Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

ելնելով «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին» 1992 թվականի փետրվարի 14-ի Համաձայնագրից,

արտահայտելով մասնակից պետությունների մտահոգությունը նախկին ԽՍՀՄ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ճակատագրով, ինչպես նաև ընդունելով նրանց բնակելի տարածքներով ապահովելու հարցերի լուծման համար համաձայնեցված միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է զինծառայողների (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) վրա, որոնք զինվորական ծառայություն են անցնում Անկախ Պետությունների Համագործակցության զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում, Անկախ Պետությունների Համագործակցության միացյալ զինված ուժերում, զինվորական ծառայություն են անցել նախկին ԽՍՀՄ զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում (այսուհետ` զինծառայողներ), ինչպես նաև 1991 թվականի դեկտեմբերի 31-ից հետո նշված զինծառայողների թվից քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են հանդիսանում իրենց բնակության պետությունում կամ իրավունք ունեն ձեռք բերելու այն մասնակից պետության քաղաքացիությունը, որի տարածքում մշտապես բնակվում են:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները այլ պետություն զինվորական հետագա ծառայության անցման համար փոխադրվելու դեպքում ապահովվում են բնակելի տարածքներով այն մասնակից պետության հաստատած նորմերով և կարգով, որտեղ նրանք բնակվում են:

Զինվորական ծառայության անցման համար այլ պետության տարածք ուղարկված զինծառայողների համար պահպանվում են բնակելի տարածքները մշտական բնակության վայրում մյուս մասնակից պետության տարածքում զինվորական ծառայություն անցնելու ընթացքում: Ընդ որում, զինվորական ծառայության ընթացքում նրանց տրամադրվում են ծառայողական բնակելի տարածքներ` շահագրգիռ մասնակից պետությունների միջև պայմանավորվածությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Զինվորական ծառայությունից զորացրված անձինք և նրանց ընտանիքների անդամները մի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք մշտական բնակության տեղափոխվելու դեպքում բնակության ընտրած վայրում ապահովվում են բնակելի տարածքներով այն պետության քաղաքացիների համար սահմանված նորմերին համապատասխան, որի տարածք նրանք ժամանել են:

Այն մասնակից պետությունը, որի զինված ուժերում և զինվորական այլ կազմավորումներում զինվորական ծառայություն են անցել սույն հոդվածում նշված քաղաքացիները, նախապես նրանց համար ձեռք է բերում բնակելի տարածքներ մյուս մասնակից պետության տարածքի նրանց կողմից ընտրած մշտական բնակության վայրում, այդ քաղաքացիների կողմից ծառայության (բնակության) նախկին վայրում զբաղեցրած բնակելի տարածքները հանձնելու պայմանով կամ, եթե ծառայության (բնակության) նախկին վայրում բնակելի տարածքներ նրանց չեն տրամադրվել:

Նշված բնակելի տարածքների ձեռքբերման կարգը և ժամկետները սահմանվում են մասնակից պետությունների կառավարությունների կողմից երկկողմ հիմքերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Զինծառայողները, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները մի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք մշտական բնակության տեղափոխվելու դեպքում իրավունք ունեն փոխանակել մշտական բնակության համար իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, մյուս մասնակից պետության քաղաքացիների հետ, ինչպես նաև նրանք իրավունք ունեն վաճառել իրենց կողմից սեփականաշնորհած բնակելի տարածքները` անկախ սեփականաշնորհման ժամկետներից:

Այդ բնակելի տարածքների փոխանակումը և վաճառքը իրականացվում է մասնակից պետությունների օրենսդրություններով հաստատված նորմերով և կարգով, իսկ եթե այդ հարցերով նորմատիվ-իրավական ակտեր չեն ընդունվել, ապա մինչև դրանց ընդունումը` նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ հաստատած նորմերով և կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում բնակելի տարածքների փոխանակման և վաճառքի հարցերով վեճերը լուծվում են այն մասնակից պետության դատարանի կողմից, որի տարածքում է գտնվում վեճի առարկա հանդիսացող բնակելի տարածքը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին մի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք մշտական բնակության տեղափոխվելու դեպքում, մասնակից պետությունների լիազոր մարմինների կողմից տրվում է նրանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների հանձնման, սեփականաշնորհման, փոխանակման, վաճառքի կամ դրանց հետ կատարված այլ գործողությունների փաստը հաստատող փաստաթուղթ` նշելով դրանց կատարման ժամանակը: Տրված փաստաթղթերը ճանաչվում են մասնակից պետությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մասնակից պետությունները տեղեկացնում են միմյանց այդ պետություններում բնակարանային օրենսդրության բնագավառում նորմատիվ ակտերի մասին, ինչպես նաև մշտական համագործակցություն են իրականացնում զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին բնակելի տարածքներով ապահովելու հարցերը լուծելիս:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը, անհրաժեշտության դեպքում, կհամաձայնեցվեն մասնակից պետությունների լիազոր իրավասու մարմինների կողմից երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 28-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «1. 3-րդ հոդվածում «... այն պետության քաղաքացիների համար սահմանված նորմերին համապատասխան, որի տարածք նրանք ժամանել են ...» բառերի փոխարեն նշել «համաձայն գտնվելու վայրի երկրի օրենսդրության»:

2. 3-րդ հոդվածից բացառել 2-րդ և 3-րդ պարբերությունները:

3. 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունից բացառել «... փոխանակել մշտական բնակության համար իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, մյուս մասնակից պետության քաղաքացիների հետ, ինչպես նաև ... «բառերը, իսկ «վաճառել» բառից հետո ավելացնել «կամ փոխանակել» բառերը»:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 19-ից:

 

 

pin
28.03.1997
Միջազգային պայմանագիր