Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

Սույն Կոնվենցիան ստորագրած Կառավարությունները, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամներ,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության` նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարների և սկզբունքների պաշտպանության և իրականացման նպատակով,

համարելով, որ այդ նպատակի իրականացումը կնպաստի Եվրոպայի ժողովուրդների միջև ավելի լավ փոխըմբռնմանը,

համարելով, որ այդ նպատակների համար ցանկալի է ոչ միայն կնքել Խորհրդի անդամների միջև մշակութային համագործակցության մասին երկկողմ կոնվենցիաներ, այլ նաև հետամուտ լինել ընդհանուր գործողությունների քաղաքականությանը, որը նպատակաուղղված է պահպանելու եվրոպական մշակույթը և խրախուսելու դրա զարգացումը,

որոշելով կնքել ընդհանուր Եվրոպական մշակութային Կոնվենցիա, որի նպատակն է բոլոր անդամների, ինչպես նաև այն եվրոպական պետությունների, որոնք կարող են միանալ Կոնվենցիային հետագայում, քաղաքացիների միջև խրախուսել միմյանց լեզուների, պատմության և քաղաքակրթությունների և նրանց բոլորի համար ընդհանուր հանդիսացող քաղաքակրթության ուսումնասիրությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի պահպանի և խրախուսի իր ազգային ներդրումը Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգությունում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ` ըստ հնարավորության.

ա) խրախուսում է իր քաղաքացիների կողմից մյուս Պայմանավորվող կողմերի լեզուների, պատմության և քաղաքակրթությունների ուսումնասիրումը և այդ Կողմերին հնարավորություն է ընձեռում իր տարածքում խրախուսել նման ուսումնասիրությունները, և

բ) ձգտում է խրախուսել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իր լեզվի կամ լեզուների, պատմության և քաղաքակրթության ուսումնասիրությունը և հնարավորություն է ընձեռում այդ Կողմերի քաղաքացիներին իր տարածքում զբաղվել նման ուսումնասիրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը խորհրդակցում են միմյանց հետ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Եվրոպայի համար հետաքրքրություն ներկայացնող մշակութային միջոցառումները խթանելու համար համաձայնեցված գործողություններ ձեռնարկելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ըստ հնարավորության, դյուրացնում է մշակույթի գործիչների, ինչպես նաև մշակութային նշանակության արժեքների տեղաշարժը և փոխանակումները` ի կատարումն 2-րդ և 3-րդ հոդվածների:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ուշադրություն կհատկացնի իր հսկողության ներքո գտնվող եվրոպական մշակութային արժեքներին` որպես Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության անբաժան մասի, համապատասխան միջոցներ կձեռնարկի դրանք պահպանելու համար և կերաշխավորի դրանց հիմնավորված մատչելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման համար առաջարկները և Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված հարցերը կքննարկվեն Եվրոպայի խորհրդի Մշակույթի փորձագետների կոմիտեի հանդիպումներում:

2. Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող որևէ պետություն, որը միացել է սույն Կոնվենցիային 9-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան, կարող է նշանակել ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ` նախորդ կետում նախատեսված հանդիպումներին մասնակցելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հանդիպումներում ձեռք բերված եզրակացությունները հանձնարարականների տեսքով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի քննարկմանը` բացառությամբ, եթե դրանք Մշակույթի փորձագետների կոմիտեի իրավասությանը վերաբերող վարչական բնույթի հարցերի հետ կապված որոշումներ չեն, որոնք լրացուցիչ ծախսեր չեն պահանջում:

4. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամներին և սույն Կոնվենցիային միացած ցանկացած պետության Կառավարության կհաղորդի Նախարարների կոմիտեի կամ Մշակույթի փորձագետների կոմիտեի կողմից ընդունված բոլոր համապատասխան որոշումները:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ժամանակին կծանուցի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ցանկացած գործողության մասին, որն իր կողմից կարող է ձեռնարկվել սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելու համար` Նախարարների կոմիտեի կամ Մշակույթի փորձագետների կոմիտեի որոշումներին համապատասխան:

6. Այն դեպքում, եթե Սույն Կոնվենցիայի կիրառման համար որոշակի առաջարկներ հետաքրքրում են միայն սահմանափակ թվով Պայմանավորվող կողմերի, նման առաջարկները կարող են հետագայում քննարկվել 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` նախատեսելով, որ դրանց իրագործումը Եվրոպայի խորհրդից ծախսեր չի պահանջում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Եթե, սույն Կոնվենցիայի նպատակներին նպաստելու նպատակով, երկու կամ ավել Պայմանավորվող կողմեր ցանկանում են կազմակերպել հանդիպում Եվրոպայի խորհրդի նստավայրում, բացի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերից, ապա Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նրանց ցուցաբերում է անհրաժեշտ վարչական օժանդակություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է դիտվի որպես ազդեցություն ունեցող.

ա) գոյություն ունեցող ցանկացած երկկողմ մշակութային կոնվենցիայի դրույթների վրա, որի ստորագրողը կարող է լինել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, և չպետք է պակաս ցանկալի դարձնի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար հետագա նմանօրինակ կոնվենցիայի ստորագրումը, կամ

բ) ցանկացած Պայմանավորվող կողմի տարածքում գործող` օտարերկրացիների մուտքի, բնակության և երկրից հեռանալու վերաբերյալ օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին ենթարկվելու` անձանց պարտավորության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան բաց կլինի Եվրոպայի խորհրդի անդամների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, և վավերագրերը ի պահ կհանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ ստորագրող Կառավարության կողմից վավերագիրն ի պահ հանձնվելուն պես:

3. Կոնվենցիան ավելի ուշ վավերացրած յուրաքանչյուր ստորագրող Կառավարության համար այն ուժի մեջ կմտնի իր վավերագիրը ի պահ հանձնելու օրը:

4. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է որոշել հրավիրել ցանկացած եվրոպական պետության, որը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, միանալու սույն Կոնվենցիային` այնպիսի ժամկետների և պայմանների ներքո, որոնք համապատասխան կհամարի: Նման հրավեր ստացած ցանկացած պետություն կարող է միանալ Կոնվենցիային` միանալու մասին իր վավերագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալով: Նման միացումը ուժի մեջ կմտնի վավերագիրը ստանալու օրը:

5. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին և ցանկացած միացած պետության բոլոր վավերագրերի և միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սահմանել այն տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտարարություն ուղարկելու միջոցով, որն էլ վերջինս կփոխանցի մյուս բոլոր Պայմանավորվող կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան այն բանից հետո, երբ Կոնվենցիան ուժի մեջ է եղել 5 տարի` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ, որը կտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմերին:

2. Նման չեղյալ հայտարարումը համապատասխան Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Փարիզ քաղաքում 1954 թվականի դեկտեմբերի 19-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի հաստատված պատճենները կուղարկի ստորագրած կամ միացած Կառավարություններին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի ապրիլի 25-ից:

 

 

pin
19.12.1954
Միջազգային պայմանագիր