i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի մեծ նշանակությունը տնտեսության զարգացման, բնակչության սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման համար,
ընդունելով վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործման, այդ հիմքի վրա էլեկտրական էներգիայի սեփական պահանջների բավարարման անհրաժեշտությունը,
շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում էներգապաշարների օգտագործման տնտեսական արդյունավետության աճի ապահովման, ջրային տնտեսության և վառելիքային-էներգետիկ համալիրների գործելու և կայուն զարգացման նպատակով,
ելնելով մասնագիտացման, կոոպերացիայի և տեխնոլոգիապես փոխկապակցված արտադրությունների երկարաժամկետ հիմքով պահպանման և զարգացման նպատակահարմարության սկզբունքից,
ձգտելով բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը,
հաշվի առնելով 1991թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի և 1994թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի Պայմանագրի, 1998թ. նոյեմբերի 25-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին Պայմանագրի դրույթները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ ձևակերպումները.
վառելիքային-էներգետիկ ռեսուրսներ - այնպիսի վառելանյութերի աղբյուրներ, որոնք այրվելիս անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, որն օգտագործվում է տեխնոլոգիական գործընթացներում կամ փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների,
նյութատեխնիկական ռեսուրսներ - հումք, նյութեր, հանգույցներ, դետալներ, պահեստամասեր, պատրաստուքներ, լրակազմող և ճյուղային ու միջճյուղային նշանակության այլ արտադրանք,
ռեսուրսների պահուստներ - վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների նախապես ստեղծված պաշարներ,
իրավասու մարմին - մարմին, որը նշանակվում է յուրաքանչյուր Կողմի կողմից սույն Համաձայնագրի դրույթների և նպատակների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգման համար,
տնտեսավարող սուբյեկտ - իրավաբանական անձ, որն զբաղվում է վառելիքային-էներգետիկ ռեսուրսների արտադրությամբ, փոխանցմամբ, բաշխմամբ և իրացմամբ` Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան,
վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների միջպետական մատակարարում - հաշվետու ժամանակահատվածի ընթացքում (ամիս, եռամսյակ) փոխանցվող և մաքսային առումով Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև արտաքին առևտրային պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան ձևակերպված վառելիքային-էներգետիկ ռեսուրսների մեծություններ (ծավալներ, քվոտաներ),
վառելիքային-էներգետիկ ռեսուրսների ներմուծվող մատակարարումներ - վառելիքային-էներգետիկ ռեսուրսներ, որոնք գնվել և ներմուծվել են արտասահմանից` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության ներքին շուկայում իրացվելու համար,
Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք - սույն Համաձայնագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգետիկ համակարգերի միևնույն հաճախականությամբ համատեղ աշխատանք,
տրանսպորտային էներգետիկ համակարգեր - նավթի, գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի փոխանցումն ու փոխադրումն իրականացնող համակարգեր:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերն իրականացնում են փոխշահավետ տնտեսական համագործակցություն վառելիքի ապահովման ոլորտում վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների փոխհամաձայնեցված` երկկողմ և բազմակողմ հաշվեկշիռների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 3
Վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների միջպետական մատակարարումների ծավալները սահմանվում են Կողմերի կողմից` փոխշահավետության և հավասարակշռվածության հիմունքով առանձին կնքված` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերն ստեղծում են իրենց վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների պահուստները` աշուն-ձմեռ ժամանակահատվածում առավելագույն ծանրաբեռնվածությունը կայուն ձևով հաղթահարելու, ինչպես նաև խոշոր համակարգային վթարների դեպքում և ֆորսմաժորային պայմաններում էներգահամակարգի հուսալիությունն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 5
ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհուրդը Կողմերի հետ համաձայնեցնելուց հետո սահմանված կարգով մշակում և հաստատում է ռեսուրսների պահուստների օգտագործման մասին տիպային պայմանագրի ձևը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերն օժանդակում են նոր հանքավայրերի համատեղ յուրացման, համալիր նշանակության արտադրական հզորությունների, տրանսպորտային էներգետիկ համակարգերի կառուցման, դրանց շահագործման, վերակառուցման և արդիականացման ուղղությամբ համաձայնեցված ծրագրերի մշակմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը միջոցներ կձեռնարկեն վառելիքային-էներգետիկ ռեսուրսների միջպետական շուկայի ձևավորման պայմաններում հետագա ինտեգրման, անդրազգային տրանսպորտային համակարգերի, մասնավորապես` գազամուղների, նավթամուղների, նավթամթերքների խողովակաշարերի հուսալի գործունեությունն ապահովելու համար պայմանների ստեղծման ուղղությամբ` նպաստելով էներգառեսուրսների անխափան և պլանաչափ մատակարարումների խախտումների բացառմանը:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերն օժանդակում են էներգառեսուրսներ խնայող սարքավորումների արտադրությանը, էներգիա խնայող տեխնոլոգիաների մշակմանը, էներգիա խնայող սարքավորումների լայն տարածման, արդյունավետ ներդրման և օգտագործման համար տնտեսական և իրավական պայմանների ստեղծմանը:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերն օժանդակում են համատեղ միջոցառումների անցկացմանը, որոնք ուղղված են` ստեղծելու.
էներգիա սպառող արտադրանքի (ներառյալ դրանց էներգաարդյունավետության ցուցանիշները) համար չափանիշների միասնականացված միջպետական համակարգեր,
վառելիքային-էներգետիկ ռեսուրսների տեղափոխման, բաշխման և պահպանման ժամանակ դրանց կորուստների նորմերի և նորմատիվների մշակման ուղղությամբ միջպետական ծրագրեր,
էներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունավետության նկատմամբ չափագիտական հսկողության և վերահսկողության իրականացման միասնական մոտեցումներ,
տրանսպորտային էներգետիկ համակարգերով վառելիքային-էներգետիկ ռեսուրսների տարանցիկ տեղափոխման ծառայությունների համար հաշվարկների միասնական մեթոդներ:
ՀՈԴՎԱԾ 10
ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհուրդը Կողմերի իրավասու մարմինների հետ համատեղ կստեղծի աշխատանքային խումբ Կողմերի էլեկտրաէներգետիկ հզորության պահուստների տեղաբաշխման օպտիմալացման սխեմայի մշակման համար:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը պահում են հզորությունների համաձայնեցված պահուստ, որն օգտագործվում է էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի խաթարումները կանխելու համար:
Հզորության պահուստի տրամադրման կարգը կանոնակարգվում է Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև` պայմանագրերով:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերի իրավասու մարմինները հետազոտություններ են կատարում և մշակում առաջարկություններ հիդրոօդերևութաբանական պայմանների չհամընկնելու ազդեցությունն օպտիմալ օգտագործելու և միացյալ համակարգերում զուգահեռ ռեժիմով աշխատող հիդրոէլեկտրակայանների էներգատվության ծավալները մեծացնելու վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը մշակում են համաձայնեցված միջոցառումներ ազգային օրենսդրության այն նորմատիվ իրավական ակտերի միասնականացման ուղղությամբ, որոնք կարգավորում են Կողմերի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, սահմանում են իրավունքները, պատասխանատվությունը և պարտավորությունները ռեսուրսների պահուստների արդյունավետ օգտագործման, էլեկտրական էներգիայի փոխանցման և բաշխման ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կողմերը տեղեկացնում են ԱՊՀ Գործադիր կոմիտեին իրենց իրավասու մարմինների նշանակման մասին:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերի կարգավորման անհնարինության դեպքում Կողմերը դիմում են միջազգային դատական ատյաններին:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարում` ներպետական ընթացակարգը կատարելու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու օրվանից: Այդպիսի ընթացակարգի անցկացման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուն պես Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` նոր հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:
ՀՈԴՎԱԾ 19
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների, ինչպես նաև դրա դրույթներն ու սկզբունքներն ընդունող երրորդ պետությունների միանալու համար` միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու ճանապարհով:
Երրորդ պետությունների միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկը երեք ամսվա ընթացքում դեմ չի հանդես գա այդ միանալուն ավանդապահին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 20
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժան մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 21
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց առնվազն մեկ տարի առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին, կատարելով սույն Համաձայնագրից բխող ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Աստանա քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր պետության, որն ստորագրել է սույն Համաձայնագիրը, կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 15.09.2004, Ռուսաստանի Դաշնության համար` 26.11.2004, Տաջիկստանի Հանրապետության համար` 22.11.2005, Ղրղզստանի հանրապետության համար` 03.03.2006, Հայաստանի Հանրապետության համար` 04.05.2007: