i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 83BIS ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով 1994 թվականի միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) դրույթներով և կարևորելով քաղաքացիական ավիացիային, որպես Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների համագործակցության կարևոր գործոններից մեկը,
հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 23-րդ նստաշրջանում (Մոնրեալ, 1980 թվականի հոկտեմբերի 6) ձեռքբերված համաձայնությունը օդանավի գրանցման պետությունից շահագործող պետությանը որոշակի գործառույթների և պարտականությունների փոխանցման անհրաժեշտության մասին օդանավերի վարձակալության և դրանց փոխանակման կամ այդ օդանավերի նկատմամբ որևէ նման գործողությունների դեպքում,
ձգտելով առավելագույնս ապահովելու միջոցառումները, որոնք նախատեսում են քաղաքացիական ավիացիայի անվտանգ զարգացումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերն իրենց պետությունների տարածքների վրա օդային տարածության սահմաններում թռիչքների իրականացման դեպքում, ժամանակավորապես, նախքան Չիկագոյի Կոնվենցիայի 83bis հոդվածի վավերացումը, ճանաչում են այդ հոդվածի դրույթների կիրառման անհրաժեշտությունը, որը սահմանում է.
«ա) Չնայած 12-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածների և 32-րդ հոդվածի «ա» կետի դրույթներին, այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունում գրանցված օդանավը շահագործվում է համաձայն օդանավերի վարձակալության կամ փոխանակման պայմանագրի կամ ցանկացած նման պայմանագրին համապատասխան շահագործողի հետ, որի գործունեության հիմնական տեղը կամ, եթե նա չունի գործունեության նման տեղ, որի մշտական գտնվելու վայրը գտնվում է այլ Պայմանավորվող պետությունում, գրանցման պետությունը կարող է նման այլ պետության հետ համաձայնությամբ փոխանցել իր գործառույթների և պարտականությունների ամբողջ կամ մի մասը այդ օդանավի նկատմամբ, որպես գրանցման պետության` նախատեսված 12-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածներով և 32-րդ հոդվածի «ա» կետով: Գրանցման պետությունը ազատվում է իրեն փոխանցված գործառույթների և պարտականությունների նկատմամբ պատասխանատվությունից:
բ) Փոխանցումը չի գործի այլ Պայմանավորվող պետությունների նկատմամբ այնքան ժամանակ, քանի պետությունների միջև համաձայնագիրը, որտեղ նախատեսված է փոխանցումը, չի գրանցվի և չի հրապարակվի, 83-րդ հոդվածին համապատասխան, կամ մինչ այն ժամանակ, երբ համաձայնագրի գոյության և առարկայի մասին Համաձայնագրի կողմ պետությունը անմիջապես չի հաղորդի շահագրգիռ մյուս Պայմանավորվող պետությանը կամ պետությունների իշխանություններին:
գ) Վերոհիշյալ «ա» և «գ» կետերի դրույթները կիրառվում են նաև 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերի նկատմամբ»:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը, որոնց պետությունները Չիկագոյի Կոնվենցիայի 94-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան չեն վավերացրել 83bis հոդվածը, կքննարկեն նրա վավերացման հնարավորությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հոդված 3
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հոկտեմբերի 27-ից: