ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-938 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-696/2007 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Վ. Խառատյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Միշա Վարդանյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Միշա Վարդանյանի ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման` Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը դիմելով առաջին ատյանի դատարան` պահանջել է անվավեր ճանաչել Արմավիրի նոտար` Նարինե Մկրտչյանի կողմից 08.02.2005 թվականին տրված թիվ 37 ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա ԱԳԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից տրված` Արմավիր քաղաքի թիվ 8, 2-րդ նրբանցքի թիվ 23 տան սեփականության իրավունքի վկայականը, և փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել Գառնիկ Վարդանյանի և Բուրաստան Խաչատրյանի` տան և տնամերձ հողամասի նկատմամբ ժառանգությունը ընդունած ժառանգ:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճռով Միշա Վարդանյանի հայցը ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միշա Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ և 1227-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանը վճիռ կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ Միշա Վարդանյանը մշտապես բնակվել է ծնողների` Գառնիկ Վարդանյանի և Բուրաստան Խաչատրյանի հետ, նրանց հետ վարել է համատեղ տնտեսություն, իր անձնական միջոցներից ներդրումներ է կատարել ժառանգական գույք հանդիսացող վիճելի տան վերակառուցմանը, տնամերձ հողամասի բարեկարգմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել ծնողներին, ինչպես նաև լրացուցիչ գումար է ուղարկել տան պահպանման համար:
Միշա Վարդանյանը փաստացի ընդունել է մոր ժառանգությունը, մինչդեռ Վարդան Վարդանյանը ժառանգությունը չի ընդունել և այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալ չի կարող, քանի որ նրա ժառանգությունը ընդունվել և ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել միայն մեկ տեղեկանքի հիմքով, որում նշված փաստը իրականությանը չի համապատասխանում: Դատարանը այդ մասին բացատրությունը և տեղեկանքը չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, տեղեկանքին տվել է նախապես հաստատված ապացույցի ուժ:
Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.10.2006 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Գառնիկ Վարդանյանը մահացել է 19.01.1995 թվականին:
2) Բուրաստան Խաչատրյանը մահացել է 29.02.2004 թվականին:
3) Վարդան Վարդանյանը ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը Արմավիրի նոտարական տարածքի նոտարին է ներկայացրել 05.02.2005 թվականին:
4) Վարդան Վարդանյանին ժառանգության իրավունքի վկայագիր տրվել է 08.02.2005 թվականին:
5) Թաղային լիազոր Ս. Ասատրյանի կողմից 08.02.2005 թվականին տրված տեղեկանքը իրականությանը չի համապատասխանում:
6) Բուրաստան Խաչատրյանի մահանալուց հետո Վարդան և Միշա Վարդանյանները փաստացի տիրապետել են վեճի առարկա ժառանգական գույքը` Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով մասնակիորեն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ արդարադատության նախարարի 14.08.2000 թվականի թիվ 523 հրամանի 179-րդ կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգությունն ընդունած, այսինքն` ժառանգական գույքը փաստորեն տիրապետող կամ կառավարող ժառանգներին կամ ժառանգությունն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին դիմում ներկայացրած ժառանգներին:
Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար,
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը,
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն փաստը, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը:
Սույն գործի փաստերի համաձայն` վերը նշված հանգամանքը ապացուցված է համարվել թաղային լիազոր Ս. Ասատրյանի կողմից` 08.02.2005 թվականին տրված տեղեկանքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գրավոր ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց բացատրություններով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով թաղային լիազորի կողմից 08.02.2005 թվականին տրված տեղեկանքը, այն որպես ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, այն մեկ այլ ապացույցի` նույն թաղային լիազորի դատաքննությամբ տրված բացատրության հետ իրենց համակցության մեջ չի գնահատել, որի պարագայում, վիճելի գույքի տիրապետումը հավաստող ապացույց հանդիսացող թաղային լիազորի տեղեկանքում նշված փաստերի իրականությանն անհամապատասխանությունը ակնհայտ կդառնար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերաքննիչ դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցներով (գրավոր ապացույցներ և կողմերի բանավոր բացատրություններ) պարզել է գործին մասնակցող անձանց պահանջները և առաջարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Սակայն դատարանը կողմերի ներկայացրած յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Բացի այդ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել նաև Հասմիկ Խուրշուդյանի, Սվետլանա Սաղաթելյանի և Տորիկ Ներսիսյանի բացատրությունները, որոնցով հաստատվում է Միշա Վարդանյանի կողմից ժառանգական գույքի փաստացի տիրապետումը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է այն գտնվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պաշտպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան և Միշա Վարդանյանները ժառանգական գույքը փաստացի տիրապետել են և նրանց տվյալ դեպքում պետք է դիտել յուրաքանչյուրին 1/2 մասով ընդունած ժառանգներ: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ և 1227-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի լինելու վերաբերյալ հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա ժառանգական գույքի նկատմամբ փաստացի տիրապետման իրավունքով ժառանգությունը ընդունել են Վարդան և Միշա Վարդանյանները:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` Վճռաբեկ դատարանի` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը Վարդան Վարդանյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:
Վճռաբեկ դատարանն այս իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920 (ՎԴ) որոշմամբ (տես` քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Միշա Վարդանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:
2. 1/2 մասով անվավեր ճանաչել Վարդան Վարդանյանի անվամբ 08.02.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
3. Միշա Վարդանյանին փաստացի տիրապետման եղանակով ճանաչել Գառնիկ Վարդանյանին և Բուրաստան Խաչատրյանին պատկանող` Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տան և տնամերձ հողամասի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունը ընդունած ժառանգ, ժառանգական գույքի մնացած մասի նկատմամբ ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելով Վարդան Վարդանյանին:
4. Վարդան Վարդանյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Ս. Սարգսյան