Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված Ժնևում, 1964 թվականի հունիսի 17-ին, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից, իր քառասունութերորդ նստաշրջանին,

ուշադրության առնելով, որ Ֆիլադելֆիայի հռչակագիրը ճանաչում է Աշխատանքի միջազգային կազմակերպության պաշտոնական պարտավորությունը` նպաստելու աշխարհի ժողովուրդների կողմից այնպիսի ծրագրերի ընդունմանը, որոնց նպատակն է լրիվ զբաղվածության ձեռքբերումն ու կենսամակարդակի բարձրացումը, և որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության նախաբանը նախատեսում է գործազրկության կանխարգելում և կյանքի բավարար պայմաններ ապահովող աշխատավարձի երաշխիք,

ուշադրության առնելով նաև, որ, Ֆիլադելֆիայի հռչակագրի պայմանների համաձայն, Աշխատանքի միջազգային կազմակերպության պարտավորությունն է ուսումնասիրել և քննարկել տնտեսական ու ֆինանսական քաղաքականության ազդեցությունը զբաղվածության բնագավառում քաղաքականության վրա` այն հիմնարար նպատակի լույսի ներքո, որ «բոլոր մարդիկ, անկախ ռասայից, դավանանքից կամ սեռից, ունեն ազատության և արժանապատվության, տնտեսական կայունության և հավասար հնարավորության պայմաններում նյութական բարեկեցության ու հոգևոր զարգացման իրավունք»,

ուշադրության առնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում նախատեսվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդարացի և նպաստավոր պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք»,

հաշվի առնելով զբաղվածության բնագավառում քաղաքականությանն ուղղակի առնչվող գոյություն ունեցող միջազգային աշխատանքային կոնվենցիաներն ու հանձնարարականները, մասնավորապես, 1948 թ. Զբաղվածության ծառայության կոնվենցիան և հանձնարարականը, 1949 թ. Մասնագիտական կողմնորոշման հանձնարարականը, 1962 թ. Մասնագիտական ուսուցման հանձնարարականը և 1958 թ. Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության կոնվենցիան և հանձնարարականը,

ուշադրության առնելով, որ այդ փաստաթղթերը պետք է ընդգրկվեն լիարժեք, արդյունավետ և ազատորեն ընտրված աշխատանքի վրա հիմնված տնտեսական զարգացման` միջազգային ծրագրերի ավելի լայն շրջանակում,

վճռելով ընդունել զբաղվածության բնագավառի քաղաքականությանը վերաբերող մի շարք առաջարկություններ, որոնք ընդգրկված են նստաշրջանի օրակարգի ութերորդ կետում,

որոշելով այդ առաջարկություններին տալ կոնվենցիայի ձև,

ընդունում է հազար ինը հարյուր վաթսունչորս թվականի հուլիսի իննին հետևյալ Կոնվենցիան, որը կարող է մեջբերվել որպես Զբաղվածության բնագավառում քաղաքականության 1964 թ. կոնվենցիա:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Տնտեսական աճն ու զարգացումը խթանելու, կենսամակարդակը բարձրացնելու, աշխատուժի նկատմամբ պահանջները բավարարելու և գործազրկությունն ու ոչ լրիվ զբաղվածությունը վերացնելու նպատակով յուրաքանչյուր անդամ որպես գլխավոր նպատակ հռչակում և իրականացնում է լիարժեք, արդյունավետ և ազատորեն ընտրված զբաղվածությանն աջակցելուն ուղղված ակտիվ քաղաքականություն:

2. Նշված քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու, որ.

(ա) աշխատանք լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատելու և աշխատանք են փնտրում,

(բ) այդ աշխատանքը լինի հնարավորինս արդյունավետ,

(գ) գոյություն ունենան զբաղմունքի ընտրության ազատություն և յուրաքանչյուր աշխատողի համար հնարավորինս լիարժեք հնարավորություններ` ստանալու որակավորում այնպիսի աշխատանքի համար և իր հմտություններն ու ունակություններն օգտագործելու այնպիսի աշխատանքում, որին ինքը պիտանի է` անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, կրոնից, քաղաքական հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից:

3. Նշված քաղաքականությունը պատշաճորեն հաշվի է առնում տնտեսական զարգացման փուլն ու մակարդակը և զբաղվածության բնագավառի նպատակների և տնտեսական ու սոցիալական այլ նպատակների միջև փոխադարձ կապը և իրականացվում է ազգային պայմաններին ու պրակտիկային համապատասխանող մեթոդներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր անդամ, այնպիսի մեթոդներով և այն ծավալով, որոնք համապատասխանում են ազգային պայմաններին.

(ա) տնտեսական և սոցիալական համակարգված քաղաքականության շրջանակներում սահմանում և վերանայում է այն միջոցառումները, որոնք պետք է ընդունվեն 1-ին հոդվածում նշված նպատակների իրագործման համար,

(բ) ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ միջոցառումների կիրառման համար, ներառյալ` համապատասխան դեպքերում, ծրագրերի մշակումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիան կիրառելիս` այն անձանց, մասնավորապես, գործատուների և աշխատավորների ներկայացուցիչները, որոնց առնչվում են ձեռնարկվելիք միջոցառումները, ներգրավվում են զբաղվածության բնագավառում քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություններին` նրանց փորձն ու տեսակետները լիարժեք կերպով հաշվի առնելու և այդ քաղաքականությունը ձևավորելիս ու դրան աջակցելիս նրանց լիարժեք համագործակցությունն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Կոնվենցիայի պաշտոնական վավերագրերը գրանցման համար ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից երկու անդամների վավերագրերի գրանցումից տասներկու ամիս անց:

3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր անդամի համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու սկզբնական օրվանից տասնամյա ժամկետի լրանալուց հետո չեղյալ հայտարարել այն` Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին` գրանցման համար ուղարկած փաստաթղթի միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ գրանցումից մեկ տարի անց:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում հիշատակված տասնամյա ժամկետի լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետով և հետագայում կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետի լրանալուց հետո` սույն հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իրեն հանձնված երկրորդ վավերագրի գրանցման մասին` Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան` գրանցման համար, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է լիարժեք տեղեկություններ` նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան իր գրանցած վավերագրերի և չեղյալ հայտարարման մասին փաստաթղթերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինն անհրաժեշտ է գտնում, Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց սույն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ և որոշում Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման հարցը խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Եթե խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջությամբ կամ մասամբ վերանայած նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիայում հակառակը նախատեսված չէ, ապա.

(ա) անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը ipso jure հանգեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարմանը` անկախ 6-րդ հոդվածի դրույթներից, պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ է մտել,

(բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույն Կոնվենցիան փակ է անդամների կողմից վավերացման համար:

2. Սույն Կոնվենցիան, իր գործող ձևով ու բովանդակությամբ, ամեն դեպքում ուժի մեջ է մնում այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Ընդունվել է Ժնև քաղաքում 1964 թվականի հուլիսի 9-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 29-ից:

 

 

pin
09.07.1964
Միջազգային պայմանագիր