(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
040.1438.171207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1438-Ն
i
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով մայրուղային գազատարների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 8-ի
N 1438-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները տարածվում են գազի տնտեսության կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող մայրուղային (մագիստրալային) գազատարների վրա և պարտադիր են մայրուղային գազատարների օբյեկտներում աշխատանքներ իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: Սույն ՏԿ-ն սահմանում է մայրուղային գազատարների շահագործման, անձնակազմի աշխատանքի կազմակերպման և տեխնիկական փաստաթղթերի վարման հիմնական տեխնիկական, կազմակերպական նորմերը և պահանջները: Մայրուղային գազատարների կազմի մեջ, որպես առանձին օբյեկտներ, մտնում են`
1) գազատար խողովակն իր ճյուղավորումներով (լուպինգ) և փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, մաքրման սարքավորման բացթողման և ընդունման հանգույցներով, խտուցքի հավաքման և պահման հանգույցներով և մեթանոլի ներածման սարքավորումով.
2) գլխավոր և միջանկյալ ճնշակային կայանները, գազաբաշխիչ կայանները, գազի ստորգետնյա պահեստարանները.
3) կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանման տեղակայանքները, տեխնոլոգիական կապի և հեռուստամեխանիկայի գծերը և կառույցները.
4) գազատարների սպասարկման համար նախատեսված էլեկտրահաղորդման գծերը, փակող արմատուրի, հեռուստակառավարման և էլեկտրաքիմիական պաշտպանության տեղակայանքների էլեկտրամատակարարման սարքավորումները.
5) հակահրդեհային միջոցները, գազատարների հակաքայքայամաշման և պաշտպանական կառույցները.
6) խտուցքի պահման և գազազատման տարողությունները, խտուցքի վթարային դատարկման գետնահորերը.
7) շենքերը, կառույցները և սենքերը.
8) գազատարի ուղեգծով տեղաբաշխված մշտական ճանապարհները և ուղղաթիռային հրապարակները, դրանց մուտքի ուղիները` գազատարների տեղադրման տարբերիչ նիշերով և ազդանշաններով:
2. Սույն ՏԿ-ի պահանջները չեն տարածվում այն գազատարների վրա, որոնք նախատեսված են խողովակի մետաղի վրա կոռոզիայի ներգործություն թողնող կամ -40 oC-ից ցածր ջերմաստիճանի սառեցրած գազի փոխադրման համար: Նշված գազատարների շահագործումը պետք է իրականացվի ըստ նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների կողմից մշակված հատուկ հրահանգի:
3. Մայրուղային գազատարների օբյեկտների շահագործման մեթոդներն ու սխեմաները պետք է կանոնակարգվեն արտադրական, պաշտոնական հրահանգներով և տեխնոլոգիական սխեմաներով, որոնք մշակվում են կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և հիմնվելով սույն ՏԿ-ի վրա: Հրահանգների անվանացանկը, մշակման և հաստատման կարգը սահմանում են կազմակերպությունները:
4. Արտադրական, պաշտոնական հրահանգների, տեխնոլոգիական և այլ սխեմաների վերանայումը կատարվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտ փոփոխությունները դրանց մեջ մտցվում են անմիջապես:
5. Մայրուղային գազատարները շահագործող անձնակազմի հիմնական խնդիրներն են`
1) գազի փոխադրումը հանքավայրից կամ հանրապետություն ներկրման կետից մինչև բաշխման համակարգ, գազի մատուցումը քաղաքների, բնակավայրերի կամ առանձին կազմակերպությունների բաշխիչ ցանցը, սարքավորման անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովումը.
2) գազատարի արդյունավետ աշխատանքի ապահովումը` սարքավորման լավարկված (օպտիմալացված) աշխատանքային ռեժիմների օգնությամբ, դրա գործառության հուսալիությամբ, վառելիքաէներգետիկական պաշարների և նյութերի արդյունավետ ծախսմամբ, փոխադրման ընթացքում գազի կորուստների կրճատմամբ, ճնշակային կայաններում առաջացած երկրորդային էներգապաշարների առավել լրիվ օգտագործմամբ.
3) գազատարի արդիականացման համար միջոցառումների մշակումը և իրագործումը.
4) աշխատանքի արտադրողականության բարձրացումը, գազի փոխադրման ինքնարժեքի իջեցումը.
5) աշխատողների որակավորման բարձրացումը.
6) աշխատանքային և արտադրական կարգապահության խիստ պահպանումը, աշխատանքի պաշտպանության ու տեխնիկական անվտանգության գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների և նորմերի կատարումը:
6. Մայրուղային գազատարների շահագործումն իրականացնող կազմակերպությունները որոշում են իրենց ստորաբաժանումների կողմից մայրուղային գազատարների և օժանդակ օբյեկտների սպասարկման սահմանները: Ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարները հաստատում են որոշակի աշխատողների պատասխանատվությունը` սարքավորման շահագործման, դրա տեխնիկական վիճակի համար, որը ձևակերպվում է ստորաբաժանման հրամանով (կարգադրությամբ):
7. Մայրուղային գազատարների շինարարության, դրանց վերակառուցման, տեխնիկական վերազինման կամ հիմնական նորոգման ժամանակ պատվիրատուն պետք է կազմակերպի աշխատանքների կատարման տեխնիկական վերահսկողություն:
8. Նոր և վերակառուցվող օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման պահանջներին համապատասխան:
9. Գազի մատուցումը վառելիքային, գործարկվող և իմպուլսային հաղորդակցուղիներ, ինչպես նաև ՃԿ, ԳԲԿ և ԳՍՊ տեխնոլոգիական կապակցման խողովակաշարեր, սարքավորման անհատական փորձարկումներ կատարելու համար, իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ: Անվտանգության անհրաժեշտ միջոցների ապահովումը դրվում է շահագործող ստորաբաժանման վրա:
10. Գազի մատուցումը մայրուղային գազատարներ, գազատար-ճյուղավորումներ, սարքավորման փչամաքրման և անհատական փորձարկումներ կատարելու համար, իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ: Անվտանգության անհրաժեշտ միջոցներն այդ դեպքում նշվում են հատուկ հրահանգներում, որոնք մշակվում են կապալառու կազմակերպության կողմից և համաձայնեցվում պատվիրատուի, շահագործող կազմակերպության և, անհրաժեշտության դեպքում, նախագծային կազմակերպության հետ: Հրահանգը հաստատվում է կապալառու կազմակերպության կողմից, որի վրա դրվում է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանման ապահովումը: Գազի մատուցումը բաշխիչ գազատարներին ԳԲԿ-ի սարքավորումների համալիր փորձարկման ժամանակ չի թույլատրվում:
11. Գազի մատուցումը շինարարությունն ավարտված մայրուղային գազատարներին, ճյուղավորումներին և ԳԲԿ-ին պետք է իրականացվի սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված` գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ ՏԿ-ի պահանջների համաձայն:
12. Գազի մատակարարումը գազասպառող տեղակայանքներին և սարքերին, ցածր ճնշման գազատարներին` ԳԲԿ-ի ելքից հետո, պետք է իրականացվի կազմակերպության կողմից սահմանված կարգով` այդ տեղակայանքները շահագործման հանձնելու համար ռեժիմային-կարգաբերման աշխատանքներ կատարելուց հետո:
13. Գազատարը շահագործման ընդունելուց հետո շահագործող կազմակերպությունը պետք է հետևի, որ մեկամսյա ժամկետում գազատարի փաստացի դիրքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անցկացվի հողօգտագործողների քարտեզների վրա:
14. Բանվորների մասնագիտական պարտականությունները, իրենց կցված սարքավորման և օբյեկտների համար, որոշվում են ըստ կազմակերպության հրահանգների:
15. Ինժեներատեխնիկական աշխատողների պարտականությունները, իրավունքները որոշվում են պաշտոնական հրահանգներով, որոնք կազմում են բաժինների, արտադրամասերի, ծառայությունների, տեղամասերի, արտադրական ստորաբաժանումների ղեկավարները և հաստատում է կազմակերպության ղեկավարը:
16. Գազափոխադրման կազմակերպության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է` իմանալ իր աշխատատեղին վերագրվող գործառույթները, իրեն կցված շահագործվող օբյեկտը, սարքավորումը, սենքերը և մյուս օբյեկտների հետ դրանց կապակցված շահագործման ռեժիմը, ճշտորեն և ժամանակին կատարել իր վրա դրված պարտականությունները, ցուցաբերել անհրաժեշտ նախաձեռնություն, ստեղծագործական վերաբերմունք աշխատանքին, անընդհատ կատարելագործել սեփական մասնագիտական հմտությունը, միջոցներ ձեռնարկել սույն ՏԿ-ի պահանջների խախտումների նախազգուշացման համար, ամեն կերպ աջակցել ՃԿ-ի, ԳՄ-ի (գծային մաս), ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարի այլ տեխնիկական օբյեկտների արդյունավետության և հուսալիության ապահովմանը:
17. Մայրուղային գազատարների սարքավորման, օբյեկտների և հաղորդակցուղիների, շենքերի և կառույցների շահագործման ընթացքում կազմակերպատեխնիկական միջոցառումների մշակման, կատարելագործման և զարգացման նպատակով պետք է կատարվի դրանց արդյունավետության, հուսալիության և անվտանգության վերլուծություն:
18. Մայրուղային գազատարների օբյեկտներում, սենքերում և հաղորդակցուղիներում կրակային և գազավտանգ աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն կրակային աշխատանքների անվտանգ վարման վերաբերյալ կազմակերպության ստանդարտի:
19. Կազմակերպությունները պարտավոր են իրենց ստորաբաժանումները, դրանց ծառայությունները և տեղամասերն ապահովել նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ
20. Սույն ՏԿ-ում հիմնականում օգտագործված են «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված` «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» ՏԿ-ում նշված հասկացությունները, ինչպես նաև հետևյալ հասկացությունները`
1) շլեյֆներ` գազի ճնշակային կայանից գազի ստորգետնյա պահեստարանը սնող գազատարներ, որտեղ գազի ճնշումը հասնում է 10-ից մինչև 13 ՄՊա.
2) տիպային հրահանգներ` կազմակերպության ղեկավարների կողմից հաստատված հրաման (հրահանգ), որոնք կարող են վերաբերվել նմանատիպ աշխատանքների կատարմանը.
3) հատուկ հրահանգներ` կազմակերպության ղեկավարների կողմից հաստատված հրաման (հրահանգ), որոնք կարող են վերաբերվել միայն տվյալ աշխատանքների կատարմանը:
21. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հապավումները`
ՄԳ` մայրուղային գազատար
ՃԿ` ճնշակային կայան
ԳՎԱ` գազավերամղման ագրեգատներ
ԳՍՊ` գազի ստորգետնյա պահեստարան
ԳՇԾ` գծաշահագործական ծառայություն
ԷՀԳ` էլեկտրահաղորդման գիծ
ԳԲԿ` գազաբաշխիչ կայան
ԿԿԾ` կենտրոնական կարգավարական ծառայություն
ԿԿԿ` կենտրոնական կարգավարական կետ
ԳՄՀ` գազամատակարարման միասնական համակարգ
ԿՊՍ` կատոդային պաշտպանության սարքավորում
ՑՊՍ` ցամաքուրդային պաշտպանության սարքավորում
ՃԱ` ճնշակային արտադրամաս
ԱԿՀ` ավտոմատ կառավարման համակարգ
ՀՉՍ և Ա` հսկիչ-չափիչ սարքեր և ավտոմատիկա
ՌՊ` ռելեային պաշտպանություն
ՀԱ` հակավթարային ավտոմատիկա
ՊԳՊ` պահեստամասեր, գործիքներ, պիտույքներ
ՇՓ` շահագործական փաստաթղթեր
ՉԿ` չափիչ կապուղի
ՆՏՓ` նորմատիվային տեխնիկական փաստաթղթեր
ԱԳԲԿ` ավտոմատացված գազաբաշխիչ կայան
ՆՇԿ` նորոգման - շահագործման կետ
ՕՍՍ` օդասառեցման սարք
ԷՔՊ` էլեկտրաքիմիական պաշտպանություն:
3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
22. Մայրուղային գազատարների օբյեկտները պետք է շահագործվեն հատուկ պատրաստված անձնակազմի կողմից: Շահագործող անձնակազմը պետք է ունենա որակավորում` գործառույթների և հաստատված պաշտոնական հրահանգներին համապատասխան:
23. Անձնակազմի պարբերական ուսուցման և որակավորման բարձրացման աշխատանքները պետք է կազմակերպեն և ղեկավարեն կազմակերպության և նրա ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները:
24. Շահագործող անձնակազմի արտադրական ուսուցման և որակավորման բարձրացման համար պետք է սահմանել հետևյալ ձևերը`
1) դասընթացային ուսուցում.
2) տեխնիկական և տնտեսական ուսուցում.
3) ներածական, սկզբնային և պարբերական հրահանգավորումներ.
4) հակավթարային և հակահրդեհային վարժանքներ:
25. Նոր ընդունված բանվորների համար կազմակերպվում է ուսուցում և կարգերի բարձրացում:
26. Մնացած դեպքերում օբյեկտների սպասարկող անձնակազմը պետք է անցնի պատրաստում (վերապատրաստում) կազմակերպություններում այդ նպատակով ստեղծված դասընթացներով:
27. Մայրուղային գազատարների կազմում ՄԳ-ի սեփական կարիքների համար օգտագործվող ցածր ճնշման գազատարները և գազի ցանցերը, ԳԲԿ-ն, կաթսայատները և գազօգտագործող տեղակայանքներն սպասարկող անձնակազմը պետք է անցնի պատրաստում (վերապատրաստում)` այդ նպատակով ստեղծված հատուկ դասընթացներով:
28. Էլեկտրասարքավորումն սպասարկող անձնակազմը պետք է անցնի ուսուցում, պատրաստում (վերապատրաստում)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված` «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված`»էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ների պահանջների:
29. ՈՒսուցումն ավարտելուց հետո շահագործող անձնակազմը պետք է անցնի գիտելիքների ստուգում` ինքնուրույն աշխատելու թույլտվություն ստանալու համար տվյալ կազմակերպությունում: Քննություններ չհանձնած անձինք ՃԿ-ի, ԳՄ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարների այլ օբյեկտներում աշխատանքի չեն թույլատրվում:
30. ՈՒսուցման և գիտելիքների ստուգման նպատակներով բոլոր մայրուղային գազատարները շահագործող կազմակերպություններում (ստորաբաժանումներում) պետք է սարքավորվեն ուսուցման տեխնիկական միջոցներով կահավորված կաբինետներ:
31. Վթարային աշխատանքների կազմակերպման և անցկացման ունակությունների կատարելագործման համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մայրուղային գազատարների բոլոր շահագործվող օբյեկտներում պետք է անցկացվեն հակավթարային և հակահրդեհային վարժանքներ: Պարապմունքների անցկացման թեմատիկան և ծրագրերը մշակում են ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները (պետի տեղակալները): Ըստ օբյեկտի պատկանելության` վարժանքների կազմակերպման և անցկացման պատասխանատուներն արտադրամասերի և տեղամասերի ծառայությունների ղեկավարներն են:
32. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գազատարների գծամասերում, ՃԿ-ի, ԳՍՊ-ի ստորաբաժանման պետի ղեկավարությամբ և բոլոր ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի մասնակցությամբ պետք է անցկացվեն համալիր հակավթարային վարժություններ: Վթարի վերացումը կարող է հաշվվել որպես համալիր հակավթարային վարժանքի անցկացում:
33. Հակավթարային վարժանքների և վթարային իրավիճակների վերացման արդյունքներով ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի կոլեկտիվներում ղեկավարները պետք է անցկացնեն քննարկում` յուրաքանչյուր մասնակցի գործողությունների գնահատմամբ:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
4. ՏԱՐԱԾՔԸ, ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԸ
34. Արտադրական օբյեկտների տարածքի պահանջվող տեխնիկական և սանիտարահիգիենիկ վիճակն ապահովելու համար պետք է կատարվեն շրջակա միջավայրի պահպանման պահանջները և սարքին վիճակում պահվեն ջրատարի, կոյուղու, ջերմագազամատակարարման ցանցերը և դրանց կառույցները, խմելու ջրի աղբյուրները, ջրամբարները և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական գոտիները, մեքենաների և հատուկ տեխնիկայի կանգառները, ավտոմոբիլային և հետիոտն ճանապարհները, անցումները և մուտքերը հրշեջ ջրածորաններին (հիդրանտ), ջրամբարներին, ջրահովարաններին, պաշտպանական ազդանշանային և հակահրդեհային անվտանգության միջոցները և համակարգերը, մեթանոլի և վառելիքաքսուքային նյութերի պահեստները, մակերևութային և ստորգետնյա ջրերի հեռացման համակարգերը, ցանկապատումը, լուսավորությունը, կանաչապատումը և բարեկարգումը: Ջրահեռացման բոլոր ցանցերը և սարքավորումները պետք է զննվեն և նախապատրաստվեն վարարաջրերի բացթողման համար:
35. Տարածքում պահեստային հրապարակներից և շինություններից դուրս չպետք է լինեն ժամանակավոր սենքեր, սարքավորում և շինարարական նյութեր: Արտադրական օբյեկտների ընդլայնման դեպքում տարածքը, որտեղ տեղավորված է գործող սարքավորումը, պետք է ցանկապատով առանձնացվի այն տարածքից, որտեղ իրականացվում է շինարարությունը: Տարածքը պետք է հարթեցված լինի: Գոյություն ունեցող դիտահորերը, փոսորակները, խրամուղիները պետք է ցանկապատվեն և չխանգարեն շենքին, կառույցներին և սարքավորմանը մոտենալուն: ՃԿ-ին և մայրուղային գազատարին նրա միացման հանգույցների, ԳԲԿ-ին, ԳՍՊ-ի, ծախսաչափ կետերի տարածքները պետք է լուսավորված լինեն:
36. Արտադրական օբյեկտների տարածքում պետք է բացակայեն մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրները: Տարածքը պետք է բարեկարգված և լուսավորված լինի համաձայն նախագծի: Ճնշակային արտադրամասի մոտ հողի բաց հատվածները ԳՎԱ-ի օդահավաքիչ սարքերի ուղղությամբ պետք է կանաչապատվեն կամ ասֆալտապատվեն (բետոնապատվեն):
37. Սողանքային և նստվածքային երևույթների հայտնաբերման, բնահողերի փքման դեպքերում արտադրական օբյեկտների տարածքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրանց պատճառները և հետևանքները վերացնելու համար:
38. Արտադրական օբյեկտների տարածքում նոր շենքերի և կառույցների շինարարությունը պետք է իրականացվի միայն նախագծի և կազմակերպության ակտ-թույլտվության առկայության դեպքում:
39. Արտադրական օբյեկտների տարածքում տեղադրված անվտանգության նշանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.4.026-ի պահանջներին:
40. Գազատարի, կոյուղու, ջրատարի, ջերմամատակարարման, մալուխային (կաբելային) գծերի ստորգետնյա հաղորդակցուղիները պետք է ունենան տեղադրման ցուցանակներ: Հաղորդակցուղիների տեղադրման հատակագծերը պետք է գտնվեն համապատասխան արտադրամասերում, ծառայություններում, տեղամասերում` ըստ պատկանելության:
41. Օբյեկտների, տարածքների և շինությունների ցանկը, որոնք ենթակա են պահպանական ազդասարքով կահավորման, յուրաքանչյուր ստորաբաժանման համար սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: Պահպանական ազդասարքով կահավորված օբյեկտների ցանկը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ ենթակա է վերանայման:
42. Պահպանական ազդասարքն աշխատանքային վիճակում պահելը, ստուգման կարգը և պարբերականությունը սահմանվում են արտադրական ստորաբաժանման կողմից և դրվում են հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատիկայի (ՀՉՍ և Ա) ծառայության վրա:
43. Գազի, խտուցքի, յուղի, ջրի, սեղմված օդի արտահոսքի առկայությունը տարածքում և շինություններում անթույլատրելի է: Հսկողության կարգը պետք է սահմանվի արտադրական ստորաբաժանման կողմից:
44. ՄԳ-ի օբյեկտների և կառույցների զբաղեցրած տարածքը պետք է ցանկապատվի: Ցանկապատը պետք է պահվի սարքին վիճակում: Մուտքի մոտ` ցանկապատին պետք է մակագրություններ լինեն օբյեկտի անվանման, կազմակերպության և նրա ստորաբաժանման պատկանելության մասին, ինչպես նաև այլ մակագրություններ և նշաններ` համաձայն այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
45. Տարածքների, շենքերի, կառույցների շահագործման պատասխանատվությունը, համաձայն սույն ՏԿ-ի պահանջների, ստորաբաժանման հրամանով դրվում է արտադրամասերի և տեղամասերի ղեկավարների վրա:
46. Մայրուղային գազատարների օբյեկտների տարածքում փոխադրամիջոցների շարժման արագությունը սահմանափակվում է մինչև 5 կմ/ժ:
47. Պետք է ապահովվի ավտոփոխադրական միջոցների և հատուկ տեխնիկայի մոտեցումն արտադրական օբյեկտների բոլոր կառույցներին և շենքերին: ՄԳ-ի օբյեկտների տարածքում (ՃԿ, ԳԲԿ, ծախսաչափ կետեր, փոխարկման հանգույցներ և այլն) երթևեկության կարգը որոշվում է օբյեկտը շահագործող ստորաբաժանման ղեկավարության կողմից:
48. Արտադրական շենքերը և սենքերը պետք է պահվեն սարքին վիճակում, որը կապահովի դրանց օգտագործումն ըստ նշանակության` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի:
49. Կազմակերպությունը պետք է ապահովի շենքերի և կառույցների` տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) ընդհանուր տեխնիկական զննում` թերությունները բացահայտելու համար, ինչպես նաև արտահերթ ստուգման` բնական աղետներից (երկրաշարժ, մրրկային քամիներ, տեղատարափ անձրևներ, առատ ձյուն կամ վթարներ) հետո: Զննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով: Գարնանային տեխնիկական զննման ժամանակ պետք է ճշտվեն շենքերի և սենքերի նորոգման աշխատանքների ծավալները, որոնք նախատեսվում է կատարել ամռանը, ինչպես նաև հիմնական նորոգման աշխատանքների ծավալները` հաջորդ տարվա ծրագրի մեջ մտցնելու համար: Աշնանային տեխնիկական զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել շենքերի և սենքերի ձմռանը պատրաստվածությունը:
50. Շինարարական կոնստրուկցիաներում ճաքերի, կոտրվածքների և այլ վնասվածքների առաջացման դեպքում գործիքային չափումների օգնությամբ դրանք պետք է հսկողության տակ վերցվեն և միջոցներ ձեռնարկվեն այդ վնասվածքների պատճառները վերացնելու համար: Եթե հիմքերում կամ այլ կոնստրուկցիաներում տատանումներից ճաքեր են առաջացել, ապա այդ կառուցվածքները պետք է ստուգվեն ըստ թրթռադիմացկունության:
51. Շահագործման առաջին տարում պետք է իրականացնել շենքերի և կառույցների հիմքերի նստվածքի զննում: Հետագայում հիմքերի վիճակը պարբերաբար հսկվում է տեսողական, անհրաժեշտության դեպքում` գործիքային չափումներով:
52. Արտադրական շենքերի պատերի միջով անցնող գազատարները և այլ հաղորդակցուղիներ պետք է ունենան խտացումներ` համաձայն կատարված նախագծի:
53. Սարքավորման հիմքերը պետք է պաշտպանվեն յուղի, յուղային խտուցքի և այլ հեղուկների ազդեցությունից:
54. Շենքերի և կառույցների բնականոն շահագործման վիճակը պահպանելու համար անհրաժեշտ է`
1) ժամանակին կատարել նորոգում.
2) արտադրական շինություններում և դրանցից դուրս սարքին վիճակում պահպանել հիմնական և վթարային լուսավորությունը.
3) հետևել խողովակաշարերի ջերմամեկուսացման սարքին վիճակին.
4) սարքին վիճակում պահպանել ճարտարագիտական հաղորդակցուղիները:
55. Սանիտարակենցաղային շինությունները պետք է պահվեն համաձայն սանիտարական նորմերի և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
56. Շենքերի, կառույցների և սենքերի պատերում չի թույլատրվում նախագծով չնախատեսված անցքերի և որմնախորշերի բացում, տեխնիկական սարքավորման, վերամբարձ-փոխադրական միջոցների, խողովակագծերի տեղադրում, կախում և ամրացում: Լրացուցիչ բեռնվածքներ և որմնախորշեր են թույլատրվել միայն շինարարական կոնստրուկցիաների ստուգման հաշվարկից և անհրաժեշտ ամրացումից հետո:
57. Շենքերի և կառույցների մետաղական կառուցվածքները պետք է կոռոզիայից պաշտպանվեն (ներկվեն, մեկուսացվեն) և այդ պաշտպանության արդյունավետությունը պետք է հսկվի զննումների ժամանակ:
58. Սարքավորման ազդանշանանախազգուշական ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ ԳՕՍՏ 12.4.026-ի պահանջների, իսկ խողովակաշարերի տարբերիչ ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ ԳՕՍՏ 14202-ի պահանջների:
5. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԸ
59. Խողովակները, որոնք կիրառվում են մայրուղային գազատարներում և ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարներում, ինչպես նաև վթարային պահուստի համար նախատեսված խողովակները, պետք է համապատասխանեն տեխնիկական պայմաններին, գազային և նավթային արդյունաբերության մեջ խողովակների կիրառման վերաբերյալ գործող հրահանգներին` կախված գազատարի աշխատանքային պարամետրերից և շրջակա միջավայրից: Տեխնոլոգիական կապակցման գազատարների թվին են պատկանում` տեխնոլոգիական, վառելիքային, թողարկման և իմպուլսային գազի խողովակագծերը:
60. Վթարային նորոգման համար արգելվում է օգտագործել խողովակներ, որոնք չեն համապատասխանում խողովակների տվյալ տեղամասի կառուցման համար նախագծով նախատեսված խողովակների վրա դրվող պահանջներին:
61. Մայրուղային գազատարների և ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի համապատասխան ծառայությունների կողմից` ըստ ծրագիր-ժամկետացանկի, որը համաձայնեցվում է մյուս տեխնոլոգիական սարքավորման նորոգման ժամկետի հետ և հաստատվում կազմակերպության կամ նրա ստորաբաժանումների կողմից:
62. Պարբերաբար պետք է իրականացվի գազատարների (հիմքերի, հենարանների, կախոցների, անուրների) ամրակապման հսկողություն, ինչպես նաև թրթռումների և չքայքայող մեթոդներով գազատարների պատերի հաստության ստուգում` այն տեղերում, որոնք առավել ենթակա են կոռոզիոն մաշվածության: Հսկողության պարբերականությունը, կարգը և ծավալները որոշվում են կազմակերպության և նրա ստորաբաժանումների կողմից:
63. Եռակցման-մոնտաժային աշխատանքները գործող կամ հիմնական նորոգման ենթակա գազատարներում պետք է կատարվեն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Եռակցման աշխատանքները գործող գազատարում, առանց նրանից գազի դատարկման, արգելվում է:
64. Գործող գազատարներին միացումները (ճյուղավորման մոնտաժումը) պետք է կատարվեն համաձայն կազմակերպության հաստատված նախագծի կամ տեխնիկական փաստաթղթերի: Խողովակի միացման հանգույցի կառուցվածքային չափերը (տրամագիծը, պատի հաստությունը) և պողպատի մակնիշը պետք է համապատասխանեն նախագծին և գործող նորմատիվ փաստաթղթերին:
65. Թույլատրվում է գործող գազատարին ոչ կրակային եղանակով ճյուղավորումների միացումը` ըստ տեխնոլոգիայի և սահմանված կարգով ձևակերպված տեխնիկական փաստաթղթերի:
66. Շահագործման ընթացքում ստորգետնյա գազատարների, ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի գծային մասերի տեխնոլոգիական կապակցման մեկուսիչ ծածկույթների խախտման և անթույլատրելի կոռոզիոն վնասվածքների բացահայտման դեպքերում, կախված դրանց տեխնիկական վիճակից, անհրաժեշտ է յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ կատարել հիմնական նորոգում կամ վերափորձարկում:
67. Շահագործման հանձնված խողովակագծերը, որոնք չեն շահագործվել 6 ամսվա ընթացքում, նախքան դրանցով գազ բաց թողնելը պետք է ենթարկվեն ամրության և հերմետիկության կրկնակի փորձարկման: Արգելվում է բաց կրակով տաքացնել գազատարների գծային և ՃԿ-ի, ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման մասերը` հիդրատային խցանները վերացնելու նպատակով:
6. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՐՄԱՏՈՒՐԸ
68. Սույն գլխի պահանջները տարածվում են խողովակագծային արմատուրի վրա, որոնք տեղադրվում են գծային մասերում, ՃԿ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարների, ինչպես նաև վթարային պահուստի խողովակների վրա:
69. Արմատուրը պետք է լինի լրակազմ և պահվի սարքին վիճակում, համարակալվի ըստ տեխնոլոգիական սխեմաների, ունենա գազի հոսքի ուղղության և փականի դիրքի ցուցանակներ: Ձեռքի մեխանիկական շարժաբերով արմատուրի վրա սլաքներով պետք է նշված լինեն բացման և փակման ուղղությունները: Արմատուրի վրա պետք է լինեն մակագրություններ և նշաններ` այն ղեկավարելու համար:
70. Գծային մասերի և բազմագծային անցումների վրա տեղադրված փականները պետք է ունենան վթարային փակման ավտոմատներ, որոնք սարքաբերվում են հաշվի առնելով գազատարի աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունները:
71. Գծային փականները պետք է սարքավորված լինեն տեխնիկական ճնշաչափերով` փականներից առաջ և հետո գազի ճնշումը չափելու համար:
72. Արմատուրի կառավարման տեխնիկական սպասարկման և նորոգման գործողությունները պետք է անցկացվեն արտադրող գործարանի հրահանգների պահանջներին համապատասխան: Պնևմահիդրավլիկական կառավարմամբ փականների հիդրոհամակարգերում պետք է օգտագործվեն աշխատանքային հեղուկներ` համաձայն արտադրող գործարանի շահագործման հրահանգների կամ օգտագործման թույլատրված փոխարինիչների:
73. Փականների յուղման և հերմետիկության վերականգնման համար պետք է կիրառվեն արտադրող գործարանի և մասնագիտացված կազմակերպությունների կողմից երաշխավորվող հատուկ մածուկներ և թանձր քսուքներ:
74. Արգելվում է փոխադրվող գազի պարամետրերին չհամապատասխանող աշխատանքային ճնշումով կամ ջերմաստիճանով փակիչ արմատուրի տեղակայումը:
75. Պետք է ապահովվի սպասարկող անձնակազմի անարգել մուտքը դեպի կառավարման հանգույցները, փակիչ արմատուրի դիրքի ցուցանակները և մյուս սարքավորումը: Սպասարկման հրապարակները և փակոցները պետք է պահպանվեն մաքուր և սարքին վիճակում:
76. Շահագործման ընթացքում պնևմահիդրավլիկ կառավարման համակարգերի փականների մեջ ջրի ներթափանցում չի թույլատրվում: Փորձարկումից հետո անհրաժեշտ է ջուրը հեռացնել փականների իրաններից և ղեկավարման համակարգերից:
77. Գազատարների փականների համար հիմնականում կիրառվում է հեռավորական և տեղական պնևմահիդրավլիկ կառավարում: Ձեռքով կառավարումը թույլատրվում է պնևմահիդրավլիկ շարժաբերի բացակայության կամ դրա անսարքության դեպքում:
78. Գծային հատվածում փականների բնականոն դիրքը բացն է, իսկ մոմային և շրջանցիկ փականներինը` փակը: Բազմագծային գազատարների համակարգում փականների դիրքը գծերի միջև միջակապի վրա որոշվում է գազատարի աշխատանքի ռեժիմով և սահմանվում համակարգի ԿԿԾ-ի կողմից:
79. Փականների վերադասավորումը գազատարի գծային մասում, բացառությամբ վթարային դեպքերի, իրականացվում է միայն համակարգի ԿԿԾ-ի թույլտվությամբ կամ նրա կարգադրությամբ:
80. Փակիչ փականները (բացի մոմային և շրջանցիկ) պետք է բացել գազի ճնշումը փականներից առաջ և հետո նախապես հավասարեցնելուց հետո:
Փակիչ փականները մոմերի և շրջանցիկների վրա պետք է առանց ընդհատումների լրիվ բացել:
81. Փակիչ արմատուրի տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպումն իրականացվում է համապատասխան ծառայության ղեկավարի կողմից: Տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալը որոշվում է արտադրող գործարանների և մասնագիտացված կազմակերպությունների հրահանգներով:
82. Արմատուրի ընթացիկ նորոգումը կատարվում է համապատասխան ծառայության կողմից` ըստ պատկանելության կամ մասնագիտացված նորոգակարգաբերական կազմակերպության կողմից: Ընթացիկ նորոգման աշխատանքների ծավալի մեջ մտնում են այնպիսիները, որոնք չեն պահանջում փականի իրանի ապահերմետիկացում կամ նրա ապամոնտաժում:
83. Տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է գրանցվեն կազմակերպության տեխնիկական փաստաթղթերում:
84. Արմատուրի հիմնական նորոգման ծավալի մեջ մտնում են նրա լրիվ սարքինության վերականգնման աշխատանքները` կատարված մասնագիտացված նորոգող կազմակերպությունում:
85. Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ունենա փակիչ արմատուրի վթարային պահուստ` համապատասխան գործող նորմերի: Վթարային պահուստի արմատուրը պետք է պահվի պահեստում` կոնսերվացված վիճակում:
86. Գծային և միջակապերի վրայի փականների աշխատունակությունն ստուգելու համար փականները յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է ամբողջությամբ վերադասավորվեն: Հեռավորական ղեկավարման համակարգով սարքավորված փականները պետք է այդ համակարգի հետ համալրված ստուգվեն: Ստուգման կարգը և արդյունքների ձևակերպումը հաստատվում է կազմակերպության կողմից:
87. Գազատարի գծային մասերի փականային հրապարակները ցանկապատից ներս պետք է լինեն հարթեցված, պաշտպանված բնահողային և մակերևութային ջրերից և ունենան պինդ ծածկ (կոպիճ, խճաքար): Փականային հրապարակներում պետք է նախատեսել ավտոմոբիլային և հատուկ տրանսպորտի մոտեցման հնարավորություն:
88. Ճնշակային կայաններում տեխնոլոգիական արմատուրի համարակալումը կատարվում է համաձայն N 1 աղյուսակի, իսկ գծային մասի համար` N 2 աղյուսակի:
Աղյուսակ N 1
Ճնշակային կայաններում տեխնոլոգիական արմատուրի համարակալումը
._________________________________________________________________________.
| Թիվ | Փականի անվանումը | Տեղակայման կետը |
|_________________________________________________________________________|
|ՃԿ-ի տեխնոլոգիական գազի խողովակագծեր |
|_________________________________________________________________________|
|1 |Մուտքային |ԳՎԱ-ի մուտքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|2 |Մղիչ |ԳՎԱ-ի ելքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|3, 3բ |Շրջանցիկ |ԳՎԱ-ի մուտքային և ելքային գազատարների |
| | |միջև խողովակագիծ |
|_______|_____________________|___________________________________________|
|4 |Լցավորիչ |1 փականի շրջանցիկ գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|5 |Թողարկիչ (մոմ) |ԳՎԱ-ի թողարկիչ գազատար (մոմ) |
|_______|_____________________|___________________________________________|
|6, 6բ |Վերաշրջանառու |Խմբի կամ ագրեգատի շրջանցիկ գիծ |
|_________________________________________________________________________|
|Գործարկման գազի խողովակագծեր |
|_________________________________________________________________________|
|11 |Ընդհատիչ |ԳՎԱ-ի գործարկման գազի մուտքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|9 |Թողարկիչ (մոմ) |ԳՎԱ-ի գործարկման գազի թողարկիչ գազատար |
| | |(մոմ) |
|_______|_____________________|___________________________________________|
|13 |Կարգավորիչ |Մուտքային գազատար` գործարկման սարքից |
| | |անմիջապես առաջ |
|_________________________________________________________________________|
|Վառելիքային գազի խողովակագծեր |
|_________________________________________________________________________|
|12 |Ընդհատիչ |ԳՎԱ-ի մուտքային վառելիքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|10 |Թողարկիչ (մոմ) |Թողարկիչ վառելիքային գազատար (մոմ) |
|_______|_____________________|___________________________________________|
|14 |Հերթապահ |Գազատուրբինային տեղակայանքի այրման խցիկի |
| | |հերթապահ այրիչի մուտքային գազատար |
|_________________________________________________________________________|
|ՃԿ-ի մայրուղային գազատարին միացնող հանգույցի խողովակագծեր |
|_________________________________________________________________________|
|7, 7ա |Մուտքային |ՃԿ-ի մուտքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|8, 8ա |Ելքային |ՃԿ-ի ելքային գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|17, 17ա|Մուտքի թողարկիչ (մոմ)|ՃԿ-ի մուտքի թողարկիչ գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|18, 18ա|Ելքի թողարկիչ (մոմ) | ՃԿ-ի ելքի թողարկիչ գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|19 |Մուտքային պահպանման |ՄԳ-ի գծային հատվածը` մինչև միացման |
| | |հանգույցը |
|_______|_____________________|___________________________________________|
|20 |Հատող |ՃԿ-ի շրջանցիկ գազատար |
|_______|_____________________|___________________________________________|
|21 |Ելքային պահպանման |ՄԳ-ի գծային հատվածը` միացման հանգույցից |
| | |հետո |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 2
Գծային մասի տեխնոլոգիական արմատուրի համարակալումը
._________________________________________________________________________.
| Թիվ |Փականի անվանումը | Համարակալման հերթականությունը և |
| | | տեղակայման կետը |
|_________________________________________________________________________|
|Միագծային գազատար |
|_________________________________________________________________________|
|1234 |Գծային (պահպանման)|Թվանշանները համապատասխանում են գազատարի |
| | |տեղաբաշխման կիլոմետրերի թվին |
|___________|__________________|__________________________________________|
|1234.1 |Շրջանցիկ |Գծային փականի եռափականային կապակցման մեջ |
| | |գազի ընթացքով առաջինը |
|___________|__________________|__________________________________________|
|1234.2 |Շրջանցիկ |Գծային փականի եռափականային կապակցման մեջ |
| | |գազի ընթացքով երկրորդը |
|___________|__________________|__________________________________________|
|1234.3 |Մոմային |Եռափականային կապակցման ընդհանուր մոմ |
|___________|__________________|__________________________________________|
|1234.4 |Շրջանցիկ |Գծային փական |
|___________|__________________|__________________________________________|
|1234.5 |Մոմային |Գծային փականի գազատար |
|___________|__________________|__________________________________________|
|1234.6 |Մոմային |Գազատար` գծային փականից հետո |
|___________|__________________|__________________________________________|
|1234.7 |Կողմնատար |Գազատարի ճյուղ |
|_________________________________________________________________________|
|Բազմագծային գազատար |
|_________________________________________________________________________|
|1234-2 |Գծային (պահպանման)|Երկրորդ գծի փական |
| | | |
|___________|__________________|__________________________________________|
|1234.12.0 |Միջակապի վրա |12 ցուցիչը ցույց է տալիս 1 և 2 գծերի |
| | |միջև միջակապը: 0 ցուցիչը ցույց է տալիս |
| | |միջակապի դիրքը մինչև գծային փականը |
|___________|__________________|__________________________________________|
|1234.21.0 |Միջակապի վրա |Միջակապի վրա երկու փականի առկայության |
| | |դեպքում 21 ցուցիչը նշում է երկրորդ գծի |
| | |կողմից միջակապի վրայի փականը |
|___________|__________________|__________________________________________|
|1234.21.9 | |9 ցուցիչը նշում է միջնապատի տեղաբաշխումը |
| | |գծային փականներից հետո |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.1 |Շրջանցիկ |Երկրորդ գծի` գծային փականի եռափականային |
| | |կապակցման մեջ գազի ընթացքով առաջինը |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.2 |Շրջանցիկ |Նույնը, բայց գազի ընթացքով երկրորդը |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.3 |Մոմային |Եռափականային կապակցման ընդհանուր մոմ |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.4 |Շրջանցիկ |Երկրորդ գծի գծային փական |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.5 |Մոմային |Գազատար` մինչև երկրորդ գծի գծային փականը |
|___________|__________________|__________________________________________|
|1234-2.6 |Մոմային |Գազատար` երկրորդ գծի գծային փականից հետո |
|___________|__________________|__________________________________________|
|1234-12.1 |Շրջանցիկ |Միջնապատի վրա առաջին գծի կողմից տեղակայված|
| | |փական |
|___________|__________________|__________________________________________|
|1234-21.1 |Շրջանցիկ |Նույնը, երկրորդ գծի կողմից |
._________________________________________________________________________.
7. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՑՈՒՄԸ
89. Արտադրական օբյեկտների ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվի հետևյալ աղբյուրներից` գազատուրբինային ԳՎԱ-ի օգտահանման (ուտիլիզացիոն) ջերմափոխանակիչներից, կաթսայատներից, գազային օդաջեռուցիչներից և այլ անհատական ջեռուցման միջոցներից:
90. Ջերմային ցանցերը, կաթսայատները և ջերմության օգտահանման կայանքները պետք է շահագործվեն համաձայն արտադրական հրահանգների` կազմված սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգների, սույն ՏԿ-ի պահանջների հիման վրա:
91. Օգտահանման ջերմափոխանակիչներով սարքավորված ՃԿ-ի ջերմամատակարարումը բնականոն շահագործման ընթացքում պետք է հիմնականում իրականացվի երկրորդային էներգառեսուրսեների հաշվին` սակայն աշխատունակ վիճակում պահպանելով կաթսայատունը և անհատական ջեռուցման միջոցները:
92. Ջերմային ցանցերի հենարանային մետաղական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու համար պետք է ներկվեն: Ներկման պարբերականությունը որոշվում է` ելնելով տեղական պայմաններից:
93. Ջերմային ցանցերի ցածր կետերում պետք է նախատեսվի ջրահեռացման սարք: Ջրի ինքնահոսի հեռացման բացակայության դեպքում պետք է այն պարբերաբար պոմպահանել: Ցանցի ամենաբարձր կետերում պետք է տեղադրվեն խողովակագծերից օդի բացթողման փականներ:
94. Նորոգումից հետո ջերմային ցանցը շահագործման հանձնելուց այն պետք է լվանալ ժամանակավոր տիղմընդունիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են մատակարարող և հետադարձ խողովակագծի վերջում (ջրի հոսքի ուղղությամբ): Ջերմային ցանցի երկրորդ լվացումն անհրաժեշտ է կատարել մեկ տարի հետո, որից հետո տիղմընդունիչները պետք է ապամոնտաժվեն:
95. Յուրաքանչյուր տարի, ջեռուցման շրջանի ավարտից հետո, հիմնական նորոգման ժամանակ վերացման ենթակա թերությունները հայտնաբերելու նպատակով պետք է անցկացվեն ջերմային ցանցերի և ջերմային մուտքերի ամրության և հերմետիկության հիդրավլիկ փորձարկումներ: Նորոգումից հետո ջերմային ցանցերը ենթարկվում են հիդրավլիկական փորձարկման:
96. Ջերմային ցանցերը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ պետք է փորձարկել ըստ հաշվարկային ջերմաստիճանի: Այդ դեպքում ստուգվում է ջերմային ցանցերի և մուտքերի սարքավորումը:
97. Ստորգետնյա ջերմային ուղեգծերի վիճակի հսկման համար արտաքին կոռոզիայի և ջերմամեկուսացման խոնավացման տեսակետից առավել վտանգավոր տեղերում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ կատարվում է ջերմային ցանցի հետախուզապեղում (շինարարական կառուցվածքների և ջերմամեկուսացման բացում), 2 կմ մայրուղու վրա մեկ հետախուզահորի հաշվարկից ելնելով, իսկ ուղեգծի ավելի փոքր երկարության դեպքում` մեկ հետախուզահորից ոչ պակաս: Հետախուզապեղման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում են սկսած ջերմային ցանցերի շահագործման երրորդ տարվանից: Յուրաքանչյուր բացման համար պետք է կազմվի արձանագրություն, որտեղ նշվում են բնահողի, շինարարական կառուցվածքների, խողովակների մեկուսացման վիճակը և կառուցվածքների վերականգնման միջոցները:
98. Ջրային ջերմային ցանցերի ներքին կոռոզիայի հսկողությունը պետք է իրականացվի ցանցային ջրի և խտուցքի վերլուծության միջոցով, ինչպես նաև առավել բնորոշ տեղերում կոռոզիայի ցուցասարքերի տեղադրմամբ:
99. Ջերմակրի միջին տարեկան արտահոսքը ջերմային ցանցերում չպետք է գերազանցի համակարգի ծավալի 0,25%-ը:
100. Ջերմային ցանցերի ընթացիկ նորոգումը պետք է անցկացվի յուրաքանչյուր տարին մեկ անգամ, հաստատված ժամկետացանկով` պարբերական զննումների, փորձարկումների և հետախուզապեղման արդյունքների հիման վրա:
101. Նորոգման ավարտից հետո ջերմային ցանցերը պետք է լվացվեն մինչև ջրի լրիվ պարզվելը և փորձարկվեն աշխատանքայինի 125%-ին հավասար ճնշման տակ, բայց ոչ պակաս, քան աշխատանքային ճնշումը` գումարած 0,5 ՄՊա:
102. Ամառային ամիսներին ջերմային ցանցը պետք է լցվի ջրով:
103. Ըստ պայմանագրերի` կողմնակի սպառողներին տրվող ջերմության քանակությունը պետք է հաշվվի հաշվառքային սարքերի օգնությամբ (առևտրական):
104. Ջրամատակարարման համակարգը պետք է ապահովի կազմակերպության տեխնոլոգիական, հակահրդեհային և տնտեսակենցաղային, ինչպես նաև ջերմամատակարարման և շրջանառու ջրամատակարարման համակարգերի ջրասնուցման կարիքները:
105. Կենցաղային կարիքների համար տրվող ջուրը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջները: Ջրի ստուգման պարբերությունը և մեթոդները համաձայնեցվում են սանիտարական հսկման տարածքային մարմինների հետ:
106. Տնտեսակենցաղային կարիքների համար նախատեսված ջրհորերի և ջրամբարների տարածք կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
107. Ջրով լցված արմատուրը, խողովակագծերը և տարողությունները պետք է պաշտպանվեն սառչելուց:
108. Ջրի պահեստարանները յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է մաքրվեն և քլորավորվեն:
109. Շրջանառու ջրամատակարարման համակարգում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի սարքավորում արտադրող գործարանների տեխնիկական պահանջներին:
110. Ջերմամատակարարման համակարգի սնուցման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի ջերմային ցանցերի և սարքավորման համար սահմանված նորմերին:
111. Պահուստային շրջանառության պոմպերի փականները միշտ պետք է բաց լինեն:
112. Շահագործման հանձնված ջրատարի հատվածները և խմելու ջրի պոմպերը գործող հաղորդակցուղիներին միացնելուց առաջ նախապես պետք է քլորակրով մշակվեն:
113. Օդամբարները և ապահովիչ փականները պետք է շահագործվեն համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի:
114. Ջրամատակարարման օբյեկտների շահագործումը պետք է իրականացվի համաձայն ՄԳ-ի կազմակերպության ստորաբաժանումների կողմից մշակված արտադրական հրահանգների` հաշվի առնելով տեղական պայմանները:
115. Ցածր ճնշման գազատարների և սարքավորման շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված` գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ ՏԿ-ի պահանջների համաձայն:
116. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների շահագործումը պետք է բավարարի սույն ՏԿ-ի և կազմակերպության հրահանգների պահանջները:
117. Օդափոխության համակարգերը և տեղակայանքները պետք է շահագործվեն աշխատունակ վիճակում, շինություններում և աշխատանքային գոտիներում պահպանեն օդային միջավայրի պարամետրերը (ջերմաստիճանը, խոնավությունը, փոշոտվածությունը, օդափոխման հաճախությունը, օդի արագությունը)` համաձայն սանիտարական և տեխնոլոգիական պահանջների:
118. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների տեխնիկական սպասարկումը, նորոգումը և արդյունավետության փորձարկումները պետք է իրականացվեն համաձայն ծրագիր-ժամկետացանկի և ձևակերպվեն տեխնիկական արձանագրություններով կամ տեղեկաթերթիկում գրանցումների տեսքով: Արդյունավետության փորձարկումները պետք է անցկացվեն ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
119. Արտադրական օբյեկտների կոյուղու համակարգը պետք է համապատասխանի ՍՆԻՊ 2.04.03-85-ի պահանջներին:
120. Կոյուղու համակարգը և մաքրման կառույցները պետք է գտնվեն սարքին վիճակում:
121. Գազային խտուցքը, նավթ պարունակող թափոնները, թունավոր նյութերն ընդհանուր կոյուղու համակարգ լցնելուց առաջ պետք է հավաքել, վնասազերծել և մաքրել միայն տեղային մաքրման սարքավորման մեջ: Տեղային մաքրման սարքավորումը պետք է պահվի սարքին վիճակում:
122. Գազա-, ջերմա- և ջրամատակարարման, օդափոխության և կոյուղու համակարգերի տեխնիկական վիճակի պատասխանատվությունը ՄԳ-ի կազմակերպության կամ նրա ստորաբաժանման ղեկավարին հրամանով դրվում է համապատասխան արտադրամասերի, տեղամասերի, ծառայությունների և բրիգադների խմբերի ղեկավարների վրա:
III. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԸ
8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
123. Սույն բաժնի պահանջները տարածվում են գազատարների գծային մասի վրա, որը բաղկացած է գազատարից (արդյունահանման վայրից հետագա փոխադրման համար պատրաստված գազի)` ճյուղավորումներով, փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, ՃԿ-ի միացման հանգույցներով, ծախսաչափային և գազի ճնշման կարգավորման կետերով, մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցներով, խտուցքահավաքիչներով և մեթանոլի ներածման սարքավորումով, հակաքայքայիչ և պաշտպանիչ կառույցներով, խտուցքի պահման և ապագազացման տարողություններով, գազատարի ուղեգծի երկայնքով տեղաբաշխված ճանապարհներից և ուղղաթիռային հրապարակներից` դրանց մուտքերով, գազատարի տեղադրման տարբերիչ և ազդանշանային ցուցանակներով:
124. Մայրուղային գազատարի գծային մասը պետք է ապահովի գազի նախագծային կամ ծրագրված ծավալների փոխադրումը հետևյալ տեխնոլոգիական գործողությունների դեպքում`
1) գազատարի խոռոչի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից` մաքրիչ սարքերի օգնությամբ կամ փչամաքրումով` կախված տրամագծից.
2) մեթանոլի ներածումը գազատարի խոռոչը` բյուրեղահիդրատների առաջացումը կանխելու կամ դրանք քայքայելու նպատակով.
3) կոռոզիայի դանդաղիչի (ինգիբիտոր) ներածումը գազատարի խոռոչ` ներքին մակերևույթը կոռոզիայից կանխելու նպատակով.
4) գազի վերաբացթողումն առանձին խողովակագծերի միջև բազմագծային համակարգերում կամ հատվող գազատարներում, անհրաժեշտության դեպքում, խողովակագծի առանձին հատվածների անջատումը և միացումը,
5) գազի վերաբացթողումը տարբեր աշխատանքային ճնշում ունեցող համակարգերի միջև:
125. Գծային մասի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը պետք է ապահովվեն հետևյալ միջոցներով`
1) գազատարների գծային մասի վիճակի պարբերական հսկումով, տեսողական ստուգումներով կամ հետազննումներով` օգտագործելով տեխնիկական միջոցներ.
2) պահպանելով այն սարքին վիճակում` նորոգման-նախազգուշական աշխատանքները ժամանակին կատարելու միջոցով.
3) պահպանելով առավելագույն հնարավոր հիդրավլիկական արդյունավետությունը: ժամանակին արդիականացնելով բարոյապես հնացած և մաշված սարքավորումը.
4) ապահովելով պահպանման գոտու, նրա և բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններից, շենքերից, կառույցներից նվազագույն հեռավորությունների պահանջները.
5) խափանումների ժամանակին կանխմամբ և վերացմամբ.
6) կազմակերպությունների ղեկավարներին և բնակչությանը տեղեկացնելով գազատարի տեղի և այլ անվտանգության միջոցների մասին:
9. ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
126. Կազմակերպությունները և նրանց ստորաբաժանումները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գազատարից մինչև բնակավայրեր, առանձին արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ, շենքեր և կառույցներ նվազագույն հեռավորություններն ապահովելու համար` համաձայն N 3 աղյուսակի:
Բնակավայրերից, առանձին արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններից, շենքերից և կառույցներից I և II դասի գազատարների նվազագույն հեռավորությունները (մ)
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
| | Գազատարի պայմանական տրամագիծը, մմ |
| |___________________________________________|
| | I | II |
| |_________________________________|_________|
|Օբյեկտներ, շենքեր, |300|300- |600- |800- |1000-|1200-|300|300- |
|կառույցներ |և |ից |ից |ից |ից |ից |և |ից |
| |պա-|ավելի|ավելի|ավելի|ավելի|ավելի|պա-|ավելի|
| |կաս|մին- |մին- |մին- |մին- |մին- |կաս| |
| | |չև |չև |չև |չև |չև | | |
| | |600 |800 |1000 |1200 |1400 | | |
|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|
|1. Քաղաքներ և այլ |100| 150| 200| 250| 300| 350| 75| 125|
|բնակավայրեր` այգետնակներով | | | | | | | | |
|կոլեկտիվ այգիներ, | | | | | | | | |
|ամառանոցային ավաններ, | | | | | | | | |
|արդյունաբերական և | | | | | | | | |
|գյուղատնտեսական առանձին | | | | | | | | |
|կազմակերպություններ, | | | | | | | | |
|ջերմոցային կոմբինատներ և | | | | | | | | |
|տնտեսություններ, | | | | | | | | |
|թռչնաբուծական ֆաբրիկաներ, | | | | | | | | |
|կաթի գործարաններ, օգտակար | | | | | | | | |
|հանածոների մշակման | | | | | | | | |
|բացահանքեր, 20-ից ավելի | | | | | | | | |
|ավտոմեքենաների համար` | | | | | | | | |
|անձնական օգտագործման | | | | | | | | |
|ավտոմեքենաների ավտոտնակներ | | | | | | | | |
|և բաց կայանատեղեր, մարդկանց | | | | | | | | |
|զանգվածային կուտակմամբ | | | | | | | | |
|առանձին տեղաբաշխված շենքեր | | | | | | | | |
|(դպրոցներ, հիվանդանոցներ, | | | | | | | | |
|ակումբներ, մանկապարտեզներ, | | | | | | | | |
|կացարաններ և այլն), եռահարկ | | | | | | | | |
|և բարձր բնակելի շենքեր, | | | | | | | | |
|երկաթուղային կայաններ, | | | | | | | | |
|օդակայաններ, | | | | | | | | |
|հիդրոէլեկտրակայաններ, | | | | | | | | |
|հիդրոտեխնիկական կառույցներ, | | | | | | | | |
|մաքրիչ կառույցներ, | | | | | | | | |
|մայրուղային խողովակագծին | | | | | | | | |
|չպատկանող ջրմուղային | | | | | | | | |
|պոմպակայաններ, I և II կարգի | | | | | | | | |
|ավտոճանապարհների, | | | | | | | | |
|երկաթուղային ընդհանուր | | | | | | | | |
|ցանցի` 20 մ-ից ավելի | | | | | | | | |
|հենամեջով կամուրջներ | | | | | | | | |
|(նավթատարների և | | | | | | | | |
|նավթամթերքատարների տեղադրման | | | | | | | | |
|դեպքում) դյուրաբոցավառ և | | | | | | | | |
|այրվող հեղուկների պահեստներ | | | | | | | | |
|և 1000 մ3 ավելի ծավալով | | | | | | | | |
|գազի պահեստարաններ, | | | | | | | | |
|ավտոլիցքավորման կայաններ, | | | | | | | | |
|բազմակապուղային | | | | | | | | |
|ռադիոռելեային գծերի, | | | | | | | | |
|խողովակագծերի տեխնոլոգիական | | | | | | | | |
|կապի կայմասյուներ | | | | | | | | |
|(աշտարակներ) և կառույցներ, | | | | | | | | |
|հեռուստատեսային աշտարակներ | | | | | | | | |
|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|
|2. Ընդհանուր ցանցի երկաթուղի | 75| 125| 150| 200| 225| 250| 75| 100|
|(կայարանների միջև) և I-III | | | | | | | | |
|կարգի ավտոճանապարհներ, որոնց | | | | | | | | |
|զուգահեռ տեղադրվում է | | | | | | | | |
|խողովակագիծ, առանձնացած` | | | | | | | | |
|միա-, երկհարկ բնակելի | | | | | | | | |
|շենքեր, այգետնակներ, | | | | | | | | |
|ամառանոցներ, գծային | | | | | | | | |
|շրջագայողների տնակներ, | | | | | | | | |
|գերեզմանոցներ, | | | | | | | | |
|գյուղատնտեսական ֆերմաներ և | | | | | | | | |
|անասունների կազմակերպված | | | | | | | | |
|արածեցման համար ցանկապատված | | | | | | | | |
|տեղամասեր, դաշտակացարաններ | | | | | | | | |
|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում