Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 1225-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական                       Քաղաքացիական գործ թիվ 3-1224 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                        2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1524/2007

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

դատավորներ` Տ. Սահակյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

 

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն, Վարդուհի, Անժելա Սարգսյանների վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի թիվ 07-1524 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Կիմա Սարգսյանի ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի` փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` հայցվորը պահանջել է հաստատել ք. Գյումրի, Մերկուրովի փողոցի 9ա տան նկատմամբ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունելու փաստը:

Առաջին ատյանի դատարանի 14.02.2007 թվականի վճռով Կիմա Սարգսյանը ճանաչվել է ք. Գյումրի, Մերկուրովի փողոցի 9ա շենքի 2/3 մասի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է` Կիմա Հարությունի Սարգսյանը ճանաչվել է 11.05.2005 թ. մահացած Սամվել Սարգսյանի ժառանգությունը` (Գյումրի քաղաքի Մերկուրովի փողոցի 9ա շենքի 2/3 մաս) փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգ:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Հարություն, Վարդուհի և Անժելա Սարգսյանների կողմից:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածը, 1225-րդ հոդվածի 3-րդ կետի, 1226-րդ հոդվածի 3-րդ կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձն իր պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը առաջին հերթի ժառանգների կողմից փաստացի տիրապետմամբ և կառավարմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքը հիմնավորող` գործով ձեռք բերված ապացույցներին համարժեք գնահատական չի տվել, մասնավորապես` Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակում առաջին հերթի ժառանգների կողմից հայտարարություն տալը, թաղման արարողությունը կազմակերպելու, մահից հետո տանը ապրելու, այնուհետև տունը հայցվորին ի պահ հանձնելու հանգամանքները:

Առկա է եղել 1-ին հերթի ժառանգ (Հարություն Սարգսյանը), որը փաստացի կառավարման հիմքով ընդունել է հոր ամբողջ ժառանգությունը, քանի որ առաջին հերթի մյուս ժառանգները Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակում դիմում են ներկայացրել ժառանգությունից հօգուտ Հ. Սարգսյանի հրաժարվելու մասին: Այսպիսի պայմաններում 2-րդ հերթի ժառանգին ժառանգության իրավունք տրամադրելը իրավաչափ չէ:

3) Սույն գործով առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

ա) Գյումրի քաղաքի Մերկուրովի փողոցի թիվ 11ա հասցեի բնակիչ Քնարիկ Մինասյանի կողմից տրված հայտարարության համաձայն Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը իր հոր առողջական վիճակի վատացման պատճառով 02.05.2005 թվականին Մոսկվայից եկել է Գյումրի և մայիսի 11-ին հոր մահից հետո կատարել է հուղարկավորությունը, որից հետո տանից իր հետ Մոսկվա է տարել հորը պատկանող գորգը և ջահը:

բ) Գյումրի քաղաքի Մերկուրովի 3 հասցեի բնակիչ Նազիկ Տասչյանի բացատրությամբ հիմնավորվում է, որ Հարություն Սարգսյանը հոր հիվանդության ժամանակ հիվանդանոցում խնամել է հորը, մահվանից հետո պատշաճ ձևով կատարել է հուղարկավորությունը, հետո վերցրել է տանից մի քանի կարևոր իրեր, գորգ, ջահ և վերադարձել Մոսկվա: Հարություն Սարգսյանը իր հոր մահից հետո վիճելի հասցեում բնակվելով ևս ընդունել է հոր ժառանգությունը և կատարել է անհրաժեշտ ծախսերը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականին թիվ 07-1524 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Ըստ վճռաբեկ բողոքի պատասխանի` Հարություն Սարգսյանը չի կարող համարվել տիրապետող ժառանգ, քանի որ նա մինչև ժառանգատուի մահը և նրա մահից հետո բնակվել է ՌԴ Մոսկվայի մարզի Սերպուխովոյի շրջանի Ռայսեմյոնովսկոյե գյուղի 1-ին տուն, 11-րդ բնակարան հասցեում, իսկ Կիմա Սարգսյանը գրանցված է և մինչ այժմ ապրում է Մերկուրովի 9ա տանը: Սամվել Սարգսյանի որդին և դուստրերը մասնակցել են հուղարկավորությանը և մի քանի օրից հետո վերադարձել են ՌԴ: Հարություն Սարգսյանը իր հետ ոչ մի շարժական գույք չի վերցրել: Կիմա Սարգսյանը Մերկուրովի 9ա տանը կատարել է բնակարանի հետ կապված բոլոր հարկերի և կոմունալ վարձերի վճարումները, ինչպես նաև պաշտպանել է գույքը երրորդ անձանցից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյումրի քաղաքի Մերկուրովի փողոցի 9ա տունը սեփականության իրավունքով պատկանել է Հարություն, Վարդուհի և Անժելա Սարգսյանների հորը` Սամվել Սարգսյանին, իսկ 1/3 մասով` Կիմա Սարգսյանին:

2) Սամվել Սարգսյանը մահացել է 11.05.2005 թվականին:

3) 13.09.2005 թվականին Հարություն Սարգսյանը Մոսկվայում հայտարարություն է տվել հոր ժառանգությունը ընդունելու մասին: Միաժամանակ Մոսկվայում հայտարարություն են տվել քույրերը, որոնք հրաժարվել են ժառանգության իրենց բաժնից` հօգուտ Հարություն Սարգսյանի:

4) Բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Գյումրու նոտարական գրասենյակ:

5) Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 07.04.2006 թվականի վճռով բավարարվել է Հարություն Սարգսյանի դիմումը և վճռվել է Գյումրիի Մերկուրովի փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող Սամվել Սարգսյանին պատկանող տան 2/3 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունը համարել ընդունած Հարություն Սամվելի Սարգսյանի կողմից:

6) ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 21.06.2006 թվականին Հարություն Սարգսյանի անվամբ կատարվել է նշված բնակարանի 66 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում:

7) Հարություն Սարգսյանը բնակարանը 26.06.2006 թվականին նվիրատվության պայմանագրով տան սեփականության իրավունքում իր բաժինը նվիրել է Գևորգ Թաշչյանին: Այդ պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում, սակայն պետական գրանցում չի ստացել:

8) Կիմա Սարգսյանը հանդիսանալով 2-րդ հերթի ժառանգ, վերաքննիչ բողոք է բերել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 04.04.2006 թվականի վճռի դեմ:

9) Վերաքննիչ դատարանի 28.11.2006 թվականի որոշմամբ կատարվել է վճռի շրջադարձ, իսկ Հ. Սարգսյանի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի հիմքով թողնվել է առանց քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի` դատարանը յուրաքանչյուր ապացույց պետք է գնահատի գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանը պարզեց, որ Վերաքննիչ դատարանը Կիմա Սարգսյանի կողմից վիճելի ժառանգությունը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ընդունելու հանգամանքը ապացուցված է համարել բավարար ապացույցների բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կիմա Սարգսյանի կողմից վիճելի հասցեում միայն հաշվառված լինելը և մշտապես բնակվելը դեռևս հիմք չէ ժառանգական գույքը փաստացի կառավարման և տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու համար, քանի որ տվյալ դեպքում ժառանգական գույքը ոչ թե ամբողջ տունն է, այլ տան սեփականության իրավունքում 2/3 բաժինը: Հետևաբար, հայցվորը պետք է դատարան ներկայացներ այնպիսի ապացույցներ, որոնցով կհաստատվեին հատկապես վերջինիս կողմից Սամվել Սարգսյանի բաժինը փաստացի տիրապետելու և կառավարելու հանգամանքները, ինչը հայցվորի կողմից չի արվել:

Գործում առկա`

- Գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ պայմանագիրը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ 12.02.2006 թվականին կնքվել է Սամվել Սարգսյանի անունից,

- Գազամատակարարման ներտնային համակարգի փականագործի 12.02.2006 թվականի այցի կտրոնով հիմնավորվում է ընդամենը այն փաստը, որ տանը տեղադրված է մեկ գազօջախ, սակայն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել վիճելի տան` Սամվել Սարգսյանի բաժինը գազաֆիկացնելու և գազասպառման սարք տեղադրելու հանգամանքը:

- Կիմա Սարգսյանի հետ կնքված` «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի կողմից բաժանորդին մատուցվող հեռախոսակապի ծառայությունների թիվ 410021103 պայմանագիրը կնքվել է 27.04.2006 թվականին,

- Վիճելի հասցեի հեռախոսի, էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների մուծման անդորրագրերում որպես վճարող նշված է Սամվել Սարգսյանը, իսկ վերջինիս մահից հետո վճարումները Սամվել Սարգսյանի անունով Կիմա Սարգսյանի կողմից կատարված լինելու փաստը որևէ այլ ապացույցով չի հիմնավորվել:

Այսպիսով` հայցվորն իր կողմից ժառանգական գույքի կառավարմանն ուղղված գործողություններն սկսել է իրականացնել ժառանգության բացումից ավելի քան 11 ամիս անց` 27.04.2006 թվականին «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի հետ կնքելով բաժանորդին մատուցվող հեռախոսակապի ծառայությունների թիվ 410021103 պայմանագիրը կնքելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Նույն օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը (անկախ դրա ընդունման եղանակներից) կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգատուի գույքը ժառանգության բացումից հետո ավելի քան տասնմեկ ամիս անց սկսված փաստացի տիրապետելու և կառավարելու գործողությունները հիմք չեն կարող հանդիսանալ ժառանգին ժառանգությունը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ընդունած ժառանգ ճանաչելու համար:

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն` 13.09.2005 թվականին Հարություն Սարգսյանը Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակում հայտարարություն է տվել հոր ժառանգությունն ընդունելու մասին: Միաժամանակ Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքի նոտարական գրասենյակում հայտարարություն են տվել Սամվել Սարգսյանի մյուս ժառանգները` Վարդուհի Սարգսյանը և Անժելա Սարգսյանը, որոնք հրաժարվել են ժառանգության իրենց բաժնից` հօգուտ Հարություն Սարգսյանի: Այնուհետև բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Գյումրու նոտարական գրասենյակ: Գալով Գյումրի, Հարություն Սարգսյանը իրականացրել է ժառանգության ձևակերպմանն ուղղված գործողություններ. դիմել է Գյումրու տարածքային նոտարին` ժառանգության վկայագիր տալու խնդրանքով, ապա դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, այնուհետև ստանալով ժառանգության իրավունքի վկայագիր` դրանից բխող իր իրավունքները գրանցել է կադաստրի մարմնում, ապա 26.06.2006 թվականին նվիրատվության պայմանագրով վիճելի տան 2/3 բաժինը օտարել է Գևորգ Տաշչյանին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Տվյալ դեպքում Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ Հարություն Սարգսյանի դիմումի հանձնելն ինքնին հիմք չէ վերջինիս այդ եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար, քանի որ ՀՀ Գյումրի քաղաքում բացված ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվեր Գյումրու տարածքի նոտարին: Այս առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի փաստարկները:

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, թե գործում առկա բազմաթիվ ապացույցներով հաստատվում է այն փաստը, որ Սամվել Սարգսյանի անձնական գույք հանդիսացող մեծ գորգին և ջահին տիրապետելով առաջին հերթի ժառանգներն ընդունել են ժառանգության իրենց բաժինը, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ այդ հանգամանքը հաստատող որևէ ապացույց դատաքննության ընթացքում չի ներկայացվել և դատարանի կողմից չի հետազոտվել:

Սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Սամվել Սարգսյանի առաջին հերթի ժառանգներ Անժելա և Վարդուհի Սարգսյանները դիմել են համապատասխանաբար Մոսկվա քաղաքի և Օդինցովո քաղաքի նոտարական գրասենյակներ և հրաժարվել են հոր ժառանգության իրենց բաժնից` հօգուտ Հարություն Սարգսյանի: Վերջինս Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակում ժառանգության բացումից հետո վեցամսյա ժամկետում հայտարարություն է տվել Սամվել Սարգսյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, այսինքն` կատարել է ժառանգատուի գույքի փաստացի տիրապետմանը և կառավարմանն ուղղված կոնկլյուդենտ գործողություններ` կոնկրետ նպատակ ունենալով իր տիրապետման տակ վերցնել ժառանգական գույքը:

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա՞ է ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե ոչ, և արդյո՞ք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

Սույն գործի փաստերից ելնելով, Սամվել Սարգսյանի առաջին հերթի ժառանգ Հարություն Սարգսյանը վերը նշված ակտիվ գործողությունները կատարել է գույքը երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու և դրա նկատմամբ իր տիրապետությունը հաստատելու նպատակով:

Վերը նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքում նշված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի, 1225-1226-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ փաստարկները հիմնավոր է համարում:

Նշված հոդվածների խախտումը հանգեցրել է քաղաքացիական գործի սխալ լուծման, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի բեկանման բավարար հիմք է:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կա՛մ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կա՛մ, չնայած հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան:

Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք, այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն գործին մասնակցող անձանց, կամ հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար լինի և տվյալ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:

Ինչ վերաբերում է դատավարությանը մասնակցող անձի կողմից այդ փաստի վկայակոչմանը որպես նոր երևան եկած հանգամանք, ապա այն նրանց համար նույնպես չի կարող համարվել նոր երևան եկած հանգամանք, քանի որ սույն գործի քննությունը ՀՀ տնտեսական դատարանի կողմից ավարտվել է վճռի կայացմամբ 10.05.2007 թվականին: Որպես նոր երևան եկած հանգամանք` ներկայացված իրադարձությունը տեղի է ունեցել մինչև սույն գործով վճռի կայացումը` 2005 թվականի մայիսին, այսինքն հայտնի է եղել գործին մասնակցող անձանց: Մինչդեռ հանգամանքը կարող է ճանաչվել նոր երևան եկած, եթե այն գործի ըստ էության քննության ժամանակ գոյություն է ունեցել, սակայն դատավարությանը մասնակցող անձի համար օբյեկտիվ պատճառներով անհնարին է եղել դրա ներկայացումը դատարան:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել Սարգսյանի սեփականությունը հանդիսացող գորգը և ջահը Հարություն Սարգսյանի կողմից տիրապետելու հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չի կարող ճանաչվել, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով` դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի թիվ 07-1524 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.09.2007
N 3-1224(ՎԴ)
Որոշում