(ուժը կորցրել է 26.04.12 թիվ 68-Ն հրաման)
i
106.0099.180409
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 04 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10609167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 ապրիլի 2009 թվականի N 99-Ն
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 126-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2009 թ. ապրիլի 7-ի
N 99-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ
I. Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն
Հարց 1. Պարզ, թե՞ բարդ ընթացակարգով է տրվում անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզիան:
Պատասխան` Բարդ ընթացակարգով:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 43, մաս 2/
Հարց 2. Ի՞նչ է նախատեսված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:
Պատասխան` Լիցենզիայի գործողության կասեցում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 36, մաս 1, կետ 11/
Հարց 3. Ի՞նչ ժամկետով լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը խախտելու դեպքում է կասեցվում լիցենզիայի գործողությունը:
Պատասխան` 10 օրվանից ավելի ժամկետով խախտման դեպքում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 36, մաս 1, կետ 6/
Հարց 4. Մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում օրենքով ի՞նչ է նախատեսվում:
Պատասխան` Լիցենզիայի գործողության կասեցում միայն այդ անձի մասով:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 36, մաս 1, կետ 8/
Հարց 5. Ի՞նչ է նախատեսվում լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
Պատասխան. Լիցենզիայի գործողության կասեցում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 36, մաս 1, կետ 2/
Հարց 6. Ի՞նչ է նախատեսվում օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում:
Պատասխան. Լիցենզիայի գործողության կասեցում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 1, մաս 1, կետ 3/
Հարց 7. Ի՞նչ է նշանակում որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումը:
Պատասխան. Լիցենզիայի գործողության կասեցում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 34, մաս 1/
Հարց 8. Ի՞նչ կարգով լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն լիցենզիա ստանալու նոր հայտ իրավունք ունի ներկայացնել:
Պատասխան. Ընդհանուր կարգով:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 29, մաս 7/
Հարց 9. Կարո՞ղ է արդյոք լիցենզիա ստանալու հայտը բավարարվել, եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված:
Պատասխան. Ոչ: Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 29, մաս 1, կետ 1/
Հարց 10. Ի՞նչ պարտադիր պահանջներ կամ պայմաններ են պարտավոր պահպանել լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ:
Պատասխան. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում նաև` լիցենզավորման կարգերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 12, մաս 1/
Հարց 11. Կարո՞ղ է արդյոք լիցենզիա ստանալու հայտը բավարարվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Պատասխան. Ոչ: Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 29, մաս 2/
Հարց 12. Կարո՞ղ է արդյոք լիցենզիա ստանալու հայտը բավարարվել, եթե դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
Պատասխան. Ոչ: Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 29, մաս 3/
Հարց 13. Լիցենզավորված իրավաբանական անձի վերաձևակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից քանի՞ օրվա ընթացքում, ինչպիսի՞ հայտ և փաստաթղթեր է պարտավոր ներկայացնել լիցենզավորված անձը:
Պատասխան. Լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 32, մաս 1/
Հարց 14. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից քանի՞ օրվա ընթացքում, ինչպիսի՞ հայտ և փաստաթղթեր է պարտավոր ներկայացնել լիցենզավորված անձը:
Պատասխան. Լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 32, մաս 2/
Հարց 15. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ի՞նչ է նախատեսված լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում:
Պատասխան. Լիցենզիայի գործողության կասեցում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 36, մաս 1, կետ 2/
Հարց 16. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները ո՞ր պահից կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ:
Պատասխան. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 7, մաս 10/
Հարց 17. Ո՞ր դեպքերում է թույլատրվում առանց լիցենզիայի զբաղվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
Պատասխան. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 46, մաս 1/
Հարց 18. Ի՞նչ է լիցենզիա հասկացությունը:
Պատասխան. Լիցենզիա` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 3/
Հարց 19. Ի՞նչ է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ հասկացությունը:
Պատասխան. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ` գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 3/
Հարց 20. Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարո՞ղ է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն ո՞ր դեպքում կարող է իրականացնել:
Պատասխան. Միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 33, մաս 3/
Հարց 21. Եթե օրենքով լիցենզավորված անձի գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել («Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը), ապա կարո՞ղ է արդյոք տարբեր վայրերում գործունեություն իրականացնելու համար տրվել մեկ ընդհանուր լիցենզիա:
Պատասխան. Ոչ: Յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 33, մաս 8/
Հարց 22. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար ի՞նչ է գանձվում:
Պատասխան. Գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
/»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 23/
II. Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն
Հարց 1. Ի՞նչ փաստաթուղթ է ներկայացվում իրացման համար նախատեսված կաթն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելիս:
Պատասխան. Անասնաբուժական ծառայության կողմից տրված ուղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթուղթ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 5/
Հարց 2. Ո՞ր դեպքերում են կատարվում կաթի լաբորատոր լրացուցիչ հետազոտություններ:
Պատասխան. Հիվանդ կենդանիներից ստացման կասկածի դեպքում` հիմք ընդունելով մանրէական աղտոտվածության ցուցանիշները:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 8/
Հարց 3. Ի՞նչ քանակով են վերցվում անասնաբուժասանիտարական փորձաքննության համար կաթի նմուշները:
Պատասխան. Ապրանքախմբի յուրաքանչյուր տարայից` 50-150 միլիլիտր չափով:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 10/
Հարց 4. Նույն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մշտապես իրացվող կաթն ամիսը քանի՞ անգամ է ենթարկվում հսկիչ լաբորատոր հետազոտության:
Պատասխան. Ամիսը 3 անգամ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 11/
Հարց 5. Ի՞նչ է տրվում փորձաքննության դրական եզրակացության արդյունքում պիտանի ճանաչված մեղրի իրացման համար:
Պատասխան. Անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հավաստող պիտակ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 2319-Ն որոշում, կետ 13/
Հարց 6. Ի՞նչ փաստաթուղթ է ներկայացվում իրացման համար նախատեսված ջրային կենդանիներն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելիս:
Պատասխան. ՈՒղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթուղթ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշում, կետ 5/
Հարց 7. Անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի՞ է արդյոք դաբաղով, ծաղիկով, կատաղությամբ, ժանտախտով հիվանդ կենդանիներից ստացված կաթը:
Պատասխան. Պիտանի չէ, ենթակա է ոչնչացման:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 14/
Հարց 8. Ովքե՞ր իրավասություն ունեն կատարելու կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն:
Պատասխան. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 2/
Հարց 9. Անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի՞ է արդյոք կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված կաթը:
Պատասխան. Պիտանի չէ, ենթակա է ոչնչացման:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշում, կետ 14/
Հարց 10. Ովքե՞ր իրավասություն ունեն կատարելու մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննություն:
Պատասխան. Մեղրի փորձաքննություն կատարում են լիցենզավորված անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 2319-Ն որոշում, կետ 2/
Հարց 11. Անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի՞ է արդյոք խմորման կամ մակարդման նշաններով, կեղծված, տաքացման արդյունքում ֆերմենտային ակտիվությունը կորցրած, մեխանիկական խառնուրդներ, հակաբիոտիկներ պարունակող մեղրը:
Պատասխան. Պիտանի չէ, այդպիսի մեղրի իրացումն արգելվում է:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 2319-Ն որոշում, կետ 17/
Հարց 12. Ե՞րբ են ենթարկվում փորձաքննության նույն օրը չվաճառված ջրային կենդանիները, որոնք չեն պահպանվել սառնարանային պայմաններում:
Պատասխան. Հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 2319-Ն որոշում, կետ 14/
Հարց 13. Ինչի՞ են ենթակա բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիները և թռչուններն իրացման նպատակով սպանդից առաջ:
Պատասխան. Ենթակա են անասնաբուժական զննման:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 4/
Հարց 14. Ինչի՞ են ենթակա իրացման նպատակով միսն ու սպանդից գոյացած մյուս մթերքները:
Պատասխան. Ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 4/
Հարց 15. Ե՞րբ է թույլատրվում իրացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանիների սպանդից ստացված մթերքները:
Պատասխան. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանիների սպանդից գոյացած մթերքների իրացումն արգելվում է:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 4/
Հարց 16. Ի՞նչ փաստաթղթերով են ուղեկցվում իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները:
Պատասխան. Իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պարտադիր ուղեկցվեն համապատասխան անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում` անասնաբուժական տեղեկանքով:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 5/
Հարց 17. Ի՞նչ չափով են նմուշներ վերցվում անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից:
Պատասխան. 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկրը, ինչպես նաև ներքին օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 15/
Հարց 18. Ո՞ր կենդանիների մսեղիքն է տրիխինելոզի նկատմամբ պարտադիր քննության ենթարկվում:
Պատասխան. Խոզերի (բացի մինչև 3 շաբաթական խոճկորներից), վարազների, արջերի, կուղբերի, փորսուղների և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 22/
Հարց 19. Ի՞նչ կարգով են ենթարկվում անասնաբուժասանիտարական փորձաքննության նույն օրը չվաճառված միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն պահվել սառնարանում:
Պատասխան. Հաջորդ օրը ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 1, կետ 25/
Հարց 20. Ինչպե՞ս է վարակազերծվում ցիստիցերկոզով ախտահարված միսը:
Պատասխան. Վարակազերծվում է սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 2, կետ 4/
Հարց 21. Ինչպե՞ս են ոչնչացվում կենդանիների դիակների անասնաբուժական կոնֆիսկատները (կենդանիների մորթից գոյացած հումք և մթերք, որոնք անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ճանաչվել են սննդի համար ոչ պիտանի):
Պատասխան. Ոչնչացվում են այրման կամ բիոթերմիկ հորերում թաղման միջոցով:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 2, կետ 8/
Հարց 22. Ըստ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության արդյունքների ե՞րբ է միսը համարվում առողջ կենդանուց ստացված:
Պատասխան. Եթե քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 2, կետ 5/
Հարց 23. Ինչպե՞ս է կատարվում խոզի մսի սառեցման միջոցով վարակազերծումը:
Պատասխան. Խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև 10oC-ի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 10 օրվա ընթացքում` -12oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -13oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 2, կետ 6/
Հարց 24. Ինչպե՞ս է կատարվում տավարի մսի սառեցման միջոցով վարակազերծումը:
Պատասխան. Տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -6oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -9oC-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշում, Հավելված N 2, կետ 6/
III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
Հարց 1. Ինչպե՞ս են քսուքները ներկում Գրամի եղանակով:
Պատասխան. Քսուքները ֆիքսում են կրակի վրա,
1. քսուքի մակերեսին դնում են ֆիլտրաթուղթ, լցնում գենցյան-մանուշակագույնի կարբոլային լուծույթ, թողնում 2 րոպե,
2. թափում են ներկը, գցում ֆիլտրաթուղթը, քսուքի վրա լցնում Լյուգոլի լուծույթ, թողնում 2 րոպե (քսուքը սևանում է),
3. թափում են Լյուգոլի լուծույթը, գունազրկման համար քսուքը 30 վայրկյան ընկղմում 96o սպիրտի մեջ,
4. անմիջապես լվանում են ջրով, լրացուցիչ ներկում նոսրացված ֆուքսինով 1-2 րոպե կամ վեզուվինով, սաֆրանինով 2-3 րոպե,
5. քսուքը լվանում են ջրով, չորացնում, դիտում իմերսիոն օբյեկտիվով:
Հարց 2. Ինչպե՞ս են քսուքները ներկում Օլտի եղանակով:
Պատասխան.
1. Արյունից կամ օրգաններից պատրաստված, բացօթյա չորացված քսուքը ֆիքսում են սպիրտի կամ սպիրտ-եթերային խառնուրդի մեջ 15-20 րոպե (բոցի վրա չի կարելի, սպիտակուցների մակարդումից առաջանում է կեղծ պատիճ),
2. քսուքի վրա լցնում են սաֆրանինի 2-3 % տաք ջրում թարմ պատրաստված, ֆիլտրված լուծույթ, թեթևակի տաքացնում բոցի վրա, ներկում 1-2 րոպե,
3. լվանում են ջրով, չորացնում, դիտում իմերսիոն օբյեկտիվով: Կարելի է քսուքը չչորացնել կամ չորացած քսուքի վրա ջուր կաթեցնել, ծածկել ծածկապակիով և դիտել:
Մանրէապատկերը` բակտերիաները ներկվում են կարմիր կամ դարչնագույն, իսկ նրանց շրջապատող պատիճը` դեղնագույն:
Հարց 3. Սիբիրախտի լաբորատոր հետազոտության համար ի՞նչ ախտաբանական նմուշներ են վերցվում:
Պատասխան. Լաբորատոր հետազոտման ուղարկում են ականջը, ականջի կտրվածքից վերցված արյունը, խոզերի դիակից` ենթածնոտային ավշային հանգույցները, այտուցված շարակցական հյուսվածքի կտորներ:
Եթե սիբիրախտի կասկածն առաջացել է դիակը բացելուց հետո, դադարեցնում են դիահերձումը և լաբորատորիա ուղարկում նաև փայծաղի մի մասը:
Հարց 4. Ինչպիսի՞ն է սիբիրախտի հարուցչի (Bac. antracis) դիակից վերցված արյան կամ այլ ախտաբանական նմուշներից պատրաստված` Գրամի եղանակով ներկված քսուքների մանրէապատկերը:
Պատասխան. ՈՒղիղ գրամդրական ցուպիկներ են, դասավորված են կարճ շղթաներով կամ զույգով, իրար մոտ գտնվող ծայրերը ուղղահայաց կտրվածք ունեն, ազատ ծայրերը սովորաբար կլորացած են: Առանձին դեպքերում քսուքներում (հաճախ խոզերի մոտ) սիբիրախտի հարուցիչը կարող է լինել ոչ բնորոշ, կարող են ունենալ կարճ, հաստ, ծռված կամ հատիկավոր ցուպիկների տեսք, մեջտեղում կամ ծայրերում փքված տեսքով:
Հարց 5. Ի՞նչ տեսք ունի մսապեպտոնային բուլյոնը (ՄՊԲ) սիբիրախտի մանրէների ցանքսից մեկ օր հետո:
Պատասխան. Մսապեպտոնային բուլյոնը մնում է թափանցիկ, բամբականման նստվածքով: Թափահարելիս բուլյոնը չի պղտորվում, նստվածքը բաժանվում է մանր փաթիլների:
Հարց 6. Սիբիրախտի ախտաանատոմիան: Հատկապես նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Սիբիրախտի գերսուր (կայծակնային) ընթացքի դեպքում դիահերձման պատկերը բացասական է: Մանրէաբանական հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը:
Սուր ընթացքի դեպքում դիակը վատ է արյունաքամված, դիակային փայտացումը թույլ է արտահայտված, շճաթաղանթների վրա կան արյունազեղումներ, փայծաղը խիստ մեծացած է, պուլպան փափկած, համարյա սև գույնի: Արյունը չի մակարդված, խիտ, մուգ գույն ունի: Լյարդը, երիկամները, սիրտը պարենքիմատոզ դեգեներացված են, թոքերն այտուցված, պնդացած: Բոլոր ներքին օրգաններն արյունալցված են: Ավշային հանգույցները մեծացած են, հյութալի, լիարյուն:
Հարց 7. Նկարագրել խոզերի մոտ սիբիրախտի բնորոշ ախտաանատոմիական փոփոխությունները:
Պատասխան. Խոզերի մոտ սիբիրախտն ընթանում է անգինոզ, հազվադեպ սեպտիկ ձևով: Սիբիրախտի կասկածն առաջանում է, երբ կոկորդում նկատվում է դեղին դոնդողանման այտուց, ըմպանի և կոկորդի լորձաթաղանթը պատված է մոխրագույն կամ սև դիֆտերիկ փառով: Խրոնիկ ընթացքի դեպքում այտուցումն ու դիֆտերիկ փառը բացակայում են, բայց գլխի ավշային հանգույցներում (ենթածնոտային, հարականջային, պարանոցի) կան արյունազեղումներ և նեկրոզ:
Հարց 8. Ինչպե՞ս են իրականացնում սիբիրախտի պրեցիպիտացիայի ռեակցիան և ո՞րն է համարվում դրական:
Պատասխան. Փոքր փորձանոթի մեջ լցնում են 0.3 մլ սիբիրախտի պրեցիպիտացնող շիճուկ, հետո զգուշորեն ավելացնում են ախտաբանական նմուշի էքստրակտ այնպես, որ հեղուկների սահմանին երևա բարակ ուղիղ գիծ: Միաժամանակ դնում են նաև կոնտրոլ ռեակցիան: Ռեակցիան համարվում է դրական, եթե 1- 2 րոպե հետո և ոչ ուշ 15 րոպեից կոմպոնենտների խառնվելու սահմանին առաջանում է բարակ սպիտակ օղակ:
Հարց 9. Ինչպիսի՞ն է էմկարի ախտաբանական նմուշից պատրաստված, Գրամի կամ Մուրոմցևի եղանակով ներկված քսուքի մանրէապատկերը:
Պատասխան. Քսուքներում էմկարի մանրէներն ունեն հաստ, ծայրերը կլորացած ուղիղ ցուպիկների տեսք, դասավորված են մեկական կամ զույգերով: Սպորները չեն ներկվում, տեղադրված են ցուպիկի ծայրերում, երբեմն` կենտրոնում:
Հարց 10. Ինչպիսի՞ն է էմկարի ախտաանատոմիան: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Էմկարին բնորոշ են խշխշացող այտուցներ, որոնք տեղակայված են պարանոցի, թիակի և այլ հատվածներում: Այդպիսի օջախների կարբունկուլան ունի մուգ կարմիր գույն, իսկ շրջապատող հյուսվածքները ներծծված են կարմիր կամ կարմրադեղնավուն դոնդողանման ինֆիլտրատով, արյունազեղված են: Չախտահարված մկաններում սովորաբար փոփոխություններ չկան: Փայծաղը մեծացած է, լյարդը մեծացած է, գունափոխված, երիկամները փափկած են, նեկրոտիկ օջախներով: Ավշային հանգույցները մեծացած են, կարմիր կամ դեղնակարմրավուն: Շճաթաղանթներն արյունազեղված են:
Հարց 11. Ինչպե՞ս են որոշում մսի թարմությունը մանրադիտակային եղանակով:
Պատասխան. Մսի մակերեսը ախտահանում են տաքացրած շպատելով կամ այրում սպիրտով թրջված տամպոնով, կտրում ստերիլ մկրատով 2.0 X 1.5 X 2.5 սմ կտորներ, կտրվածքի մակերեսը արտատպում են առարկայական ապակու վրա, պատրաստում 2 քսուք: Պրեպարատները չորացնում են, ֆիքսում, ներկում Գրամի եղանակով:
Միսը համարվում է թարմ, եթե քսուքը մանրադիտակով նայելիս տեսադաշտում երևում են մինչև 10 մանրէներ (կոկեր, ցուպիկներ), չկան մկանային հյուսվածքի քայքայման հետքեր:
Միսը համարվում է կասկածելի թարմության, եթե տեսադաշտում երևում են մինչև 30 կոկեր կամ ցուպիկներ, նաև հյուսվածքի քայքայված կտորներ:
Միսը համարվում է ոչ թարմ, եթե տեսադաշտում երևում են 30-ից ավելի կոկեր կամ ցուպիկներ, ինչպես նաև զգալի հյուսվածքի քայքայված կտորներ:
Հարց 12. Ինչպիսի՞ն է պաստերելլոզից (հեմոռռագիկ սեպտիցեմիա) սատկած կենդանու արյունից և օրգաններից պատրաստված, Ռոմանովսկու-Գիմզայի եղանակով ներկված քսուքների մանրէապատկերը:
Պատասխան. Քսուքներում պաստերելն ունի երկբևեռ տեսք, քանի որ ցուպիկի ծայրերը ներկվում են, միջին մասը չի ներկվում:
Հարց 13. Ինչպիսի՞ն է պաստերելլոզի (հեմոռռագիկ սեպտիցեմիա) ախտաանատոմիան: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Սուր ընթացքի դեպքում բազմաթիվ մանր կետային արյունազեղումներ ենթամաշկային բջջանքում, շճաթաղանթների և լորձաթաղանթների վրա, պլևրայի տակ և մկաններում: Ավշային հանգույցները մեծացած են, հիպերեմիկ, արյունազեղումներով: Թոքային ձևի ժամանակ` թոքերում շճային պլևրոպնևմոնիա, կտրվածքը մարմարի նման, պլևրայի վրա ֆիբրինի փառ: Լյարդը` առանց փոփոխության, մակերեսին կարող են լինել նեկրոզներ: Փայծաղը մեծացած չէ: Երիկամների կեղևային շերտում առկա են օջախային արյունազեղումներ:
Հարց 14. Ո՞ր ընտանի կենդանիներն են հիվանդանում տուբերկուլոզով և որո՞նք են բնորոշ ախտաանատոմիական փոփոխությունները:
Պատասխան. Տուբերկուլոզով հիվանդանում են ընտանի թռչունները, կաթնասունները: Տուբերկուլոզին առավել բնորոշ են տուբերկուլոզի հանգույցները, որոնք կարող են տեղակայվել թոքերում, ավշային հանգույցներում, աղիքներում, լյարդում, փայծաղում, երիկամներում և այլ օրգաններում:
Հարց 15. Որո՞նք են բրուցելոզի հարուցիչների տիպերը: Ո՞ր տիպով են հիմնականում հիվանդանում մարդիկ:
Պատասխան. Բրուցելոզի հարուցիչները հիմնականում 3 տիպի են.
Առաջին տիպով (Br. melitenzis) հիմնականում հիվանդանում են ոչխարները, այծերը և մարդիկ:
Երկրորդ տիպը (Br. bovis) նկատվում է տավարի, ձիերի մոտ:
Երրորդ տիպով (Br. sսis) հիվանդանում են հիմնականում խոզերը:
Մարդիկ հիմնականում հիվանդանում են առաջին տիպով, կարող են նաև վարակվել մնացած տիպերով:
Հարց 16. Ինչպիսի՞ն է խոզերի կարմիր քամու ախտաբանական նմուշից պատրաստված, Գրամի եղանակով ներկված քսուքի մանրէապատկերը:
Պատասխան. Գրամի եղանակով ներկված քսուքներում երևում են մեկական, երկուական կամ խմբով դասավորված գրամդրական ցուպիկներ: Խրոնիկ ընթացքի դեպքում սրտի ախտահարված փականներից պատրաստված քսուքներում կարող են երևալ երկար թելիկներ:
Հարց 17. Ինչպիսի՞ն է խոզերի կարմիր քամու ախտաանատոմիան: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Սուր և ենթասուր ընթացքի դեպքում մաշկի վրա կամ մաշկի տակ, ճարպի վրա նկատվում են ուղղանկյուն, ռոմբաձև կամ եռանկյուն մուգ կարմիր հատվածներ: Ավշային հանգույցներն այտուցված են, կարմրամանուշակագույն: Թոքերում կարող են նկատվել շճային բրոնխիտի նշաններ: Փայծաղը մեծացած է, պուլպան` կարմիր, երիկամները հիպերեմիկ են, կեղևային շերտը դեղնակարմրավուն կամ կապտավուն երանգի: Մկանները հաճախ հիպերեմիկ են, արյունազեղումներով: Հնարավոր են շճաթաղանթների արյունազեղումներ:
Խրոնիկ ընթացքի դեպքում սրտի կլապաններում ծաղկակաղամբի նմանվող տրոմբոտիկ նստվածքներ:
Հարց 18. Ինչպիսի՞ն է փայտացման (Tetanսs) ախտաբանական նմուշից պատրաստված քսուքի մանրէապատկերը:
Պատասխան. Փայտացման հարուցիչը (Bac. tetani) բարակ, կլորացած ծայրերով ցուպիկ է, կուլտուրաներում կարող է կազմել շղթաներ և թելեր: Մանրէի բնորոշ առանձնահատկությունն է գնդաձև սպորագոյացումը, որը տեղադրված է ցուպիկի ծայրերից մեկում, նմանվելով թմբուկի փայտիկի:
Հարց 19. Ինչպիսի՞ն է հորթերի սալմոնելոզի (պարատիֆ) ախտաանատոմիան: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Շճաթաղանթների, լորձաթաղանթների վրա առկա են մանր կամ օջախային արյունազեղումներ: Ավշային հանգույցները մեծացած են, կտրվածքում նկատվում են արյունազեղումներ: Փայծաղը մեծացած է, լյարդում (հազվադեպ` երիկամներում) կան մանր դեղնամոխրավուն նեկրոտիկ հանգույցներ: Հաճախ լրիվ օրգանները դեղնած են:
Հարց 20. Ինչպիսի՞ն է խոզերի աֆրիկյան ժանտախտի ախտաանատոմիան` նշել դիակի, մկանների փոփոխությունները:
Պատասխան. Հիվանդության կարճատևության և հիվանդների արագ անկման պատճառով դիակը հյուծված չէ: Աչքերի ու բերանի լորձաթաղանթների վրա կան մանր պուտավոր արյունազեղումներ: Ենթամաշկային բջջանքի անոթները, ինչպես նաև իրանի խոշոր անոթները լցված են չմակարդված արյունով, ենթամաշկային շարակցական հյուսվածքը ներկված է դեղնավուն ու այտուցված է: Բազմաթիվ արյունազեղումներ են նկատվում կմախքի մկանների և նրանց միջանկյալ հյուսվածքների վրա:
Հարց 21. Ինչպիսի՞ն է խոզերի աֆրիկյան ժանտախտի ախտաանատոմիան` նշել ավշային հանգույցների, թոքերի և սրտի փոփոխությունները:
Պատասխան. Ավշային հանգույցները մեծացած են, արյունալցված, երբեմն նմանվում են արյան գնդի (հեմատոմա): Կտրվածքը կարող է լինել մարմարանման: Մեծ քանակությամբ կետային ու պուտավոր արյունազեղումներ են հայտնաբերվում լորձաթաղանթների, շճաթաղանթների ու ներքին օրգանների վրա: Թոքերն այտուցված են, արյունալցված: Սիրտը մեծացած է, սրտապարկը լցված է դեղնավուն պղտոր հեղուկով, երբեմն մակարդված ֆիբրինի կտորներով:
Հարց 22. Ինչպիսի՞ն է խոզերի աֆրիկյան ժանտախտի ախտաանատոմիան` նշել փայծաղի, լյարդի և երիկամների փոփոխությունները:
Պատասխան. Փայծաղը մեծացած է, հաստացած, եզրերը կլորացած, պատյանը լարված, պուլպան հատիկավոր, փափկած, արյունալցված, երբեմն եզրերին նկատվում են ինֆարկտներ: Լյարդը թեթև ուռած է, արյունալցված, լեղապարկը լցված է, մեծացած, լորձաթաղանթների վրա կան արյունազեղումներ: Երիկամների պատյանի տակ, պարենքիմայի և ավազանի լորձաթաղանթների վրա կան բազմաթիվ տարբեր մեծության կետավոր արյունազեղումներ: Երիկամների կտրվածքի վրա կեղևային և ուղեղային շերտերի սահմանը չի նկատվում, ավազանը լցված է արյունով:
Հարց 23. Ինչպիսի՞ն է խոզերի ժանտախտի ախտաանատոմիան: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Բազմաթիվ արյունազեղումներ հյուսվածքներում և օրգաններում: Ավշային հանգույցները քիչ են մեծացած, այտուցված չեն, արտաքինից կարմիր գույնի են, կտրվածքում մարմարանման: Թոքերի մակերեսին կետաձև արյունազեղումներ, կարող են լինել լյարդացած, մուգ կարմիր օջախներ: Լյարդը հաճախ առանց փոփոխության: Էպիկարդին կան արյունազեղումներ: Փայծաղը մեծացած չէ, եզրերին սահմանափակ հեմոռռագիկ ինֆարկտներ: Երիկամները անեմիկ, կապսուլայի տակ` բազմաթիվ կետային արյունազեղումներ:
Հարց 24. Ինչպիսի՞ն են դաբաղի ախտաանատոմիական բնորոշ փոփոխությունները:
Պատասխան. Դիակը սովորաբար լինում է հյուծված, բնորոշ փոփոխություններ` քայքայված աֆթաներ, խոցեր լինում են բերանի խոռոչի, շրթունքների ու լեզվի լորձաթաղանթների վրա, քթահայելու, կրծի, պտուկների ու վերջավորությունների վրա:
Չարորակ դաբաղի ժամանակ սրտի մկանները լինում են թոռոմած, թուլացած, գունատ, գորշ կարմրավուն պուտերով ծածկված (շերտավոր սիրտ):
Հարց 25. Ինչպիսի՞ն են խոշոր եղջերավորների և ոչխարների մոտ Աուեսկի (կեղծ կատաղություն) հիվանդության բնորոշ ախտաանատոմիական փոփոխությունները:
Պատասխան. Բնորոշ են տարբեր աստիճանի արտահայտված վնասվածքներ, վերքեր, որոնք անզուսպ քորի հետևանք են: Օրգաններում փոփոխությունները բացակայում են: Կարող է նկատվել նաև թոքերի այտուց, ստամոքսի, աղիքների լորձաթաղանթի հիպերեմիա և արյունազեղումներ, հազվադեպ լյարդը, փայծաղը, երիկամները արյունալցված են:
Հարց 26. Ինչպիսի՞ն են չարորակ հարբխային տենդի ախտաանատոմիական փոփոխությունները: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, գլխի և ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Բերանի լորձաթաղանթի վրա կարմրություն, նեկրոզներ: Քթի լորձաթաղանթին ֆիբրինի փառ և թարախային էքսուդատ: Կոկորդի, շնչափողի լորձաթաղանթներին դիֆտերիկ փառ: Գլխի ավշային հանգույցները մեծացած են, այտուցված, հիպերեմիկ: Թոքերում հնարավոր են բրոնխոպնևմոնիայի օջախներ: Երիկամներն ու լյարդը հիպերեմիկ են, կազմափոխված, կապսուլայի տակ հաճախ բազմաթիվ կետային արյունազեղումներ, փայծաղը նորմալ չափի է կամ քիչ մեծացած, պուլպան փափկած չի, բալի գույնի:
Հարց 27. Ինչպիսի՞ն են խոշոր եղջերավոր անասունների ժանտախտի ախտաանատոմիական փոփոխությունները: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, գլխի և ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Շուրթերի ու լնդերի, լեզվի ներքին մակերեսի ու հիմքի երկու կողմի լորձաթաղանթները ծածկված են գորշ դեղնավուն կամ բաց գորշ գույնի նստվածքով, որոնք հեռացնելիս բացվում են վառ կարմիր, գարշահոտ խոցեր: Կոկորդի լորձաթաղանթները կարմրած են, ծածկված բազմաթիվ արյունազեղումներով, խոցերով, դեղին թաղանթով:
Լյարդը սովորաբար փոխված չէ, բայց լեղապարկը մեծացած է ու լցված մեծ քանակությամբ կանաչ կամ դեղին, երբեմն արյունախառն լեղիով: Դրա լորձաթաղանթին կետային արյունազեղումներ: Փայծաղը նորմալ է: Երիկամների ավազանների վրա կետային արյունազեղումներ:
Սիրտը նորմալ է, էպիկարդի և էնդոկարդի վրա կան մանր կետային արյունազեղումներ: Թոքերում հաճախ բրոնխոպնևմոնիայի օջախներ: Շնչուղիների լորձաթաղանթները կարմրած են, պատված կետավոր ու շերտավոր արյունազեղումներով: Ավշային հանգույցները այտուցված են, հեղուկով լցված, կարմրած, կտրվածքում` խոշոր արյունազեղումներ:
Հարց 28. Ինչպե՞ս են քսուքները ներկվում Ռոմանովսկու-Գիմզայի եղանակով (ազուր էոզինով):
Պատասխան. Ֆիքսված պրեպարատը դնում են ձողիկի կամ լուցկու հատիկների վրա քսուքը դեպի ներքև: Առարկայական ապակու տակ լցնում են 1:10 թորած ջրով նոսրացված Գիմզայի ներկ, ներկում 40-50 րոպե, լվանում ջրով, չորացնում: Դիտում են իմերսիոն խոշորացմամբ:
Հարց 29. Ինչպիսի՞ն է Լեպտոսպիրոզի ախտորոշման նպատակով երիկամներից, լյարդից պատրաստված սուսպենզիայի մութ դաշտով զննման մանրէապատկերը:
Պատասխան. Լեպտոսպիրաները մութ դաշտով դիտելիս երևում են սպիրալանման արծաթագույն թելիկներ, որոնք կարող են ունենալ X. S. C. տառերի, 8. թվանշանի տեսք: Լեպտոսպիրաները չափազանց շարժուն են: Շարժումները կարող են լինել ալիքաձև, գայլիկոնաձև, պտուտակաձև և այլն:
Հարց 30. Ինչպիսի՞ն են Լեպտոսպիրոզի ախտաանատոմիական փոփոխությունները: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսի, գլխի և ներքին օրգանների բնորոշ փոփոխությունները:
Պատասխան. Լեպտոսպիրոզի սուր և ենթասուր ընթացքի դեպքում հյուսվածքների և օրգանների մեծամասնությունը ներկվում են դեղին գույնի, հաճախ նկատվում են այտուցներ (կոկորդի և պարանոցի հատվածում), բերանի լորձաթաղանթին և լեզվին նեկրոտիկ օջախներ: Ավշային հանգույցները զգալի մեծացած են, այտուցված, մոխրագույն, կտրվածքը` խոնավ: Թոքերն այտուցված են, արյունազեղված, բրոնխներում փրփրախառը հեղուկ: Սրտամկանը թառամած է, արյունը մակարդված չէ: Լյարդը մեծացած է, դեղնադարչնագույն կամ կավադեղնագույն, կտրվածքը մարմարանման: Փայծաղը փոփոխված չէ: Երիկամներն այտուցված են, 2-3 անգամ մեծացած, մակերեսին մանր մոխրագույն օջախներ: Կտրվածքում կեղևային և ուղեղային շերտերի սահմանը չի երևում:
Հարց 31. Ինչպե՞ս են լաբորատոր եղանակով կաթի արեոմետրով որոշում կաթի խտությունը:
Պատասխան. Կաթի խտությունը որոշվում է 20oC-ում: Ապակյա գլանի մեջ լցնում են 250 մլ 10-25oC կաթ, արեոմետրով որոշում խտությունը: Եթե կաթի ջերմաստիճանը ավելի կամ պակաս է 20oC-ից, կաթնային արեոմետրի ցուցմունքը փոփոխում են ըստ աղյուսակի կամ փոփոխում ջերմաստիճանի տարբերության յուրաքանչյուր մեկ աստիճանին ավելացնելով կամ պակասեցնելով 0.2 գործակից:
Հարց 32. Ինչպե՞ս են լաբորատոր եղանակով որոշում կաթի թթվայնությունը ըստ Թյորների:
Պատասխան. Կոնաձև անոթի մեջ լցնում են 10 մլ կաթ, 20 մլ թորած ջուր, 3 կաթիլ ֆենոլֆթալեինի 1 %-ոց սպիրտային լուծույթ: Անոթը շրջանաձև խառնելով կաթիլ-կաթիլ ավելացնում են նատրիումի հիդրօքսիդի դեցինորմալ լուծույթ (տիտրում են) մինչև բաց վարդագույն երանգ ստանալը, որը չի անհետանա 1 րոպեի ընթացքում: Ծախսված հիմքի լուծույթի քանակը (սմ խորանարդով) բազմապատկում են 10-ով, ստացված թիվը ցույց է տալիս կաթի թթվայնության աստիճանն ըստ Թյորների:
Հարց 33. Ինչպե՞ս են լաբորատոր եղանակով որոշում կաթի յուղայնությունը:
Պատասխան. Յուղաչափի մեջ լցնում են 10 մլ ծծմբական թթու, խտությունը 1.81-1.82, ավելացնում 10.77 մլ կաթ` յուղաչափը թեք պահելով, որ կաթը թթվի հետ չխառնվի: Հետո ավելացնում են 1 մլ իզոամիլ սպիրտ, խտությունը 0.811-0.812, փակում չոր ռետինե խցանով: Յուղաչափը փաթաթում են սրբիչով, շրջելով, խառնում են պարունակությունը մինչև փաթիլները կանհետանան:
Ցենտրիֆուգում են 5 րոպե: Ցենտրիֆուգելուց հետո յուղաչափը դնում են 65-70oC ջրային բաղնիք, թողնում 5 րոպե, հետո հանելով ջրից յուղաչափի սանդղակով որոշում, թե 100 մլ կաթը քանի գրամ յուղ է պարունակում:
Հարց 34. Ինչպե՞ս են լաբորատոր եղանակով որոշում կաթի մեջ սպիտակուցների քանակը:
Պատասխան. Կոլբայի մեջ լցնում են 10 մլ կաթ, 10-12 կաթիլ 1 %-ոց ֆենոլֆթալեինի լուծույթ և կաթիլ-կաթիլ ավելացնում 0.1 ն. նատրիումի հիդրօքսիդ մինչև բաց վարդագույն ներկվելը, որը խառնելիս չի անհետանա: Հետո ավելացնում են 2 մլ չեզոք ֆորմալին և տիտրում են 0.1 ն. նատրիումի հիդրօքսիդով մինչև բաց վարդագույն ներկվելը, որը չի անհետանա մեկ րոպեի ընթացքում: Տիտրման համար ծախսված հիմքի քանակը բազմապատկում են 1.92 գործակցով, որը և որոշում է կաթի մեջ սպիտակուցների քանակը:
Հարց 35. Ինչպե՞ս են իրականացնում բրուցելոզի կաթի օղակային ռեակցիան:
Պատասխան. Փորձանոթի մեջ լցնում են 2 մլ կաթ, ավելացնում 0.1 մլ բրուցելոզի ներկված հակամարմին, դնում թերմոստատ 37-38oC-ում և թողնում 1 ժամ:
Դրական ռեակցիան բնորոշ է հեղուկի վերին շերտին կապույտ օղակի առաջացմամբ: Կասկածելի ռեակցիայի դեպքում օղակը թույլ է ներկված, բացասականի դեպքում` փորձանոթի հեղուկը հավասարաչափ ներկված է:
Հարց 36. Ինչպե՞ս են իրականացնում կաթնաթթվային կաթնամթերքի պաստերիզացիայի ստուգումը (պերօքսիդազայի ռեակցիան կալիյոդացված օսլայով):
Պատասխան. Փորձանոթի մեջ լցնում են 2-3 մլ մթերք, ավելացնում 3-5 մլ ջուր, 5 կաթիլ 1 %-ոց ջրածնի պերօքսիդի լուծույթ և 5 կաթիլ 1 %-ոց կալիումի յոդացված օսլա: Կապույտ գունավորման առաջանալը ցույց է տալիս, որ կաթնաթթվային կաթնամթերքը ստացվել է չպաստերիզացված կաթից:
Հարց 37. Ինչպե՞ս են բենզիդինի փորձով որոշում կաթի մեջ արյան կամ թարախի առկայությունը:
Պատասխան. Փորձանոթի մեջ լցնում են 2 մլ էթիլ սպիրտ, 2 մլ 3 %-ոց ջրածնի պերօքսիդ և ավելացնում մի քիչ (դանակի ծայրով) բենզիդին: Խառնելուց հետո ավելացնում են սառցաքացախաթթու և հետազոտվող կաթից 4-5 մլ:
Կաթի մեջ արյան կամ թարախի առկայության դեպքում 20-30 վրկ հետո փորձանոթի պարունակությունը ներկվում է մուգ կապույտ գույնի:
Հարց 38. Ո՞րն է թթվասերի օրգանոլեպտիկ հետազոտությունը:
Պատասխան. Թթվասերի համը և հոտը պետք է լինի մաքուր, նուրբ, կաթնաթթվային, առանց կողմնակի համի և հոտի, կոնսիստենցիան և արտաքին տեսքը` միատարր, չափավոր խիտ, առանց յուղի և սպիտակուցի հատիկների, տեսքը` փայլուն, գույնը` սպիտակից մինչև թույլ դեղին, համատարած ողջ զանգվածով:
Հարց 39. Ո՞ր մթերքը չի թույլատրվում իրացնել մածնի և կաթնաթթվային մյուս կաթնամթերքների օրգանոլեպտիկ հետազոտության արդյունքում:
Պատասխան. Չի թույլատրվում իրացնել փքված, չափազանց թթու և գազով, արտահայտված կողմնակի համով և հոտով, կծված, ոչ բնորոշ գույնով, բորբոսնած և մակերեսին ընդհանուր զանգվածի 5 %-ից ավելի անջատված շիճուկի դեպքերում:
Հարց 40. Ինչպե՞ս են իրականացնում տնային պայմաններում պատրաստված պանիրների օրգանոլեպտիկ հետազոտությունը:
Պատասխան. Գնահատում են արտաքին տեսքը, կոնսիստենցիան, գույնը, պանրի կտրվածքի նկարը, համը և հոտը:
Մակերեսը պետք է լինի մաքուր, հարթ, առանց վնասվածքների, համարյա նույն գույնի, ինչ որ մակարդվածքն է, հոտը և համը` տիպիկ տվյալ տեսակի պանրի համար, առանց կողմնակի համի և հոտի: Բացառիկ դեպքերում կարող է թույլատրվել թեթև կերային կամ թթվի համ կամ թույլ արտահայտված դառնություն, գույնը` սպիտակ կամ թույլ դեղնավուն, որը համաչափ տարածված է ամբողջ զանգվածով, մակարդվածքի նկարը` տարբեր ձևի «աչքերով», դրանք կարող են և չլինել:
Հարց 41. Ո՞ր պանիրները և բրինզան չի թույլատրվում վաճառել օրգանոլեպտիկ հետազոտության արդյունքում:
Պատասխան. Չի թույլատրվում վաճառել փքված, խորը ճաքերով, փափկած մակերեսով, բորբոսնած և բարձրորակ պանրին ոչ բնորոշ համով և հոտով պանիրները:
Հարց 42. Ինչի՞ն է ուշադրություն դարձվում ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության արտաքին զննման դեպքում:
Պատասխան. Մաքրությանը, կեղևի ամբողջականությանը և հոտին: Ձվերը պետք է լինեն մաքուր, առանց կոտրվածքի, առանց կողմնակի հոտի, բնական գույնի:
Հարց 43. Ո՞ր արատով ձվերն են համարվում սննդի համար ոչ լիարժեք: Թույլատրվու՞մ է արդյոք վաճառքի տվյալ մթերքը:
Պատասխան. Երբ դեղնուցը կպած է կեղևին, դեղնուցը մասամբ խառնված է սպիտակուցին, փոքր բծերով, կողմնակի, բայց շուտ անցնող հոտով ձվերը:
Սննդի համար ոչ լիարժեք ձվերը իրացման ենթակա չեն:
Հարց 44. Ինչպիսի՞ արատով ձվերը չի թույլատրվում օգտագործել սննդի համար (տեխնիկական խոտան) ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ:
Պատասխան. Խոշոր բծով, ոչ թափանցիկ պարունակությամբ ձվերը, երբ դեղնուցն ամբողջությամբ խառնված է սպիտակուցին, արյան օղակով, արյան բծերով, միրաժ (ինկուբատորից հանած չբեղմնավորված) ձվերը:
Հարց 45. Ինչպե՞ս են մսի թարմությունը որոշում պղնձարջասպի 5 %-ոց լուծույթի միջոցով:
Պատասխան. Հետազոտվող մսից պատրաստում են 1:3 հարաբերությամբ արգանակ, հաստ բամբակի շերտով ֆիլտրում սառը ջրով լցված բաժակի մեջ դրված փորձանոթի մեջ: Եթե ֆիլտրատում մնում են սպիտակուցի փաթիլներ, նորից են ֆիլտրում ֆիլտրաթղթով:
Ֆիլտրելուց հետո փորձանոթի մեջ լցնում են 2 մլ ֆիլտրատ, 3 կաթիլ պղնձարջասպի 5 %-ոց լուծույթ, խառնում, թողնում են 5 րոպե:
Ոչ թարմ մսից պատրաստված բուլյոնում առաջանում են փաթիլներ կամ փորձանոթի հատակին նստում է կանաչակապտավուն կամ կանաչ դոնդողանման նստվածք:
Հարց 46. Ինչպե՞ս են իրականացնում մսի կախուկի պերօքսիդազայի ռեակցիա: Դրակա՞ն, թե բացասական է ռեակցիան, եթե կենդանին մորթված է ծանր պաթոլոգիական պրոցեսի կամ հոգեվարքի ժամանակ:
Պատասխան. Փորձանոթի մեջ լցնում են ֆիլտրված մսի կախուկ (1:4), ավելացնում 5 կաթիլ բենզիդինի 0.2 %-ոց սպիրտային լուծույթ և 2 կաթիլ ջրածնի պերօքսիդի 1 %-ոց լուծույթ: Դրական ռեակցիայի դեպքում փորձանոթի պարունակությունը ստանում է կանաչակապտավուն գույն, բացասականի դեպքում գույնը չի փոխվում:
Մսի կախուկի պերօքսիդազայի ռեակցիան լինում է դրական, երբ կենդանին մորթված է ծանր պաթոլոգիական պրոցեսի կամ հոգեվարքի ժամանակ:
Հարց 47. Ինչպե՞ս են որոշում մեղրի խտությունը արեոմետրի (դենսիմետրի) միջոցով:
Պատասխան. Պատրաստում են մեղրի լուծույթ 1 մաս մեղրին ավելացնելով 2 մաս գոլ (30-40oC) ջուր: Արեոմետրով (դենսիմետրով) չափում են մեղրի լուծույթի խտությունը: Լուծույթի ջերմաստիճանը պետք է լինի 15oC:
Ըստ 15oC-ում արեոմետրի ցուցմունքի աղյուսակի (Կ. Վիիդիշի) որոշում են մեղրի լուծույթի խտությունը: Քանի որ մեղրը նոսրացված է 3 անգամ, մեղրի խտությունը որոշելու համար աղյուսակից ստացված թիվը բազմապատկում են 3-ով:
Հարց 48. Ինչպե՞ս են որոշում մեղրի մեջ շաքարավազի առկայությունը մանրադիտակային եղանակով:
Պատասխան. Առարկայական ապակու վրա բարակ քսուք են պատրաստում և դիտում մանրադիտակի ցածր խոշորացումով: Շաքարի բյուրեղներն ունեն խոշոր խորանարդի, ոչ կանոնավոր երկրաչափական մարմինների տեսք, իսկ բնական մեղրի բյուրեղները (գլյուկոզայի) ունեն ասեղների, աստղաձև տեսք:
Հարց 49. Մեղուներին շաքարի օշարակով կերակրելու միջոցով ստացված մեղրը ինչպե՞ս են օրգանոլեպտիկ եղանակով որոշում:
Պատասխան. Շաքարի մեղրը որոշում են հետևյալ օրգանոլեպտիկ ցուցանիշերով.
հոտը` հին մեղրամոմի հոտ
համը` առանց մեղրին բնորոշ համի
կոնսիստենցիան` նոր քամված մեղրը ջրիկ է, հին մեղրը` պինդ, սոսնձանման, կպչուն, դոնդողատիպ
բյուրեղացումը թույլ է:
Հարց 50. Ինչպե՞ս են ձկան մեջ որոշում ամոնիակի, ամոնիակի աղերի առկայությունը Նեսսլերի ռեակտիվի միջոցով:
Պատասխան. 1 մաս ձկան ֆարշը խառնում են 10 մաս ջրի հետ, թրմում 15 րոպե, հետո քամում ֆիլտրաթղթով:
Փորձանոթի մեջ լցնում են 2 մլ ֆիլտրատ, 0.5 մլ Նեսսլերի ռեակտիվ, թեթև խառնում են: Թողնում 5 րոպե, որից հետո կարդում են ռեացիան:
Թարմ ձկից ստացված ֆիլտրատը ստանում է թույլ դեղին երանգ, կասկածելի թարմությանը` դեղնանարնջագույն, ոչ թարմը` նարնջագույն, կարմրավուն նստվածքով:
Հարց 51. Ինչպե՞ս են ձկան փորձաքննության ժամանակ որոշում Նեսսլերի թիվը:
Պատասխան. 1 մաս ձկան ֆարշը խառնում են 10 մաս ջրի հետ, թրմում 15 րոպե, հետո քամում ֆիլտրաթղթով:
Փորձանոթի մեջ լցնում են 2 մլ ֆիլտրատ, 0.5 մլ Նեսսլերի ռեակտիվ, թեթև խառնում են, թողնում 5 րոպե, որից հետո ցենտրիֆուգում 3 րոպե: Փորձանոթի հեղուկի գույնը համեմատում են բիքրոմատի շկալայի փորձանոթների գույների հետ, որոշում են Նեսսլերի թիվը:
Հարց 52. Ինչպե՞ս են իրականացնում խոշոր և մանր եղջերավորների բրուցելոզի Ռոզ-Բենգալի փորձը:
Պատասխան. Հատուկ փոսիկներ ունեցող էմալապատ թիթեղի փոսիկի մեջ միկրոպիպետով լցնում են 0.03 մլ հետազոտվող արյան շիճուկ, ավելացնում հակածին` խոշոր եղջերավորների դեպքում 0.03 մլ, մանր եղջերավորներին 0.15 մլ: Հետո հակածինը և շիճուկը խառնում են, տարածելով փոսիկի ամբողջ մակերեսով: Թիթեղը զգուշորեն շրջանաձև շարժում են 4 րոպե:
Ռեակցիան համարվում է դրական, եթե արյան շիճուկի և հակածնի խառնվելուց հետո 4 րոպեի ընթացքում առաջանում են խոշոր կամ մանր վարդագույն փաթիլներ:
Բացասականի դեպքում ագլյուտինացիան բացակայում է (խառնուրդը միատարր է, հավասարաչափ ներկված):
Հարց 53. Ի՞նչ հարաբերությամբ են նոսրացնում խոշոր և մանր եղջերավորների արյան շիճուկները բրուցելոզի ագլյուտինացման ռեակցիան փորձանոթում իրականացնելիս:
Պատասխան. Մանր եղջերավորների արյան շիճուկները նոսրացնում են 1:25, 1:50, 1:100 և 1:200 հարաբերությամբ, խոշոր եղջերավորներինը` 1:50, 1:100, 1:200 և 1:400 հարաբերությամբ:
Հարց 54. Ինչպիսի՞ն է ագլյուտինացման ռեակցիայի ժամանակ հակածին (հիվանդության հարուցիչ) և հակամարմին փոխազդեցությունը: Ինչպե՞ս է այն արտահայտվում փորձանոթային եղանակի դեպքում:
Պատասխան. Ագլյուտինացման ռեակցիայի ժամանակ հակածինը և հակամարմինը սոսնձվում են, առաջացնում են խոշոր կամ մանր փաթիլներ, հեղուկը պարզվում է: Փորձանոթային եղանակի դեպքում փաթիլները հովանոցանման նստում են փորձանոթի հատակին:
Հարց 55. Թվարկել կոմպլեմենտի կապման ռեակցիային մասնակցող մանրէաբանական և հեմոլիտիկ համակարգերի տարրերը:
Պատասխան. Մանրէաբանական համակարգը կազմված է ստուգվող կենդանու արյան շիճուկից (հակամարմին), հիվանդության մշակված հարուցչից (հակածին):
Հեմոլիտիկ համակարգը կազմված է հեմոլիզինից (հակամարմին) և խոյի էրիթրոցիտների լվացած կախուկից (հակածին):
Հարց 56. Տրիխինելոզի նկատմամբ խոզերի ո՞ր հասակից սկսած և ո՞ր հատվածներից են նմուշներ վերցվում:
Պատասխան. Ստուգում են սկսած երեքշաբաթական հասակից: Նմուշները վերցվում են դիաֆրագմայի ոտիկներից, եթե հնարավոր չէ, ապա միջկողային, գոտկային, ծամելիքի, պարանոցի հատվածների մկաններից:
Հարց 57. Ինչպե՞ս են իրականացնում տրիխինելոզի լաբորատոր ախտորոշումը: Ի՞նչ քանակի տրիխինելլաների առկայության դեպքում է թույլատրվում օգտագործել միսը և մսամթերքը հետազոտվող պատրաստուկներում:
Պատասխան. Հետազոտվող նմուշներից կտրում են 24 մանր կտորներ, սեղմում կոմպրեսորիումով, դիտում տրիխինելլոսկոպով կամ մանրադիտակի 50-70 անգամ խոշորացումով:
Ախտորոշվում է նաև բիոքիմիական մեթոդով`
ա) մագնիսային խառնիչի մեթոդ
բ) արհեստական ստամոքսահյութի միջոցով (Վլադիմիրովի մեթոդ):
Թեկուզ մեկ տրիխինելլայի առկայության դեպքում միսը և մսամթերքը ոչնչացվում են:
Հարց 58. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական գնահատականը էխինոկոկի դեպքում:
Պատասխան. Մկանների, ներքին օրգանների էխինոկոկով բազմաթիվ ախտահարումների դեպքում մսեղիքը և ներքին օրգանները ոչնչացվում են: Սահմանափակ ախտահարումների դեպքում ոչնչացվում են միայն ախտահարված մկանների հատվածները կամ օրգանները: Մսեղիքի և օրգանների չվնասված մասերն օգտագործում են առանց սահմանափակման:
Հարց 59. Ինչպե՞ս են իրականացնում էխինոկոկոզի հետսպանդային ախտորոշումը: Հատկապես նշել էխինոկոկի բշտերի չափերն ու տեղակայությունը տավարի, ոչխարի և խոզերի մոտ:
Պատասխան. Էխինոկոկի բշտերի չափերը կարող են լինել սիսեռի հատիկից մինչև նորածին երեխայի գլխի մեծության:
Տավարի մոտ հիմնականում տեղակայվում են թոքերում, հազվադեպ` լյարդում, ավելի քիչ` փայծաղում, երիկամներում, սրտամկանում,
ոչխարի մոտ` հաճախ լյարդում, հազվադեպ` թոքերում,
խոզերի մոտ` հիմնականում` լյարդում:
Հարց 60. Ինչպիսի՞ն է տավարի և խոզերի սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական գնահատականը ֆասցելոզի, դիկրոցելոզի դեպքում:
Պատասխան. Օրգանների ախտահարված մասերը ոչնչացվում են: Ներքին օրգանների չախտահարված մասերն ու մսեղիքն օգտագործում են առանց սահմանափակման: Եթե օրգանի 2/3-ից ավելին է ախտահարված, այն ոչնչացվում է ամբողջությամբ:
Հարց 61. Տավարի և խոզերի սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական գնահատականը ցիստիցերկոզի (ֆիննոզի) դեպքում:
Պատասխան. Եթե ֆիննաներ հայտնաբերվել են գլխի և սրտի մկանների կտրվածքում, լրացուցիչ երկու զուգահեռ կտրվածք է կատարվում պարանոցի, թիակի, մեջքի, գավակի և դիաֆրագմայի հատվածներում: Մսեղիքի և օրգանների անասնաբուժասանիտարական գնահատականը տալիս են կախված վարակվածության աստիճանից:
Եթե մկանների, գլխի և սրտի թեկուզ մեկ կտրվածքում 40 սմ2-ի վրա հայտնաբերվում են 3-ից ավելի կենդանի կամ սատկած ֆիննաներ, մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները ոչնչացվում են: Ներքին և արտաքին ճարպը հալվում և օգտագործվում են սննդի համար:
Եթե գլխի մկանների և սրտի թեկուզ մեկ կտրվածքում 40 սմ2-ի վրա հայտնաբերվում են 3-ից ավելի կենդանի կամ սատկած ֆիննաներ, իսկ մսեղիքի մնացած հատվածների կտրվածքներում բացակայում են կամ երեքից պակաս են, գլուխը և սիրտը ոչնչացվում են, մսեղիքը և մնացած օրգանները վարակազերծվում են եփելու, սառեցման կամ աղաջրի միջոցով: Սառեցման կամ աղաջրի միջոցով վարակազերծված մսեղիքը պիտանի է երշիկի կամ մսի պահածոների պատրաստման համար:
Հարց 62. Ոչխարների և եղջերուների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական գնահատականը ցիստիցերկոզի (ֆիննոզի) դեպքում:
Պատասխան. Մսեղիքի և օրգանների կտրվածքում 40 սմ2-ի վրա 5-ից ոչ ավելի ֆիննաների դեպքում և մկաններում փոփոխությունների բացակայության դեպքում օգտագործվում են եփած երշիկների արտադրության մեջ կամ սառեցման, աղաջրի միջոցով վարակազերծումից հետո: Մսեղիքի զգալի ախտահարման դեպքում (կտրվածքում 6 և ավելի ֆիննա) կամ մկանների փոփոխության դեպքում մսեղիքը ոչնչացվում է, ճարպը վերահալվում:
Հարց 63. Ո՞ր հատվածի մկանները և օրգաններն են հիմնականում ախտահարվում խոզերի ցիստիցերկոզի (ֆիննոզի) դեպքում:
Պատասխան. Խոզերի մոտ ֆիննաները հիմնականում տեղակայվում են ծամելիքի, արմնկի, սրտի, լեզվի, գոտկային, պարանոցի և թիակի մկաններում: Ավելի շատ ֆիննաները տեղակայվում են մսեղիքի առաջնային հատվածի մկաններում:
Հարց 64. Ինչպիսի՞ն է անասնաբուժասանիտարական գնահատականը պիրոպլազմիդոզների դեպքում:
Պատասխան. Եթե մսեղիքը դեղնած չէ և մկաններում չկան դեգեներատիվ փոփոխություններ, մսեղիքն ու ներքին օրգաններն օգտագործում են առանց սահմանափակման:
Մսեղիքի դեղնածության դեպքում, որը չի անցնում 48 ժամվա ընթացքում, լյարդում նույնպես դեգեներատիվ փոփոխությունների դեպքում կատարվում է մանրէաբանական հետազոտություն սալմոնելոզի նկատմամբ: Սալմոնելոզի առկայության դեպքում մսեղիքը վարակազերծվում է եփելով, իսկ ենթամթերքը` ոչնչացվում: Սալմոնելոզի բացակայության դեպքում մսեղիքը և չվնասված օրգաններն օգտագործվում են առանց սահմանափակման:
Եթե դեղնածությունը չի անցնում 2 օրվա ընթացքում, մսեղիքը ոչնչացվում է:
Հարց 65. Ինչպիսի՞ն է անասնաբուժասանիտարական գնահատականը տիմպանիայի, ստամոքսի և աղիքների հեմոռռագիկ բորբոքումների դեպքում:
Պատասխան. Փոփոխված օրգաններն ու մսեղիքի հատվածները ոչնչացվում են: Մնացած սպանդից գոյացած մթերքի օգտագործումը որոշվում է մանրէաբանական հետազոտությունից հետո:
Հարց 66. Ինչպե՞ս է իրականացվում խեցգետնի թարմության օրգանոլեպտիկ հետազոտումը:
Պատասխան. Կենդանի խեցգետինները պետք է ունենան հարթ մուգ շագանակագույն կամ կանաչավուն պատյան, չանչերը ծալված են հոդերում, մարմինը (վզիկը) ձգված է:
Կենդանի եփած, սննդի համար պիտանի խեցգետինների պատյանը ներկված է համաչափ կարմիր, փորիկը ծալված է, հոտը` բնորոշ:
Սատկած խեցգետինները եփելիս մարմինը և չանչերը ուղիղ են:
Սննդի համար ոչ պիտանի խեցգետինները չեն օգտագործվում սննդում:
Հարց 67. Ինչպիսի՞ն է թռչունների նյուքասլյան հիվանդության դեպքում անասնաբուժասանիտարական գնահատականը:
Պատասխան. Ախտահարված օրգաններն ու մսեղիքի հատվածները ոչնչացվում են: Մսեղիքում և օրգաններում փոփոխությունների բացակայության դեպքում վարակազերծվում են եփելով կամ պահածոյացնելով: Փետուրը և աղվամազը ախտահանվում են:
Հարց 68. Ինչպիսի՞ն է անասնաբուժասանիտարական գնահատականը թռչունների տուբերկուլոզի դեպքում:
Պատասխան. Եթե վարակված են մի քանի ներքին օրգաններ կամ առանձին օրգան, և մսեղիքը հյուծված է, օրգաններն ու մսեղիքը ոչնչացվում են:
Առանձին օրգանի ախտահարման և նորմալ մսեղիքի դեպքում օրգանը ոչնչացվում է, մսեղիքն օգտագործում եփելուց հետո:
Տուբերկուլինին դրական հակազդած, բայց սպանդից հետո տուբերկուլոզի ախտանշաններ չհայտնաբերված մսեղիքը վարակազերծում են եփելով:
Հարց 69. Ինչպիսի՞ն է թռչունների սալմոնելոզի դեպքում սալմոնելոզի անասնաբուժասանիտարական գնահատականը:
Պատասխան. Ներքին օրգանները ոչնչացվում են, մսեղիքն օգտագործում եփելուց հետո կամ պահածոյացնում: Փետուրը և աղվամազը ախտահանվում են:
Հարց 70. Ինչպիսի՞ն է ճագարների կոկցիդիոզի դեպքում անասնաբուժասանիտարական գնահատականը:
Պատասխան. Ախտահարված օրգանները (լյարդ, աղիքներ) ոչնչացվում են, մսեղիքն օգտագործում առանց սահմանափակման:
Հարց 71. Ճագարների սալմոնելոզի հետսպանդային ախտորոշումը: Նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված մսեղիքի և ներքին օրգանների փոփոխությունները:
Պատասխան. Մեզէնտերալ ավշային հանգույցները մեծացած են, լյարդը մուգ կավի գույնի, մակերեսին և պարենքիմայում առկա են մանր մոխրագույն նեկրոտիկ օջախներ: Փայծաղը մեծացած է, կապսուլայի տակ նկատվում են նեկրոտիկ օջախներ:
Հարց 72. Սննդի համար պիտանի սնկերն ըստ արտաքին տեսքի ինչպիսի՞ն պետք է լինեն իրացման թույլտվություն ստանալու համար:
Պատասխան. Սնկերն ըստ արտաքին տեսքի պետք է լինեն միատարր, տեսակավորված ըստ տեսակի: Թարմ սնկերը պետք է լինեն լրիվ ամբողջական և մաքուր: Բոլոր սնկերը պետք է մաքրվեն կեղտից, հողից, ավազից, վնասատուներից և լորձից: Բացի այդ, չպետք է լինեն ջարդված և ճզմված:
Հարց 73. Սննդի համար պիտանի ո՞ր սնկերը չի թույլատրվում իրացնել ըստ իրենց արտաքին տեսքի:
Պատասխան. Չի թույլատրվում իրացնել փափկած, շատ կեղտոտված, լորձապատ, բորբոսնած, փչացած և որդնած սնկերը, ինչպես նաև տարբեր տեսակի սնկերի և կտորների խառնուրդները: Թիթեղասնկերը ոտիկի մասնակի կամ լրիվ կտրելու դեպքում:
Հարց 74. Ի՞նչ են հաստատում 40x60 մմ և 25x40 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները:
Պատասխան. Հաստատում են որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման առանց սահմանափակման:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 7/
Հարց 75. Ո՞ր չափսի ձվաձև դրոշմակնիքն է օգտագործվում ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի և մյուս տեսակի գյուղատնտեսական և որսկենդանիների մսի դրոշմակնքման համար:
Պատասխան. 25x40 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքը օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի, իսկ 40x60 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքը` մյուս տեսակի գյուղատնտեսական և որսկենդանիների մսի դրոշմակնքման համար:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 7/
Հարց 76. Ի՞նչ է հաստատում 40x60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը:
Պատասխան. Հաստատում է, որ միսը ստացված է կարանտինային հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսության առողջ սպանդային կենդանուց, որը ենթարկվել է նախասպանդային և հետսպանդային զննման:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 8/
Հարց 77. Ի՞նչ է հաստատում 40x70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը:
Պատասխան. Հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման վնասազերծումից հետո` անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 9/
Հարց 78. Ի՞նչ է հաստատում 25x50 մմ լրացուցիչ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը:
Պատասխան. Հաստատում է մսի տեսակը (տավարի, խոզի, ոչխարի, այծի և այլն):
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 10/
Հարց 79. Ինչպե՞ս են դրոշմակնքվում կենդանու ամբողջական մսեղիքը կամ դրա կեսերը:
Պատասխան. Դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի կամ ազդրի հատվածում:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 14, ա. ենթակետ/
Հարց 80. Ինչպիսի՞ դրոշմակնքման է ենթակա կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա միսը:
Պատասխան. Ենթակա է կրկնակի դրոշմակնքման` համապատասխան դրոշմակնիքներով, որոնք կսահմանեն դրա հետագա օգտագործման հնարավորությունը:
/Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում, կետ 16/
Օգտագործված գրականություն:
Ветеринарно-санитарная экспертиза продуктов животноводства: Справочник, Агропром-издат 1989
Ветеринарное законодательство. Том 11. Издательство Колос Москва-1973,
Я. Е. Коляков. Ветеринарная микробиология Москва 1960,
Հայրապետյան Վ. Գ., Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդություններ: Հայաստան,1980,
Ա. Գ. Նուրազյան, Կաթի և կաթնամթերքի մանրէակենսաբանություն: 1988,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում: