Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-2431 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                         2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-1885

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

դատավորներ` Տ. Սահակյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի հունվարի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արարատ Մովսիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 31.07.2006 թվականի թիվ 06-1885 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Շուշանիկ Գրիգորյանի (այսուհետ նաև` հայցվոր) հայցի ընդդեմ Արարատ Մովսիսյանի (այսուհետ նաև` պատասխանող)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Արարատ Մովսիսյանից բռնագանձել 480.000 ՀՀ դրամ` որպես իր դեմ ներկայացրած անհիմն հայցի հետևանքով կրած վնաս:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 03.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Արարատ Մովսիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ինչի հետևանքով խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Արարատ Մովսիսյանը, դիմելով դատարան, իրականացրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը: Հետևաբար, Շուշանիկ Գրիգորյանի կատարած ծախսերը` կապված տվյալ գործով իրավաբանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնաս:

Բացի այդ, իրավունքների պաշտպանության հայց հարուցելը հանդիսանում է օրինաչափ գործողություն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.07.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայցվորը և պատասխանողը հանդիսանում են «Թալին-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներ:

2) ՀՀ տնտեսական դատարանի 27.10.2005 թվականի վճռով մերժվել է Արարատ Մովսիսյանի հայցն ընդդեմ Շուշանիկ Գրիգորյանի` «Թալին-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 30.12.2002 թվականի արտահերթ ժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին տվյալ պահանջով դատարան դիմելու համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ:

3) Վերը նշված գործով դատաքննությանը մասնակցելու համար Շուշանիկ Գրիգորյանը «Դեֆենդո» ՍՊԸ-ի հետ 20.08.2005 թվականին կնքել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՍՊԸ-ն պարտավորվել է վերոհիշյալ քաղաքացիական գործով ներկայացնել Շուշանիկ Գրիգորյանի շահերը որպես վերջինիս ներկայացուցիչ:

5) Նշված պայմանագրի 4.1-րդ կետի համաձայն` մատուցված ծառայության դիմաց Պատվիրատուն կատարողին վճարում է 480.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Նշված հիմքի սահմաններում քննելով վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում:

Քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նշված իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով:

Անձի` իրավունքների և ազատությունների (թեկուզև ենթադրյալ) դատական պաշտպանության իրավունքի իրականացումը ինքնին չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն: Անձի` դատական պաշտպանության իրավունքի իրականացումը առանց իրավական հիմնավորման չի կարող դիտվել որպես այլ անձին (մասնավորապես, դատավարության մյուս կողմին) վնաս պատճառելու դրսևորում:

Արարատ Մովսիսյանը, դիմելով դատարան, իրականացրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը: Հետևաբար, Շուշանիկ Գրիգորյանի կատարած ծախսերը կապված տվյալ գործով իրավաբանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնասներ:

Միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում:

Սույն գործի փաստերի համաձայն` պատասխանողը` օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից չի չարաշահել այն, չի օգտվել դրանից անբարեխղճորեն, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս գործողություններում բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված` պատասխանողին վնաս պատճառելու կամ այլ կերպ վերջինիս իրավունքները խախտելու հատկանիշները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Այս դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.07.2006 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու բավարար հիմք է դիտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արարատ Մովսիսյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.07.2006 թվականի վճիռը և այն փոփոխել` Շուշանիկ Գրիգորյանի հայցն ընդդեմ Արարատ Մովսիսյանի մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.01.2007
N 3-2431(ՎԴ)
Որոշում