ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-415 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-1689/2006 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Աբազյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Ռաֆայել Աբազյանի և Անժիկ Երիցյանի ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի` ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և յուրաքանչյուրի սեփականության իրավունքը բնակարանի 1/2 մասով ճանաչելու, Ռաֆայել Աբազյանի լրացուցիչ հայցի ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի` սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու, ինչպես նաև Սիրանուշ Աբազյանի հայցի ընդդեմ Ռուբեն Աբազյանի` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու և իր ժառանգության իրավունքը վեճի առարկա բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի թիվ 06-1689 քաղաքացիական գործով 19.07.2006 թվականին կայացված վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանը դիմելով առաջին ատյանի դատարան` պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Նորքի 5-րդ մ/շ 46-րդ շենքի 8-րդ բնակարանի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն ու բնակարանի նկատմամբ հավասար բաժիններով ճանաչել իրենց սեփականության իրավունքը:
Ռաֆայել Աբազյանը լրացուցիչ հայցադիմումով դատարանից պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված բնակարանի նկատմամբ:
Ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Սիրանուշ Աբազյանը հայցադիմումով դատարանից պահանջել է անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրն ու ճանաչել իր ժառանգության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռով` Ռաֆայել Աբազյանի և Անժիկ Երիցյանի հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի` ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու, Ռաֆայել Աբազյանի լրացուցիչ հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի` սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև Սիրանուշ Աբազյանի հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճռով`
1) Անվավեր է ճանաչվել 05.10.2004 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ե. Սարգսյանի կողմից Հասմիկ Աբազյանի անվամբ հաստատված Երևանի Նորքի 5-րդ զանգվածի 42 շենքի (Գալշոյան 46 շենքի) թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրը, մասնակի անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի անվամբ հաստատված 05.10.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակի անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի անվամբ 07.10.2004 թվականին տրված թիվ 1289777 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
2) Ճանաչվել է Ռաֆայել Աբազյանի սեփականության իրավունքը Երևան Նոր Նորքի 5 մ/շ 42 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ:
3) Անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի և Ռուբեն Աբազյանի միջև 16.02.2005 թվականին կնքված Երևանի Նորքի 5-րդ զանգվածի 42 շենքի (Գալշոյան 46 շենքի) թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, Ռուբեն Աբազյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ռուբեն Աբազյանը:
Վճռաբեկ բողոքին Ռաֆայել Աբազյանը ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1222-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 195-րդ, 273-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանը վճիռ կայացնելիս չի գնահատել այն հանգամանքը, որ Հասմիկ Աբազյանը օրենքով սահմանված կարգով ընդունել է ժառանգությունը` ստանալով ժառանգության իրավունքի վկայագիր: Վերջինս օգտվել է սեփականատիրոջ իր իրավունքից և գույքը վաճառել է:
Ռաֆայել Աբազյանը ժառանգությունը չի ընդունել և այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալ չի կարող:
Բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 195-րդ, 273-րդ հոդվածների կիրառելի չլինելու հանգամանքը հաստատող որևէ փաստարկ չի ներկայացրել:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ և 64-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանի վճիռը հիմնավորված չէ գործով ձեռք բերված ապացույցներով և փաստական հանգամանքներով, քանի որ վճիռ կայացնելիս հաշվի է առնվել միայն հայցվոր կողմի բացատրությունները: Դատարանը հաշվի չի առել Ռուբեն Աբազյանի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքը, և վերջինիս ներկայացրած առարկությունները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատման չի ենթարկել:
Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճռի` հայցապահանջները բավարարելու մասը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության, կամ օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.
Հայցվոր Ռաֆայել Աբազյանն առարկել է վճռաբեկ բողոքի դեմ, նշելով որ վիճելի բնակարանը անհատույց հատկացվել է Ռուբեն, Արտուշ և Հասմիկ Աբազյաններին` համատեղ ընդհանուր սեփականության իրավունքով: Արտուշ Աբազյանի մահվանից հետո ինքը և մայրը փաստացի տիրապետման եղանակով ընդունել են ժառանգությունը և բնակվել այդ բնակարանում:
Ռուբեն Աբազյանի այն փաստարկը, որ վիճելի բնակարանը ձեռք է բերվել Արտուշ և Հասմիկ Աբազյանների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում անհիմն է, քանի որ այն նրանց և Ռաֆայել Աբազյանին հատկացվել է անհատույց:
Ըստ Ռաֆայել Աբազյանի` ժառանգության ձևակերպման և բնակարանի առուվաճառքի գործարքները կնքվել են առանց իր համաձայնության, ինչի պատճառով խախտվել է վաճառվող բաժինը գնելու իր նախապատվության իրավունքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ժողովրդական դեպուտատների Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 25.07.1991 թվականի որոշմամբ Երևանի Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը որպես անձնական սեփականություն անհատույց հատկացվել է Արտուշ Աբազյանին` ընտանիքի երեք անդամների հետ միասին:
2) Վերը նշված բնակարանի սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված են եղել Արտուշ, Հասմիկ և Ռաֆայել Աբազյանները: 13.06.2001 թվականին բնակարանը ձևակերպվել է Արտուշ Աբազյանի անունով:
4) Արտուշ Աբազյանը մահացել է 14.01.1999 թվականին:
5) Ռաֆայել Աբազյանը օրենքով սահմանված ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ հոր` Արտուշ Աբազյանի ժառանգությունն ընդունելու համար:
6) Հասմիկ Աբազյանին նոտարի կողմից 05.10.2004 թվականին Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասի նկատմամբ տրվել է սեփականության իրավունքի վկայագիր:
7) 05.10.2004 թվականին նոտարի կողմից վիճելի բնակարանի 1/2 մասի նկատմամբ Հասմիկ Աբազյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:
8) Վիճելի բնակարանի հասցեում հաշվառված են Հասմիկ և Ռաֆայել Աբազյանները:
9) Հասմիկ Աբազյանը մահացել է 26.05.2005 թվականին:
10) 16.10.2004 թվականին կազմված կտակով Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանի Հասմիկ Աբազյանին պատկանող մասը վերջինս կտակել է դստերը` Անժիկ Երիցյանին:
11) 31.01.2005 թվականին կազմված կտակով Հասմիկ Աբազյանը իրեն պատկանող Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը կտակել է որդուն` Ռուբեն Աբազյանին:
12) 16.02.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Հասմիկ Աբազյանը Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը վաճառել է Ռուբեն Աբազյանին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը` կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:
Նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է սեփականաշնորհման սուբյեկտների ցանկը, որով սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող քաղաքացիները:
նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Սույն գործի փաստերի համաձայն` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ վիճելի բնակարանը սեփականաշնորհվել է Արտուշ, Հասմիկ և Ռաֆայել Աբազյաններին: Բնակարանը ձևակերպվել է որպես վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Դա նշանակում է, որ նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը` բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի:
Սույն գործի փաստերից ելնելով, մասնավորապես հաշվի առնելով վիճելի բնակարանը Ռաֆայել, Արտուշ և Հասմիկ Աբազյանների կողմից անհատույց կերպով սեփականաշնորհված լինելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով այն դիտում է որպես ամուսիններից յուրաքանչյուրին տրված նվեր: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն` ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է նույն օրենսգրքի 201-րդ հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը`
Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների սխալ մեկնաբանության վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել` պահպանելով նույն օրենսգրքի 195-րդ հոդվածում նախատեսված կանոնները:
Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների կիրառման ենթակա չլինելու մասին սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում, քանի որ նշված հոդվածները վերաբերում են բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու, բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հարաբերություններին, մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` վիճելի բնակարանը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ և Ռուբեն Աբազյանների միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը Հասմիկ Աբազյանը կնքել է առանց բնակարանի համասեփականատեր Ռաֆայել Աբազյանի համաձայնությունն ստանալու, հետևաբար` անհրաժեշտ լիազորության բացակայությամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջների խախտում է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը Հասմիկ և Ռուբեն Աբազյանների անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները անվավեր ճանաչելու պահանջների մասով ենթակա է կարճման, քանի որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը վարչական ակտ չի հանդիսանում, իսկ վարչական ակտ է հանդիսանում սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումը:
Վճռաբեկ դատարանն այդ իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920 (ՎԴ) որոշմամբ (տես` քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
Ինչ վերաբերում է բողոքի` սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում, քանի որ բողոք բերած անձն այն հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սույն վեճը քննելիս կիրառել է նույն օրենսգրքի 191-րդ և 195-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Նույն օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 64-րդ հոդվածների համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, իսկ 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Գործին մասնակցող անձանց բացատրությունները, գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի հանգամանքների մասին, ստուգվում և գնահատվում են մյուս ապացույցների հետ միասին:
Դատարանը սույն գործով ձեռք բերված գրավոր ապացույցներով և կողմերի բանավոր բացատրություններով պարզել է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Մասնավորապես, դատարանը հիմք ընդունելով գործում առկա` հարևանների գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ռաֆայել Աբազյանը Արտուշ Աբազյանի մահից անմիջապես հետո` հաջորդող վեց ամիսների ընթացքում ապրել և տիրապետել է վիճելի գույքին` Ռաֆայել Աբազյանին ճանաչել է որպես ժառանգությունն ընդունած ժառանգ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 54-րդ և 64-րդ հոդվածների խախտման վերաբերյալ սույն բողոքի հիմքը անհիմն է համարում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով` դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հասմիկ և Ռուբեն Աբազյանների միջև 16.02.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և Ռաֆայել Աբազյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Նորքի 5 մ/շ 42 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչելու մասով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճիռը բեկանել, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Սարգսյան