Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 225-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ           Քաղաքացիական գործ թիվ 3-1778 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                               2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3151

Նախագահող դատավոր` Ա. Ավանեսյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Սոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Սեդա Սոնյանի ընդդեմ Իդա Էբզիմյանի` Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տան նկատմամբ օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, ըստ հայցի և հակընդդեմ հայցի Իդա Էբզիմյանի ընդդեմ Սեդա Սոնյանի` գումարի բռնագանձման, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և փաստացի տիրապետմամբ Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 հասցեում գտնվող ժառանգական գույքի բաժինն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Սեդա Սոնյանը պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Իդա Էբզիմյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տան նկատմամբ և վտարել նշված տնից:

Դիմելով դատարան` Իդա Էբզիմյանը պահանջել է բռնագանձել Սեդա Սոնյանից 4.750.090 ՀՀ դրամ` որպես համապարտ պարտավորությունը կատարելու հետադարձ պահանջի գումար, իսկ հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել 03.07.1997 թվականին Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տան նկատմամբ Սեդա Սոնյանի անվամբ տրված թիվ 2186 սեփականության իրավունքի վկայականը, ճանաչել Հարություն Էբզիմյանի սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ և փաստացի տիրապետման ուժով իրեն` որպես առաջին հերթի ժառանգի, ճանաչել Հարություն Էբզիմյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել սեփականության իրավունքը նշված տան 3/4-րդ մասի նկատմամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.07.2007 թվականի վճռով Սեդա Սոնյանի հայցը մերժվել է, Իդա Էբզիմյանի հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել մասնակի:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով Սեդա Սոնյանի հայցը մերժվել է, Իդա Էբզիմյանի հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Սոնյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Իդա Էբզիմյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 225-րդ, 296-րդ, 1186-րդ, 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տան սեփականատերն է Սեդա Սոնյանը, որն այդ տունը ձեռք է բերել 17.09.1990 թվականին առուվաճառքի պայմանագրով: Պայմանագիրը վիճարկված չէ: Հարություն Էբզիմյանի կողմից տունը գնելու մասին Հռիփսիմե Տատուրյանի հայտարարությունը չի կարող սեփականության վիճարկման գործի համար ապացույց հանդիսանալ, քանի որ նա հանդես չի եկել որպես վաճառող:

ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 27.03.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա` 03.05.2006 թվականին մահացած Հարություն Էբզիմյանի ժառանգական միակ գույքի` «Մերսեդես-Բենց E200» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներն են Սեդա Սոնյանը և Իդա Էբզիմյանը: Ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո ժառանգներն իրենց ստացած գույքի արժեքի սահմաններում միայն պետք է հատուցեն ժառանգության հետ կապված ծախսերը: Ժառանգատուի պարտքերով պահանջները պարտատերերն իրավունք ունեն ներկայացնել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով` պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին, այսինքն` այդ պահանջները պետք է ներկայացվեին մինչև 27.03.2007 թվականը, մինչև Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 27.03.2007 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալը: Իսկ հետագայում ավտոմեքենայի վաճառքից հետո գումարը ծախսվել է հուղարկավորության և գերեզմանի վրա կատարվող աշխատանքների վրա:

Իդա Էբզիմյանի կողմից չեն ապացուցվել իր կողմից ներկայացված պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Եվ գործի հանգամանքները, որոնք պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ապացույցների թույլատրելիության նորմը և որպես ապացույց է դիտել երրորդ անձանց` գործի համար ապացուցողական նշանակություն չունեցող վկայությունները:

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա տան առուվաճառքի պայմանագիրը, որպես ժառանգություն ստացված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, այն փաստը, որ Իդա Էբզիմյանի օգտագործման իրավունքը պետական գրանցման չի ենթարկվել, ինչի արդյունքում հանգել է գործի սխալ լուծման:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Ամուսիններ Հարություն Էբզիմյանը և Ռուզաննա Պողոսյանն ունեցել են զգալի ֆինանսական խնայողություններ և 1990 թվականին որոշել են Երևանում գնել բնակելի տուն: Գնման հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել վիճելի տան նախկին սեփականատերեր Ստամբոլյանների հետ և կնքվել է պայմանագիր, որով որպես գնորդ հանդես է եկել Հարություն Էբզիմյանի մայրը` Սեդա Սոնյանը, որի անունով էլ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում:

Գնված տան ամբողջ արժեքը վճարել է Հարություն Էբզիմյանը և նրա ընտանիքը բնակություն է հաստատել այդ տանը` վերանորոգելով և վերակառուցելով այն:

Սեդա Սոնյանը գործարքի կնքման պահին եղել է 59 տարեկան, չի աշխատել, կենսաթոշակից բացի այլ եկամուտ չի ունեցել:

Բողոքի այն փաստարկը, թե Հռիփսիմե Տատուրյանն առնչություն չունի բնակելի տան վաճառողների հետ` անհիմն է, քանի որ նա բնակարանը վաճառող Հարություն Ստամբոլյանի կինն է:

Սեփականության իրավունքի վկայականը` առանց դրա հիմքում ընկած պայմանագրի անվավեր ճանաչելու պահանջը հիմնավոր է, քանի որ գործով հաստատված հանգամանք է, որ տան իրական գնորդ է հանդիսացել Հարություն Էբզիմյանը, հետևաբար տան նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվեր վերջինիս անվամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում ժառանգատուի պարտքերով պահանջների ներկայացումը պարտատերերի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, իսկ նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցապահանջների շրջանակներից, անվավեր է ճանաչել Սեդա Սոնյանի սեփականության իրավունքի վկայականը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիմքով այն ճանաչել հանգուցյալ ամուսիններ Հարություն Էբզիմյանի և Ռուզաննա Պողոսյանի համատեղ ամուսնական գույք և Իդա Էբզիմյանին ճանաչել նաև մոր ժառանգությունն ընդունած ժառանգ, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը, վիճելի տան նկատմամբ ճանաչելով Հարություն Էբզիմյանի և Ռուզաննա Պողոսյանի ընդհանուր սեփականության իրավունքը և փաստացի տիրապետման հիմքով` որպես առաջին հերթի ժառանգ Իդա Էբզիմյանին ճանաչելով ժառանգությունն ընդունած ժառանգ, լուծել է նաև դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Եղիսաբեթ և Հարություն Ստամբոլյանների և Սեդա Սոնյանի միջև 17.09.1990 թվականին կնքվել է բնակելի տան առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տան 7/16-րդ մասը վաճառվել է Սեդա Սոնյանին: Նշված տան նկատմամբ 03.04.1997 թվականին Սեդա Սոնյանին տրվել է սեփականության իրավունքի վկայական:

2) Իդա Էբզիմյանը Հարություն Էբզիմյանի և Ռուզաննա Պողոսյանի դուստրն է:

3) Հարություն Էբզիմյանը և Ռուզաննա Պողոսյանը մահացել են 03.05.2006 թվականին:

4) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 27.03.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 03.05.2006 թվականին մահացած Հարություն Էբզիմյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հավասար բաժիններով դուստրը` Իդա Էբզիմյանը և մայրը` Սեդա Սոնյանը: Ժառանգական գույքը բաղկացած է «Մերսեդես Բենց E200» մակնիշի ավտոմեքենայից:

5) Իդա Էբզիմյանի և Սեդա Սոնյանի կողմից նշված ավտոմեքենան վաճառվել է 4.500.000 ՀՀ դրամով:

6) Հարություն Էբզիմյանի պարտքերով պարտատերերի կողմից օրենքով սահմանված կարգով Սեդա Սոնյանին պահանջ չի ներկայացվել:

7) Իդա Էբզիմյանը հաշվառված բնակվում է Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 տանը: Նրա բնակելի տարածության օգտագործման իրավունքը նշված տան նկատմամբ պետական գրանցում չի ստացել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 01.01.2007 թվականից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` Իդա Էբզիմյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Նոր Արեշի 42 փողոցի թիվ 22 տան նկատմամբ պետական գրանցում չի ստացել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա բնակելի տարածության օգտագործման իրավունքը սեփականատիրոջ պահանջով ենթակա է դադարեցման առանց փոխհատուցման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Սեդա Սոնյանի անվամբ 03.07.1997 թվականին տրված թիվ 2186 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջով հայցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 2006 թվականի թիվ 3-1920 (ՎԴ) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

Քաղաքացիական գործի վարույթը սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով կարճման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 172-րդ հոդվածների խախտման հիմքի հիմնավորվածության հարցին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հարություն Էբզիմյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսացել Սեդա Սոնյանը և Իդա Էբզիմյանը, որոնց 27.03.2007 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` ժառանգական գույքը բաղկացած էր «Մերսեդես Բենց E200» մակնիշի (4.500.000 ՀՀ դրամ արժեքով) ավտոմեքենայից: Հարություն Էբզիմյանի պարտատերերը Սեդա Սոնյանին, որպես ժառանգ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ չեն ներկայացրել: Նման պահանջ ներկայացվել է միայն ժառանգ Իդա Էբզիմյանին, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածով սահմանված կարգով կրել է պարտատերերի պահանջներն իրեն անցած գույքի արժեքի սահմաններում հատուցելու պարտավորություն, սակայն սույն գործի փաստերի համաձայն` իր կամքով հատուցել է ավելին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում (կամ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը) պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Իդա Էբզիմյանի կողմից, առանց ժառանգատուի պարտքերով պարտատերերի կողմից Սեդա Սոնյանին օրենքով սահմանված կարգով պահանջ ներկայացնելու, ժառանգական գույքի արժեքի սահմաններից դուրս բավարարելը, նրա համար մյուս ժառանգ Սեդա Սոնյանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք չի կարող առաջացնել: Հետևաբար, Հարություն Էբզիմյանի պարտքերով Իդա Էբզիմյանի կողմից Սեդա Սոնյանի դեմ ներկայացված պահանջն անհիմն է և ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց բացատրություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը ի խախտումն նշված հոդվածների, հիմք ընդունելով Հ. Տատուրյանի հայտարարությունն այն մասին, որ տունը վաճառվել է Հարություն Էբզիմյանին և որ տան վաճառքի գումարն ամբողջությամբ իրեն վճարել է վերջինս, դիտել է որպես վիճելի բնակելի տան սեփականության իրավունքի վկայականի անվավերության ապացույց: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը տան նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի անվավերության թույլատրելի և վերաբերելի ապացույց չի կարող հանդիսանալ, քանի որ գործում առկա 1990 թվականին Հարություն և Եղիսաբեթ Ստամբոլյանների և Սեդա Սոնյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Սեդա Սոնյանը գնել է Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 22 բնակելի տան 53,55 քմ մակերեսով 7/16-րդ մասը, որը գտնվում է 525 քմ մակերեսով ընդհանուր հողամասի վրա: Առուվաճառքի պայմանագրի 4-րդ կետի համաձայն` բնակելի տունը վաճառվել է 7554 ռուբլի գումարով, որպիսի գումարը վաճառողները ստացել են գնորդ Սեդա Սոնյանից: Պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է և դրանից ծագող Սեդա Սոնյանի իրավունքները պետական գրանցում են ստացել: Այսինքն` Սեդա Սոնյանը նշված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել օրենքով սահմանված կարգին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատության չի ենթարկել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը, որն օրենքի համաձայն` տան ձեռքբերման փաստը հաստատող միակ ապացույցն է:

Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` Սեդա Սոնյանի սեփականության և արդար դատաքննության իրավունքը և այդ խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ինչ վերաբերում է Սեդա Սոնյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարման հարցին, ապա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեդա Սոնյանին պետք է ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից, քանի որ նա 76 տարեկան է, թոշակառու, սոցիալապես անապահով է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

2. Սեդա Սոնյանի հայցը բավարարել:

3. Իդա Էբզիմյանի հակընդդեմ հայցի մասով` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճել:

4. Իդա Էբզիմյանի հայցը և հակընդդեմ հայցը` մնացած մասով մերժել:

5. Սեդա Սոնյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

6. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1778(ՎԴ)
Որոշում