ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման մասին Կոնվենցիայի վրա,
ղեկավարվելով տեղեկատվության ազատ մուտքի սկզբունքով,
հարգելով տեղեկատվության օգտագործողների` տեղեկատվական ռեսուրսներ մուտք ունենալու իրավունքները` անկախ նրանց քաղաքացիությունից և բնակության երկրից,
հաշվի առնելով համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների մուտքի կարգի սահմանման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
տեղեկատվության ազատ մուտք` տեղեկատվության օգտագործողներին` Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիներին, իրավաբանական անձանց, պետական իշխանության և կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միություններին, բաց տեղեկատվության իրավունքի տրամադրում, որը նախատեսում է դրա ազատ ստացում, պահպանում, օգտագործում և տարածում գործող ազգային օրենսդրությամբ չարգելված գիտական, գիտատեխնիկական, արտադրական, հասարակական և այլ գործունեություն իրականացնելիս,
բաց գիտատեխնիկական տեղեկատվություն` գիտատեխնիկական, տնտեսական և սոցիալական գիտելիքներն արտացոլող տեղեկություններ, որոնք ստացվել են գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծային և այլ գիտական և արտադրական գործունեության ընթացքում և թույլատրված են օգտագործման, Կողմերի գործող իրավական ռեժիմին համապատասխան,
ածանցյալ տեղեկատվություն` ելակետային տեղեկատվության մշակման արդյունքում ստացված տեղեկատվություն,
փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ)` նյութական կրողի վրա ֆիքսված տեղեկատվություն` այն նույնականացնելու հնարավորություն տվող ռեկվիզիտներով,
տեղեկատվական համակարգ` փաստաթղթերի (փաստաթղթերի զանգվածի) և տեղեկատվական գործընթացներն իրագործող տեխնոլոգիաների կազմակերպչորեն կարգավորված ամբողջություն,
տեղեկատվական ռեսուրսներ` առանձին փաստաթղթեր և փաստաթղթերի զանգվածներ, տեղեկատվական համակարգերում (գրադարաններում, արխիվներում, հիմնադրամներում, տվյալների բանկերում, այլ տեղեկատվական համակարգերում) առկա փաստաթղթեր և փաստաթղթերի զանգվածներ,
համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսներ` գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին Համաձայնագրի մասնակից պետությունների իրավազորության տակ գտնվող և նրանց կողմից որպես գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումն ապահովող (այն մասով, որը պետությունը սահմանում է փոխանակման համար բավարար) տարր սահմանված տեղեկատվական ռեսուրսների ամբողջություն,
տեղեկատվական արտադրանք` փաստաթղթավորված տեղեկատվություն, որը պատրաստված է օգտագործողների կարիքներին համապատասխան և նախատեսված է կամ կիրառվում է օգտագործողների կարիքների բավարարման համար,
տեղեկատվական ծառայություններ` սուբյեկտների (սեփականատերերի և տիրապետողների) գործողությունները տեղեկատվական արտադրանքով օգտագործողներին ապահովելու ուղղությամբ,
փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի սեփականատեր` օրենքով սահմանված ծավալով նշված օբյեկտների տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորություններն իրականացնող սուբյեկտ,
փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի տիրապետող` սեփականատիրոջ կողմից սահմանված ծավալով նշված օբյեկտների տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորություններն իրականացնող սուբյեկտ,
տեղեկատվության, միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների օգտագործող (այսուհետ` օգտագործող)` սեփականատիրոջը կամ տիրապետողին` իրեն անհրաժեշտ տեղեկատվական արտադրանք կամ միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների օգտագործման հնարավորություն ստանալու համար դիմած և դրանք օգտագործող սուբյեկտ,
միջպետական տեղեկատվական փոխանակում` տեղեկատվական արտադրանքի փոխանցում և ստացում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների մատուցում պետական սահմանների վրայով, գործող իրավական ռեժիմին համապատասխան,
միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցներ` միջպետական տեղեկատվական փոխանակման ժամանակ օգտագործվող տեղեկատվական համակարգեր և ցանցեր, կապի ցանցեր,
տեղեկատվական ոլորտ (միջավայր)` տեղեկատվության ստեղծման, վերափոխման և սպառման հետ կապված սուբյեկտների գործունեության ոլորտ,
տեղեկատվական անվտանգություն` հասարակության տեղեկատվական միջավայրի պաշտպանվածության վիճակ, որն ապահովում է դրա ձևավորումը, օգտագործումը և զարգացումը` քաղաքացիների, կազմակերպությունների, պետության շահերից ելնելով:
ՀՈԴՎԱԾ 2
Յուրաքանչյուր Կողմ.
ապահովում է օգտագործողների համար բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտք,
միջոցներ է ձեռնարկում տեղեկատվական կառուցվածքների համաձայնեցված գործողությունների իրականացման ուղղությամբ` համատեղ օգտագործման գիտատեխնիկական տեղեկատվության ռեսուրսների առավել լրիվ ձևավորման և արդյունավետ օգտագործման ապահովման հարցերով,
պայմաններ է ստեղծում Կողմերի համատեղ օգտագործման գիտատեխնիկական տեղեկատվության համար ազատ մուտքի սկզբունքի գործնական իրագործման համար,
կազմակերպում է տեղեկատվական միջոցների, տեղեկատվական արտադրանքի, տեղեկատվական համակարգերի հաշվառում և գրանցում, ինչպես նաև դրանց մասին տեղեկությունների հրապարակում,
ապահովում է գիտատեխնիկական տեղեկատվության էլեկտրոնային կատալոգների և տվյալների հասցեատեղեկատվական բազայի ձևավորումը:
ՀՈԴՎԱԾ 3
1. Ազատ մուտքի օբյեկտներ են հանդիսանում Կողմերի պետական տեղեկատվական ռեսուրսները, որոնք նախատեսված են միջպետական տեղեկատվական փոխանակման համար:
2. Տեղեկատվության օգտագործողները, անկախ բնակության երկրից և քաղաքացիությունից, ունեն բաց տեղեկատվական ռեսուրսների մուտքի հավասար իրավունքներ:
3. Օրինական հիմքերով պետական տեղեկատվական ռեսուրսներից ստացված տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել ածանցյալ տեղեկատվություն ստեղծելու համար: Գիտատեխնիկական տեղեկատվության օգտագործումը պետք է իրականացվի դրա աղբյուրի անպայման նշմամբ:
ՀՈԴՎԱԾ 4
1. Օգտագործողի կողմից գիտատեխնիկական տեղեկատվության ստացման կարգն ու պայմանները որոշում է սեփականատերը կամ տիրապետողը պայմանագրային հիմունքով: Գիտատեխնիկական տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել ինչպես անհատույց, անշահութաբեր հիմքով, այնպես էլ դրա առևտրային իրացման ճանապարհով` պահպանելով սույն Համաձայնագրով սահմանված պահանջները: Պետական տեղեկատվական ռեսուրսներից օգտագործողներին անվճար կամ անշահութաբեր հիմունքներով տրամադրվող տեղեկատվական ծառայությունների ցանկերը սահմանում է յուրաքանչյուր Կողմ:
2. Տրամադրվող գիտատեխնիկական տեղեկատվության և տեղեկատվական ապահովման ծառայությունների ցանկերը, դրա ստացման կարգի ու պայմանների մասին տեղեկությունները օգտագործողներին տրամադրվում են անվճար:
3. Գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման կարգը և համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների մուտքը կանոնակարգող հրահանգչական-մեթոդական փաստաթղթերը հաստատվում են գիտատեխնիկական տեղեկատվության գծով Միջպետական համակարգող խորհրդի կողմից:
4. Փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի սեփականատերն իրավունք ունի հսկել միջպետական փոխանակման իր օբյեկտների պաշտպանության իրականացման նկատմամբ, արգելել կամ կասեցնել տեղեկատվական արտադրանքի փոխանցումը և միջպետական փոխանակման միջոցների մուտքը` պայմանագրով սահմանված պահանջները և պայմանները չկատարելու դեպքում:
Սեփականատերը պարտավոր է ապահովել օգտագործողների համար մուտք իր սեփականության օբյեկտներ, սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 5
1. Կողմերի` տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Կողմերի կազմակերպությունները պայմաններ են ապահովում օգտագործողներին օպերատիվ կերպով ամբողջական և հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար:
2. Փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի տիրապետողը, նորմատիվ, ծրագրային և տեխնոլոգիական համատեղելիության հիման վրա, պարտավոր է ապահովել ազգային օրենսդրությամբ կամ այդ տեղեկատվական ռեսուրսների սեփականատիրոջ կողմից սահմանված տեղեկատվությունը օգտագործողին տրամադրելու կանոնների և մշակման ռեժիմի պահպանումը:
ՀՈԴՎԱԾ 6
1. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսներն են.
մինչև 1991 թվականը Կողմերի համատեղ ստեղծած տեղեկատվական ռեսուրսներ,
1991 թվականից հետո ստեղծված և Կողմերի կողմից համատեղ օգտագործման համար տրամադրված տեղեկատվական ռեսուրսներ,
Կողմերի կողմից համատեղ ձևավորվող տեղեկատվական ռեսուրսներ:
2. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսները տրամադրվում են հետևյալ ուղիներով.
գիտատեխնիկական տեղեկատվության հիմնադրամներին ազատ մուտքի ապահովում,
Կողմերի միջգրադարանային բաժանորդագրության օգտագործում,
մուտք համատեղ օգտագործման համակարգչային տեղեկատվական ցանցեր, տվյալների բազաներ և շտեմարաններ,
դիմում համատեղ օգտագործման տեղեկատու էլեկտրոնային կատալոգներ և հասցեատեղեկատվական տվյալների բազաներ:
3. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունը չթույլատրված մուտքից ապահովվում է Կողմերի օրենսդրական և այլ նորմատիվ ակտերով:
ՀՈԴՎԱԾ 7
1. Կողմերը պարտավորվում են.
նպաստել իրենց տեղեկատվական ռեսուրսների վիճակի և զարգացման մասին տեղեկությունների և փորձի փոխանակմանը,
խթանել միջպետական տեղեկատվական փոխանակման ակտիվությունը` տնտեսական բնույթի միջոցների համակարգի միջոցով,
օժանդակություն ցուցաբերել զարգացած տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 13-ի` Որոշմամբ ստեղծված գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման զարգացման հիմնադրամի ձևավորմանը:
2. Գիտատեխնիկական տեղեկատվության Միջպետական համակարգող խորհրդի կողմից ընդունված գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մեխանիզմի իրագործման սկզբունքային հարցերի կապակցությամբ հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի հիման վրա, Կողմերի` գիտատեխնիկական համագործակցության իրականացման համար պատասխանատու պետական մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են նորմատիվ-իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ:
3. Գիտատեխնիկական տեղեկատվության Պետական ռուբրիկատորի հիման վրա (ԳՈՍՏ 7.49-84) Կողմերը համատեղ մշակում են ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության Միջպետական ռուբրիկատոր` հաշվի առնելով այդ պետությունների տեղեկատվական կարիքների առանձնահատկությունները: Մինչև նշված փաստաթղթի ընդունումը, Կողմերը որպես միջպետական օգտագործում են գիտատեխնիկական տեղեկատվության Պետական ռուբրիկատորը, ԳՈՍՏ 7.49-84-ին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը միջոցներ կձեռնարկեն միջպետական տեղեկատվական փոխանակման մասնակիցների պետական օժանդակության սկզբունքների և մեխանիզմների մշակման և ներդրման հարցերով համաձայնեցված գործողությունների անցկացման համար, որոնք ուղղված են.
ազգային տեղեկատվական ռեսուրսների վիճակի որակական փոփոխությունների իրականացման համար գիտական հետազոտությունների անցկացմանը,
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա սկզբունքորեն նոր տեղեկատվական արտադրանքի և ծառայությունների ստեղծմանը,
միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների և ազգային տեղեկատվական ենթակառուցվածքի ձևավորմանը, զարգացմանը և կատարելագործմանը:
ՀՈԴՎԱԾ 9
1. Կողմերը միջոցներ կձեռնարկեն փաստաթղթավորված տեղեկատվության և տեղեկատվական արտադրանքի տեսքով գիտատեխնիկական տեղեկատվության` առանց մաքսերի գանձման ներմուծման, արտահանման և տեղափոխման ընթացակարգի մշակման ուղղությամբ` մաքսային մարմիններին ներկայացնելով միայն Համագործակցության մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան ձևակերպված ուղեկցող փաստաթղթեր:
Կողմերը միջոցներ կձեռնարկեն միանալու համար 1950 թվականի նոյեմբերի 22-ի` Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին Միջազգային Համաձայնագրին (Ֆլորենցյան կոնվենցիա) և 1976 թվականի նոյեմբերի 26-ի` դրա Արձանագրությանը, որը սահմանում է, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, թերթերի, պարբերական և այլ հրատարակությունների` այդ Համաձայնագրի մասնակից երկրներ ներմուծելիս և դրանցից արտահանելիս, մաքսային ձևակերպումն իրականացվում է առանց մաքսային տուրքերի և ավելացված արժեքի հարկի գանձման:
ՀՈԴՎԱԾ 10
Յուրաքանչյուր Կողմ ձեռնպահ է մնում սույն Համաձայնագրի դրույթներին հակասող և դրանում դրված նպատակների իրագործմանը խոչընդոտող, ինչպես նաև այլ Կողմերին վնաս հասցնող գործողություններից:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ միջազգային դատական մարմիններ:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ առանձին արձանագրությունների ձևով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ, այլ պետությունների կողմից միանալու համար` այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից, եթե դա չի հակասում Կողմերի օրենսդրությանը և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 17-ից: