Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը մի կողմից, ՈՒկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարարությունը, ՈՒկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարությունը մյուս կողմից, այսուհետ` Կողմեր,

գոհունակություն հայտնելով բարեկամության և փոխվստահության վրա հիմնված փոխշահավետ ավանդական գործընկերային հարաբերությունների պահպանման և ստեղծված արգասաբեր համագործակցության վերաբերյալ,

առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի կառավարության միջև կնքված ու գործող համաձայնագրերով և պայմանագրերով,

հաշվի առնելով 1994թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները,

ելնելով հավասարության և փոխշահավետության սկզբունքներից,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`

. էներգահամակարգերի զուգահեռ աշխատանք,

. գիտական հետազոտություններ, էներգետիկ օբյեկտների նախագծում և կառուցում,

. գործող էլեկտրաէներգետիկ օբյեկտների վերանորոգում, վերակառուցում և տեխնիկական վերազինում,

. փոխադարձ աջակցություն էլեկտրաէներգետիկ նախագծերի նախագծահետախուզական, շինարարամոնտաժային, վերանորոգման և այլ աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև` երրորդ երկրներում,

. էլեկտրակայաններին, հիդրոկառույցներին, ջերմային և էլեկտրական ցանցերին սարքավորումների, պահեստամասերի և նյութերի առաքումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ատոմային էներգիայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`

. ԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելը, էներգաբլոկների սարքավորումների ակտիվազերծումը, առաջացած թափոնների հետ անվտանգ վարվեցողության ապահովումը,

. նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և գիտահետազոտական միջոցառումների մշակում ԱԷԿ-ի գործունեության բոլոր փուլերում անվտանգության ապահովման համար,

. համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի իրականացման և ներդրման նպատակով մասնագետների և գիտնականների փոխանակում,

. հասարակայնության իրազեկում ատոմային էներգիայի գործող ԱԷԿ-ների միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ, ներառյալ հասարակայնության հետ աշխատելու համար կենտրոնների հիմնումը, տեղեկատու-տեղեկատվական տեսանյութերի և տպագիր վերլուծական նյութերի ստեղծումը,

. փորձի փոխանակում աշխատած միջուկային վառելիքի «չոր» պահեստարանների ընտրության, նախագծման, շինարարության և շահագործման հարցերում,

. ատոմային էներգետիկայում օգտագործվող սարքավորումների, համալրող մասերի, սարքերի, պահեստամասերի և նյութերի (ներառյալ միջուկային նյութերը) առաքում, ներառյալ կոոպերատիվ հիմունքներով կատարվողները,

. տեղեկատվության փոխանակում ԱԷԿ-ի ցուցանիշների, էներգաբլոկների շահագործման փորձի, ԱԷԿ-ի աշխատանքի խաթարումների, էներգաբլոկների (ԲԲԷՌ-440 տիպի ռեակտորներով) անվտանգության վերլուծության և դրանց անվտանգության բարձրացման միջոցառումների, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել բնական գազի տեղափոխման, բաշխման և պահպանման բնագավառում համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

. գազատրանսպորտային համակարգի, գազի տեղափոխման և պահպանման, ինչպես նաև նավթամթերքների պահպանման օբյեկտների վերակառուցում և արդիականացում,

. գազի ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման աշխատանքների համակարգում` նվազեցնելով շահագործման ծախսերը և բնական գազի տեղափոխման և բաշխման կորուստները,

. համագործակցություն գիտահետազոտական, նախագծահետախուզական և շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում,

. ընդհանուր դիրքորոշումների մշակում երկու Կողմերին վերաբերող տարածաշրջանային ծրագրերի վերանայման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի հոդվածներում նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

. Կողմերի պետությունների ճյուղային գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների միջև գիտատեխնիկական համագործակցության վերականգնում և հետագա զարգացում,

. համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման նպատակով էկոնոմիկայի և էներգետիկայի կառավարման բնագավառում գիտնականների և մասնագետների փոխանակում,

. իրավական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ստեղծում,

. գիտական, տեխնիկական և կառավարող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման գործում փոխօգնության, կառավարման, տնտեսական, գիտական և տեխնիկական հիմնախնդիրների ուղղությամբ խորհրդակցությունների ցուցաբերում,

. էլեկտրաէներգետիկ, էներգետիկ շինարարության, ինչպես նաև գազի տեղափոխման և պահպանման ոլորտում տեղեկատվական դաշտի ստեղծում և ընդլայնում,

. աջակցություն նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման ընդլայնմանը և կատարվող ծառայությունների ծավալների մեծացում,

. մյուս Կողմի պոտենցիալ հնարավորությունների առավելագույնս օգտագործում աշխատանքների կատարման և սարքավորումների մատակարարման գործում, եթե այն չի հակասում միջազգային պայմանագրերին,

. էներգետիկայի, հարկային համակարգերի հիմունքների, էներգետիկայում հաշվետվությունների ոլորտում իրենց պետությունների տարածքում գործող օրենսդրության բովանդակության մասին տեղեկատվության փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի ոլորտում ներառվող հարցերի շուրջ Կողմերի պետությունների իրավաբանական անձերի միջև համագործակցության ընդլայնում և պարզեցում:

Համագործակցության իրականացման պայմանները որոշվում են պայմանագրերով և/կամ կոնտրակտներով` Կողմերի իրավաբանական անձերի միջև` Կողմերի գործող օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ապահովել Կողմերի և/կամ նրանց պետությունների իրավաբանական անձանց միջև փոխանակվող կոմերցիոն, գիտական կամ տեխնիկական տեղեկատվության գաղտնիությունը` ձեռնարկելով Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները:

Կողմերը չեն օգտագործի սույն Համաձայնագրի դրույթները կոմերցիոն առավելություններ ստանալու կամ մյուս Կողմի կոմերցիոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրագործմանն ուղղված գործողությունների համակարգման նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ խորհրդատվական կամ աշխատանքային մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համագործակցել և աջակցել միմյանց միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի և կազմակերպությունների շրջանակներում` Կողմերի սեփական շահերը չոտնահարելով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Վեճերը, որոնք կարող են ծագել Կողմերի միջև սույն Համաձայնագրի հոդվածների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, պետք է լուծվեն խորհրդակցությունների, բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտման մասին փոխադարձ ծանուցում ներկայացնելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է. այն լրանալուց հետո ժամկետը երկարաձգվում է հերթական 5 տարով, եթե Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց 6 (վեց) ամիս առաջ գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել ստորագրած Կողմերի համաձայնությամբ: Լրացումները և փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն:

 

Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարակարծություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 07.02.2005 թ.

 

 

pin
10.10.2002
Միջազգային պայմանագիր