ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1150 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ-1047/2007 թ. 2007 թ.
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Ազատ Շահբազյանի միջոցով Գայանե Ադյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 (չորս միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Գայանե Ադյանից 4.955.100 (չորս միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ` այդ թվում` եկամտահարկի գծով` 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով` 309.100 (երեք հարյուր ինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 2007 թվականի հունվարի 18-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Գայանե Ադյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 132-րդ հոդվածի առաջին մասը, ինչի արդյունքում կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 23-րդ և 30-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառվեին, չի կիրառել նույն օրենքի 17-րդ և 30.1-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի տվել վճռի փաստական և իրավական հիմնավորումները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Գայանե Ադյանի կողմից հարկային օրենսդրության խախտումները կատարվել են 2000-2001 թվականների ընթացքում, իսկ Հարկային տեսչության կողմից այդ գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել 2006 թվականին:
Բացի այդ, Գայանե Ադյանի եկամտահարկի գծով պարտքը 28.11.2006 թվականի դրությամբ կազմել է 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որից ապառք` 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, տուգանք` 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ և տույժ` 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: Նշված գումարից 25.10.2001 թվականի թիվ ՍԱ-001481 ստուգման ակտով եկամտահարկի գծով հայտնաբերված լրացուցիչ հարկային պարտավորությունները կազմել են` ապառք 827.000 (ութ հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ, տուգանք` 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, տույժ` 223.300 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
Այսինքն` 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքից 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը (2.811.500 - 827.000 - 90.000), ինչպես նաև 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ տույժից 901.100 (ինը հարյուր մեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամը (1.166.400 - 9.500 -16.400 - 223.300) առաջացել են 2000 և 2001 թվականների ընթացքում, և դրանք հայտնաբերվել են խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո (2006 թվականի նոյեմբերի 28-ին):
Հետևաբար, Հարկային տեսչությունը հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել` դրանով իսկ խախտելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճիռը` եկամտահարկի գծով 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքի, ինչպես նաև 901.100 (ինը հարյուր մեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ տույժի բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 01.03.2001 թվականին Գայանե Ադյանը Հարկային տեսչությանը ներկայացրել է ֆիզիկական անձի ստացած եկամուտների 2000 թվականի հայտարարագիր, որի համաձայն` այդ տարվա համար վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմել է 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումարի` 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չվճարման համար 02.05.2001 թվականից մինչև 11.06.2001 թվականը հաշվարկվել է 190.200 (մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով տույժ:
3) Հարկային տեսչության կողմից ներկայացված` Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման տեղեկանքում առանձին տողով նշվել են` 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումար` 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, Հարկային տեսչության 25.10.2001 թվականի ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պակաս ցույց տրված և վճարման ենթակա եկամտահարկի գումար` 827.000 (ութ հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ, տուգանք` 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, տույժ` 223.300 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, 2003, 2004 և 2005 թվականների համար նվազագույն եկամտահարկի գումար` 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ:
Գայանե Ադյանի եկամտահարկի գծով պարտքը 28.11.2006 թվականի դրությամբ կազմել է 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որից ապառք` 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, տուգանք` 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ և տույժ` 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվում:
Հետևաբար անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանություններն այն մասին, որ իր կողմից 2000 թվականի համար հաշվարկված հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, քանի որ Հարկային տեսչությունը դատարան է դիմել միայն 2006 թվականին:
Անհիմն է նաև բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պարտավորությունները Հարկային տեսչության կողմից հայտնաբերվել են 2006 թվականին` Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկով հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործով ֆիզիկական անձի ստացած եկամուտների 2000 թվականի հայտարարագիրը Գայանե Ադյանի կողմից ներկայացվել է 01.03.2001 թվականին, որով 2000 թվականի համար վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմել է 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
Այսինքն` սույն քաղաքացիական գործով 2000 թվականի համար հաշվարկված եկամտահարկի գումարի վճարման պարտավորությունը Գայանե Ադյանի կողմից խախտվել է 2001 թվականի մայիսի 2-ին:
Հարկային տեսչության կողմից ներկայացված` Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման տեղեկանքի համաձայն` 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումարի` 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ չվճարման համար 2001 թվականի մայիսի 2-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը հաշվարկվել է տույժ: Այսինքն` վերոնշյալ տույժի հաշվարկը Վճռաբեկ դատարանը դիտում է որպես բավարար հիմք արձանագրելու համար, որ Գայանե Ադյանի կողմից թույլ տրված խախտումը Հարկային տեսչության կողմից հայտնաբերվել է դեռևս խախտման առաջին օրը` 2001 թվականի մայիսի 2-ին:
Հետևաբար անհիմն է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ Հարկային տեսչությունը, հայտնաբերելով Գ. Ադյանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումը և դրա հիման վրա հաշվարկելով տույժ, պատշաճ կերպով իրականացրել է հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու` օրենքով նախատեսված պարտավորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան