Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466-ՐԴ, 502...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466-ՐԴ, 502-ՐԴ ԵՎ 507-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-93 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3223

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սաթնէ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծել, պարտավորեցնել վերադարձնել Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վճռում տեղ գտած «և որի համար Աշոտ Այվազյանը հայցվորին վճարել է 40 000 ԱՄՆ դոլար, որը նույնպես դատարանը ապացուցված է համարում» ըստ էության վրիպակ է, քանի որ որևէ դրամական պահանջ հայցվորները չեն ներկայացրել ու ոչ հայցվորները, ոչ պատասխանողները չեն անդրադարձել 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրի 3-րդ կետով նախատեսված պայմանագրի գնին և, առավել ևս, վճարումներին, ինչը տրամաբանական է, քանի որ հայցի հիմքն այլ է եղել:

Նման եզրահանգման համար որևէ փաստական հիմք չի եղել: Դատարանը չի հետազոտել գումարի վճարում հավաստող որևէ փաստաթուղթ:

i

2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 502-րդ և 507-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Կողմերի միջև կնքված պայմանագրով գնորդը պետք է վճարեր 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն գնորդի կողմից վճարումը չի կատարվել, ինչը պայմանագրի էական խախտում է և դրա լուծման հիմք:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի թիվ 05-596 քաղաքացիական գործով (ըստ հայցի Ալբերտ Խուդոյանի, Արայիկ Աթանեսյանի, Նունե Բարսեղյանի, Թամարա Հայրապետյանի և Ընկերության ընդդեմ Հենրիկ և Աշոտ Այվազյանների, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման) հայցի առարկան է` Ընկերության 17.07.2002 թվականի արտահերթ ժողովի արձանագրությունն առոչինչ ճանաչելը, ինչպես նաև Հ. Այվազյանի անվամբ տրված 13.01.2003 թվականի լիազորագիրը, 17.02.2003 թվականի հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված վարձակալության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելը:

2) Սույն քաղաքացիական գործով հայցի առարկան է հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելը, ինչպես նաև Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելը:

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Աշոտ Այվազյանը «հայցվորին» վճարել է 40.000 ԱՄՆ դոլար:

4) Վերոնշյալ քաղաքացիական գործով բացակայում է որևէ վերաբերելի ապացույց, որը հաստատում է Աշոտ Այվազյանի կողմից «հայցվորին» 40.000 ԱՄՆ դոլար վճարելու փաստը:

5) Աշոտ Այվազյանի կողմից «հայցվորին» 40.000 ԱՄՆ դոլար վճարելու փաստը վերաբերելի չէ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի թիվ 05-596 քաղաքացիական գործով հայցի առարկայի նկատմամբ:

6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի թիվ 05-596 քաղաքացիական գործով կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը բողոքի սահմաններում, պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված ցանկացած հանգամանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ունի նախադատելի նշանակություն քննվող այլ գործի համար, նույնիսկ եթե այդ հաստատված հանգամանքը վերաբերելի չէ նախկինում քննված քաղաքացիական գործով հայցի առարկային (չի դասվում հաստատման ենթակա հանգամանքների շարքը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն` praejudicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեճի լուծման պահին գործող խմբագրությամբ 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այսինքն, օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար, նախադատելիությունը օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

Սակայն դատական ակտի նախադատելիության օբյեկտիվ սահմանները և դրանցից դուրս գալու հնարավորությունը ստեղծում է որոշակի իրավիճակներ, երբ պրեյուդիցիալ կապը դառնում է չկանխորոշող և կախված է լինում գործին մասնակցող անձանց կամքից և դատական հայեցողությունից:

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այս օրինադրույթը պարունակում է վերը բարձրացված իրավական խնդրի լուծման տեսանկյունից կարևոր երկու դատավարական կանոն, այն է`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի վերը հիշատակված երկու դատավարական կանոնների պահպանումը:

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տալիս ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման:

Վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի վճռով հաստատված հանգամանքը «Աշոտ Այվազյանի կողմից հայցվորին 40.000 ԱՄՆ դոլար վճարված լինելու մասին» չէր մտնում այդ գործով ապացուցման առարկայի սահմանների մեջ, իսկ դատարանի բուն եզրահանգումը այդ փաստի առկայության վերաբերյալ հաստատված չէ ապացուցման ֆորմալ պահանջների պահպանմամբ` դատարանն այն հաստատված է համարել առանց վերաբերելի որևէ ապացույցի հետազոտման և գնահատման:

Որևէ հանգամանքի նախադատելիության որոշման համար Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև վերը հիշատակված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասում պարունակվող առաջին դատավարական կանոնի ճիշտ կիրառումը: Գործով հաստատված որևէ հանգամանքի նախադատելիությունը պայմանավորվում է այդ հանգամանքի` մրցակցային դատավարության կանոններով հաստատված լինելու փաստի հետ: Ահավասիկ, այն դեպքերում, երբ հանգամանքը հաստատվել է առանց ֆորմալ դատավարական կանոնների պահպանման (ապացույցների հավաքման, հետազոտման և գնահատման դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ) կամ կողմերից մեկի` դատավարական հնարավորությունների սահմանափակվածության պայմաններում (կողմը պատշաճ չծանուցվելու պատճառով չի մասնակցել դատաքննությանը) հաստատված հանգամանքը այլ գործ քննող դատարանը կարող է չճանաչել որպես նախադատելի իր կողմից քննվող գործի համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ունեն նախադատելի նշանակություն քննվող այլ գործի համար, բացառությամբ այն բացառիկ դեպքերի, երբ`

ա) այդ հաստատված հանգամանքը վերաբերելի չէ նախկինում քննված քաղաքացիական գործով հայցի առարկային (չի դասվում հաստատման ենթակա հանգամանքների շարքը) և/կամ

բ) այդ հանգամանքը հաստատվել է ֆորմալ դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ կամ կողմերից մեկի` դատավարական հնարավորությունների սահմանափակվածության պայմաններում:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ կոպիտ գործով մանրակրկիտ դատական ստուգման է ենթակա նախադատելիության բացառման յուրաքանչյուր դեպք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն սույն որոշմամբ սահմանված կանոններով ստուգման արդյունքում դատարանը կարող է հանգել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքի նախադատելիության բացառման մասին եզրակացության:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.08.2005 թվականի վճռով հաստատված հանգամանքը սույն քաղաքացիական գործի համար նախադատելի նշանակություն չունի:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման ենթակա չեն:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-93 (ՎԴ)
Որոշում