i
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ1
_______________________________
1 Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու ժամանակ:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը,
լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950 թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետև` Կոնվենցիա) միջոցով,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1
Օտարերկրացիների արտաքսմանը վերաբերող ընթացակարգային երաշխիքները
1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման: Նա պետք է հնարավորություն ունենա`
ա) փաստարկներ ներկայացնելու իր արտաքսման դեմ,
բ) վերանայել տալու իր գործը, և
գ) այդ նպատակով ներկայացվելու իրավասու մարմնի կամ այդ մարմնի նշանակած մեկ կամ մի քանի անձանց առջև:
2. Օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով:
Հոդված 2
Քրեական գործերով գանգատարկման իրավունքը
1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:
2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ, կամ երբ տվյալ անձը դատվել է ամենաբարձր ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտված է եղել այդ անձի արդարացման դեմ վճռաբեկ գանգատի քննարկումից հետո:
Հոդված 3
Փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում
Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:
i
Հոդված 4
Կրկին անգամ չդատվելու և չպատժվելու իրավունքը
1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
i
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:
3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա:
Հոդված 5
Հավասարությունն ամուսինների միջև
Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինները հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում: Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար:
Հոդված 6
Տարածքային կիրառումը
1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ իր վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց վրա տարածվում է սույն Արձանագրության գործողությունը, և նշել այն ծավալը, որով տվյալ պետությունը պարտավորվում է սույն Արձանագրության դրույթները կիրառել այդ տարածքի կամ տարածքների նկատմամբ:
2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ, ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որն սկսվում է նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո:
3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել կամ փոփոխվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումը կամ փոփոխվելն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որն սկսվում է նման ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո:
4. Սույն հոդվածի համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն2:
5. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու, ընդունվելու կամ հաստատվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության` սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով, 1-ին հոդվածում պետության տարածքը վկայակոչելու նպատակով կարող են դիտվել որպես առանձին տարածքներ:
6. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի` առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից` սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը3:
______________________________
2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:
3 Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:
Հոդված 7
Հարաբերությունը Կոնվենցիային
Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
Հոդված 8
Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 9
ՈՒժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետություն, 8-րդ հոդվածի համապատասխան, իրենց համաձայնությունն են հայտնում սույն Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ:
2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից:
Հոդված 10
Ավանդապահի գործառույթները
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ծանուցում է`
ա) ցանկացած ստորագրման մասին, հավանության արժանացման,
բ) վավերագիրը, ընդունման կամ փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,
գ) 6-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին:
Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1984 թվականի նոյեմբերի 22-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից: