ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-152 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-3925/2006 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
դատավորներ` Տ. Մուկուչյան
Վ. Ավանեսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մարտի 2-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Վահե Սիմոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2006 թվականի թիվ 06-3925 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Վահե Սիմոնյանի ընդդեմ Հարություն Զուլումյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պատասխանողից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 29.11.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվորի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածը:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:
Հայցը մերժելիս` Վերաքննիչ դատարանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից հայցվորին որևէ ստացական չի տրվել, պարտավորագրում նշված չէ գումարը տալու օրը, այն վերցված է ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից: Վերաքննիչ դատարանը եկել է այն համոզման, որ ըստ էության պարտավորագրի տառացի բովանդակությունից բխում է, որ այն տրվել է ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Բաղդասարյանին, որը պատասխանողից գումարային որևէ պահանջ չունի: Քննելով հայցը` Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված պարտավորագիրը որպես պատշաճ ապացույց չի կարող դիտվել:
Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռում նշված այն փաստին, որ գործարքի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածը սահմանում է, որ փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ գույք հանձնելու պահից: Այստեղից հետևում է, որ հայցվորի և պատասխանողի միջև ըստ էության կնքվել է փոխառության պայմանագիր, իսկ գումարային պարտավորությունն էլ պատասխանողն ընդունել է իր կողմից տրված պարտավորագրով:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջը:
Իր պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:
Կայացված վճիռը ստորագրել է նաև դատավոր Ա. Թումանյանը, սակայն նիստի բացման, գործի քննության և վճռի եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ դատավոր Ա. Թումանյանը չի մասնակցել, այսինքն վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ նույն քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռին:
Վճռաբեկ բողոքին Հարություն Զուլումյանի կողմից ներկայացվել է պատասխան:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Պատասխանողը գտնում է, որ վճռաբեկ բողոքում բերված փաստարկները անհիմն են` հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր, ի հավաստում փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Փոխառության դեպքում ստացականը պետք է տրվի փոխառուի կողմից փոխատուին: Տվյալ դեպքում պատասխանողի կողմից հայցվորին որևէ ստացական չի տրվել:
2) Վճռաբեկ բողոքի այն հիմքը, որ Վերաքննիչ դատարանի կազմի և վճիռն ստորագրող դատավորները տարբեր են` անհիմն է, քանի որ դա եղել է վճռում թույլ տրված վրիպակ, ինչը ուղղվել է 04.12.2006 թվականի` վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին դատարանի որոշմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՌԴ Մոսկվա քաղաքի Շչուկինոյի ՆԳ բաժնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Խաչատուր Հարությունյանը և Հարություն Զուլումյանը 2005 թվականի օգոստոսի 18-ից 30-ը ընկած ժամանակահատվածում փաստաթղթերի կեղծումով և խարդախությամբ «Պերսպեկտիվա ռազվիտիա» ՍՊԸ-ից յուրացրել են 585.000 ՌԴ ռուբլի:
2) Խ. Հարությունյանը և Հ. Զուլումյանը հրավիրվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, նրանցից վերցվել են բացատրություններ: Նշված անձինք պարտավորեցվել են ներկայանալու Մոսկվա քաղաքի Շչուկինոյի ներքին գործերի բաժին:
3) Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Հ. Զուլումյանը իր կողմից տրված պարտավորագրով (ստացական) ընդունել է այն հանգամանքը, որ յուրացրել է Վահե Սիմոնյանին պատկանող 400.000 ՌԴ ռուբլի գումարը և պարտավորվել է այն վերադարձնել 13.07.2006 թվականին, սակայն` չի վերադարձրել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունները:
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՈՒսումնասիրելով գործում առկա փաստերը` Վճռաբեկ դատարանին պարզ դարձավ, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տրված բացատրությամբ և պարտավորագրով պատասխանողը հավաստել է հայցվորից 400.000 (չորս հարյուր հազար) ՌԴ ռուբլի գումար ստանալը և պարտավորություն է ստանձնել այն պարտավորագրում նշված ժամկետում վերադարձնելու:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխառուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից տրված «պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավորությունը հավաստող ստացական է, որը հավաստում է պատասխանողի` հայցվորի նկատմամբ պարտքի առկայության մասին:
Պատասխանողի կողմից սույն բողոքի պատասխանում բերված այն փաստարկը, թե ստացականը փոխառուի /պարտապանի/ կողմից պետք է տրվի բացառապես փոխատուին /պարտատիրոջը/, իսկ պատասխանողի կողմից ոստիկանությունում տրված պարտավորագիրը չի տրվել հայցվորին, ուստի այն ստացական համարվել չի կարող, Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
Ստացականը դա պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանը ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: Ստացական տալը դա պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունը ու՞մ ներկայությամբ, կամ թե որտե՞ղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանը ընդունել է (ճանաչել է) իր պարտքը պարտատիրոջ հանդեպ:
Փոխառուի կողմից ստացականը բացառապես փոխատուին տալու (հանձնելու) իմպերատիվ պահանջ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ:
Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության հարաբերությունների բացակայության չապացուցված լինելու պայմաններում ստացականի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը` բռնագանձման ենթակա:
2) ներկայացված բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: ՈՒստի, Վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, իր նախաձեռնությամբ 04.12.2006 թվականի որոշմամբ ուղղել է վճռում թույլ տրված վրիպակը: Հետևաբար, բողոքի սույն հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Վ. Զուլումյանի կողմից տրված պարտավորագիրը, սույն գործով 14.03.2006 թվականին կայացրել է ըստ էության օրինական և հիմնավորված վճիռ, որով բավարարել է Վ. Սիմոնյանի հայցը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր է համարում և այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.11.2006 թվականի վճիռը բեկանելու և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայցվոր Վահե Սիմոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.11.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ նույն քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ