ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
i
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և ներքոստորագրյալ այլ պետությունները,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության,
գիտակցելով Կոնվենցիան ստորագրող այլ պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը,
համոզված լինելով, որ, որպես առաջնություն, անհրաժեշտ է իրականացնել կոռուպցիայից հասարակության պաշտպանությանն ուղղված ընդհանուր քրեական քաղաքականություն, ներառյալ համապատասխան օրենսդրական և կանխարգելիչ միջոցների ընդունումը,
ընդգծելով, որ կոռուպցիան սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը և հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաստատությունների և հասարակության բարոյական հիմքերի կայունությունը,
ընդունելով, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է քրեական գործերով` ուժեղացված, արագ և գործուն միջազգային համագործակցություն,
ողջունելով վերջին զարգացումները, որոնք նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային փոխըմբռնման ու համագործակցության հետագա բարելավմանը, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Ամերիկյան պետությունների կազմակերպության, ՏՀԶԿ-ի և Եվրոպական միության գործողությունները,
հաշվի առնելով եվրոպական երկրների արդարադատության նախարարների կոնֆերանսի (Վալետա, 1994 թ.) հանձնարարականների հիման վրա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 1996թ. նոյեմբերին ընդունված` Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագիրը,
այդ առումով կարևորելով Եվրոպայի խորհրդի` կոռուպցիայի դեմ գործունեության մեջ ոչ անդամ պետությունների մասնակցությունը և ողջունելով նրանց արժեքավոր նպաստը Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրի իրականացմանը,
վկայակոչելով նաև, որ եվրոպական երկրների արդարադատության նախարարների 21-րդ կոնֆերանսի (Պրագա, 1997թ.) կողմից ընդունված հմ. 1 բանաձևը հանձնարարեց արագորեն իրականացնել Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագիրը և, մասնավորապես, կոչ արեց հնարավորինս շուտ ընդունել քրեական իրավունքի կոնվենցիան, որը նախատեսում է կոռուպցիոն իրավախախտումների համակարգված քրեականացում, նման իրավախախտումների հետապնդման համար ընդլայնված համագործակցություն, ինչպես նաև անդամ և ոչ անդամ պետությունների համար հավասարության հիմունքով բաց արդյունավետ հսկողության մեխանիզմներ,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարները 1997թ. հոկտեմբերի 10-11-ին կայացած իրենց երկրորդ գագաթաժողովում որոշեցին ընդհանուր պատասխաններ գտնել կոռուպցիայի աճով պայմանավորված մարտահրավերների վերաբերյալ և ընդունեցին գործողությունների ծրագիր, որը, նպատակ ունենալով բարելավել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունը, ներառյալ դրա կապերը կազմակերպված հանցագործության և փողերի լվացման հետ, Նախարարների կոմիտեին հանձնարարեց, ի թիվս այլ միջոցառումների, Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրին համապատասխան ապահովել միջազգային իրավական փաստաթղթերի արագ մշակումը,
ավելին` հաշվի առնելով, որ Նախարարների կոմիտեի 1997թ. նոյեմբերի 6-ի 101-րդ նստաշրջանի կողմից ընդունված` Կոռուպցիայի դեմ պայքարի 20 հիմնական սկզբունքների մասին հմ. (97) 24 բանաձևը շեշտում է կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի համաձայն միջազգային իրավական փաստաթղթերի արագ մշակման անհրաժեշտությունը,
նկատի ունենալով 1998թ. մայիսի 4-ին Նախարարների կոմիտեի 102-րդ նստաշրջանի ժամանակ «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ-GRECO» ստեղծող մասնակի և ընդլայնված համաձայնագրի ընդունումը թույլատրող հմ. (98) 7 բանաձևի ընդունումը, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարում իր անդամների կարողությունները այդ բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության միջոցով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գլուխ I
Տերմինների օգտագործումը
ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար`
ա) «պետական պաշտոնյա» տերմինը հասկացվում է որպես «պաշտոնյա», «պետական պաշտոնյա», «քաղաքապետ», «նախարար» կամ «դատավոր»` այն պետության ներպետական իրավունքին համապատասխան, որտեղ նշված անձը կատարում է այդ գործունեությունը, և այնպես, ինչպես կիրառվում է տվյալ պետության քրեական իրավունքով.
բ) առաջին կետում հիշատակված «դատավոր» տերմինը ներառում է դատախազներին և դատական գործառույթներ իրականացնող անձանց.
գ) այլ պետության պետական պաշտոնյայի ներգրավմամբ դատավարության դեպքում հետապնդում իրականացնող պետությունը պետական պաշտոնյա հասկացությունը կարող է կիրառել միայն այնքանով, որքանով այդ հասկացությունը համատեղելի է իր ներպետական իրավունքի հետ.
դ) «իրավաբանական անձ» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ, որը նման կարգավիճակ ունի կիրառելի ներպետական իրավունքի համաձայն` բացառությամբ պետությունների կամ այլ պետական լիազորություններ իրականացնող մարմինների և միջազգային հանրային կազմակերպությունների:
Գլուխ II
Ազգային մակարդակում ձեռնարկվելիք միջոցները
ՀՈԴՎԱԾ 2. ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ որևէ պետական պաշտոնյայի ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:
ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՊԱՍԻՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու որևէ պետական պաշտոնյայի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:
ՀՈԴՎԱԾ 4. ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված որևէ արարք, երբ դրանում ներգրավված է օրենսդրական կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամ:
ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված արարքը, երբ դրանում ներգրավված է որևէ այլ պետության պետական պաշտոնյա:
ՀՈԴՎԱԾ 6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված արարքը, երբ դրանում ներգրավված է այլ պետության` օրենսդրական կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամ:
ՀՈԴՎԱԾ 7. ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱԿՏԻՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու ձեռնարկատիրական գործունեության ոլորտում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավար կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող որևէ անձի` դիտավորությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ անձն իր պարտականությունների խախտմամբ որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:
ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՊԱՍԻՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու ձեռնարկատիրական գործունեության ոլորտում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավար կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող որևէ անձի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրա կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ անձն իր պարտականությունների խախտմամբ որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա:
ՀՈԴՎԱԾ 9. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված արարքը, երբ դրանում ներգրավված է որևէ հանրային միջազգային կամ վերազգային կազմակերպության կամ մարմնի, որի անդամն է այդ Կողմը, ցանկացած պաշտոնյա կամ աշխատակազմի կանոնակարգով նախատեսված պայմանագրով աշխատող և ցանկացած անձ` լինի գործուղված, թե ոչ, որը կատարում է նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ:
ՀՈԴՎԱԾ 10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 4-րդ հոդվածում նշված արարքը, երբ դրանում ներգրավված է միջազգային կամ վերազգային կազմակերպության, որի անդամն է այդ Կողմը, խորհրդարանական վեհաժողովի որևէ անդամ:
ՀՈԴՎԱԾ 11. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված արարքը, երբ դրանում ներգրավված են որևէ միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունում է այդ Կողմը, դատական գործառույթներ իրականացնող անձինք կամ պաշտոնյաներ:
ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը ցանկացած անձի, որը հայտարարում է կամ հաստատում է, որ ինքը կարող է 2-րդ, 4-6-րդ և 9-11-րդ հոդվածներում նշված անձանց որոշում կայացնելու վրա ազդեցություն գործել` անկախ այն բանից` այդ անհիմն օգուտը իր, թե ուրիշի համար է, ինչպես նաև նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ այդ օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը` այդպիսի ազդեցություն գործելու նպատակով, անկախ այն բանից` այդ ազդեցությունն իրագործվել է, թե ոչ, կամ ենթադրվող ազդեցությունը հանգեցրել է արդյոք նախատեսված արդյունքին, թե ոչ:
ՀՈԴՎԱԾ 13. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեական կամ այլ պատժամիջոցների ենթակա դարձնելու համար 2-12-րդ հոդվածներում նշված հանցագործությունները կատարելու, թաքցնելու կամ քողարկելու նպատակներով դիտավորությամբ կատարած հետևյալ գործողությունները կամ անգործությունը` այնքանով, որքանով Կողմը հայտարարություն կամ վերապահում չի արել.
ա) կեղծ կամ թերի տեղեկություններ պարունակող ապրանքագիր կամ որևէ հաշվապահական փաստաթուղթ կամ գրանցամատյան կազմելը կամ օգտագործելը.
բ) ապօրինաբար վճարման գրանցում կատարել թույլ տալը:
ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր հանցագործությունների կատարմանն օժանդակելը կամ դրդելը:
ՀՈԴՎԱԾ 16. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում որևէ պայմանագրի, արձանագրության կամ կանոնադրության դրույթների, ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող տեքստերի վրա, որոնք վերաբերում են անձեռնմխելիության վերացմանը:
ՀՈԴՎԱԾ 17. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրավազորություն հաստատելու համար, եթե.
ա) հանցագործությունը ամբողջովին կամ մասամբ կատարվել է իր տարածքում.
բ) հանցագործն այդ Կողմի քաղաքացի, պետական պաշտոնյա կամ ազգային ներկայացուցչական մարմնի անդամ է.
գ) հանցագործության մեջ ներգրավված է իր պետական պաշտոնյաներից կամ իր ազգային ներկայացուցչական մարմինների անդամներից որևէ մեկը կամ 9-11-րդ հոդվածներում նշված ցանկացած անձ, որը միաժամանակ հանդիսանում է իր քաղաքացին:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում կամ դրանց որևէ մասում շարադրված իրավազորության կանոնները չկիրառել կամ կիրառել միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում:
3. Եթե որևէ Կողմ օգտագործել է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերապահման հնարավորությունը, ապա նա պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների առնչությամբ իրավազորություն հաստատելու համար` այն դեպքում, երբ հանցագործության ենթադրյալ կատարողը գտնվում է իր տարածքում, և հանձնման մասին հարցումն ստանալուց հետո Կողմը նրան չի հանձնում մյուս Կողմին` հանցագործի քաղաքացիությունից ելնելով:
4. Սույն Կոնվենցիան չի բացառում Կողմի կողմից, իր ներպետական իրավունքին համապատասխան, իրականացվող որևէ քրեական իրավազորություն:
ՀՈԴՎԱԾ 18. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար, որ իրավաբանական անձինք պատասխանատվություն կրեն սույն Կոնվենցիայով նախատեսված ակտիվ կաշառակերության, ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման հանցագործությունների համար, որոնք կատարվել են նրանց օգտին` անհատապես կամ որպես իրավաբանական անձի մարմնի անդամ գործող ֆիզիկական անձի կողմից, որոնք իրավաբանական անձը ներկայացնելու լիազորության կամ իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու լիազորության կամ իրավաբանական անձի շրջանակներում հսկողություն իրականացնելու լիազորության վրա հիմնված ղեկավար պաշտոն է զբաղեցնում այդ իրավաբանական անձի շրջանակներում, ինչպես նաև այդ ֆիզիկական անձին վերոհիշյալ հանցագործություններում որպես օժանդակող կամ դրդող ներգրավելու համար:
2. Բացի առաջին կետում նշված դեպքերից` յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը պատասխանատվություն կրի, երբ 1-ին կետում նշված ֆիզիկական անձի հսկողության կամ վերահսկողության բացակայությունը հանգեցրել է այդ իրավաբանական անձի օգտին 1-ին կետում նշված հանցագործությունների կատարման այն ֆիզիկական անձի կողմից, որը գտնվում է առաջինի ենթակայության տակ:
3. 1-ին և 2-րդ կետերում նշված իրավաբանական անձի պատասխանատվությունը չպետք է բացառի այն անձանց քրեական հետապնդումը, ովքեր հանդիսանում են 1-ին կետով սահմանված հանցագործությունները կատարողներ, դրդողներ կամ օժանդակողներ:
ՀՈԴՎԱԾ 19. ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ
1. Հաշվի առնելով սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների լուրջ բնույթը` յուրաքանչյուր Կողմ պետք է նախատեսի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներ և այլ միջոցներ, ներառյալ դրանք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու դեպքում, ազատազրկման պատիժներ, որոնք կարող են հանձնման առիթ հանդիսանալ:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված արարքների համար, ենթակա լինեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ` քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատիժները:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ Կողմին լիազորելու համար բռնագրավել կամ այլ կերպ զրկել սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների գործիքներից կամ եկամուտներից կամ այն գույքից, որը համարժեք է նման եկամուտներին:
ՀՈԴՎԱԾ 20. ՄԱՍՆԱԳԻՏԱՑԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար, որ անձինք կամ կազմակերպությունները մասնագիտանան կաշառակերության դեմ պայքարում: Նրանք պետք է ունենան անհրաժեշտ անկախություն, այդ Կողմի իրավական համակարգի հիմնական սկզբունքներին համապատասխան, որպեսզի հնարավորություն ունենան իրենց գործունեությունն իրականացնելու արդյունավետորեն և առանց որևէ անհիմն ճնշման: Կողմը պետք է ապահովի, որ նման կազմակերպությունների աշխատակազմերը իրենց գործունեության համար ունենան բավարար պատրաստվածություն և ֆինանսական միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար, որ, ներպետական իրավունքին համապատասխան, պետական մարմինները, ինչպես նաև բոլոր պետական պաշտոնյաները համագործակցեն քննության և հետապնդման համար պատասխանատու իրենց իրավասու մարմինների հետ`
ա) իրենց սեփական նախաձեռնությամբ վերջիններիս տեղեկացնելով` կա՞ն արդյոք լուրջ հիմքեր` կասկածելու, որ կատարվել է 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործություններից որևէ մեկը, կամ
բ) հարցման դեպքում վերջիններիս տրամադրելով անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
ՀՈԴՎԱԾ 22. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԿԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար արդյունավետ և համապատասխան պաշտպանությունը`
ա) այն անձանց, ովքեր տեղեկացնում են 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների մասին կամ այլ կերպ համագործակցում են քննության կամ հետապնդում իրականացնող մարմինների հետ.
բ) վկաների, որոնք ցուցմունք են տալիս նշված հանցագործությունների առնչությամբ:
ՀՈԴՎԱԾ 23. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ անհրաժեշտ հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը թույլատրող միջոցները, որոնք հնարավորություն են տալիս, ներպետական իրավունքին համապատասխան, դյուրացնելու սույն Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների առնչությամբ ապացույցների հավաքումը և կոռուպցիայի գործիքների ու եկամուտների կամ այլ գույքի, որը համարժեք է նման եկամուտներին, նույնացնելը, հայտնաբերելը, սառեցնելը և առգրավելը` սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված միջոցների կիրառման նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` լիազորելու համար իր դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին` պահանջել, որ բանկային, ֆինանսական կամ առևտրային գրանցամատյանները փոխանցվեն իրենց կամ առգրավվեն` սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություններն իրականացնելու նպատակով:
3. Բանկային գաղտնիքը չպետք է խոչընդոտ լինի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված միջոցները ձեռնարկելու համար:
Գլուխ III
Իրականացման նկատմամբ հսկողությունը
ՀՈԴՎԱԾ 24. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) պետք է հսկողություն իրականացնի Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի իրականացման նկատմամբ:
Գլուխ IV
Միջազգային համագործակցություն
ՀՈԴՎԱԾ 25. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Կողմերը միմյանց հետ հնարավորինս լայն չափով կհամագործակցեն սույն Կոնվենցիայով նախատեսված քրեական հանցագործությունների քննության կամ դատավարության իրականացման համար քրեական գործերով` միջազգային համագործակցությանն առնչվող միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթների համաձայն կամ միասնական կամ փոխադարձ օրենսդրության վրա հիմնված համաձայնությունների միջոցով, ինչպես նաև ներպետական իրավունքին համապատասխան:
2. Եթե 1-ին կետում նշված միջազգային փաստաթղթերից կամ համաձայնություններից ոչ մեկը Կողմերի միջև ուժի մեջ չէ, ապա կիրառվում են սույն գլխի 26-31-րդ հոդվածները:
3. Սույն գլխի 26-31-րդ հոդվածները պետք է կիրառվեն այն դեպքում, երբ դրանք ավելի բարենպաստ են, քան 1-ին կետում նշված միջազգային փաստաթղթերի կամ համաձայնությունների պայմանագրերի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 26. ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Կողմերը միմյանց կտրամադրեն օգնության առավել լայն միջոցներ` արագ ընթացք տալով այն իրավասու մարմինների հարցումներին, որոնք, իրենց ներպետական իրավունքին համապատասխան, լիազորված են քննություն կամ հետապնդում իրականացնելու սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե հայցվող Կողմը համարի, որ հարցման կատարումը կազդի իր հիմնարար շահերի, ազգային ինքնիշխանության, անվտանգության կամ հանրային կարգի վրա:
3. Կողմերը բանկային գաղտնիքը չպետք է վկայակոչեն որպես սույն հոդվածով նախատեսված որևէ համագործակցության մերժման հիմք: Յուրաքանչյուր Կողմ ներպետական իրավունքով նախատեսված լինելու դեպքում կարող է պահանջել, որ բանկային գաղտնիքի գաղտնազերծում պարունակող` համագործակցության մասին հարցումը թույլատրված լինի դատավորի կամ այլ իրավական պաշտոնյայի, այդ թվում` դատախազների կամ հանցագործություններով զբաղվող պաշտոնյաներից որևէ մեկի կողմից:
ՀՈԴՎԱԾ 27. ՀԱՆՁՆՈՒՄ
1. Սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները Կողմերի միջև գոյություն ունեցող բոլոր հանձնման մասին պայմանագրերում պետք է համարվեն հանձնման ենթակա հանցագործություններ: Կողմերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի միմյանց միջև կնքվելիք` հանձնման մասին ցանկացած պայմանագրում նման հանցագործություններն ընդգրկվեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ:
2. Եթե մի Կողմը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է հանձնման հարցում այլ Կողմից, որի հետ ինքը չունի հանձնման մասին պայմանագիր, ապա այդ Կողմը կարող է սույն Կոնվենցիան համարել հանձնման իրավական հիմք սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր հանցագործությունների առնչությամբ:
3. Այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները պետք է ճանաչեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ:
4. Հանձնումը պետք է ենթակա լինի հայցվող Կողմի իրավունքով կամ հանձնման մասին կիրառելի պայմանագրով նախատեսված պայմաններին ու հիմքերին, որոնցով հայցվող Կողմը կարող է մերժել հանձնման հարցումը:
5. Եթե սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների համար հանձնումը մերժվում է միայն պահանջող անձի քաղաքացիության հիմքով, կամ հայցվող Կողմը համարում է, որ ինքը իրավազորություն ունի հանցագործության առնչությամբ, ապա հայցվող Կողմը, եթե այլ կերպ չի համաձայնվել հայցող Կողմի հետ, պետք է հետապնդում իրականացնելու նպատակով գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին և հայցող Կողմին պատշաճ կերպով տեղեկացնի վերջնական արդյունքների մասին:
ՀՈԴՎԱԾ 28. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Կողմ, չազդելով իր կողմից իրականացվող քննության կամ դատավարության վրա, առանց որևէ հարցման կարող է տվյալ գործով տեղեկություններ հաղորդել մյուս Կողմին, եթե համարում է, որ նման տեղեկությունների տրամադրումը դրանք ստացող Կողմին կարող է օգնել` ձեռնարկելու կամ իրականացնելու սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քննություն կամ դատավարություն, կամ այն նկատառումով, որ նշված տեղեկությունները կարող են հանգեցնել մյուս Կողմի կողմից հարցում ներկայացնելուն` սույն գլխին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 29. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Կողմերը պետք է նշանակեն կենտրոնական մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մի քանի կենտրոնական մարմինները, որոնք պատասխանատու կլինեն սույն գլխով սահմանված հարցումներն ուղարկելու և դրանց պատասխանելու, նման հարցումները կատարելու համար իրավասու մարմիններին փոխանցելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտնի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմինների անվանումներն ու հասցեները:
ՀՈԴՎԱԾ 30. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Կենտրոնական մարմինները պետք է հաղորդակցվեն անմիջականորեն:
2. Անհետաձգելի դեպքում փոխադարձ օգնության հարցումները կամ դրա հետ կապված հաղորդակցությունը հայցվող Կողմի համապատասխան մարմիններին կարող են ուղարկվել անմիջականորեն հայցող Կողմի դատական մարմինների, ինչպես նաև դատախազների կողմից: Նման դեպքում հայցող Կողմի կենտրոնական մարմինը հայցվող Կողմի կենտրոնական մարմնին միաժամանակ պետք է ուղարկի պատճենները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցումը կամ հաղորդակցությունը կարող են իրականացվել Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (ինտերպոլ) միջոցով:
4. Եթե հարցումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և պետական մարմինը իրավասու չէ դրանով զբաղվելու, ապա նա պետք է հարցումը հանձնի իրավասու մարմնին և հայցող Կողմին անմիջականորեն տեղեկացնի, որ ինքը այդպես է վարվել:
5. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հարցումը կամ հաղորդակցությունը, որոնք չեն ներառում հարկադիր գործողություններ, կարող են հայցող Կողմի իրավասու մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի իրավասու մարմիններին:
6. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել, որ սույն գլխի համաձայն կատարված հարցումները արդյունավետության համար պետք է հասցեագրվեն իր կենտրոնական մարմնին:
ՀՈԴՎԱԾ 31. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայցվող Կողմը պետք է անհապաղ տեղեկացնի հայցող Կողմին սույն գլխով նախատեսված հարցմամբ ձեռնարկված գործողությունների և դրանց վերջնական արդյունքների մասին: Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին անհապաղ տեղեկացնի նաև յուրաքանչյուր այն հանգամանքի մասին, որը անհնարին կդարձնի այդ գործողությունների կատարումը կամ զգալիորեն կհետաձգի դրանք:
Գլուխ V
Եզրափակիչ դրույթներ
ՀՈԴՎԱԾ 32. ՍՏՈՐԱԳՐԵԼԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց կլինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների համար: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.
ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրությամբ` հետագայում վավերացնելով, ընդունելով կամ հաստատելով:
2. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` տասնչորս պետությունների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա 1-ին օրը: Այդ պետություններից ցանկացածը, որը վավերացման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չէ, ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահին:
4. Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում արտահայտած յուրաքանչյուր ստորագրող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնության արտահայտման օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Վավերացման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին:
ՀՈԴՎԱԾ 33. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Պայմանավորվող պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել Եվրոպական համայնքին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, որը չի մասնակցել դրա մշակմանը, միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Նախարարների կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Վերը նշված 1-ին կետի համաձայն` Եվրոպական համայնքի և Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Եվրոպական համայնքը և Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետություն իր համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից ինքնաբերաբար կդառնա GRECO-ի անդամ, եթե միանալու պահին դեռևս անդամ չէ:
ՀՈԴՎԱԾ 34. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվելու է:
2. Յուրաքանչյուր Կողմ ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ կետերի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարություն այդ հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հետ վերցնելը կգործի այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
ՀՈԴՎԱԾ 35. ԱՅԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ
1. Սույն Կոնվենցիան չի ազդում հատուկ հարցերով միջազգային բազմակողմ կոնվենցիաներով ստանձնած իրավունքների և պարտականությունների վրա:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ ուժեղացնելու կամ դրանում արծարծված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց միջև կնքել բազմակողմ և երկկողմ պայմանագրեր Կոնվենցիայով կարգավորվող խնդիրների վերաբերյալ:
3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են սույն Կոնվենցիային առնչվող հարցերի վերաբերյալ պայմանագիր կամ համաձայնագիր կամ այդ առնչությամբ այլ կերպ հարաբերություններ են հաստատել, ապա պետք է իրավունք ունենան սույն Կոնվենցիայի փոխարեն կիրառելու այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել այդ հարաբերությունները, եթե դա կդյուրացնի միջազգային համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ կքրեականացնի 5-րդ հոդվածով նախատեսված` օտարերկրյա պետական պաշտոնյաների, 9-րդ հոդվածում նշված միջազգային կազմակերպությունների և 11-րդ հոդվածով նախատեսված միջազգային դատարանների դատավորների և պաշտոնատար անձանց ակտիվ և պասիվ կաշառակերությունը այնքանով, որքանով պետական պաշտոնյան կամ դատավորը գործում է կամ ձեռնպահ է մնում գործել իր պարտականությունների խախտմամբ:
ՀՈԴՎԱԾ 37. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս իրեն իրավունք վերապահել, իր ներպետական իրավունքին համապատասխան, մասամբ կամ ամբողջովին չքրեականացնելու 4-րդ, 6-8-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածներում նշված արարքները կամ 5-րդ հոդվածով սահմանված պասիվ կաշառակերության հանցագործությունները:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ ինքը օգտվում է 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերապահումից:
3. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ ինքը կարող է մերժել 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե հարցումը առնչվում է այնպիսի հանցագործության, որը հայցվող Կողմը դիտում է որպես քաղաքական հանցագործություն:
4. Ոչ մի պետություն չի կարող սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի կիրառմամբ վերապահում անել դրանցում նշված ավելի քան հինգ դրույթի առնչությամբ: Որևէ այլ վերապահում արվել չի կարող: 4-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների վերաբերյալ նույնանման վերապահումները պետք է դիտվեն որպես մեկ վերապահում:
ՀՈԴՎԱԾ 38. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
1. 36-րդ հոդվածում նշված հայտարարությունները և 37-րդ հոդվածում նշված վերապահումները պետք է վավերական լինեն տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` երեք տարի ժամանակահատվածով: Ամեն դեպքում նման հայտարարությունները և վերապահումները կարող են վերսկսվել նույն ժամանակահատվածով:
2. Հայտարարության կամ վերապահման ժամկետը լրանալուց տասներկու ամիս առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարությունը պետք է ժամկետը լրանալու մասին ծանուցի տվյալ պետությանը: Ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ պետությունը պետք է Գլխավոր քարտուղարին ծանուցի այն մասին, որ ինքը պաշտպանում, փոփոխում կամ հրաժարվում է իր հայտարարությունից կամ վերապահումից: Տվյալ պետության կողմից ծանուցման բացակայության դեպքում Գլխավոր քարտուղարությունը պետք է այդ պետությանը տեղեկացնի, որ նրա հայտարարությունը կամ վերապահումը համարվում է ինքնաբերաբար երկարացված վեց ամիս ժամկետով: Տվյալ ժամկետը լրանալուց առաջ պետության` իր հայտարարությունը կամ վերապահումը պաշտպանելու կամ փոփոխելու մտադրության մասին չծանուցելը հանգեցնում է հայտարարության կամ վերապահման ուժը կորցնելուն:
3. Եթե Կողմը 36-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան հայտարարություն կամ վերապահում է անում, ապա նա պետք է դրա գործողության վերսկսումից առաջ կամ հարցման դեպքում GRECO-ին տրամադրի դրա շարունակման մասին հիմնավորումներ:
ՀՈԴՎԱԾ 39. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություններ անել սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և, 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիային միացած կամ միանալու համար հրավիրված յուրաքանչյուր ոչ անդամ պետության կներկայացվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից:
2. Կողմի առաջարկած յուրաքանչյուր փոփոխություն պետք է հանձնվի Հանցագործության հիմնախնդիրներով եվրոպական հանձնաժողովին (CDPC), որն առաջարկված փոփոխության մասին Նախարարների կոմիտեի քննարկմանը կներկայացնի իր կարծիքը:
3. Նախարարների կոմիտեն կքննարկի առաջարկված փոփոխությունն ու CDPC-ի կողմից ներկայացված կարծիքը և կարող է ընդունել փոփոխությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո:
4. Նախարարների Կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված յուրաքանչյուր փոփոխության տեքստ պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու նպատակով:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին Կողմերի ծանուցելու օրվանից երեսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 40. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Հանցագործության հիմնախնդիրներով եվրոպական հանձնաժողովը պետք է տեղեկացվի սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման մասին:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ միմյանց միջև վեճի դեպքում Կողմերը պետք է, իրենց ընտրությամբ, վեճը կարգավորեն բանակցությունների միջոցով կամ այլ խաղաղ ճանապարհով, ինչպես նաև վեճը Հանցագործության հիմնախնդիրներով եվրոպական հանձնաժողովի, միջնորդ դատարանի քննարկմանը ներկայացնելով, որոնց որոշումները Կողմերի համար պարտադիր կլինեն, կամ, փոխադարձ համաձայնությամբ, այն Միջազգային դատարանի քննարկմանը ներկայացնելով:
ՀՈԴՎԱԾ 41. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը:
2. Նման գործողության դադարեցումը կգործի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
ՀՈԴՎԱԾ 42. ԾԱՆՈՒՑՈՒՄ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետության կծանուցի.
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին.
գ) 32-րդ և 33-րդ հոդվածների համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին.
դ) 36-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարության կամ վերապահման մասին.
ե) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:
Ի հաստատումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1999թ. հունվարի 27-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին և Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններին:
Հայաստանի Հանրապետության
հայտարարությունները
Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի Կոնվենցիայի վերաբերյալ
Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի IV Գլխով նախատեսված համագործակցության համար նշանակում է հետևյալ մարմինները.
ա) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը` մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դատարաններում քննվող քրեական գործերով:
Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի քրեականացվի Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված արարքը:
Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում մերժելու Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե իրեն ուղղված հարցումն առնչվում է այնպիսի հանցագործության, որը Հայաստանը դիտում է որպես քաղաքական հանցագործություն:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 1-ից:
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - Տեղեկագրում չկա կոնվենցիայի 14-րդ հոդվածը