ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով 1991 թվականի դեկտեմբերի 17-ի` Էներգետիկական խարտիայի և 1994 թվականի դեկտեմբերի 17-ի` Էներգետիկական խարտիային կից Պայմանագրի դրույթներով,
հիմնվելով 1992 թվականի փետրվարի 14-ի` Անկախ Պետությունների Համագործակցության էներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման Համաձայնագրի վրա,
առաջնորդվելով «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի` Պայմանագրով,
հայտնելով փոխադարձ վստահության և Կողմերի էլեկտրաէներգետիկական համակարգերի կառավարմանը չմիջամտելու հիման վրա էլեկտրաէներգետիկայի բնագավառում իրավահավասար համագործակցության պատրաստակամություն,
նպատակ ունենալով օգտագործել Կողմերի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական և տնտեսական առավելությունները և իրականացնել միջհամակարգային արդյունքները,
ընդունելով էլեկտրաէներգիայի առևտրում աճող շահագրգռվածությունը,
ձգտելով աջակցել էլեկտրական էներգիայի և հզորության բաց շուկայի կայացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են`
էլեկտրական էներգիայի և հզորության տարանցում`
ա) Կողմի տարածքով, նրա էլեկտրական ցանցերով, այլ պետության տարածքում արտադրված և երրորդ պետության տարածքի համար նախատեսված, էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդում, պայմանով, որ կամ այլ պետությունը կամ երրորդ պետությունը հանդիսանում են սույն Համաձայնագրի մասնակից պետություն,
բ) էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդում մի Կողմի երկու կետերի միջև մյուս Կողմի տարածքով` նրա էլեկտրական ցանցերով,
տնտեսվարող սուբյեկտ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը զբաղվում է էլեկտրական էներգիայի և հզորության արտադրությամբ, փոխադրումով, բաշխումով` պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը, առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ապահովում են իրենց տարածքներով էլեկտրական էներգիայի և հզորության անարգել տարանցումը` անկախ էլեկտրական էներգիայի և հզորության ծագման վայրից, նշանակման վայրից և սեփականատերից, ըստ համաձայնեցված, տնտեսապես հիմնավորված և թափանցիկ սակագների, կնքված պայմանագրերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացվում է Կողմերի տնտեսվարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից) կնքած պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա:
Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացվում է լարման բոլոր դասերի էլեկտրահաղորդման գծերով, անկախ գերատեսչական պատկանելությունից, համաձայն Կողմերի հաստատած էլեկտրահաղորդման միջպետական գծերի և գործող նորմատիվ ակտերին և/կամ Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխանող էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգերով սարքավորված էլեկտրական էներգիայի մաքսային հսկողության կետերի ցանկերի:
ՀՈԴՎԱԾ 4
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է արտաքին առևտրային պայմանագրերում և այլ` էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումը և տարանցման համար էլեկտրահաղորդման գծերի օգտագործումը կարգավորող համապատասխան փաստաթղթերում նախատեսել տարանցման ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նախատեսվում է իր սեփական տարածքում արտադրվող կամ իր սեփական կարիքների համար նախատեսվող էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդումը կարգավորող տեխնիկատեխնոլոգիական և նորմատիվ-իրավական ակտերով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը աջակցում են էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման առկա համակարգերի առավելագույն օգտագործմանը:
ՀՈԴՎԱԾ 6
Այն դեպքում, երբ տարանցումն իրականացնող Կողմի տարանցման հնարավորությունները ցածր են, քան հնարավոր մասնակիցների կողմից ներկայացրած էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումային գործառնություններ կատարելու առաջարկները, առաջնահերթությունը սահմանում է այն Կողմը, որն իրականացնում է տարանցումը, ելնելով բացառապես այս կամ այն առաջարկի տեխնիկատնտեսական նախընտրությունից:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը աջակցում են էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացնող Կողմի տարածքում առկա էլեկտրահաղորդման գծերի վերակառուցմանը և/կամ նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:
Դրամական և նյութական միջոցների ներդրման կարգը էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման համար առկա հզորությունների վերակառուցման և/կամ նոր հզորությունների կառուցման նպատակով, ինչպես նաև նման օբյեկտների նկատմամբ իրավունքների բաշխումը, կսահմանվեն առանձին երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով` կնքված ներդրումային ծրագրերի մասնակիցների միջև:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերն իրականացնում են գործնական միջոցառումներ` ուղղված էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման իրենց իրավական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական նորմերի և մեխանիզմների ներդաշնակեցմանը:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերի միջև փոխադրվող էլեկտրաէներգիայի մաքսային ձևակերպումը և մաքսային հսկողությունը իրականացվում է Կողմերի մաքսային օրենսդրություններին և այդ բնագավառում Համագործակցության շրջանակներում Կողմերի ընդունած այլ փաստաթղթերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 10
Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծառայությունները վճարվում են Կողմերի տնտեսվարող սուբյեկտների` էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման գծով պայմանագրերի (կոնտրակտները) մասնակիցների միջև համաձայնեցված սակագներով:
Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծավալի որոշումը կատարվում է շահագրգիռ Կողմերի համաձայնեցմամբ:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը միջոցներ են ձեռնարկում էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման համար ժամանակին վճարումների ապահովման ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 12
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ունենալ հակավթարային ավտոմատիկա այնպիսի ծավալով, որը բավարար է մյուս Կողմի տարածքում առաջացող համակարգային (կասկադային) վթարների զարգացում չթույլատրելու համար:
ՀՈԴՎԱԾ 13
Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման վրա ազդող վթարային իրավիճակների առաջացման դեպքում, Կողմերը և/կամ տնտեսվարող սուբյեկտները աջակցում են վթարների զարգացման կանխմանը և օգնում են դրանց հետևանքների վերացմանը:
Վթարով պայմանավորված էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծավալի նվազեցման հետևանքով վնասի փոխհատուցման կարգը կսահմանվի էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 14
Վթարների արագ վերացման նպատակով Կողմը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, իրավունք է ընձեռում մյուս Կողմերի վթարավերականգնողական ստորաբաժանումներին ազատորեն իր տարածք ներկրել և/կամ դուրս տանել սարքավորումներ և նյութեր` համաձայն այդ ստորաբաժանումների տեխնիկական սարքավորվածության ցանկի, որոնք ենթակա են պարտադիր հայտարարագրմանը և մաքսային հսկողության: Ընդ որում, Կողմերը պարտավորվում են նշված սարքավորումների և նյութերի համար չգործածել մաքսային տուրքեր և դրանց համարժեք գանձումներ, ինչպես նաև ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ:
ՀՈԴՎԱԾ 15
Կողմերը միջոցներ են ձեռնարկում, այդ թվում` համատեղ, որպեսզի, Կողմերից ոչ մեկը չհայտնվի էլեկտրական էներգիայի և հզորության մատակարարման աղբյուրներից անջատման և մատակարարողների, սպառողների և տարանցման մասնակիցների շահերին վնաս հասցնելու վտանգի առջև:
Էլեկտրաէներգետիկ օբյեկտները, որոնց միջոցով իրականացվում է և/կամ որոնք ապահովվում են տարանցումը, շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ և նրանց միջև կնքված համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերը տեղեկացնում են միմյանց և Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդին նոր իրավական ակտերի պատրաստման, էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցման բնագավառում հարկային և մաքսային օրենսդրությունների փոփոխությունների մասին, անցկացնում են համապատասխան խորհրդակցություններ` փոխընդունելի որոշումների հասնելու նպատակով:
Կողմերը տեղեկացնում են միմյանց հարկային և մաքսային օրենսդրությունների բնագավառում նոր իրավական ակտերի ընդունման մասին` նրանց ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այն միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են արբիտրաժային կամ այլ միջազգային դատարաններ:
ՀՈԴՎԱԾ 19
Էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցման վերաբերյալ Կողմերի միջև վեճ ծագելու դեպքում նրանք չեն դադարեցնում և չեն կրճատում էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցիկ մատակարարումները, ինչպես նաև ապահովում են նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների պահպանումը մինչև վեճի վերջնական լուծումը, ընդ որում` առաջնորդվելով 1991 թվականի` էներգետիկական խարտիայի, էներգետիկական խարտիային կից 1994 թվականի դեկտեմբերի 17-ի` Պայմանագրի, տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այլ միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի դրույթներով:
ՀՈԴՎԱԾ 20
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածի ավարտից հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ նոր հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:
ՀՈԴՎԱԾ 21
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ամսաթվից առնվազն մեկ տարի առաջ այդ մասին գրավոր ծանուցում հղելով ավանդապահին, կատարելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 22
Սույն Պայմանագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած միանալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 23
Բոլոր Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 24
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2000 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Համաձայնագրի հավաստված պատճենը:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 7-ից: