ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-1091 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-822/2007 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
դատավորներ` Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Կարապետ Գրաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականին թիվ 07-822 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Կարապետ Գրաչյանի ընդդեմ Ատոմ Ղազազյանի` գումարի պահանջի մասին և ըստ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարապետ Գրաչյանի` գումարի պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվոր Կարապետ Գրաչյանը պահանջել է պատասխանող Ատոմ Ղազազյանից բռնագանձել 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխառության գումար և հաշվարկված բանկային տոկոսները:
Պատասխանող Ատոմ Ղազազյանը ներկայացրել է հակընդդեմ հայց, որով պահանջել է Կարապետ Գրաչյանից բռնագանձել 11000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ որպես Փոխառության պայմանագրի գերավճար:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 01.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` պատասխանող Ատոմ Ղազազյանից հօգուտ Կարապետ Գրաչյանի բռնագանձվել է 22.000 (քսաներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարապետ Գրաչյանի` գումարի պահանջի մասին մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Կարապետ Գրաչյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերողի դատարանին ներկայացված փաստարկները դատարանը հերքել է հիմնվելով վկաների ցուցմունքների և բողոք բերողի ցուցմունքի այն հատվածի վրա, որտեղ նա` հայցվորը նշել է, որ «ես և Ատոմը (պատասխանողը) հանդիպել ենք, զրուցել և մեր միջև առկա թյուրիմացությունները վերացել են և մենք հաշտվել ենք և միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունենք»: Հայցվորը պնդում է, որ դատարանը հաշվի չի առել օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված այն հանգամանքը, որ պատասխանողն իրոք պարտք է եղել հայցվորին 22000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ողջ քրեական գործում կամ առաջին ատյանի և վերաքննիչ դատավարությունների ընթացքում օրենքով վերաբերելի և թույլատրելի որևէ ապացույցով չի ապացուցվել, որ հայցվորի պարտավորությունը մարվել է: Այս պայմաններում` միայն քրեական գործի և իրար միջև քրեորեն հետապնդելի արարքի առնչությամբ պահանջների բացակայության մասին ցուցմունքի մի քանի բառը դատարանը դիտել է որպես փոխառության մարման ապացույց: Վերը նշված ցուցմունքը հայցվորը տվել է քրեական գործի շրջանակներում և այդ ցուցմունքը որևէ առնչություն չունի հայցվորի և պատասխանողի գույքային հարաբերությունների հետ:
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի և ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը վիճելի գումարի նկատմամբ: Նշված պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է այն փաստարկով, որ հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով ստանձնած պարտավորությունը պատասխանողը պարտավոր է կատարել պատշաճ պարտավորության պայմաններին և օրենքի պահանջներին համապատասխան:
Բողոք բերած անձը պահանջել է հիմնական հայցը մերժելու մասով բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` սկզբնական հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 26.05.2005 թվականին հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է առանց տոկոսների 22.000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր և նույն օրն էլ հայցվորը պատասխանողին տրամադրել է այդ գումարը` երկու ամիս անց վերադարձնելու պայմանով: Փոխառության պայմանագիրը հաստատվել է նոտարական կարգով:
2) Փոխառության վերադարձման ժամկետը լրանալուց հետո գումարը փոխառուի կողմից չի վերադարձվել:
3) 30.11.2005 թվականին փոխառության գումարը չվերադարձնելու առիթով ծագած վիճաբանության արդյունքում հայցվորը պատասխանողին հասցրել է թեթև, առողջությունը կարճատև քայքայող վնասվածքներ: Այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում կայացված` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի դատավճռով Կարապետ Գրաչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
4) Նախաքննության ընթացքում Կարապետ Գրաչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «ես և Ատոմը հանդիպել ենք, զրուցել և մեր միջև առկա թյուրիմացությունները վերացել են և մենք հաշտվել ենք և միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունենք»: Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքի հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև 26.05.2005 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով փոխատուն փոխառուին հանձնել է 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մինչև 26.07.2005 թվականը վերադարձնելու պայմանով: Գործի քննությամբ փոխառուի կողմից փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը լրիվ կամ մասամբ կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածների հիման վրա 26.05.2006 թվականի փոխառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները ենթակա են անվերապահ կատարման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի, որի համաձայն` մասնավորապես քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի դատավճռով հաստատվել են Կ. Գրաչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման հետ կապված փաստերը: Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում Կարապետ Գրաչյանի տված ցուցմունքին այն մասին, որ իրենք հանդիպել են և միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն` սույն քաղաքացիական գործը քննող դատարանի համար պարտադիր չէ, քանի որ այդ ցուցմունքը վերաբերում է ոչ թե կողմերի միջև կնքված փոխառության գործարքին, այլ` հանցագործության և դրա հետևանքների հետ կապված հարաբերություններին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար` հետևյալ շրջանակներում.
1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից:
Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ: Օրինակ` դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, չնայած որ դրանք հաստատված են դատավճռով:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությամբ պատճառված վնասի հետ կապված հարաբերությունները և սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված փոխառության գործարքով սահմանված հարաբերությունները, չնայած դրա մասնակիցների նույնականությանը, այնուամենայնիվ, ըստ էության բովանդակային առումով այլ հարաբերություններ են: Այդ գործարքով ծագած պարտավորությունները կարող են դադարել միայն կատարմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված այլ հիմքերով, որոնք սույն գործի փաստերի համաձայն առկա չեն: Հետևաբար, հանցագործությամբ պատճառված վնասի հետ կապված կողմերի համաձայնությունը չի կարող տարածվել կողմերի միջև կնքված այլ` քաղաքացիաիրավական բնույթի պարտավորությունների վրա:
Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանիորեն և լրիվ չի հետազոտել նշված դատավճիռը, 26.05.2006 թվականի փոխառության պայմանագիրը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 01.12.2006 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված հիմնավոր և օրինական վճռի առկայության պայմաններում բացակայում է քաղաքացիական գործի նոր քննության անհրաժեշտությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր է համարում և այն բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը բեկանելու և նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը` Կարապետ Գրաչյանի 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջը մերժելու մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի 01.12.2006 թվականի վճռին:
2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան