Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ԵՎ 64-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ԵՎ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Էրեբունի և  Նուբարաշեն                      Գործ ՎԲ-145/07

համայնքների առաջին ատյանի

դատարանում դատավճիռ կայացրած

դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ա. Օհանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           30 օգոստոսի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղար`                 Ք. Մարտիրոսյանի         

                   մասնակցությամբ

                   դատախազներ`                Ա. Աշրաֆյանի

                                              Լ. Մելքոնյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Հարություն Տիգրանի Հաբեշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 7-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Նախաքննության մարմնի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Հարություն Տիգրանի Հաբեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: 2007 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Հ. Հաբեշյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 7-ի դատավճռով Հարություն Հաբեշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 258-րդ հոդվածի 4-րդ մասերով և դատապարտվել ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով սահմանվել է ազատազրկում 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի մեջ հաշվակցվել է ձերբակալման ձևով արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2007 թվականի մայիսի 5-ից:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Հարություն Հաբեշյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի սեպտեմբերի 23-ին` ժամը 20:40-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ՈՒազ» մակնիշի 67 ՕՏ 003 պետհամարանիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Էրեբունի փողոցով վարելու ընթացքում վազանց կատարելու համար ճանապարհ չտալու առիթով դիտողություն է արել «Դոն և Մաեստրո» տաքսի ծառայության վարորդ Համլետ Թադևոսյանին, սակայն վերջինս դիտողությունը չի ընդունել և իր «ՎԱԶ 2103» մակնիշի 63 ՍՏ 088 պետհամարանիշի ավտոմեքենայով հեռացել է: Հ. Հաբեշյանը, ավտոմեքենայով նրան հետապնդելով, գնացել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող տաքսի ծառայության գրասենյակ, որտեղ գործով չպարզված անձնավորության հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 10 րոպե փողոցում հայհոյել և բռնություն գործադրելով` ծեծի է ենթարկել Հ. Թադևոսյանին, վիճաբանել է աղմուկի ձայներից հավաքված տաքսի ծառայության աշխատակիցների հետ: Այնուհետև` նույն օրը` ժամը 22:00-ի սահմաններում, Հ. Հաբեշյանը վերադարձել է «Դոն և Մաեստրո» տաքսի ծառայության գրասենյակ, որտեղ շարունակել է աղմկել և, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, իր հետ նախապես վերցրած, ապօրինաբար ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ԱԿՍՈՒ» տեսակի ինքնաձիգը խուլիգանական գործողությունների ընթացքում գործադրելով, մենահատ 5 կրակոց է արձակել քարաշեն փակ տարածք հանդիսացող գրասենյակում` իրական վտանգ ստեղծելով ներկա գտնվող տաքսի ծառայության աշխատակիցներ Արման Կարապետյանի և Գևորգ Մխիթարյանի կյանքի ու առողջության համար, վնասել է «Դոն և Մաեստրո» տաքսի ծառայության 22.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքը, խաթարել ծառայության բնականոն գործունեությունը, խանգարել շրջակայքում առևտրով զբաղվող անձանց աշխատանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում նշվել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից Հարություն Հաբեշյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտորեն մեղմ է և չի համապատասխանում կատարած արարքի բնույթին և հասարակական վտանգավորության աստիճանին: Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, համաձայն որոնց` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի` համապատասխանի հանցանքի ծանրությանը և դա կատարելու հանգամանքներին: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի` որպես բացառիկ դիտվող հանգամանքները պետք է կապված լինեն հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ, սակայն, ինչպես երևում է քրեական գործի նյութերից, Հ. Հաբեշյանը, դեպքի օրը սկսելով իր խուլիգանական գործողությունները, վիճաբանելով դեպքի վայրում հավաքված մարդկանց հետ, դրանով չի բավարարվել և այնտեղից հեռանալով` մեկ ժամ հետո վերադարձել է ինքնաձիգը ձեռքին և դարձյալ կատարել խուլիգանություն` այս անգամ արդեն զենքի գործադրմամբ: Բացի այդ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը կայացնելուց հետո Հ. Հաբեշյանը շուրջ 7 ամիս թաքնվել է քննությունից և գտնվել է հետախուզման մեջ: Այսինքն` Հ. Հաբեշյանի վարքագիծը հանցանք կատարելիս և դրանից հետո բացառում է նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու հնարավորությունը: Հ. Հաբեշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներում ամրագրված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև սոցիալական արդարությանը վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջները: Արդյունքում նյութական օրենքի էական խախտմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մեղմության առումով բեկանել Հարություն Տիգրանի Հաբեշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.06.2007 թվականի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նոր դատաքննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը:

Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Օրինականության սկզբունքն ամրագրված ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Պատիժ նշանակելիս օրինականության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պատժի տեսակը և չափը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այն հոդվածի սանկցիայով, որի դիսպոզիցիայի հատկանիշներին համապատասխան անձը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի առաջին մասը պարտադրում է դուրս չգալ Հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել: Այս պահանջից բացառություն կարող է անել միայն ՀՀ քրեական օրենսգիրքը, որը Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը`

1. գործի բացառիկ հանգամանքները.

2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը: Պատիժը մեղմացնելու հարցում դա ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է:

Ինչպես երևում է գործի նյութերից, խուլիգանությունը կատարվել է խմբի կողմից և հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դեր է ունեցել Հ. Հաբեշյանը, որը մեղադրվել է ծանր հանցագործության` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս) և միջին ծանրության հանցագործության` ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Սույն գործի նախաքննության ընթացքում Հ. Հաբեշյանն օգտվել է իր իրավունքից և հրաժարվել է ցուցմունք տալուց, չի աջակցել խմբի կողմից կատարված հանցագործությունը բացահայտելուն: Արդյունքում նախաքննության մարմինը մինչև վերջ չի բացահայտել հանցագործությունը. անհայտ են մնացել Հ. Հաբեշյանի հետ խուլիգանություն կատարած անձինք: Քանի որ Հ. Հաբեշյանի հետ խուլիգանական գործողություններին մասնակցած անձանց ինքնությունը հնարավոր չի եղել պարզել, նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել քրեական գործից մաս անջատելու և առանձնացված մասով վարույթը կասեցնելու մասին: Բացի այդ, հանցանք կատարելուց հետո, գտնվելով ազատության մեջ, մեղադրյալ Հ. Հաբեշյանը դիմել է փախուստի, թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, որի համար 2006 թվականի հոկտեմբերի 16-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և քրեական գործի վարույթը կասեցվել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել է շուրջ 7 ամիս անց` 2007 թվականի մայիսի 8-ին: Ինչ վերաբերում է Հ. Հաբեշյանի կատարած հանցագործության շարժառիթներին, ապա առկա է յուրահատուկ շարժառիթը` խուլիգանական դրդումը:

Դատապարտյալ Հ. Հաբեշյանի հանցանքի շարժառիթն ու նպատակը, նրա դերը, հանցավորի վարքագիծը հանցանք կատարելիս և դրանից հետո, ինչպես նաև խմբակային հանցագործության` մինչև վերջ չբացահայտվելը բացառում են նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հնարավորությունը:

Դատարանի կողմից բացառիկ ճանաչված դատապարտյալի և նրա կնոջ հիվանդությունները չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Հ. Հաբեշյանի կատարած հանցագործություններին: Դրանք էականորեն չեն նվազեցնում դատապարտյալի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և Հ. Հաբեշյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:

Փաստորեն առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, Հ. Հաբեշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործությունների ծանրությանը և դատապարտյալի անձին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը սխալ հետևության է հանգել Հ. Հաբեշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին:

Դատարանը Հ. Հաբեշյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: ՈՒստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա պատիժը մեղմ լինելու պատճառաբանությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել դատապարտյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի` որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել: Հարություն Տիգրանի Հաբեշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 7-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. Սահակյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2007
N ՎԲ-145/07
Որոշում