Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր),

համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը ապահովելու նպատակով,

համոզված լինելով, որ համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի համաձայնեցված գործողությունները ստիպողական անհրաժեշտություն են,

ձգտելով ստեղծել համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների (այսուհետ` պետություններ) իրավապահպան և դատական մարմինների համագործակցության իրավական հիմքեր,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակներով դրանում օգտագործվող հասկացությունները նշանակում են.

ա) համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործություն` քրեորեն պատժելի արարք, որի ոտնձգության առարկան է համակարգչային տեղեկատվությունը,

բ) համակարգչային տեղեկատվություն` տեղեկատվություն, որը էլեկտրոնային հաշվիչ մեքենային (ԷՀՄ) ընկալելի ձևով գտնվում է համակարգչի, մեքենայի կամ այլ կրողների հիշողության մեջ կամ հաղորդվում է կապի միջոցներով,

գ) վնասաբեր ծրագիր` ստեղծված կամ գոյություն ունեցող ծրագիր` հատուկ մտցված փոփոխություններով, որը ակնհայտ կերպով հանգեցնում է

տեղեկատվության առանց թույլտվության (առանց սանկցավորման) ոչնչացման, ուղեփակման, ձևափոխման կամ պատճենահանման, ԷՀՄ աշխատանքի, ԷՀՄ համակարգի կամ դրանց ցանցի խախտման,

դ) ապօրինի մուտք` առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության դիմելը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կողմերը, սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և այլ միջազգային պայմանագրերին (որոնց մասնակից են նրանք) համապատասխան, կհամագործակցեն համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

2. Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ սույն Համաձայնագրի դրույթները կատարելու համար:

3. Կողմերը կձգտեն ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔՆԵՐ

 

1. Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, քրեորեն պատժելի են համարում հետևյալ արարքները, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ.

ա) ապօրինի մուտքը օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվություն, եթե այդ արարքը հանգեցրել է տեղեկատվության ոչնչացման, ուղեփակման, ձևափոխման կամ պատճենահանման, ԷՀՄ աշխատանքի, ԷՀՄ համակարգի կամ դրանց ցանցի խախտման,

բ) վնասաբեր ծրագրերի ստեղծումը, օգտագործումը կամ տարածումը,

գ) ԷՀՄ, ԷՀՄ համակարգի կամ դրանց ցանցի շահագործման կանոնների խախտումը` ԷՀՄ, ԷՀՄ համակարգ կամ դրանց ցանց մուտքի իրավունք ունեցող անձի կողմից, ինչը հանգեցնում է ԷՀՄ-ի` օրենքով պահպանվող տեղեկատվության ոչնչացման, ուղեփակման կամ ձևափոխման, եթե այդ արարքը պատճառել է զգալի վնաս կամ ծանր հետևանքներ,

դ) ԷՀՄ այն ծրագրերի և տվյալների բազաների անօրինական օգտագործումը, որոնք հեղինակային իրավունքի օբյեկտ են, ինչպես նաև հեղինակային իրավունքի յուրացումը, եթե այդ արարքը պատճառել է զգալի կորուստ:

2. «Զգալի վնաս», «ծանր հետևանքներ» և «զգալի կորուստ» հասկացությունների սահմանումը վերաբերում է Կողմերի իրավասությանը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև համագործակցությունն անմիջականորեն իրականացվում է իրավասու մարմինների միջև:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրավասու մարմինների ցանկը որոշում է յուրաքանչյուր Կողմ և փոխանցում է սույն Համաձայնագիրը ստորագրելիս կամ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը ավանդապահին ի պահ տալիս, որն էլ մյուս Կողմերին կծանուցի նման ցանկերի մասին:

Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ ձևերով.

ա) տեղեկատվության փոխանակում, այդ թվում`

համակարգչային տեղեկատվության ոլորտում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին,

տվյալ ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության ձևերի ու մեթոդների մասին,

համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կատարման միջոցների մասին,

համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության հարցերը կարգավորող ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի մասին,

բ) օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրավական օգնության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան դատավարական գործողությունների անցկացման մասին հարցումների կատարում,

գ) համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության ուղղությամբ համակարգված միջոցառումների և գործողությունների պլանավորում և անցկացում,

դ) աջակցության ցուցաբերում կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում, այդ թվում` մասնագետների ստաժավորման, համաժողովների, սեմինարների և ուսումնական դասընթացների կազմակերպման միջոցով,

ե) համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության ուղղությամբ խնդիրների կատարումն ապահովող տեղեկատվական համակարգերի ստեղծում,

զ) համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,

է) համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի գծով նորմատիվ իրավական ակտերի, գիտատեխնիկական գրականության փոխանակում,

ը) այլ փոխընդունելի ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա:

Տեղեկատվությունը կարող է տրամադրվել մյուս Կողմին առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են ուղարկվել կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ բանավոր, սակայն դրանից հետո երեք օրվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր:

3. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցման իսկության կամ բովանդակության մասին կասկած ծագելու դեպքում կարող է հայցվել դրա հաստատումը:

4. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.

ա) հարցում անող Կողմի իրավասու մարմնի և հարցվող Կողմի իրավասու մարմնի անվանումը,

բ) գործի էության շարադրանքը,

գ) նպատակի նշումը և հարցման հիմնավորումը,

դ) հայցվող աջակցության բովանդակությունը,

ե) հարցման կատարման ցանկալի ժամկետները,

զ) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար, ներառյալ համապատասխան փաստաթղթերը:

5. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը, որը հաղորդվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հարցում անող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և ամրագրվում է զինանշանով կնիքով:

6. Կողմերի իրավասու մարմինները սահմանում են փոխգործակցության կարգը և այն իրականացնելու համար լիազորված անձանց ցանկը, և այդ մասին Կողմերը ծանուցում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հարցումը, որպես կանոն, կատարվում է այն ստանալու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում, հնարավորության դեպքում հաշվի են առնվում հարցում անող իրավասու մարմնի կողմից նշված ժամկետում հարցման կատարման մասին ցանկությունները:

Հարցում անող Կողմն անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը էապես ձգձգող հանգամանքների մասին:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող իրավասու մարմնի իրավասության մեջ, ապա նա հարցումը փոխանցում է իր պետության այն մարմնին, որն իրավասու է կատարելու հարցումը, և միաժամանակ այդ մասին ծանուցում է հարցում անող իրավասու մարմնին:

3. Հարցվող Կողմն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:

Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն հարցում անող իրավասու մարմնի խնդրանքով կարող է կիրառվել նրա պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

4. Եթե հարցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը` այդ մասին ծանուցելով հարցում անող Կողմին, կամ դրա կատարումը կապել հարցում անող Կողմի հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտ ճանաչված պայմանների պահպանման հետ: Եթե հարցում անող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները:

5. Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցման կատարման ժամկետների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասամբ, եթե հարցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը հակասում է իր ազգային օրենսդրությանը:

2. Հարցում անող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` մերժման պատճառների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տեղեկատվության գաղտնիությունը ապահովելու համար, եթե այն տրամադրող իրավասու մարմինը անցանկալի է համարում դրա հրապարակումը:

2. Իրավասու մարմինը, ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում է տեղեկատվության գաղտնիության այնպիսի աստիճան, որի մասին խնդրում է մյուս Կողմի իրավասու մարմինը:

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը առանց հարցվող իրավասու մարմնի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի այն, որը նշված է հարցման մեջ, և որոնց համաձայնություն է տվել հարցվող իրավասու մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Կողմերը և Կողմերի իրավասու մարմինները վիճելի հարցերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս կամ կիրառելիս, լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԾԱԽՍԵՐ

 

Կողմերն ինքնուրույն կկատարեն այն ծախսերը, որոնք կծագեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվի:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերի իրավասու մարմինները որպես աշխատանքային լեզու կօգտագործեն ռուսերենը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից (որոնց նրանք մասնակից են) բխող իրավունքներն ու պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ` նոր հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չկայացնեն:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալու ենթադրվող ժամկետից առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցագիր ուղարկելով ավանդապահին:

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար, բոլոր Կողմերի համաձայնությամբ, նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացած պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի` միանալու համաձայնության մասին վերջին ծանուցագիրը ավանդապահի ստանալու օրվանից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 14-ից:

 

 

pin
01.06.2001
Միջազգային պայմանագիր