ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-432 (ՏԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-3547
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
դատավորներ` Ա. Թումանյան
Տ. Մուկուչյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մարտի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արա Միրզախանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 06-3547 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Արա Միրզախանյանի (այսուհետ` հայցվոր) հայցի ընդդեմ Դիանա Խաչատրյանի (այսուհետ` պատասխանող)` անչափահաս երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորը պահանջել է անչափահաս երեխայի` Անահիտ Միրզախանյանի, խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.08.2006 թվականի թիվ 2-4046 վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի թիվ 06-3547 վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Միրզախանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Դիանա Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ, 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Նշված հոդվածները չեն կարգավորում անչափահաս երեխայի խնամքն ու դաստիարակությունը ծնողներից մեկին հանձնելու իրավահարաբերությունը:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Համաձայն նշված նորմի` ծնողների առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը ծնողների համաձայնության բացակայության դեպքում որոշվում է դատարանի կողմից: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, ծնողների բարոյական և այլ անձնական հատկանիշներ, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը:
Նման պայմաններում դատարանը սխալ է գնահատել պատասխանողի բարոյական բնութագրի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորի սոցիալական պայմաններն ավելի բարենպաստ են քան պատասխանողինը:
3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատասխանողի անբարոյական նկարագիրը հաստատող ապացույցը որակել է որպես «դատական կարգով երեխայի ճակատագիրը լուծելու համար, բացատրություններ ստանալու միջոցով, ապացույցներ ստեղծելու իրավազորություններ ոստիկանությունը չունի, առավել ևս, որ նշված դիմումը ներկայացվում է ոչ թե տուժողի, այլ տվյալ իրավահարաբերության հետ կապ չունեցող բոլորովին այլ անձի կողմից»:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի թիվ 06-3547 վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.08.2006 թվականի թիվ 2-4046 վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի` հանձնաժողովը նպատակահարմար է գտել իրենց անչափահաս երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել հայցվորին, հիմնավորված չէ: Հանձնաժողովը օբյեկտիվ չի մոտեցել հարցին և ըստ էության միակողմանի է կատարել թե տեղատեսությունը, և թե երեխայի բարենպաստ պայմանների ստուգումը, այդ իսկ պատճառով էլ հանգել է սխալ եզրակացության:
Դատարանը նման վեճեր քննելիս պարտադիր ապահովում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, սակայն նրանց եզրակացությունը օրենքով սահմանված կարգով չի պահանջվում և չի կարող դրվել վճռի հիմքում:
Քաղաքացիական գործով անցնող բոլոր վկաները հանդիսանում են հայցվորի հարևանները, որոնք շատ մտերիմ հարաբերությունների մեջ են վերջինիս հետ և բնականաբար պետք է փնովեին պատասխանողին, սակայն համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի` վերջիններիս ցուցմունքները չեն կարող դիտվել որպես պատշաճ ապացույցներ:
Հայցվորը բացակայում է իր բնակության վայրից, չի վճարում երեխայի խնամքի համար ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.12.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-3658 վճռով սահմանված ալիմենտի գումարը և չի ցանկանում տեսակցել երեխային:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արա Միրզախանյանը և Դիանա Խաչատրյանը 2000 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա` Անահիտ Միրզախանյանին` ծնված 29.08.2001 թվականին: Ընտանեկան անախորժությունների պատճառով ծնողները բնակվում են առանձին:
2) Համաձայն Երևանի Ավանի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 03.08.2006 թվականի եզրակացության Անահիտ Միրզախանյանի խնամքը նպատակահարմար է թողնել հորը` Արա Միրզախանյանին:
3) 24.06.2006 թ., 26.06.2006 թ., 07.07.2006 թվականին ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքում կազմվել են արձանագրություններ բացատրություն վերցնելու մասին, որոնք հայցվորը ներկայացրել է դատարան որպես պատասխանողի վարքագծի մասին ապացույցներ:
4) Արա Միրզախանյանի և Դիանա Խաչատրյանի համատեղ բնակության վայրի հարևանները սույն գործի քննության ժամանակ տեղեկություններ են հայտնել սույն գործով կողմերի վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքներից զրկելու կարգը, 61-րդ հոդվածը` ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները, 63-րդ հոդվածը` ծնողական իրավունքները սահմանափակելու կարգը, իսկ 64-րդ հոդվածը` ծնողական իրավունքները սահմանափակելու հետևանքները:
Սույն քաղաքացիական գործով կողմերն իրենց ծնողական իրավունքներից զրկված չեն, ինչպես նաև դրանք սահմանափակված չեն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ նշված նորմերը տվյալ վեճը լուծելիս կիրառման ենթակա չեն, քանի որ այս դեպքում խոսքը գնում է անչափահաս երեխայի խնամքն ու դաստիարակությունը առանձին ապրող ծնողներից մեկին հանձնելու մասին` առանց մյուս ծնողին իր իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսդրությունը չի կարգավորում անչափահաս երեխայի խնամքն ու դաստիարակությունն առանձին ապրող ծնողներից մեկին հանձնելու իրավահարաբերությունը: Սակայն, քանի որ վեճի առարկան ըստ էության հանդիսանում է երեխայի ծնողներից մեկի հետ բնակվելը, հետևաբար այս պայմաններում կիրառելի է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը:
2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը հայցը մերժելով նշել է, որ երեխայի բնակվելը մոր հետ բխում է երեխայի շահերից, քանի որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ երեխան կապվածություն չունի մոր հետ, մոր բարոյական և անձնական այլ հատկանիշները վնաս են պատճառում երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը, ինչպես նաև ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի պատճառաբանությունը, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը, քանի որ նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը ծնողների համաձայնության բացակայության դեպքում որոշվում է դատարանի կողմից: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, ծնողների բարոյական և այլ անձնական հատկանիշներ, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը:
Տվյալ իրավանորմի իմպերատիվ պահանջն առաջացնում է ծնողներից յուրաքանչյուրի հետ երեխայի կապվածությունը ստուգելու դատարանի պարտականություն, այնինչ տվյալ դեպքում դատարանն անդրադարձել է այս հարցին միայն հայցվորի մասով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը ծնողների համաձայնության բացակայության դեպքում որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի թե, որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը:
3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Դատարանը վճռում նշել է, որ «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի տարածքի ոստիկանության պետին ուղղված հայցվորի դիմումի ու դրա կապակցությամբ վերցված բացատրությունների ուսումնասիրմամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշվածով ոչ միայն հնարավոր չէ դատողություններ անել պատասխանողի բարոյական նկարագրի մասին, այլև անհասկանալի է նման բացատրություններ վերցնելու իրավական հիմնավորվածությունը, առավել ևս դրանք քաղաքացիական գործով որպես ապացույցներ ներկայացնելը, քանի որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ոստիկանությունը «դատական կարգով երեխայի ճակատագիրը լուծելու» համար բացատրություններ ստանալու միջոցով ապացույցներ ստեղծելու իրավազորություններ չունի, առավել ևս, որ նշված դիմումը ներկայացվում է ոչ թե տուժողի, այլ տվյալ իրավահարաբերության հետ կապ չունեցող բոլորովին այլ անձի հետ»:
Փաստորեն դատարանը գնահատել է ոչ թե ներկայացված ապացույցը, այլ, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը, որոնք սույն գործով չեն վիճարկվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Նշված բացատրություններում առկա են տեղեկություններ պատասխանողի վարքագծի վերաբերյալ, որոնք սույն գործով ենթակա էին դատարանի կողմից գնահատման ծնողների բարոյական և այլ անձնական հատկանիշները որոշելիս: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ նորմի հիմքով նշված բացատրությունները հանդիսանում են սույն վեճի նկատմամբ վերաբերելի ապացույցներ, և դատարանը պետք է գնահատեր դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանում նշված փաստարկներին, ապա դրանք հերքվում են վճռաբեկ բողոքի վերաբերյալ վճռաբեկ դատարանի պատճառաբանություններով:
Վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի թիվ 06-3547 վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Բացի այդ, Երեխայի իրավունքների մասին 1989 թվականի նոյեմբերի 20-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով երեխայի խնամքի հարցի լուծման հապաղումը չի բխի երեխայի լավագույն շահերից և հետևաբար` արդարադատության արդյունավետության շահերից:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.08.2006 թվականին սույն գործով կայացված թիվ 2-4046 վճիռը հիմնավորված է, բավարար պատճառաբանված և դրանով ըստ էության ճիշտ է լուծվել վեճը:
Վերոգրյալի հիման վրա, սույն գործով կայացված առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Արա Միրզախանյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի թիվ 06-3547 վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.08.2006 թվականի թիվ 2-4046 վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ