Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ թիվ 3-1717 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ2-42/2007թ.                           2007թ.

Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ  

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճռի դեմ ըստ Վարչության հայցի ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) աշխատավորական կոլեկտիվի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան, հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերության աշխատավորական կոլեկտիվից 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 10.500.000 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.09.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Վարչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Հենրիկ Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը, որը չպետք է կիրառվեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ, 106-րդ, 345-րդ, 347-րդ և 348-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքվել է ոչ թե Ընկերության, այլ աշխատավորական կոլեկտիվի հետ: Հետևաբար, Ընկերությանը սնանկ ճանաչելը չի կարող հիմք հանդիսանալ նրա աշխատավորական կոլեկտիվի դեմ հարուցված քաղաքացիական գործի վարույթի կարճման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Դատարանը վճիռ կայացնելիս ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով, ինչը իրավաչափ է և բխել է գործի փաստական հանգամանքներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վարչության, ի դեմս վարչության պետ Կ. Կիրակոսյանի և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի, ի դեմս Հ. Պողոսյանի միջև 02.08.2004 թվականին կնքվել է Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագիր, որի 5.7.2 և 5.7.3 կետերով գնորդը պարտավորվել է.

ա/ երկու տարվա ընթացքում կատարել` 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, առաջին տարում` 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ տարում 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ/ երկու տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ` 35.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, առաջին տարում ապահովել 100 աշխատատեղ, իսկ երկրորդ տարում 170 աշխատատեղ:

2) Պայմանագրի 7.3 կետով սահմանվել է.

ա/ պայմանագրի 5.7.2 կետով սահմանված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումը ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` ներդրում չկատարած գումարի 15 տոկոսի չափով, իսկ նույն կետով սահմանված ներդրումը 50 և ավել տոկոսով կատարելու դեպքում` Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումը ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` ներդրում չկատարած գումարի 10 տոկոսի չափով,

բ/ պայմանագրի 5.7.3 կետով նախատեսված նոր աշխատատեղերից մինչև 50 տոկոս նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում, Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 25 տոկոսի չափով, ամսվա համար նախատեսված աշխատատեղերի և աշխատավարձի հաշվարկով, իսկ նույն կետով սահմանված նոր աշխատատեղերից 50 և ավելին տոկոսով նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում, Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով:

3) Պարտավորություններից որևէ մեկը տույժով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում Վարչությունը օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան Գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու պահանջով:

4) Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չեն կատարվել:

5) Դատարանի 18.05.2007 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է`

1) բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Վերոնշյալ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը: Դա այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել գույք (ապրանք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Նշված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Վարչության և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի (Գնորդ) միջև, ի դեմս լիազորված անձ Հ. Պողոսյանի:

Առուվաճառքի պայմանագրով կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնց կատարման համար ժամկետներ են սահմանվել: Սահմանված ժամկետներում Գնորդը պարտավորությունները չի կատարել: Տվյալ դեպքում պայմանագրով ստանձնած Գնորդի պարտավորությունները չեն կարող նույնացվել Ընկերության պարտավորությունների հետ:

Վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը կիրառելի չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1717(ՏԴ)
Որոշում