i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերով կոմիտեն, այսուհետ` «Կողմեր»,
ձգտելով երկու երկրների երիտասարդության միջև բարեկամական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը,
փոխադարձ ձգտում արտահայտելով որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկու երկրների երիտասարդության միջև փոխշահավետ համագործակցությունն ու ավանդական բարեկամական կապերը,
մտադրություն ունենալով համագործակցել պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում` Տաջիկստանի և Հայաստանի երիտասարդության ներդաշնակ զարգացումն ապահովելու համար,
պայմանավորվեցին ներքոգրյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը` սույն Համաձայնագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան համաձայնեցին համագործակցել երիտասարդությանը վերաբերող հարցերի շուրջը:
Կողմերը կխրախուսեն փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների, հիմնադրամների և հաստատությունների միջև:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կնպաստեն համագործակցության ընդլայնմանը երիտասարդ կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման բնագավառում փորձի փոխանակման գործում, գործընկերային կապերի զարգացմանը` բարձրագույն, միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հաստատությունների միջև:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կնպաստեն երկու երկրների երիտասարդ քաղաքացիների կենսագործունեության սոցիալական, տնտեսական և իրավական ասպեկտները բացահայտող տեղեկատվության փոխանակմանը:
Կողմերը տեղեկատվություն և փորձի փոխանակում կիրականացնեն երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում միջազգային, կառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ գործունեության վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կնպաստեն երկու պետությունների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը մշակույթի, գիտության և տեխնիկայի, կրթության, տեղեկատվության, գործարարության, առողջապահության, սպորտի և տուրիզմի, ինչպես նաև հասարակական ոչ կառավարական երիտասարդական կազմակերպությունների մասով` ներառյալ ստեղծագործական միությունները, ասոցիացիաները և հիմնադրամները:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը փորձի փոխանակում կիրականացնեն երիտասարդներին և նրանց ընտանիքներին հոգեբանական, իրավական և այլ օգնություն ցուցաբերող սոցիալական ծառայությունների աշխատանքի, ինչպես նաև երիտասարդության մեջ առողջ կենսակերպի և հանցագործության, թմրամոլության ու ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտներում:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը աջակցություն կցուցաբերեն երկու երկրների երիտասարդությանը` հիմնական և ժամանակավոր աշխատանքի տեղավորմանը, կնպաստեն երիտասարդական, ուսանողական և աշխատանքային ջոկատների համակարգի վերականգնմանն ու նրանց գործունեության համակարգմանը, ինչպես նաև աշխատանքի երիտասարդական բորսաների համակարգի ու երիտասարդությանը աջակցելու համապատասխան պետական և հասարակական կառույցների ձևավորմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը պայմանավորվեցին կազմակերպել իրենց ներկայացուցիչների ամենամյա հանդիպումներ հաջորդաբար Դուշանբեում և Երևանում, երիտասարդական համագործակցության մասով հաջորդ տարվա միջոցառումների ծրագիրը համաձայնեցնելու և ստորագրելու նպատակով` հաշվի առնելով այդ նպատակով հատկացված բյուջետային միջոցները:
Ներկայացուցիչների ճանապարհածախսը և կեցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուղարկող Կողմը:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրությունների տեսքով:
Արձանագրությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերից մեկի վերակազմակերպման դեպքում, Համաձայնագիրը կարող է վերակնքվել պետական երիտասարդական քաղաքականությունը իրականացնող նոր մարմնի հետ, եթե դա կպահանջի մյուս Կողմը:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային այլ պայմանագրերի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ներպետական ընթացակարգերը ավարտելուց հետո և գործում է հինգ տարի ժամկետով: Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հինգ տարվա համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցի մյուս Կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է ք. Դուշանբեում, 2005թ. հունիսի 30-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն, տաջիկերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների առաջացման դեպքում, Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերի 16-ին: