Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի` Պայմանագրի դրույթներով` Կողմերի պարտավորությունների շրջանակներում,

ի զարգացումն ներդրումային գործունեության բնագավառի միջպետական ակտերի,

ելնելով 1998 թվականի մայիսի 28-ի` Միջազգային ֆինանսական վարձակալության մասին ՅՈՒՆԻԴՐՈՒԱՅԻ-ի Կոնվենցիայի դրույթներից, համընդհանուր ճանաչում գտած միջազգային նորմերից և Կողմերի ազգային օրենսդրության հիմունքներից,

նպաստելով Համագործակցության պետությունների տնտեսական համագործակցության համաչափ խորացմանը,

ձգտելով ապահովել բարենպաստ պայմաններ Համագործակցության պետությունների միջև փոխշահավետ հիմունքներով միջպետական լիզինգի բազմակողմ զարգացման համար,

խրախուսելով Համագործակցության պետությունների տնտեսվարող սուբյեկտների ձգտումը` փոխշահավետ համագործակցելու շուկայական տնտեսության պայմաններում,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայում ներքոհիշյալ հասկացություններն օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.

ամորտիզացիա` լիզինգի աստիճանաբար մաշվող առարկայի արժեքի փոխանցումը արտադրվող արտադրանքի արժեքին,

իրային իրավունք` իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներ,

երաշխիք (երաշխավորող)` պետությունը` ի դեմս իր լիազորված մարմինների. ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը տրամադրում է միջպետական լիզինգի սուբյեկտներին երաշխիքներ և իր ստանձնած պարտականություններով կրում է լրիվ ֆինանսական կամ նյութական պատասխանատվություն երաշխիքային դեպքի վրա հասնելու ժամանակ,

լիզինգի պայմանագիր (լիզինգային գործարք)` լիզինգատուի և լիզինգառուի միջև գրավոր կնքված համաձայնություն` ուղղված լիզինգի առարկայի հետ կապված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հաստատմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը,

ներդրումներ` ներդնողի կողմից գործունեության տարբեր օբյեկտներում ներդրված ֆինանսական և նյութական միջոցները, ինչպես նաև շահույթ (եկամուտ) ստանալու կամ սոցիալական արդյունքի հասնելու նպատակով գույքային և մտավոր սեփականության նկատմամբ փոխանցված իրավունքները, եթե դրանք հանված չեն շրջանառությունից կամ սահմանափակված չեն շրջանառության մեջ, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան,

ներդրող (վարկատու)` պետությունը` ի դեմս լիազորված մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որոնք ներդրումների ձևով ներդրում են իրականացնում սեփական, փոխառված կամ ներգրավված միջոցներով,

լիզինգ (ֆինանսական վարձակալություն)` ներդրումաձեռնարկատիրական գործունեության տեսակ, կապված գույքի ձեռքբերման և այն պայմանագրով օգտագործման հանձնելու հետ, պետությանը` ի դեմս նրա լիազորված մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձին` որոշակի ժամկետով շահույթ (եկամուտ) կամ սոցիալական արդյունք ստանալու նպատակով` հաշվի առնելով լիզինգատուի, մատակարարողի, լիզինգառուի և լիզինգային ծրագրի այլ մասնակիցների մասնակցությամբ լիզինգի առարկայի ամորտիզացիան,

լիզինգային վճարում` լիզինգառուի վճարումային գործարք (ֆինանսական, գույքային կամ այլ) ուղղված լիզինգատուին, որն իր մեջ ներառում է լիզինգի առարկայի մաշվածության արժեքը, լիզինգային գործարքի իրագործման համար ներգրավված վարկային միջոցների (ռեսուրսների) դիմաց վճարումը, լիզինգային տարբերությունը ու ռիսկային պարգևը և, լիզինգային պայմանագրին և ազգային օրենսդրությանը համապատասխան, այլ վճարումներ,

լիզինգային նախագիծ (գործողություն, գործարք)` միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտների և մասնակիցների գործողությունների համալիր (բազմակողմ, կոնսենսուալ, ռեալ, փոխհատուցելի)` ուղղված լիզինգի առարկայի նկատմամբ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հաստատմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը,

լիզինգատու (վարձատու)` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսվարող սուբյեկտ կամ պետություն` ի դեմս իր լիազորված մարմինների, որոնք ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են լիզինգային գործունեության և ներկայացնում են լիզինգի առարկան,

լիզինգառու (վարձակալ)` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսվարող սուբյեկտ, կամ պետություն` ի դեմս իր լիազորված մարմինների, որոնք ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով լիզինգի պայմանագրով օգտագործման նպատակով ստանում են լիզինգի առարկան,

միջպետական լիզինգ` միջազգային լիզինգի բաղկացուցիչ մաս, որին մասնակցում են սույն Կոնվենցիայի երկու և ավելին մասնակից պետությունների լիզինգային ընկերությունները և տնտեսավարող սուբյեկտները,

միջազգային լիզինգ` լիզինգային գործունեություն, որին մասնակցում են ցանկացած երկու և ավելի օտարերկրյա պետությունների լիզինգային ընկերությունները և տնտեսվարող սուբյեկտները,

փոխադրող` մասնագիտացված տրանսպորտային կազմակերպություն կամ իրավաբանական անձ, որը փոխադրման պայմանագրով և տրանսպորտային կանոնադրություններին, օրենսգրքերին և կանոններին համապատասխան պարտավորվում է իրեն վստահված լիզինգի առարկան ժամանակին հասցնել նշանակման վայր, հանձնել այն լիզինգատուին կամ լիզինգի առարկան ստանալու և մինչև այդ պահը փոխադրվող լիզինգի առարկայի կորստի, պակասորդի և վնասի համար պատասխանատու այլ լիազորված անձին,

մատակարարող` տնտեսվարող սուբյեկտ, որը լիզինգատուի հետ կնքած պայմանագրով լիզինգատուին մատակարարում է լիզինգի առարկան,

լիզինգի առարկա (օբյեկտ)` ցանկացած գույք, որը պատկանում է հիմնական միջոցներին (հիմնադրամներին), բացի ազգային օրենսդրությամբ շուկայի շրջանառության համար արգելված գույքից,

ներդրումների ծագման երկիր` պետություն, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձ ներդրողը կամ որի քաղաքացին է հանդիսանում ֆիզիկական անձ ներդրողը,

երկիր ռեցեպիենտ (ընդունող)` սույն Կոնվենցիայի մասնակից պետություն, որի տարածքում գտնվում է ներդրման օբյեկտը,

ապահովագրող` Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ցանկացած կազմակերպչական ձևի իրավաբանական անձ, որն իրականացնում է ապահովագրական գործողությունները և մասնակցում է միջազգային լիզինգային գործունեությանը,

սուբլիզինգ` լիզինգի տարատեսակ, որի դեպքում լիզինգառուն, լիզինգատուի թույլտվությամբ, սուբլիզինգի պայմանագրով հետագա օգտագործման և տիրապետման է փոխանցում լիզինգի առարկան այլ լիզինգառուների,

ՅՈՒՆԻԴՐՈՒԱ` Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ

 

2.1. Լիզինգային ընկերությունները, եթե դրանք նախատեսված են Կողմերի ազգային օրենսդրությամբ` առևտրային կազմակերպություններ, որոնց հիմնադիր փաստաթղթերում նախատեսված է լիզինգային գործունեության իրականացումը: Լիզինգային ընկերությունները լիզինգային գործողություններում սուբլիզինգի գործողություններն իրականացնելիս հանդես են գալիս որպես լիզինգատու կամ որպես լիզինգատու և լիզինգառու:

2.2. Լիզինգային ընկերությունների և լիզինգային գործունեության այլ սուբյեկտների միավորումներ` ազգային և ազգամիջյան, առևտրային և ոչ առևտրային միավորումներ` իրավաբանական անձ հիմնելով և առանց իրավաբանական անձ հիմնելու, որոնք ստեղծվում են խոշոր նախագծերի և ծրագրերի իրագործման, լրացուցիչ շահույթ և սոցիալական արդյունք ստանալու համար:

2.3. Իրավաբանական անձ` տնտեսվարող սուբյեկտներ` տնտեսվարող գործունեության սուբյեկտներ ինչպես սույն Կոնվենցիայի մասնակից պետությունում գրանցված և նրա տարածքում մշտական գտնվելու վայր ունեցող, այնպես էլ այդ պետության իրավաբանական անձ չհանդիսացող, բայց նրա տարածքում մշտական գտնվելու վայր ունեցող, ինչպես նաև տնտեսվարող գործունեության օտարերկրյա սուբյեկտներ և նրանց կառուցվածքային միավորներ, համատեղ ձեռնարկություններ, տնտեսվարող գործունեության այլ սուբյեկտներ, որոնք նախատեսված են ազգային օրենսդրությամբ (ձեռնարկություններ, սեփականության բոլոր տեսակների և ձևերի կազմակերպություններ և միավորումներ, ասոցիացիաներ, միություններ, կոնցեռններ, կոնսորցիումներ, առևտրային տներ, միջնորդ և խորհրդատվական ֆիրմաներ, կոոպերատիվներ, ապահովագրական ընկերություններ, ֆինանսավարկային հիմնարկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են առանց իրավաբանական անձ հիմնելու և այլն): Լիզինգային գործողություններ իրականացնելու մասնագիտացված լիցենզիա չունեցող տնտեսվարող սուբյեկտները լիզինգային գործողություններում հանդես են գալիս լիզինգատուի, մատակարարողի, ապահովագրողի, երաշխավորողի, ներդրողի, վարկատուի, գնորդի դերում, բացառությամբ ֆինանսավարկային հիմնարկների, որոնք լիզինգային գործողություններում կարող են հանդես գալ նաև լիզինգատուի դերում, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Տնտեսվարող սուբյեկտները լիզինգային գործողություններն իրականացնում են Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

 

3.1. Ֆինանսական լիզինգ` միջին ժամկետի և երկարաժամկետ լիզինգի տեսակ, որը նախատեսում է լիզինգառուի կողմից լիզինգի մասին պայմանագրի գործողության ժամանակահատվածում այն գումարների վճարում, որոնք ծածկում են լիզինգի առարկայի ամորտիզացիայի լրիվ արժեքը, կամ դրա մեծ մասը:

3.2. Գործնառական (օպերատիվ) լիզինգ` լիզինգի տեսակ, որը կնքվում է ավելի քիչ ժամանակահատվածով, քան ամորտիզացիոն ժամանակաշրջանն է: Լիզինգի պայմանագրի ավարտից հետո, լիզինգի առարկան վերադարձվում է լիզինգատուին և նորից հանձնվում է լիզինգի:

3.3. Վերադարձվող լիզինգ` լիզինգի տեսակ, եթե այն նախատեսված է Կողմերի ազգային օրենսդրությամբ, որի դեպքում լիզինգի առարկայի մատակարարողը վաճառում է այն լիզինգային ընկերությանը, իսկ վերջինս իր հերթին հանձնում է այն լիզինգով` լիզինգի առարկայի նախկին մատակարարողին:

3.4. Փոխհատուցելի լիզինգ` լիզինգի տեսակ, եթե այն նախատեսված է Կողմերի ազգային օրենսդրությամբ, որի պայմաններով, որպես լիզինգային վճարումներ, լիզինգառուն կարող է լիզինգատուին մատակարարել ապրանք, որն արտադրված է լիզինգի առարկայի օգտագործմամբ:

3.5. Բարտերային լիզինգ` լիզինգի տեսակ, եթե այն նախատեսված է Կողմերի ազգային օրենսդրությամբ, որի պայմաններով, որպես լիզինգային վճարումներ, լիզինգառուն կարող է մատակարարել լիզինգատուին իր մոտ առկա ցանկացած ապրանք` լիզինգատուի` որպես լիզինգային վճարում այդ ապրանքը ընդունելու համաձայնության դեպքում:

3.6. Լիզինգի այլ տեսակներ` լիզինգի տեսակներ, որոնց պայմաններում կիրառվում են սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3.1., 3.2., 3.3., 3.4. և 3.5. կետերում սահմանված տեսակների հատկանիշների տարբեր համատեղություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4.1. Միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտներն ունեն հավասար իրավունք` իրականացնելու դրա ցանկացած տեսակները, որոնք արգելված չեն ազգային օրենսդրությամբ և սույն Կոնվենցիայով, անկախ սեփականության ձևերից և այլ հատկանիշներից:

Կողմերն հսկողություն են իրականացնում լիզինգային գործունեության նկատմամբ, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

4.2. Արգելվում են պետությունների ցանկացած գործողությունները, բացառությամբ ազգային օրենսդրությամբ և սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերի, որոնց արդյունքում տեղի է ունենում միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտների իրավունքների սահմանափակում:

4.3. Միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտների հարկումն իրականացվում է ազգային օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

Կողմերը միջպետական լիզինգի գործունեության սուբյեկտներին տրամադրում են արտոնություններ` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

4.4. Կողմերն իրենց տարածքում` ինքնուրույն են իրականացնում լիզինգի օբյեկտների ներմուծման և արտահանման մաքսային կարգավորումը, ազգային օրենսդրությանը համապատասխան:

4.5. Միջպետական լիզինգային գործունեության մեջ կիրառվում են միայն այն լիզինգի առարկաները, որոնք իրենց տեխնիկական, դեղագործական, սանիտարական, ֆիտոսանիտարական, անասնաբուժական և բնապահպանական բնութագրերով չեն խախտում Կողմերի տարածքներում գործող համապատասխան չափանիշները և պահանջները:

Լիզինգի որոշակի առարկաների համար ազգային չափանիշների և պահանջների բացակայության դեպքում դրանց օգտագործումը, որպես այդպիսիք, թույլատրվում է, սահմանված կարգով ազգային պայմաններին համապատասխանեցված, համապատասխան միջազգային չափանիշների և պահանջների հիման վրա:

4.6. Լիզինգի որոշակի առարկայի միջպետական լիզինգի իրականացման մենաշնորհը կարգավորվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

5.1. Սույն Կոնվենցիայով սահմանված նորմերը և կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, եթե լիզինգային նախագծերի իրականացումը վարում են Կոնվենցիայի ոչ պակաս, քան երկու մասնակից պետությունների լիզինգային ընկերությունները և տնտեսվարող սուբյեկտները:

5.2. Սույն Կոնվենցիան կիրառվում է անկախ նրանից, թե լիզինգի պայմանագրում նախատեսված է լիզինգային գույքը, լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հետ գնելու լիզինգառուի իրավունքը, թե` ոչ:

5.3. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն դադարեցնի իրենց գործողության տարածումը` լիզինգի առարկան որպես անշարժ գույք ներառելու կամ ամրագրելու փաստից ելնելով:

Լիզինգի առարկան որպես անշարժ գույք ներառելու կամ ամրագրելու հարցերը, ինչպես նաև լիզինգատուի և անշարժ գույքի նկատմամբ իրային իրավունքի տիրապետողների համապատասխան իրավունքները կարգավորվում են այդ անշարժ գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 2
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ: ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ (ԿՈՆՏՐԱԿՏՆԵՐ)

 

6.1. Լիզինգի պայմանագրի բովանդակությանը և դրա անհրաժեշտ հավելվածներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանվում են ազգային օրենսդրությամբ և սույն Կոնվենցիայով: Միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտները լիզինգի պայմանագիրը կազմելուց իրավունք ունեն կիրառելու միջազգային նորմեր, միջազգային լիզինգային կազմակերպությունների հանձնարարականներ, եթե դրանք արգելված չեն ազգային օրենսդրությամբ:

6.2. Լիզինգի պայմանագիր կնքելուց լիզինգային գործունեության մասնակիցները ղեկավարվում են հետևյալ կանոններով`

ա) լիզինգի պայմանագրի ձևը, դրա կողմերի իրավունքները և պարտավորությունները սահմանվում են այն պետության ազգային օրենսդրությամբ, որտեղ կնքվում է այդ պայմանագիրը, և սույն Կոնվենցիայով,

բ) Լիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքի կապակցությամբ, Կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում, կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնվել է, ունի գտնվելու վայր կամ հիմնական գործունեության վայր լիզինգի պայմանագրով լիզինգատու հանդիսացող կողմը,

գ) լիզինգի պայմանագիրը ստորագրելու համար միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտից չի պահանջվում պետական իշխանության, կառավարման կամ վերադաս կազմակերպության որևէ մարմնի թույլտվություն, եթե ազգային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չի,

դ) միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտները իրավունք ունեն կնքել լիզինգի ցանկացած պայմանագրեր, բացի նրանցից, որոնք արգելված են իրենց ազգային օրենսդրությամբ,

ե) լիզինգի պայմանագիրը կարող է ճանաչվել անվավեր դատական կամ արբիտրաժային կարգով, եթե այն չի համապատասխանում ազգային օրենսդրության, միջազգային պայմանագրերի և սույն Կոնվենցիայի պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԼԻԶԻՆԳԱՏՈՒԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7.1. Լիզինգատուն`

ա) լիզինգառուի հետ կնքում է լիզինգային պայմանագիր` լիզինգային վճարումների դիմաց լիզինգի առարկայի նկատմամբ տիրապետման և օգտագործման իրավունք տալու մասին,

բ) լիզինգառուի հետ համաձայնեցված պայմաններով լիզինգառուին մատակարարում է լիզինգի առարկան, կամ լիզինգառուի ցուցումով (համաձայնությամբ) երրորդ կողմի (մատակարարողի) հետ կնքում է լիզինգառուին լիզինգի առարկայի մատակարարման պայմանագիր` նրա հետ համաձայնեցված պայմաններով:

7.2. Տվյալ հոդվածի 7.1. կետի «բ» ենթակետում նշված լիզինգային գործարքը բնութագրվում է հետևյալ կերպ`

ա) լիզինգառուն նշում է լիզինգի առարկան և մատակարարողին, որպես կանոն, չհիմնվելով լիզինգատուի որակավորման և կարծիքի վրա,

բ) լիզինգի առարկայի ձեռքբերումը լիզինգատուի կողմից իրականացվում է լիզինգի պայմանագրի կապակցությամբ, որը կնքված է կամ ենթակա է կնքման լիզինգատուի և լիզինգառուի միջև, որի հետ մատակարարողը ծանոթացված է,

գ) լիզինգի պայմանագրով վճարման ենթակա լիզինգային վճարումները հաշվարկվում են` հաշվի առնելով լիզինգի առարկայի արժեքի լրիվ կամ մեծ մասի ամորտիզացիան:

7.3. Մատակարարողը պարտավոր է մատակարարել լիզինգի առարկան և փոխանցել դրան վերաբերող փաստաթղթերը, պայմանագրի պահանջներին համապատասխան:

7.4. Եթե մատակարարողը պարտավոր չէ մատակարարել լիզինգի առարկան որևէ որոշակի տեղ, ապա փոխադրման նրա պարտականությունները հետևյալն են`

ա) հանձնել լիզինգի առարկան առաջին փոխադրողին լիզինգառուին փոխանցելու համար, եթե փոխադրման պայմանագիրը նախատեսում է լիզինգի առարկայի փոխադրում,

բ) տրամադրել լիզինգի առարկան լիզինգառուին լիզինգի առարկայի արտադրման կամ պահման վայրում, եթե այն անհատական հատկանիշներով ենթակա էր արտադրման, պահման կամ ստացման` պայմանագրի կնքման պահին Կողմերի համար հայտնի վայրում,

գ) տրամադրել լիզինգի առարկան լիզինգառուին այն վայրում, որտեղ պայմանագրի կնքման պահին գտնվում էր մատակարարողի ձեռնարկությունը, այն դեպքերում, որոնք չեն կարգավորվում տվյալ կետի «ա» և «բ» մասերով:

7.5. Մատակարարողը պարտավոր է մատակարարել լիզինգի առարկան, որը քանակով, որակով, նկարագրությամբ և այլ հատկանիշներով համապատասխանում է պայմանագրի պահանջներին:

Լիզինգի առարկան չի համապատասխանում պայմանագրին, եթե այն`

ա) չունի մատակարարողի կողմից լիզինգառուին որպես նմուշ կամ մոդել ներկայացված լիզինգի առարկայի հատկանիշները,

բ) փաթեթավորված (տարայավորված) և դրոշմանշած չէ այդպիսի լիզինգի առարկաների համար սովորական ձևով,

գ) պիտանի չէ այն նպատակների համար, որոնց համար սովորաբար օգտագործվում է նույն նկարագրության լիզինգի առարկան:

7.6. Մատակարարողը պատասխանատվություն է կրում`

ա) պայմանագրի պայմաններին համապատասխան և համաձայն ազգային օրենսդրության, լիզինգի առարկայի ցանկացած անհամապատասխանության համար, որն առկա է լիզինգառուին ռիսկի անցման պահին,

բ) լիզինգի առարկայի ցանկացած անհամապատասխանության համար, որն առաջացել է «ա» ենթակետում նշված պահից հետո և հանդիսանում է նրա կողմից իր ցանկացած պարտավորության խախտման արդյունք, ներառյալ այն երաշխիքի խախտումը, որ պայմանավորված ժամկետների ընթացքում լիզինգի առարկան պետք է մնա պիտանի համապատասխան նպատակի համար:

7.7. Լիզինգառուն կորցնում է լիզինգի առարկայի անհամապատասխանության վրա` հիմնվելու իր իրավունքը.

ա) եթե նա պայմանավորված ժամկետում, սկսած այն պահից, երբ լիզինգառուի կողմից հայտնաբերվել է կամ պետք է հայտնաբերվեր անհամապատասխանությունը, մատակարարողին չի ուղարկում դրա բնույթի մասին տվյալներ պարունակող ծանուցում,

բ) եթե նա մատակարարողին չի ուղարկում ծանուցում մեկ տարվա ընթացքում այն պահից, երբ նա հայտնաբերել է կամ պետք է հայտնաբերեր լիզինգի առարկայի անհամապատասխանությունը, այն դեպքում, եթե ժամկետի մասին պայմանավորվածություն չկա:

7.8. Մատակարարողը պարտավոր է մատակարարել երրորդ անձանց հավակնություններից և իրավունքներից ազատ լիզինգի առարկա:

7.9. Եթե մատակարարողը չի կատարել պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր ստանձնած պարտականություններից որևէ մեկը, ապա լիզինգառուն կարող է` պահանջել լիզինգի առարկայի փոխարինում, պահանջել վերացնել անհամապատասխանությունը, հաստատել պարտականությունների կատարման նոր ժամկետ, հայտարարել պայմանագիրը լուծելու մասին, իջեցնել գինը, կիրառել իր ազգային օրենսդրությամբ և լիզինգի պայմանագրով նախատեսված այլ հնարավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8.1. Լիզինգառուն պարտավոր է ժամանակին կատարել լիզինգի առարկայի համար անհրաժեշտ վճարումները և ընդունել լիզինգի առարկայի մատակարարումը ըստ պայմանագրի և սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

8.2. Մատակարարումն ընդունման ժամանակ լիզինգառուն պարտավոր է.

ա) ընդունել լիզինգի առարկան` կնքված պայմանագրին համապատասխան,

բ) աջակցել մատակարարողին մատակարարման ընթացքը լավագույն ձևով իրականացնելու համար:

8.3. Լիզինգի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգառուն պարտավոր է ապահովել լիզինգի առարկայի (օբյեկտի) պահպանումը` պահելով այն աշխատանքային վիճակում և միայն պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործելով:

8.4. Լիզինգի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո լիզինգառուն պարտավոր է` վերադարձնել լիզինգատուին լիզինգի առարկան (օբյեկտը) պայմանագրի պայմաններին համապատասխան վիճակում, այն դեպքում, եթե նա չի իրագործում լիզինգի առարկան (օբյեկտը) որպես սեփականություն ձեռք բերելու կամ պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր իրավունքը:

8.5. Եթե լիզինգառուն չի կատարում պայմանագրի, միջպետական պայմանագրերի կամ սույն Կոնվենցիայի պայմանները, ապա նա պարտավոր է մատակարարողի պահանջով`

ա) վճարել մատակարարողին պայմանագրով նախատեսված տույժ,

բ) կատարել իր պարտավորությունները մատակարարողի կողմից սահմանված լրացուցիչ ժամկետում,

գ) համաձայնություն տալ պայմանագրի լուծմանը` եթե պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով նախատեսված ցանկացած պարտավորությունների չկատարումը լիզինգառուի կողմից հանդիսանում է պայմանագրի էական խախտում, եթե լիզինգառուն, մատակարարողի կողմից «բ» ենթակետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետում չի կատարել իր անհրաժեշտ վճարումները կատարելու պարտավորությունը կամ հայտարարում է, որ չի կարող դա անել սահմանված ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՌԻՍԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

9.1. Լիզինգի առարկայի կորուստը կամ վնասումը այն բանից հետո, երբ ռիսկը փոխանցվել է լիզինգառուին, չի ազատում նրան պայմանագրով համաձայնեցված վճարումներ կատարելու պարտականությունից, եթե միայն կորուստը կամ վնասվածքը չեն առաջացել մատակարարողի գործողությունների կամ բացթողումների պատճառով:

9.2. Եթե փոխադրման (լիզինգի) պայմանագիրը նախատեսում է լիզինգի առարկայի փոխադրում, և մատակարարողը պարտավոր չէ փոխանցել այն որևէ որոշակի տեղում, ռիսկն անցնում է լիզինգառուից առաջին փոխադրողին, երբ, փոխադրման պայմանագրին համապատասխան, լիզինգի առարկան հանձնված է առաջին փոխադրողին` լիզինգառուին փոխանցելու համար: Եթե մատակարարողը պարտավոր է հանձնել լիզինգի առարկան փոխադրողին որևէ որոշակի վայրում, ապա ռիսկը չի փոխանցվում լիզինգառուին, մինչև լիզինգի առարկան չի հանձնվում փոխադրողին նշված վայրում: Մատակարարողի բեռնակարգադրիչ փաստաթղթերի հանձնման հետաձգման իրավասությունները չեն ազդում ռիսկի փոխանցման վրա:

9.3. Ռիսկը չի փոխանցվում լիզինգառուին, մինչև լիզինգի առարկան չի նույնականացվել տվյալ պայմանագրի նպատակների համար` լիզինգառուին ուղղված դրոշմանշանների և բեռնաթափիչ փաստաթղթերի հիման վրա:

9.4. Ճանապարհին գտնվելու ընթացքում վաճառված լիզինգի առարկայի նկատմամբ ռիսկը լիզինգառուն իր վրա է վերցնում լիզինգի առարկան փոխադրողին հանձնելու պահից: Եթե պայմանագրի կնքման պահին մատակարարողը գիտեր կամ պետք է իմանար, որ լիզինգի առարկան կորած կամ վնասված է և չի հայտնել այդ մասին լիզինգառուին, ապա այդպիսի կորուստը կամ վնասվածքը գտնվում են մատակարարողի ռիսկի տակ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԼԻԶԻՆԳԱՏՈՒԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ)

 

10.1. Առանձնացված խմբաքանակներով լիզինգի առարկայի մատակարարման ժամանակ լիզինգային գործունեության մասնակիցներից որևէ մեկի կողմից ցանկացած խմբաքանակի նկատմամբ իր որևէ պարտականության չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում այդ խմբաքանակի նկատմամբ:

10.2. Լիզինգային գործունեության մասնակիցներից որևէ մեկի կողմից պայմանագրի խախտմամբ հասցված կորուստը կազմում է գումար` հավասար այն վնասին, ներառյալ բաց թողնված շահույթը, որը կրել է լիզինգային գործունեության մյուս մասնակիցը, պայմանագրի խախտման հետևանքով:

10.3. Պայմանագրի խախտման վրա հիմնվող լիզինգային գործունեության մասնակիցը պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք խելամիտ են տվյալ հանգամանքներում` պայմանագրի խախտման հետևանքով առաջացած վնասը (ներառյալ բաց թողնված շահույթը) նվազեցնելու համար: Եթե նա չի ձեռնարկում այդպիսի միջոցներ, ապա պայմանագիրը խախտած լիզինգային գործունեության մասնակիցը կարող է պահանջել վնասների հատուցման կրճատում այն չափով, ինչքանով այն կարող է նվազեցվել:

10.4. Եթե լիզինգային գործունեության մասնակիցը թույլ է տվել վճարումների կատարման ուշացում, ապա լիզինգային գործունեության մյուս մասնակիցն ունի ուշացված գումարից տոկոսներ ստանալու իրավունք` առանց կորուստների հատուցման ցանկացած պահանջ վնասելու, որոնք կարող են գանձվել տվյալ հոդվածի 10.2. կետի հիման վրա:

10.5. Լիզինգային գործունեության մասնակիցները պատասխանատվություն չեն կրում իրենց ցանկացած պարտավորությունները չկատարելու համար, եթե ապացուցեն, որ դա առաջացել է ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքով:

10.6. Իր պարտավորությունները չկատարող լիզինգային գործունեության մասնակիցը պարտավոր է անհապաղ ծանուցել լիզինգային գործունեության մյուս մասնակցին առաջացած խոչընդոտի և պարտավորության կատարման հնարավորության վրա դրա ազդեցության մասին: Եթե այդ ծանուցումը չի ստացվել լիզինգային գործունեության մյուս մասնակցի կողմից պայմանավորված ժամանակահատվածի ընթացքում, հաշված այն պահից, երբ այդ խոչընդոտի մասին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար իր պարտականությունը չկատարող լիզինգային գործունեության մասնակցին, ապա վերջինս պատասխանատվություն է կրում այն կորուստների համար, որոնք առաջացել են այդպիսի ծանուցում չստանալու հետևանքով:

10.7. Լիզինգային գործունեության մասնակիցը չի կարող հիմնվել լիզինգային գործունեության մյուս մասնակցի կողմից պարտավորության չկատարման վրա այնքանով, որքանով այդ չկատարելը առաջացել է լիզինգային գործունեության առաջին մասնակցի գործողությունների կամ բացթողումների հետևանքով:

10.8. Պայմանագրի լուծումը ազատում է լիզինգային գործունեության երկու մասնակիցներին պայմանագրով իրենց ստանձնած պարտավորություններից` պահպանելով հատուցման ենթակա կորուստները գանձելու իրավունքները: Պայմանագրի լուծումը չի շոշափում պայմանագրի որևէ դրույթ, որոնք վերաբերում են լիզինգային գործունեության մասնակիցների պարտավորություններին և իրավունքներին կամ վեճերի լուծմանը` պայմանագրի լուծման դեպքում:

10.9. Պայմանագիրը ամբողջությամբ կամ մասամբ կատարած լիզինգային գործունեության մասնակիցը, լիզինգի պայմանագրի վաղակետ լուծման դեպքում, կարող է պահանջել լիզինգային գործունեության մյուս մասնակցից վերադարձնել այն ամենը, ինչը լիզինգային գործունեության առաջին մասնակցի կողմից մատակարարվել կամ վճարվել է ըստ պայմանագրի: Եթե լիզինգային գործունեության երկու մասնակիցներն էլ պարտավոր են իրականացնել ստացվածի վերադարձ, ապա նրանք պետք է դա անեն միաժամանակ:

10.10. Եթե մատակարարողը պայմանագրի լուծման դեպքում պարտավոր է վերադարձնել արժեքը, ապա նա պարտավոր է նաև վճարել դրա տոկոսները, պայմանագրին համապատասխան` հաշվելով արժեքի վճարման օրվանից:

10.11. Եթե լիզինգառուն պարտավոր է վերադարձնել լիզինգի առարկան ամբողջովին կամ մասամբ, բայց փաստորեն չի կարող դա անել, ապա նա պարտավոր է լիզինգատուին փոխհատուցել մատակարարման պահին լիզինգի առարկայի արժեքը կամ դրա համապատասխան մասը:

10.12. Եթե լիզինգառուն թույլ է տալիս ուշացում մատակարարումը ընդունելիս կամ չի կատարում պայմանագրով նախատեսված վճարումները, իսկ մատակարարողը կամ տիրապետում է լիզինգի առարկային, կամ այլ ձևով ի վիճակի է հսկել դրա տնօրինումը, ապա մատակարարողը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի լիզինգի առարկան պահպանելու համար, որոնք խելամիտ են տվյալ հանգամանքներում: Նա իրավունք ունի պահել լիզինգի առարկան, մինչև իր օպտիմալ ծախսերը չփոխհատուցվեն լիզինգառուի կողմից:

10.13. Եթե լիզինգառուն ստացել է լիզինգի առարկան և մտադրված է իրականացնել դրանից հրաժարվելու իրավունքը` պայմանագրի կամ սույն Կոնվենցիայի հիման վրա, ապա նա պարտավոր է այնպիսի միջոցներ ձեռնարկել լիզինգի առարկան պահպանելու համար, որոնք խելամիտ են տվյալ հանգամանքներում: Նա իրավունք ունի պահել լիզինգի առարկան, մինչև իր օպտիմալ ծախսերը չփոխհատուցվեն մատակարարողի կողմից:

10.14. Լիզինգային գործունեության մասնակիցը, որը պարտավոր է, տվյալ հոդվածի 10.12. և 10.13. կետերին համապատասխան, ձեռնարկել լիզինգի առարկայի պահպանման միջոցներ, կարող է այն ցանկացած պատշաճ ձևով վաճառել, եթե լիզինգային գործունեության մյուս մասնակիցը թույլ է տվել չհիմնավորված ուշացում` լիզինգի առարկան տիրապետման վերցնելու կամ այն հետ վերցնելու հարցում, կամ արժեքի կամ պահման ծախսերի վճարման կապակցությամբ, պայմանով, որ լիզինգային գործունեության մյուս մասնակցին ծանուցում է ուղարկվել լիզինգի առարկան վաճառելու մտադրության մասին:

 

ԲԱԺԻՆ 3
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 11. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտներին Կողմերի տարածքներում երաշխավորվում է լրիվ և անպայման իրավական պաշտպանություն, որն ապահովվում է իրենց ազգային օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն Կոնվենցիայով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԻՑ

 

Եթե սույն Կոնվենցիայի մասնակից պետությունում դրա ուժի մեջ մտնելուց հետո ընդունվում են օրենքներ, որոնց դրույթները վատթարացնում են կամ կարող են վատթարացնել միջպետական լիզինգի պայմանները, ապա միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտները կարող են հինգ տարվա ընթացքում օգտվել նախկինում ընդունված օրենքների դրույթներից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Լիզինգի առարկաները ենթակա չեն ազգայնացման և չեն կարող ենթարկվել բռնագրավման, բացի Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերից (տարերային աղետներ, վթարներ, համաճարակներ, անասնահամաճարակներ և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ), երբ այդ միջոցները ձեռնարկվում են լիզինգի առարկայի ֆիզիկապես գտնվելու վայրի պետության հիմնական օրենքով (սահմանադրությամբ) նախատեսված հասարակական շահերի համար:

Լիզինգի առարկայի ազգայնացման և բռնագրավման մասին որոշումներն ընդունվում են լիզինգի առարկայի ֆիզիկապես գտնվելու պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լիզինգի առարկայի ազգայնացման կամ բռնագրավման մասին պետական մարմինների որոշումները կարող են բողոքարկվել ազգայնացում կամ բռնագրավում իրականացնող պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լիզինգային գործունեության մասնակիցն ունի այնպիսի վնասի հատուցման իրավունք, որն իրեն հասցվել է ազգայնացում կամ բռնագրավում իրականացրած պետության` պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց` օրենսդրությանը հակասող որոշումներով և գործողություններով (անգործությամբ):

 

ՀՈԴՎԱԾ 14. ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Կողմերի միջպետական լիզինգի գործունեության սուբյեկտներն ունեն կորուստների հատուցման իրավունք, ներառյալ բաց թողնված շահույթը և բարոյական վնասը, որոնք հասցվել են նրանց Կողմերի պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` միջազգային լիզինգային գործունեության սուբյեկտների նկատմամբ գործող ազգային օրենսդրությանը և սույն Կոնվենցիային հակասող գործողությունների կամ անգործության արդյունքում, ինչպես նաև այդպիսի մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից` միջազգային լիզինգային գործունեության սուբյեկտների նկատմամբ, ազգային օրենսդրությամբ և սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Միջազգային լիզինգային գործունեության սուբյեկտներին պատճառված բոլոր ծախսերը և կորուստները, պետք է հատուցվեն ընթացիկ շուկայական գների և/կամ անկախ աուդիտորների (վերահսկիչների) կողմից հաստատված հիմնավորված գնահատականների հիման վրա:

Միջազգային լիզինգային գործունեության սուբյեկտին վճարված փոխհատուցումը պետք է լինի ժամանակին, համարժեք, արդյունավետ և որոշակի` կորուստների հատուցման մասին որոշման փաստացի իրականացման պահի դրությամբ:

Կողմերի պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Կողմերի տարածքներում միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտներին, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումները կատարելուց հետո, երաշխավորվում է նրանց եկամուտների, շահույթի և այլ միջոցների փոխանցումը արտասահման, Կողմերի արժույթով կամ ազգային օրենսդրությանը համապատասխան, օրինական հիմքերով ստացված այլ արժույթով:

 

ԲԱԺԻՆ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԵՐԿԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Սույն Կոնվենցիան կարող է հիմք հանդիսանալ Կողմերի կողմից երկկողմ համաձայնագրեր կնքելու համար, որոնք պաշտպանում են դրա մասնակիցների իրավունքները:

Այդ դեպքում երկկողմ պայմանագրերի դրույթները կարող են կոնկրետացնել սույն Կոնվենցիայի առանձին դրույթները, բայց չպետք է հակասեն դրանց:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիան այն ստորագրած Կողմերի կողմից ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ավանդապահին ի պահ հանձնելուց հետո 30-րդ օրը: Կոնվենցիան ավելի ուշ վավերացրած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից իրենց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելուց հետո 30-րդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Կոնվենցիան գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 25 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ 25-ամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիան բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից դրան միանալու համար` ավանդապահին այդպիսի միանալու մասին փաստաթղթերը հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած, Կողմերի` այդպիսի միացման համաձայնության մասին վերջին ծանուցագիրը ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` դուրս գալուց առնվազն 12 ամիս առաջ, այդ մասին գրավոր ծանուցում ուղղելով ավանդապահին:

Եթե Կողմերից մեկը դուրս գա Կոնվենցիայից, ապա մինչև նրա դուրս գալը կնքված լիզինգային պայմանագրերի նկատմամբ կկիրառվեն սույն Կոնվենցիայի դրույթները` ընդհուպ մինչև լիզինգային պայմանագրի ժամկետի ավարտը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը լուծելու անհնարինության դեպքում Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, դիմում են իրավասու միջազգային դատական հաստատություններին, Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է վերապահումով. «10-րդ հոդվածի 10.1 կետում «... այդ խմբաքանակի» բառերը փոխարինել «... ամբողջ խմբաքանակի» բառերով:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի օգոստոսի 30-ից:

 

 

pin
25.11.1998
Միջազգային պայմանագիր