Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 305...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 305-ՐԴ, 1215-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով              Քաղաքացիական գործ թիվ 3-1621 (ՎԴ)

    վերաքննիչ դատարան                                           2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1574

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

դատավոր` Դ. Խաչատրյան

Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              

2007 թվականի նոյեմբերի 9-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմինե Հակոբյանի և Սամվել Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճռի դեմ, ըստ հայցի` Արմինե Հակոբյանի և Սամվել Հակոբյանի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Դատարան` հայցվորները պահանջել են ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ` Երևանի Ա. Վշտունու 65 տան և հողամասի նկատմամբ, տունը և հողամասը բաժանել իրենց և պատասխանողների միջև` հավասար բաժիններով, ինչպես նաև մասնակի անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմինե և Սամվել Հակոբյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 305-րդ, 1215-րդ, 1216-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1234-րդ, 1237-րդ և 1246-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հայցվորներ Արմինե և Սամվել Հակոբյանները վիճելի անշարժ գույքի նախկին համասեփականատերեր Աղաբեկ Հակոբյանի և Մալաքսիմ Կարապետյանի ժառանգության 1/2-րդ մասն ընդունած ժառանգ Արմեն Հակոբյանի երեխաներն են, հետևաբար, առաջին հերթի ժառանգներ են:

Այսինքն, Դատարանը հաշվի չի առել հայցվորների հոր` Արմեն Հակոբյանի կողմից Աղաբեկ Հակոբյանի և Մալաքսիմ Կարապետյանի ժառանգությունը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունած լինելու և Արմեն Հակոբյանի ժառանգության բացման պահին` 27.04.2006 թվականին վիճելի անշարժ գույքի 1/2-րդ մասը վերջինիս պատկանած լինելու հանգամանքները:

Նույն եղանակով ժառանգությունը ընդունել են նաև Արմինե և Սամվել Հակոբյանները: Մասնավորապես, նրանք Արմեն Հակոբյանի ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում դիմել են նոտարին, այնուհետև, իրենց ժառանգական իրավունքները հաստատելու պահանջով 28.09.2006 թվականին դիմել են դատարան և գործի դատաքննության ժամանակ վիճարկվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի գոյության մասին տեղեկանալով, 01.08.2006 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան: Վերոնշյալ գործողություններով հաստատվում է, որ Արմինե և Սամվել Հակոբյանները միջոցներ են ձեռնարկել ժառանգական գույքը պահպանելու և այն երրորդ անձանց` Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանների ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

Վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերը պատասխանողներին տրվել են Արմեն Հակոբյանի ժառանգության բացման օրվանից` 27.04.2006 թվականից հետո օրենքով սահմանված վեց ամիսը դեռևս չլրացած` չունենալով ստույգ տվյալներ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի ժառանգության նկատմամբ այլ ժառանգներ չլինելու վերաբերյալ:

Բացի այդ, ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Հետևաբար, Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանների կողմից ժառանգության ընդունման համար անհրաժեշտ էր մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, որը բացակայում է:

2) Գործով առկա է նոր երևան եկած հանգամանք

Արմինե Մխիթարյանի 06.06.2006 թվականի, և Հայկուհի Եղիազարյանի 18.07.2006 թվականի ստացականների համաձայն` Արմեն Հակոբյանի ժառանգներ Արմինե և Սամվել Հակոբյանները վճարել են իրենց հոր` Արմեն Հակոբյանի ունեցած պարտքերը: Վերոնշյալ հանգամանքը Արմինե և Սամվել Հակոբյաններին հայտնի է եղել, բայց նրանցից անկախ պատճառներով չի ներկայացվել դատարան և, հետևաբար, որպես նոր երևան եկած հանգամանք բողոքարկվող վճռի վերանայման հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի` 14.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գործում առկա անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 07.09.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Ա. Վշտունու թիվ 65 հասցեում գտնվող անշարժ գույքը (բնակելի տուն և տնամերձ հողամաս) սեփականության իրավունքով պատկանում է Աղաբեկ Հակոբյանին:

2) Մալաքսիմ Սողոմոնի Կարապետյանը և Աղաբեկ Ստեփանի Հակոբյանը եղել են ամուսիններ, որոնց ամուսնությունը գրանցված է եղել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:

Վերջիններս եղել են պատասխանողներ Անահիտ, Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանների և հայցվորների հոր` Արմեն Հակոբյանի ծնողները:

3) Թիվ 056318 մահվան վկայականի համաձայն` Աղաբեկ Հակոբյանը մահացել է 13.03.1997 թվականին, իսկ թիվ 163905 մահվան վկայականի համաձայն` Մալաքսիմ Կարապետյանը մահացել է 08.06.2001 թվականին:

4) Երևանի Աջափնյակ համայնքի թաղապետարանի 30.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Հակոբյանը մինչև մահը` 27.04.2006 թվականը բնակվել է Երևանի Ա. Վշտունու թիվ 65 տանը:

5) Երևանի Աջափնյակ համայնքի թաղապետարանի 29.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն Անահիտ Հակոբյանը բնակվում է Ա. Վշտունու թիվ 65 տանը:

6) 08.31.2006 թվականին տրված թիվ 066145 մահվան վկայականի համաձայն` Արմեն Հակոբյանը մահացել է 27.04.2006 թվականին:

7) 01.08.2006 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերում որպես ժառանգատուների ժառանգներ նոտարի կողմից նշվել են Անահիտ Հակոբյանը, ինչպես նաև վերջինիս համաձայնությամբ` Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանները:

8) Արմինե և Սամվել Հակոբյանները Արմեն Հակոբյանի ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` 28.09.2006 թվականին դիմել են դատարան` իրենց ժառանգական իրավունքները հաստատելու պահանջով և գործի դատաքննության ժամանակ, տեղեկանալով 01.08.2006 թվականի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի գոյության և դրանցով իսկ ժառանգական գույքի նկատմամբ Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանների հավակնությունների մասին, դիմել են դատարան` 01.08.2006 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով:

9) Արմինե Մխիթարյանի 06.06.2006 թվականի, և Հայկուհի Եղիազարյանի 18.07.2006 թվականի ստացականների համաձայն` Արմեն Հակոբյանի ժառանգներ Արմինե և Սամվել Հակոբյանները վճարել են իրենց հոր` Արմեն Հակոբյանի ունեցած պարտքերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:

Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման:

Սույն քաղաքացիական գործում առկա Երևանի Աջափնյակ համայնքի թաղապետարանի 30.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Հակոբյանը մինչև մահը` 27.04.2006 թվականը, բնակվել է Երևանի Ա. Վշտունու թիվ 65 տանը: Այսինքն, վեճի առարկա գույքը փաստացի տիրապետման ուժով ընդունել է ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա գույքը Արմեն Հակոբյանի մահից հետո ներառված է եղել նրա ժառանգության զանգվածի կազմում:

Հետևաբար, անհիմն է հայցի մերժման հիմքում դրված Վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանությունն այն մասին, որ Արմեն Հակոբյանը Աղաբեկ Հակոբյանի և Մալաքսիմ Կարապետյանի մահից հետո բնակվելով վեճի առարկա տանը նոտարական գրասենյակ չի դիմել և օրենքով սահմանված կարգով ժառանգությունը չի ձևակերպել, հետևաբար, վեճի առարկա գույքը նրան չի պատկանել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ և 1246-րդ հոդվածների չկիրառմանը, ինչպես նաև հայցվորների կողմից Արմեն Հակոբյանի ժառանգությունն ընդունած լինելուն, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում այդ փաստարկների գնահատմանը, քանի որ դրանք Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձել (իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը չի կիրառվել) վեճի առարկա գույքը ժառանգության զանգվածի կազմում ներառված չլինելու պատճառաբանությամբ:

2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:

Մինչդեռ, բողոք բերած անձը, Արմեն Հակոբյանի պարտքերը Արմինե և Սամվել Հակոբյանների կողմից վճարված լինելու հանգամանքը ներկայացնելով որպես նոր երևան եկած հանգամանք, չի հիմնավորել դրանք դատարան ներկայացնելու իրական արգելքի առկայությունը:

Այսպիսով, բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները թույլ են տալիս սույն գործով կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճիռը և փոփոխել այն:

2. Արմինե և Սամվել Հակոբյանների հայցը բավարարել` մասնակի անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` Մարգարիտ և Քնարիկ Հակոբյանների մասով: Արմինե և Սամվել Հակոբյաններին ճանաչել Արմեն Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և ճանաչել նրանց սեփականության իրավունքը Երևանի Ա. Վշտունու 65 տան և հողամասի 1/2 մասի նկատմամբ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.11.2007
N 3-1621(ՎԴ)
Որոշում