Տիգրան Այվազյանների բաժինները միասին վերցրած` 19/30 մասը կամ 63.4%:

Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 08.06.2005 թվականի թիվ 2-1754 վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3155 վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարիկ Կուրդիյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Թագուհի Կուրդիյանը, Տիգրան Այվազյանը և Հովհաննես Այվազյանի ներկայացուցիչ Ա. Այվազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի թիվ 272 որոշման պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, Գ. Կուրդիյանի և նրա ծնողների կողմից 1998 թվականին այլ բնակարան ստանալու հանգամանքը դիտել է որպես 1993 թվականին բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցելուն բացառող հանգամանք և բնակարանի սեփականատեր դառնալու արգելք:

Այնինչ, տվյալ հանգամանքը չի կարող 1993 թվականի սեփականաշնորհմանը մասնակցելուն արգելք հանդիսանալ, քանի որ ժամանակագրական առումով հաջորդել է, այլ ոչ թե նախորդել դրան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3155 վճիռը և օրինական ուժ տալ Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 08.06.2005 թվականի թիվ 2-1754 վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

 

Գարիկ և Մանյա Կուրդիյանները Թագուհի Կուրդիյանի ընտանիքի անդամները չեն հանդիսանում: Նրանք Ալեքսանդր Կուրդիյանի հետ առանձին ընտանիք են և բնակվել են Երևան քաղաքի Ավան թաղամասի Հ. Հովհաննիսյան փողոցի 25/3 շենքի թիվ 19 երեքսենյականոց բնակարանում: Հետևաբար, չէին կարող Թագուհի Կուրդիյանի ընտանիքի հետ մասնակցել Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի սեփականաշնորհմանը որպես Թագուհի Կուրդիյանի ընտանիքի անդամներ:

Գարիկ և Մանյա Կուրդիյանները չէին կարող վիճելի բնակարանի համասեփականատեր դառնալ, քանի որ «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված «Բնակարաններն որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու և դրանց պահման ու նորոգման ծախսերը վճարելու» կանոնադրության 9-րդ կետի համաձայն` որպես անձնական սեփականություն քաղաքացիների բնակարանները վաճառելու ժամանակ պետք է ելնել այն բանից, որ մեկ ընտանիքը իրավունք ունի զբաղեցնելու միայն մեկ բնակարան կամ մեկ անհատական բնակելի տուն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ալեքսանդր և Մանյա Կուրդիյանները 19.04.1993 թվականին տվել են իրենց գրավոր համաձայնությունը վիճելի բնակարանը սեփականաշնորհելու համար:

2) Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 10/235 որոշմամբ թույլատրվել է Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկսենյականոց բնակարանը վաճառել Թագուհի Քուրդիյանին որպես սեփականություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի 5 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել է թույլատրել գնել վերոհիշյալ բնակարանը: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էին Թագուհի, Գարիկ և Մանյա Կուրդիյանները, Հովհաննես և Տիգրան Այվազյանները:

3) 1993 թվականին Թագուհի Կուրդյանի և Խորհրդային շրջանի շրջխորհրդի գործկոմի միջև կնքվել է վերոհիշյալ բնակարանը Թագուհի Քուրդյանին վաճառելու մասին պայմանագիր:

4) 10.06.1993 թվականին Թագուհի Կուրդյանին վերոհիշյալ բնակարանի համար տրվել է սեփականության իրավունքի վկայական, իսկ 22.05.2003 թվականին` սեփականության իրավունքի թիվ 1480895 նոր վկայական:

5) ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակկենցաղային հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի` 04.07.1998 թվականի թիվ ՊՆ-035-589 Աբովյանի քաղաքապետին ուղղված գրությամբ միջնորդվել է Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 6-րդ շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 31 երկսենյականոց բնակարանը հատկացնել Գարիկ Կուրդիյանին (ընտանիքը 3 անձ): Աբովյանի քաղաքապետի 24.07.1998 թվականի թիվ 738 որոշմամբ նշված բնակարանը հատկացվել է Գարիկ Կուրդիյանին (ընտանիքը բաղկացած է 3 անձից` Գարիկ Կուրդիյանը, վերջինիս հայրը և մայրը):

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանումում 25.05.2001 թվականին գրանցվել է Գարիկ, Մանյա և Ալեքսանդր Կուրդիյանների սեփականության իրավունքը Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 6-րդ շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 31 երկսենյականոց բնակարանի նկատմամբ:

7) 27.08.2002 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Վրեժ Դավթյանի և Մարինե Ստեփանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 6-րդ շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 31 երկսենյականոց բնակարանի նկատմամբ:

8) 08.06.2005 թվականին մահացել է Ալեքսանդր Կուրդիյանը, որը 25.02.2005 թվականին կազմված կտակի համաձայն իր ողջ շարժական և անշարժ գույքը կտակել է որդուն` Գարիկ Կուրդիյանին, որը և հանդիսանում է հոր դատավարական իրավահաջորդը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն է: Այսինքն, չէր կարող ողջ ընտանիքին բնակվելու համար հատկացված բնակարանը վաճառվեր ընտանիքի մեկ անդամին` մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկու սենյականոց բնակարանը Թագուհի Կուրդիյանին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 5 անդամների` Մանյա, Գարիկ և Ալեքսանդր Կուրդիյանների, Հովհաննես և Տիգրան Այվազյանների սեփականության իրավունքը:

Վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում` 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, որի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Ինչ վերաբերում է Գարիկ, Մանյա և Ալեքսանդր Կուրդիյանների կողմից այլ բնակարան ստանալու հանգամանքին, ապա այն չի կարող Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկսենյականոց բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման հիմք հանդիսանալ, քանի որ ինչպես նշվել է վերևում, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի, իսկ ՀՀ օրենսդրությամբ անձին սեփականությունից զրկելու նման հիմք նախատեսված չէ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը:

Վերոհիշյալ նկատառումներով անհիմն են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3155 վճիռը բեկանելու պահանջի մասով, քանի որ սույն գործով անհրաժեշտ է լրացուցիչ դատական քննություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3155 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-506(ՎԴ)
Որոշում