Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաստատելով իրենց կողմնակցությունը փոխադարձ տնտեսական համագործակցության ազատ զարգացմանը,

ներդնելով պրակտիկայում շուկայական տնտեսության սկզբունքները,

գործելով 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվա քաղաքում ստորագրված Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի դրույթների իրականացման հաջորդական ուղղությամբ,

ձևավորելով պայմաններ ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար,

ապահովելով փոխադարձ առևտրի հավասարակշռությունը և մասնակցող պետությունների տնտեսական վիճակի ներքին կայունացումը,

աջակցելով մասնակից պետությունների տնտեսական ներուժի աճին` փոխադարձ կոոպերացիոն կապերի և համագործակցության զարգացման հիման վրա,

ղեկավարվելով իրենց պետությունների բնակչության կենսամակարդակի մշտական բարձրացման ձգտումով,

ելնելով այն բանից, որ Տնտեսական միությունը ստեղծվում է փուլերով,

դառնալով ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրի մասնակից, այսուհետ` Համաձայնագիր,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների ձեռքբերման նպատակով Պայմանավորվող կողմերը փոխգործակցություն կապահովեն Տնտեսական միության ստեղծման առաջին փուլի կոնկրետ խնդիրների լուծման գործում, որոնք ուղղված են.

համարժեք գործողություն ունեցող մաքսային տուրքերի, հարկերի և վճարների ու փոխադարձ առևտրում քանակական սահմանափակումների հետզհետե վերացմանը,

ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար այլ խոչընդոտների վերացմանը,

առևտրային և այլ գործողություններով փոխադարձ հաշվարկների ու վճարների արդյունավետ համակարգի ստեղծմանը և զարգացմանը,

սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող երկրների հանդեպ առևտրային քաղաքականության համադրմանը,

տնտեսական քաղաքականության համադրմանը այն չափով, որքանով դա անհրաժեշտ է Համաձայնագրի նպատակների ձեռքբերման համար (արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, ֆինանսների, ներդրումների, սոցիալական ոլորտի, բարեխիղճ մրցակցության զարգացման և այլ բնագավառներում),

միջճյուղային և ներճյուղային կոոպերացիայի և գիտատեխնիկական համագործակցության աջակցությանը,

Պայմանավորվող կողմերի օրենսդրությունների ներդաշնակեցմանը և/կամ միասնականացմանը այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ազատ առևտրի գոտու պատշաճ և արդյունավետ գործունեության համար,

2. Համաձայնագրի տարածքը ներառում է Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքները:

3. Եթե հասկացությունների նշանակությունը Համաձայնագրում հատուկ կերպով կամ Պայմանավորվող կողմերի այլ պայմանավորվածությամբ սահմանված չի, ապա դրանց մեկնաբանման դեպքում Պայմանավորվող կողմերը կղեկավարվեն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի` Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով,

Համաձայնագրի կամ դրա առանձին հասկացությունների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն սույն Համաձայնագրի հետ կապված վեճերի կարգավորման համար ընդունված ընթացակարգին համապատասխան:

4. Պայմանավորվող կողմերը ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի դրույթներին հակասող և նպատակների ձեռքբերմանը խոչընդոտող գործողություններից: Այս դրույթը վերաբերում է, մասնավորապես, տարածաշրջանային այլ տնտեսական խմբավորումներին Պայմանավորվող կողմերի մասնակցության պայմաններին, ինչպես նաև Համաձայնագրի շրջանակներում հարաբերությունների կարգավորման հետ կապված այլ հարցերին:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՉՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵԺԻՄ

 

Պայմանավորվող կողմերը իրենց իրավունք են վերապահում սույն Համաձայնագրին չմասնակցող պետությունների հետ արտաքին տնտեսական հարաբերությունների ռեժիմը ինքնուրույն և անկախ սահմանելու:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐ, ՀԱՐԿԵՐ ԵՎ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի մաքսային տարածքից ծագող և մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների ներմուծման և/կամ արտահանման համար համարժեք գործողություն և քանակական սահմանափակումներ ունեցող մաքսային տուրքեր, հարկեր և գանձումներ: Տվյալ առևտրային ռեժիմից սահմանափակումները ձևակերպվում են փաստաթղթերով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից վեց ամսվա ընթացքում մշակում և համաձայնեցնում են ազատ առևտրի ռեժիմից բացառումների ընդհանուր Ցանկը, ինչպես նաև մինչև ազատ առևտրի գոտու ստեղծումը անցումային ժամանակաշրջանում նման բացառումների կիրառման և փուլային վերացման մեթոդները:

3. Նախքան բացառումների ընդհանուր Ցանկի համաձայնեցումը` Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում կկիրառվեն ազատ առևտրի մասին գործող երկկողմ համաձայնագրեր և այդ ռեժիմից բացառումների մասին արձանագրություններ, եթե այլ բան նախատեսված չի երկկողմ համաձայնագրերով:

4. Ապրանքի ծագման երկիրը որոշվում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող ապրանքների ծագման երկրի որոշման Կարգին համապատասխան (հավելված 1):

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ)

 

1. Պայմանավորվող կողմերը փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների և համանման բնույթի այլ սահմանափակումների վերացման նպատակով կձգտեն տեխնիկական և այլ հատուկ պահանջների ներդաշնակեցմանը և այդ բնագավառում իրենց քաղաքականության համաձայնեցմանը:

2. Պայմանավորվող կողմերը իրենց իրավասու մարմիններին կհանձնարարեն պատրաստելու համապատասխան առաջարկություններ բազմակողմ կամ երկկողմ հիմքով, սույն հոդվածի առաջին կետի դրույթների իրացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Փոխադարձ առևտրում ապրանքների ներմուծման կամ արտահանման հետ կապված Պայմանավորվող կողմերի սահմանած բոլոր գանձումները և վճարները (բացառությամբ մաքսային տուրքերի, հարկերի և դրանց հավասարեցված գանձումների) չպետք է գերազանցեն ուղղակի փաստացի ծախսերը խելամիտ սահմաններում:

2. Պայմանավորվող կողմերը կտեղեկացնեն միմյանց գանձումների և վճարների տեսակների մասին և կձգտեն դրանց թվի և չափերի համաձայնեցված կրճատմանը:

3. Պայմանավորվող կողմերը կձգտեն վարչական ձևականությունների պարզեցմանը և միասնականացմանը:

4. Սույն հոդվածի դրույթները տարածվում են, մասնավորապես, գանձումների և ձևականությունների վրա, որոնք վերաբերում են.

քանակական սահմանափակումներին,

լիցենզավորմանը,

արժութային հսկողությանը,

վիճակագրական հաշվառմանը,

փաստաթղթերին, փաստաթղթավորմանը և փաստաթղթերի հաստատմանը,

վերլուծությանը և ուսումնասիրմանը,

կարանտինին, սանիտարական ծառայությանը, ֆումիգացիային և այլն:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն մաքսային ձևականությունների առավելագույն պարզեցման և միասնականացման համար, մասնավորապես, մաքսային և ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի միասնական ձևեր մտցնելու ճանապարհով` կողմնորոշվելով դեպի գործող միջազգային համաձայնագրերը և պայմանավորվածությունները:

2. Պայմանավորվող կողմերը կհանձնարարեն իրենց իրավասու մարմիններին առաջարկություններ պատրաստել, որոնք վերաբերում են մաքսային ընթացակարգեր ներդաշնակեցմանը և մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովվածությունների փոխադարձ ճանաչմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐ

 

1. Սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների իրականացման, վիճակագրական հաշվառում անցկացնելու և վիճակագրական տեղեկության փոխանակման դեպքում, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար Պայմանավորվող կողմերը կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերը` հիմնված ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակ համակարգի վրա: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը սեփական կարիքների համար իրականացնում են ազգային ապրանքների անվանացանկերի հետագա զարգացումը:

2. Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակ համակարգի նմուշային օրինակի պատրաստումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը առկա ներկայացուցչությունների միջոցով, համապատասխան միջազգային կազմակերպություններում, քանի դեռ մյուս Պայմանավորվող կողմերը չեն հայտարարի նմուշային օրինակի ինքնուրույն պատրաստման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՆԵՐՔԻՆ ՀԱՐԿԵՐ ԵՎ ՖԻՍԿԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներից ծագող ապրանքներից ուղղակի կամ անուղղակի ձևով չեն գանձի հարկեր և ֆիսկալ բնույթի այլ գանձումներ` ազգային ապրանքների համար դրանց մակարդակը գերազանցող չափով:

2. Պայմանավորվող կողմերը կտրամադրեն լրիվ տեղեկատվություն բոլոր գործող հարկերի և ֆիսկալ բնույթի այլ գանձումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԼՐԱՎՃԱՐՆԵՐ /ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ/

 

Պայմանավորվող կողմերը համաձայնել են չտրամադրել արտահանման և այլ լրավճարներ /սուբսիդիաներ/ իրենց տարածքներում գտնվող ձեռնարկություններին, եթե նման լրավճարների /սուբսիդիաների/ տրամադրման արդյունքում խախտվում են բարեխիղճ մրցակցության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏԱՐԱՆՑՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակների ձեռքբերման կարևոր պայման և աշխատանքի միջազգային բաժանման ու կոոպերացման համակարգին դրանց միացման գործընթացի էական տարր:

2. Տարանցիկ փոխադրումները չպետք է ենթարկվեն անհիմն ձգձգումների կամ սահմանափակումների:

3. Տարանցման պայմանները, ներառյալ տրանսպորտի ցանկացած տեսակով փոխադրման համար սակագները և ծառայությունների մատուցումը, չպետք է ավելի վատթար լինեն, քան նրանք, որոնք Պայմանավորվող կողմերը ապահովում են բեռների սեփական ուղարկողների և ստացողների, իրենց պատկանող ապրանքների, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի փոխադրողների ու տրանսպորտային միջոցների համար կամ տրամադրվում են բեռների ուղարկողներին և ստացողներին, նրանց պատկանող ապրանքներին, ցանկացած այլ օտարերկրյա պետության փոխադրողներին ու տրանսպորտային միջոցներին, եթե այլ բան նախատեսված չի երկկողմ համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ չի թույլատրի այն ապրանքների անթույլատրելի վերաարտահանումը, որոնց արտահանման նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմերը, որոնց տարածքից ծագում են այդ ապրանքները, կիրառում են սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

2. Պայմանավորվող կողմերը չեն խոչընդոտի տնտեսվարող սուբյեկտներին կոնտրակտներում դրույթներ ներառել, որոնք վերաբերում են ապրանքների վերաարտահանմանը:

3. Ապրանքների վերաարտահանման հետ կապված հարցերը կարգավորվում են «Ապրանքների վերաարտահանման և վերաարտահանման համար թույլտվություն տալու կարգի մասին» Համաձայնագրով (Հավելված 2), որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն արտադրական կոոպերացիայի և գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը միջպետական (միջգերատեսչական, տարածաշրջանային) և տնտեսվարող սուբյեկտների մակարդակով, այդ թվում` պետական օժանդակության տարբեր ձևերի տրամադրման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Ընդհանուր բացառումներ:

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերից ցանկացածի իրավունքին` ընդունելու միջազգային պրակտիկայում հանրաճանաչ արտաքին տնտեսական կապերի բնագավառում պետական կարգավորման միջոցներ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայման անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից է նա կամ մտադիր է դառնալ, եթե այդ միջոցները վերաբերում են.

հասարակական բարոյականության և հասարակական կարգի պաշտպանությանը,

մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը,

կենդանիների և բույսերի պահպանությանը,

շրջակա միջավայրի պաշտպանությանը,

ազգային սեփականություն կազմող գեղարվեստական, հնագիտական և պատմական արժեքների պահպանությանը,

արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկու, արծաթի կամ այլ թանկարժեք մետաղների ու քարերի առևտրին,

չվերականգնվող բնական ռեսուրսների պահպանությանը,

արտադրանքի արտահանման սահմանափակմանը, երբ այդ արտադրանքի ներքին արժեքը օժանդակության պետական ծրագրերի իրականացման արդյունքում ցածր է համաշխարհային արժեքից,

վճարային հաշվեկշռի խախտմանը:

2. Բացառություններ անվտանգության նկատառումներով:

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` կիրառելու պետական կարգավորման ցանկացած միջոցներ, որոնք նա անհրաժեշտ է համարում, եթե այդ միջոցները վերաբերում են.

ազգային անվտանգության ապահովմանը, ներառյալ պետական գաղտնիքին վերաբերող գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելումը,

զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի առևտրին, ռազմական բնույթի ծառայությունների ցուցաբերմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրության համար և այլ ռազմական նպատակներով ծառայությունների ցուցաբերմանը,

ճեղքվող նյութերի և ռադիոակտիվ նյութերի աղբյուրների մատակարարմանը, ռադիոակտիվ թափոնների ուտիլացմանը,

միջազգային հարաբերություններում ռազմական դրության ժամանակ կամ այլ արտակարգ հանգամանքներում կիրառվող միջոցներին,

միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության համար ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա նրա կողմից պարտավորությունների իրականացման գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Պայմանավորվող կողմը նախօրոք ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմերին պետական կարգավորման միջոցների ներառման և գործողության պատճառների, բնույթի և ենթադրվող ժամկետների մասին:

2. Պայմանավորվող կողմերը անց են կացնում նախնական խորհրդակցություններ և մշակում երաշխավորություններ: Համաձայնեցված որոշում ընդունելու անհնարինության դեպքում, սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված Պայմանավորվող կողմը, վեցամսյա ժամկետում իրավունք ունի, ըստ իր հայեցողության, կիրառել պետական կարգավորման միջոցներ:

3. Հետաձգման ոչ ենթակա հատուկ դեպքերում, Պայմանավորվող կողմը իրավունք ունի արտաքին տնտեսական գործունեության բնագավառում կիրառել պետական կարգավորման միջոցներ` միաժամանակ տեղեկացնելով մյուս Պայմանավորվող կողմերին և նրանց հետ հետագա, անհապաղ խորհրդակցություն անցկացնելով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն և կիրականացնեն համաձայնեցված գործողություններ արտահանման նկատմամբ հսկողության հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Ազատ առևտրի գոտու ռեժիմը տարածվում է Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներից ծագող և Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը, փոխադարձության հիման վրա, կձգտեն սահմանափակումների հետզհետե վերացմանը` Համաձայնագրի տարածքի սահմաններում ծառայությունների ազատ ցուցաբերման համար պայմանների ստեղծման նպատակներով:

2. Պայմանավորվող կողմերը կսահմանեն ծառայությունների տեսակները, որոնց վրա տարածվում են սույն հոդվածի գործողությունը և կընդգծեն ապրանքաշրջանառության անմիջական սպասարկման բնագավառում ծառայությունների առաջնային ձևերը, որոնց վերաբերյալ ներմուծման և արտահանման ազատականացման հարցերը ենթակա են առաջնահերթության կարգով լուծման:

3. Պայմանավորվող կողմերը իրենց իրավունք են վերապահում համաձայնեցնելու ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիմքով ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

Պայմանավորվող կողմերը, համաձայնեցված կարգով, միմյանց տրամադրում են արտաքին տնտեսական կապերի ներքին իրավական կարգավորման մասին տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և/կամ կիրառման հետ կապված Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ կամ տարաձայնություն, ինչպես նաև սույն Համաձայնագրով կամ դրա հետ կապված Պայմանավորվող կողմերի իրավունքները և պարտականությունները շոշափող այլ վեճեր կլուծվեն հետևյալ կարգով.

շահագրգիռ Պայմանավորվող կողմերի միջև, կամ փոխադարձ համաձայնությամբ, այլ Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անմիջական խորհրդակցությունների անցկացման միջոցով,

հատուկ համաձայնեցնող ընթացակարգի շրջանակներում (վեճի նյութերի ուսումնասիրման և երաշխավորությունների մշակման համար աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով),

ԱՊՀ Տնտեսական դատարանում,

միջազգային իրավունքով նախատեսված այլ ընթացակարգերի շրջանակներում:

2. Հաջորդ ընթացակարգին անցումը հնարավոր է Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնց միջև ծագել են վիճելի հարցեր կամ տարաձայնություններ, կամ այդ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով, եթե համաձայնություն ձեռք չի բերվում ընթացակարգը սկսելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄՅՈՒՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող խոչընդոտել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին կատարելու որևէ այլ միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, որի մասնակից է հանդիսանում այդ Պայմանավորվող կողմը կամ կարող է դառնալ, պայմանով, որ այդ պարտավորությունները չհակասեն սույն Համաձայնագրի դրույթներին ու նպատակներին:

2. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում ներքին օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրերի հիման վրա կանոնակարգվող տարածաշրջանային համագործակցության, սահմանամերձ և ափամերձ առևտրի, արտոնությունների, ազատ տնտեսական և մաքսային գոտիների շրջանակներում տրամադրվող իրավունքներն ու առավելությունները:

3. Պայմանավորվող կողմը, որը մտադիր է արտոնյալ, առևտրային և ինտեգրացիոն համաձայնագրեր կնքել սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների հետ, նախօրոք ծանուցում է դրա մասին մյուս Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է նրանց վերոհիշյալ համաձայնագրերում իր մասնակցության ենթադրվող պայմանների մասին:

Սույն կետի նպատակների համար Պայմանավորվող կողմեր են հանդիսանում սույն Համաձայնագիրը ստորագրած Պայմանավորվող կողմերը և սույն Համաձայնագրին միացած պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԱՆՑՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

 

Ազատ առևտրի գոտին դիտարկվում է որպես Մաքսային միության անցման համար անցումային փուլ:

Մաքսային միությունը կարող է ստեղծվել այն պետությունների կողմից, որոնք ցանկություն կարտահայտեն շարունակելու համագործակցությունը նրա շրջանակներում և որոնք կկատարեն սույն Համաձայնագրի պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրում, Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

2. Սույն Համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Պայմանավորվող կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

2. Սույն Համաձայնագրի ավանդապահն է Բելառուսի Հանրապետությունը:

3. Սույն Համաձայնագիրը ստորագրելու օրվանից մեկ տարի անց, Պայմանավորվող կողմերը, որոնց համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել, կարող են որոշում ընդունել Համաձայնագրում այն Պայմանավորվող կողմերի մասնակցության վերաբերյալ, որոնց համար Համաձայնագիրը կիրառվում է ժամանակավորապես:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՄԻԱՑՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար, որը ճանաչում է միանալու պահին գործող Համաձայնագրի դրույթները և պատրաստակամություն է հայտնում կատարել դրանք լրիվ ծավալով:

2. Միացումը իրականացվում է միացող պետության հետ կնքվող առանձին համաձայնագրում սահմանված պայմաններով և կարգով: Այդ համաձայնագիրը նախօրոք համաձայնեցվում է և ենթակա բոլոր Պայմանավորվող կողմերի հավանությանը` նրանց ներպետական ընթացակարգերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել Համաձայնագրում իր մասնակցությունը` վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմերին Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին պաշտոնական գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում, որը լուրջ վնաս է հասցնում նրա նպատակների ձեռքբերմանը, մյուս Պայմանավորվող կողմերը իրավունք ունեն որոշում ընդունել այդ Պայմանավորվող կողմի նկատմամբ դադարեցնելու Համաձայնագրի կամ դրա առանձին մասերի գործողությունը, կամ որոշում ընդունել Համաձայնագրի մասնակիցներից նրան բացառելու վերաբերյալ:

3. Հնարավոր վեճերի ու հավակնությունների լուծման նպատակների համար, այդ թվում նյութական բնույթի, սույն Համաձայնագրի դրույթները շարունակում են գործել մասնակցությունը դադարեցրած Պայմանավորվող կողմի նկատմամբ, մինչև բոլոր պահանջների լրիվ կարգավորումը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած Պայմանավորվող կողմերին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

* «Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին» Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումը ընդունվել է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին:

** Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների 9-րդ և 10-րդ կետերի փոփոխության մասին Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումն ընդունվել է 1994 թվականի ապրիլի 15-ին:

*** «Ապրանքների վերաարտահանման և վերաարտահանման համար թույլտվություն տալու կարգի մասին» Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Համաձայնագիրը ընդունվել է 1994 թվականի ապրիլի 15-ին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 22-ից:

 

 

pin
15.04.1994
Միջազգային պայմանագիր