(ուժը կորցրել է 04.05.09 թիվ 404-Ն հրաման)
i
110.0207.280408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 ապրիլի 2008 թվականի N 207-Ն
i
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ, 15-րդ հոդվածի 6-րդ, 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 37-րդ հոդվածի 10-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ժէ», «ժթ» ենթակետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգը /համաձայն հավելվածի/:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի փետրվարի 21-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 88-Ն հրամանը:
3. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը /Մ. Գրիգորյան/, հանրակրթության վարչությանը / Ն.Հովհաննիսյան/` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ.Եսայանին:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2008 թվականի ապրիլի 8-ի
N 207-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 14 արձանագրային որոշման 10-րդ կետով հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 4-րդ գլխի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:
2. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ II
ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
3. 1-ին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:
4. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
5. 4-րդ դասարանի /տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
6. 9-րդ դասարանի /հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:
7. 11-րդ դասարանի /միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում գնահատական նշանակելու համար:
8. 2-8-րդ և 10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-8-րդ և 10-րդ դասարանների սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
9. 9-րդ դասարանի տարեկան կամ քննական երկու առարկայից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
10. 9-րդ դասարանում մեկ առարկայից տարեկան կամ քննական անբավարար գնահատական ունեցող սովորողը վերաքննություն կարող է հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:
1) 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություններ են հանձնում.
ա/ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» քննական` հուլիսի 4-10-ը մարզերի տարածաշրջանային կենտրոններում,
բ/ մնացած դեպքերում` հունիսի 25-30-ը հանրակրթական ուսումնական հաստատություններում:
2) «Հայոց լեզուն» և «Գրականությունը», «Հանրահաշիվը» և «Երկրաչափությունը», «Հայոց պատմությունը» և «Համաշխարհային պատմությունը», «Հայաստանի աշխարհագրությունը» և «Աշխարհագրությունը» համարվում են առանձին առարկաներ:
11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
1) 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:
2) 4-րդ դասարանի այդ սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
3) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի այն սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
4) 16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:
5) 18 տարին լրացած այն սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
12. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
1) Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ և 11-րդ դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից:
2) Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:
3) Քննաշրջանի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներին իրավունք է վերապահվում զորացրվելուց անմիջապես հետո քննություններ հանձնել նույն ուսումնական հաստատությունում մինչև քննաշրջանի ավարտը:
Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական վկայական:
13. 1-8-րդ և 10-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով:
1) 9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:
2) 11-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ` ըստ սույն կարգի 37 և 38 կետերի պահանջների:
14. ՈՒսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:
15. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 1-ը, հիմնական ուսումնական հաստատությունում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած սովորողները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկայից հանձնում են քննություններ:
1) Ավագ ուսումնական հաստատությունում մինչև ուսումնական պարապմունքների ավարտը 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած սովորողները դուրս են մնում ուսումնական հաստատությունից, մնացած դեպքերում նույն քանակով բացակայածները քննություններ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական ուսումնական հաստատության սովորողները:
2) Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստում:
3) Քննություններն անց են կացվում մայիսի 15-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր:
4) Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
5) Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տվյալ առարկայից տարեկան դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:
ԳԼՈՒԽ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 2-6-ը ժամանակահատվածում:
1) 4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:
2) Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ քննություններ անց են կացվում նաև «Ռուսաց լեզվից» /թելադրություն/: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
17. 9-րդ դասարանում քննություններն անց են կացվում «Հայոց լեզու, գրականություն»-ից /գրավոր/, մաթեմատիկայից /գրավոր/, հայոց պատմությունից /բանավոր/, օտար լեզվից /բանավոր/ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ), բնագիտությունից /բանավոր/ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ), ֆիզկուլտուրայից:
1) Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ «Հայոց լեզու, գրականություն»-ից, մաթեմատիկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ), ռուսաց լեզվից /փոխադրություն/, հայոց պատմությունից, բնագիտությունից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ), ֆիզկուլտուրայից:
2) Բանավոր քննությունները անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կողմից հաստատված հարցատոմսերով: 9-րդ դասարանում գրավոր աշխատանքները կատարելու համար սովորողներին տրվում է ուսումնական հաստատության դրոշմակնիքով կնքված տետր /բացառությամբ «Մաթեմատիկա» առարկայից/:
Քննություններն անց են կացվում հունիսի 2-20-ը:
3) 9-րդ դասարանի «Մաթեմատիկայի» ավարտական քննությունը կազմակերպվում է ուսումնական հաստատություններում` նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /այսուհետ` ԳԹԿ/ կազմած թեստերով: Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի /ուսումնական հաստատության/ ղեկավարի /տնօրենի/ հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 10-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե քննական կենտրոնի տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
4) Մնացած առարկաների քննություններն ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:
18. 11-րդ դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`
ա. «Հայոց լեզու և հայ գրականություն»` գրավոր,
բ. «Մաթեմատիկա»` գրավոր,
գ. «Հայոց պատմություն»` բանավոր,
դ. «Օտար լեզու»` գրավոր /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ/,
ե. Ընտրովի` գրավոր /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն` սովորողի ընտրությամբ/
զ. «Ֆիզկուլտուրա»:
19. Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ սահմանվում է ևս մեկ ավարտական քննություն «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր:
20. Բոլոր պետական ավարտական քննություններն անց են կացվում նախարարության սահմանած միասնական օրերին:
1) «Հայոց պատմություն», «Բնագիտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների պետական ավարտական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:
2) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» պետական ավարտական քննությունների ընթացքը կազմակերպելու համար տնօրենը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
21. 11-րդ դասարանի համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների առաջադրանքները /գնահատումը 20-բալանոց համակարգով/ կազմվում են ԳԹԿ-ի կողմից:
Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում:
1) 11-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայի բանավոր քննությունը /գնահատումը 5-բալանոց համակարգով/ և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների գրավոր քննությունները /գնահատումը 20-բալանոց համակարգով/ անց են կացվում նախարարության կողմից հաստատած հարցատոմսերով:
2) Ռուսերենով ուսուցմամբ 4-րդ և 9-րդ, դասարանների «Ռուսաց լեզու» առարկայի, ինչպես նաև 11-րդ դասարանի «Ռուս գրականություն» առարկայի քննական առաջադրանքները /գնահատումը 5-բալանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:
22. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:
23. 11-րդ դասարանում բնագիտական առարկաների գրավոր աշխատանքները կատարելու, ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկայի բանավոր պատասխաններին պատրաստվելու համար սովորողներին տրվում է ուսումնական հաստատության դրոշմակնիքով կնքված տետր /թուղթ/:
24. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
25. 11-րդ դասարանում բնագիտական և «Հայոց պատմություն» առարկաների ստուգումը ավարտվում է քննության օրը:
1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի /տնօրենի/ հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 10-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա:
2) Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե քննական կենտրոնի տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
26. Սովորողի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
1) Հավասար ձայների դեպքում 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ և 11-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:
2) Նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրության մեջ կարող է /են/ կատարել հատուկ նշում:
27. Քննությունների ընթացքում հիվանդացած և այդ ընթացքում ապաքինված /համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում/, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 9-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:
1) Մինչև նշված ժամկետը չապաքինված սովորողները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը:
2) Քննությունների նոր առաջադրանքները կազմում են ուսումնական հաստատության առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
28. Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 11-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված.
1) «Հայոց պատմություն», «Բնագիտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ դրա ավարտից հետո եռօրյա ժամկետում.
2) «Հայոց լեզու և հայ գրականություն» «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները` նախարարության կողմից սահմանված լրացուցիչ օրերին /հուլիսի 4-10-ը/:
29. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ կամ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում սովորողը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:
30. Ե՛վ «Հանրահաշիվ», և՛ «Երկրաչափություն» առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող 9-րդ և 11-րդ դասարանների սովորողներին չի թույլատրվում մասնակցելու մաթեմատիկայի ավարտական քննությանը: Նրանք ամառային առաջադրանք են հանձնում «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև քննություն մաթեմատիկայից:
31. 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են 11-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ավարտական քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում սովորողը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:
32. Ե՛վ «Հայոց լեզու», և՛ «Գրականություն» առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող 11-րդ դասարանի սովորողներին չի թույլատրվում մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննությանը: Նրանք ամառային առաջադրանք են հանձնում հայոց լեզվից և գրականությունից, ինչպես նաև քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
33. Գնահատման 20-միավորանոց համակարգում` մինչև 7 միավորը ներառյալ և 5-միավորանոց համակարգում` մինչև 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատականներ: Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները վկայականում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:
34. Եթե 11-րդ դասարանի շրջանավարտը «Հայոց լեզու» ուսումնասիրել է միայն 10-րդ և 11-րդ դասարաններում, ապա ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է` «Չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից: Այս դեպքում ատեստատի համապատասխան տողում գրվում է` «Ազատված է»:
35. Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
36. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններն առաջնորդվում են սույն կարգով` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:
ԳԼՈՒԽ IV
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
37. Որպես մեդալի հավակնորդ ներկայացվում են այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ /ստացել են գերազանցության վկայական/, 10-րդ և 11-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:
38. ՈՒսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:
39. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:
1) Մինչև մայիսի 1-ը համապատասխան վարչությունները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն: Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունն ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:
2) Նախարարությունը, մինչև մայիսի 25-ը, մարզպետարաններ /Երևանի քաղաքապետարան/ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները /ներառյալ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների մեդալի հավակնորդ շրջանավարտների/:
40. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անց են կացվում ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:
ԳԼՈՒԽ V
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
41. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները, անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և հաստատությունում ուսուցման լեզվից, «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:
1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաները բուհ ընդունվելիս համարվում են մրցութային, քննություն են հանձնում միասնական համակարգով, իսկ ոչ մրցութային համարվելու դեպքում` կենտրոնացված համակարգով /քննական բալերը հաշվարկվում են «Ա» մակարդակի առաջադրանքների հիման վրա/:
2) Քննություններն անց են կացվում մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից նախապես որոշված հաստատությունում`
ա. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` հունիսի 2-ին,
բ. «Մաթեմատիկա» առարկայից` հունիսի 11-ին:
3) Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են նախարարության ներկայացուցիչները:
42. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 10-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա:
Ստուգող հանձնաժողովի նախագահն, ի պաշտոնե, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
43. Մեդալի հավակնորդ շրջանավարտները «Հայոց պատմություն», «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, ֆիզկուլտուրա /ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում կամ դասարաններում` նաև «Ռուս գրականություն»/ առարկաներից ավարտական պետական քննությունները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչպես մյուս շրջանավարտները:
1) Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:
44. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:
45. Մինչև հունիսի 25-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն են ներկայացնում տեղեկանք հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից` մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում նախարարության հանրակրթության վարչություն, իսկ նախարարության ենթակայության, ինչպես նաև ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններն իրենք են ներկայացնում նախարարության հանրակրթության վարչություն:
ԳԼՈՒԽ VII
ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
46. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ 5 միավոր /5 միավորային համակարգում/, պարգևատրվում են մեդալով: Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում: