Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆ ...

07.06.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.2008  -ից մինչեւ   07.06.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 06.06.2024 թիվ 846-Ն որոշում)

i

040.0082.050208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2008 թվականի N 82-Ն

 

ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակների բռնկման պատճառով գյուղատնտեսական կենդանիների անկումների և դրանց տարածման կանխարգելման նպատակով հարկադիր սպանդի ենթարկված անասնագլխաքանակի արժեքի դիմաց սեփականատեր ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում օժանդակության ենթակա սեփականատերերի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` 15-օրյա ժամկետում հաստատել անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 82-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են անասնահամաճարակների բռնկման պատճառով գյուղատնտեսական կենդանիների անկումների և դրանց տարածման կանխարգելման նպատակով հարկադիր սպանդի ենթարկված անասնագլխաքանակի արժեքի դիմաց սեփականատեր ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն օժանդակությունը (դրամական կամ այլ տեսքով) ցուցաբերվում է այն անասնահամաճարակների դեպքում, որոնք հանգեցնում են գյուղատնտեսական կենդանիների անխուսափելի անկումների, և դրանց տարածման կանխարգելման առավել արդյունավետ միջոցը վարակված գյուղատնտեսական կենդանիների հարկադիր սպանդն է:

3. Հարկադիր սպանդի ենթարկված, ինչպես նաև անկած կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը ենթակա են ոչնչացման կամ օգտահանման:

4. Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկման կամ հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջն օժանդակություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին:

5. Անասնահամաճարակի հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ազգային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

7. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, իր կանոնադրությանը համապատասխան, անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման գործընթացի համակարգումը և այդ բնագավառում անհրաժեշտ կազմակերպական միջոցառումների իրականացման ապահովումն է:

8. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին (խնդիրներին) համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածքների մոնիթորինգի ենթարկում և տարածման սպառնալիքների (ռիսկերի) գնահատում.

2) հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների մասին տվյալների շտեմարանի ձևավորում, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը,

բ. հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և տեսակը,

գ. հարկադիր մորթի ժամանակահատվածում գյուղատնտեսական կենդանու շուկայական արժեքը,

դ. օժանդակության գումարի չափը,

ե. վարակի տարածման գոտին.

3) լիազոր մարմին անկած հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների համար սեփականատերերին պատճառված վնասի դիմաց տրամադրվող օժանդակության գումարի չափի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարություն պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելը.

5) հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերված օժանդակության գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

6) հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության գործընթացի հրապարակայնության և թափանցիկության ապահովում:

9. Հայաստանի Հանրապետության մարզերում գյուղատնտեսական կենդանիների հարկադիր սպանդի գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են մարզային հանձնաժողովներ (այսուհետ` մարզային հանձնաժողով):

10. Մարզային հանձնաժողովներն ստեղծվում են համապատասխան տարածքային կառավարման մարմինների և լիազոր մարմնի համատեղ որոշմամբ:

11. Մարզային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի մարզային կառույցների, համապատասխան մարզպետարանների ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անասնաբույժներ և տնտեսավարողներ:

12. Կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի ոչնչացման դեպքում` անկած և հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը` մեկ կիլոգրամ կենդանի քաշի հաշվով, չպետք է գերազանցի շուկայական արժեքի 75 տոկոսը, իսկ օգտահանման դեպքում օժանդակության չափը որոշվում է օգտահանման ենթակա արտադրանքի փաստացի գնման գնի և շուկայական գնի տարբերության 75 տոկոսի չափով: Օժանդակության գումարի չափը, լիազոր մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Մարզային հանձնաժողովի հիմնական խնդիրը մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման գործընթացի համակարգումը և այդ բնագավառում անհրաժեշտ կազմակերպական միջոցառումների իրականացումն է:

14. Մարզային հանձնաժողովի գործառույթներն են`

1) անասնահամաճարակների մասին մարզում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումը.

2) մարզի տարածքում կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման գոտիների ճշգրտումը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններով վարակված գյուղատնտեսական կենդանիների ցանկի ճշգրտումը և տվյալների շտեմարանի ստեղծումը.

4) հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների պատճառած վնասի համար տրամադրվող օժանդակության գործընթացի հրապարակայնության ապահովումը և լիազոր մարմին օժանդակության գումարի չափի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

5) պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելը:

15. Անասնահամաճարակների բռնկման պատճառ հանդիսացող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

II. ԱՆԿԱԾ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԴԻՄԱՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Անասնահամաճարակի պատճառով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին օժանդակությունը տրամադրվում է մարզային հանձնաժողովների կողմից կազմված ակտերի հիման վրա: Ակտերը կազմվում են 3 օրինակից:

17. Ակտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

18. Գյուղատնտեսական կենդանիների անկումները գրանցելուց կամ հարկադիր սպանդն իրականացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում մարզային հանձնաժողովն ակտերի առաջին օրինակները և ակտերի ամփոփման արդյունքները ներկայացնում է հանձնաժողով:

19. Հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում քննարկում է մարզային հանձնաժողովների կողմից ներկայացված ակտերը, ընդունում է որոշում գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության ձևի և գումարի չափի վերաբերյալ և լիազոր մարմին ներկայացնում առաջարկություն:

20. Օժանդակությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է անմիջապես տուժած սեփականատիրոջը` գանձապետական համակարգի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 82-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԴԵՊՔՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կատաղություն

Խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա

Խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների ժանտախտ

Խոզերի աֆրիկական ժանտախտ

Ձիերի աֆրիկական ժանտախտ

Մանր եղջերավորների Ռիֆտ հովտի տենդ

Մանր եղջերավորների Նայրոբի հիվանդություն

Ձիերի խլնախտ

Թռչունների գրիպ

Սիբիրախտ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 82-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԿԱԾ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2008
N 82-Ն
Որոշում