Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ռ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր.

կարևորելով իրավական ոլորտում միջազգային համագործակցությունը և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովումը` միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան.

ելնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով փոխգործակցություն զարգացնելու Կողմերի երկուստեք ձգտումից.

 

համաձայնվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Համագործակցելու ընդհանուր պարտավորությունը

 

Կողմերը համագործակցություն են իրականացնում սույն Համաձայնագրին համապատասխան` գործելով իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով իրենց պետությունների օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 2

Համագործակցության հիմնական ուղղությունները

 

Կողմերը համագործակցում են հետևյալ ուղղություններով.

արդարադատության ոլորտում պետական քաղաքականության ձևավորում և իրականացում.

անձի և պետության իրավունքների և օրինական շահերի ապահովում.

արդարադատության մարմինների և հիմնարկների ղեկավարում.

դատական և այլ մարմինների ակտերի կատարման ապահովում.

քրեական պատիժների կատարման կազմակերպում և ապահովում.

օրենսդրական գործունեության մեթոդական ապահովում.

իրավական տեղեկատվական համակարգերի զարգացում.

արդարադատության մարմիններում ու հիմնարկներում գրանցամատյանների վարման և ակտերի գրանցման կազմակերպում.

բնակչությանը իրավաբանական օգնության կազմակերպում.

արդարադատության մարմինների ու հիմնարկների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտահետազոտական գործունեություն.

միջազգային պարտավորությունների կատարման կազմակերպում և ապահովում` քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

Համագործակցության ձևերը

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով, Կողմերի համագործակցությունը իրականացվում է հետևյալ ձևերով.

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` ճանաչողական այցեր, ստաժավորումներ, խորհրդատվություններ և սեմինարներ անցկացնելու միջոցով.

օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական հրատարակումների և մեթոդական նյութերի կանոնավոր փոխանակում.

համատեղ գիտական հետազոտությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրատարակումների պատրաստում.

օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման տեղեկատվական ապահովման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում` իրավական կարգավորումների և միջազգային համագործակցության ոլորտում արտասահմանյան փորձի մասին նյութերի տրամադրման միջոցով, որոնք վերաբերում են ենթադրվող օրինագծի առարկային.

արդարադատության մարմինների և հիմնարկների համար կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխգործակցություն, այդ թվում` դասախոսություններ և սեմինարներ անցկացնելու, համատեղ ուսումնական հրատարակումներ պատրաստելու միջոցով.

Կողմերի գործունեության հարցերով տեղեկատվության, ինչպես նաև` փոխշահավետության հիման վրա, ուսումնական գրականության և գիտական հրատարակումների փոխանակում.

իրենց պետությունների գործող և գործած օրենսդրության մասին հարցումների կատարում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Համագործակցության զարգացումը

 

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում սահմանելու և զարգացնելու համագործակցության փոխադարձորեն ընդունելի այլ ուղղություններ և ձևեր` պահպանելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 5

Աջակցություն ցույց տալու վերաբերյալ հարցումները

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը գտնում է, որ առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Հարցումը կամ նախաձեռնողական առաջարկությունն ուղարկվում են գրավոր, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր` հետագայում եռօրյա ժամկետում դրանք պարտադիր գրավոր հաստատելու պայմանով, այդ թվում` տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իսկության մեջ կասկած առաջանալու դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:

3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի`

աջակցություն հայցող մարմնի և հայցվող մարմնի անվանումը.

գործի էության շարադրանքը.

հարցման նպատակի և հիմնավորման նշումը.

հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը.

ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:

4. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը, որը փոխանցվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հայցող մարմնի ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 6

Աջակցություն ցույց տալը մերժելը

 

1. Աջակցություն ցույց տալու մասին հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասամբ մերժվում է, եթե հայցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պայմանագրերին:

2. Հնարավորության դեպքում, հայցվող Կողմը` նախքան աջակցություն ցույց տալը մերժելու մասին որոշում կայացնելը, խորհրդատվություններ է անցկացնում հայցող Կողմի հետ` այն հարցը քննելու համար, թե կարող է արդյոք աջակցությունը ցույց տրվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հայցվող Կողմն անհրաժեշտ է համարում: Առաջադրված պայմանների հետ համաձայնվելու դեպքում, հայցող Կողմն ապահովում է դրանց պահպանումը:

3. Հայցող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին` մերժման պատճառի նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 7

Հարցման կատարումը

 

1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` հարցումն արագ և ըստ հնարավորին առավել լրիվ կատարելու համար:

Հայցող Կողմն անհապաղ ծանուցվում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հարցման կատարմանը կամ էապես ձգձգում են դրա կատարումը:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հայցվող Կողմի իրավասության մեջ, ապա այդ մասին նա անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին և` վերջինիս խնդրանքով, այն փոխանցում է իր պետության իրավասու մարմնին:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք` նրա կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:

4. Հարցումը կատարելիս կիրառվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հայցող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել նրա պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հայցվող Կողմի պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին:

5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր երկրում իրականացվող վարույթին, այն կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել խորհրդակցելուց հետո հայցող Կողմի հետ համաձայնեցված անհրաժեշտ պայմանների պահպանման հետ: Եթե հայցող Կողմը համաձայն է առաջարկված պայմաններով իրեն աջակցություն ցույց տալու հետ, ապա նա ապահովում է այդ պայմանների պահպանումը:

6. Հայցվող Կողմը` հայցող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումն ստանալու, հարցման բովանդակության և դրան ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցույց տալու փաստի գաղտնիությունը ապահովելու համար:

Առանց գաղտնիությունը պահպանելու հարցման կատարման անհնարինության դեպքում, այդ մասին հայցվող Կողմը տեղեկացնում է հայցող Կողմին, որը որոշում է` նպատակահարմար է արդյոք հարցումը կատարել այդպիսի պայմաններով:

7. Հայցվող Կողմը` ըստ հնարավորին առավել կարճ ժամկետներում, հայցող Կողմին տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք գաղտնիության ռեժիմ ունեն կամ փոխանցող Կողմը անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը` առանց դրանք ներկայացնող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նրանք, ըստ որոնց դրանք հայցվել և ներկայացվել են, եթե միայն դրանք փոխանցած Կողմի պետությունում նրանք հանրամատչելի չեն համարվում:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի ստացած փաստաթղթերը երրորդ կողմին փոխանցելու համար փոխանցող Կողմի նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե այդ Կողմի պետությունում դրանք հանրամատչելի են համարվում և եթե դրանց փոխանցման ժամանակ նա այդպիսի պայման չի առաջադրել:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման միջոցով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործումը կամ հրապարակումը, եթե հայցող Կողմի պետության օրենքներով նման եղանակով գործելու պարտավորություն է նախատեսված: Հայցող Կողմը նախօրոք հայցվող Կողմին ծանուցում է նման տեղեկատվության և փաստաթղթերի հնարավոր և հավանական օգտագործման կամ հրապարակման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9

Ծախսերը

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չհամաձայնեցվի:

 

ՀՈԴՎԱԾ 10

Լեզուները

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցություն իրականացնելիս օգտագործում են հայերեն և ռուսերեն լեզուները:

 

ՀՈԴՎԱԾ 11

Փոփոխությունները և լրացումները

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժան մասը համարվող համապատասխան արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 12

Համագործակցության համակարգումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցության միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հարաբերություն ունենալ անմիջականորեն.

ա) հայկական կողմից` միջազգային իրավական հարաբերությունների վարչության վրա.

բ) ռուսական կողմից` միջազգային համագործակցության դեպարտամենտի վրա:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը որոշում են իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք` ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների, կարող են անմիջական կապեր հաստատել միմյանց հետ, և նրանց միջև կապի ուղիները:

3. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են փոփոխություններ մտցնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրենց կառուցվածքային ստորաբաժանումների ցանկերի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 13

Աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերի ներկայացուցիչներն անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության արդյունավետության բարձրացման և ամրապնդման հարցերի քննարկման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14

Տարաձայնությունների կարգավորումը

 

Տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ, լուծվում են խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

Այլ միջազգային պայմանագրերի հետ առնչությունը

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են Կողմերի պետությունների այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագիրը գործողությունը դադարեցնում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից երեք ամիս անց:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2004 թվականի դեկտեմբերի 28-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 28.12.2004 թ.

 

 

pin
28.12.2004
Միջազգային պայմանագիր