(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 281-Ն որոշում)
i
600.0345.050907
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 09 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2007 թվականի N 345-Ն
i
ԱՅԼ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ մասի ե) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի օգոստոսի 24-ի
N 345-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՅԼ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Սույն կարգը կարգավորում է ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց (այսուհետև` Ծառայություններ մատուցող) կողմից այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները:
1. Համարների գործարկում
1.1 Ծառայություններ մատուցողը այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման համար բացի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայից պարտավոր է ունենալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տրամադրված համար զբաղեցնելու թույլտվություն:
i
1.2 Համար զբաղեցնելու թույլտվություն ստանալուց հետո Հանձնաժողովի կողմից իրեն հատկացված համարը գործարկելու համար Ծառայություն մատուցողը ձայնային ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձին (այսուհետ` Օպերատոր) ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է ներառի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի և համար զբաղեցնելու թույլտվության պատճենները, պահանջվող ծառայության մատուցման համար անհրաժեշտ միացման ենթակա վերջնակետային սարքավորման տեսակի և համապատասխան ինտերֆեյսի տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկություններ:
(1.2-րդ կետը փոփ. 22.02.08 թիվ 70-Ն որոշում)
1.3 Օպերատորը պարտավոր է դիմումի ստացման պահից 45 օրվա ընթացքում բավարարել Ծառայություն մատուցողի ներկայացրած դիմումը, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) դիմումը չի համապատասխանում սույն կարգի 1.2 կետով սահմանված պահանջներին,
2) կոնկրետ դիմումը բավարարելու համար լրացուցիչ ժամկետն արդարացնող հատուկ կառուցման աշխատանքներ են պահանջվում:
1.4 Դիմումը բավարարելու դեպքում Օպերատորի և Ծառայություն մատուցողի միջև կնքվում է պայմանագիր:
1.5 Սույն կարգի 1.3 կետի 1) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը 10-օրյա ժամկետում մերժում է Ծառայություն մատուցողի դիմումը, ինչի մասին գրավոր տեղեկացնում է վերջինիս` նշելով մերժման պատճառները:
1.6 Սույն կարգի 1.3 կետի 2) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը դիմումը և հատուկ կառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները դիմումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հանձնաժողով` այդ մասին տեղեկացնելով Ծառայություններ մատուցողին:
1.7 Հանձնաժողովը, հաշվի առնելով Ծառայություններ մատուցողի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ կառուցման աշխատանքների ծավալը, 45-օրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) ազատել Օպերատորին համարի գործարկման պարտականությունից,
2) սահմանել Օպերատորի կողմից համարի գործարկման համար նոր ժամկետ,
3) պահանջել Ծառայություն մատուցողից ամբողջությամբ կամ մասամբ վճարել համարի գործարկմանն ուղղակիորեն առնչվող ծախսերը:
2. Ծառայություն մատուցողի գործունեության պայմանները
2.1 Ձայնային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ Ծառայություն մատուցողի սարքավորումների տեղադրման վայրը պետք է համապատասխանի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայում ամրագրված գործունեության վայրին:
2.2 Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները համարել պահել գաղտնի:
2.3 Ծառայություններ մատուցողը պարտավոր է սույն կարգի 2.2 կետում նշված տեղեկությունները արխիվացնել 1 տարի ժամկետով:
2.4 Ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն կարգի 2.2 կետում նշված տեղեկությունները`
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.
2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն Ծառայություն մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ Ծառայություն մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:
2.5 Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն կարգի 2.4 կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:
2.6 Ծառայություն մատուցողը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:
2.7 Ծառայություն մատուցողը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող նմանատիպ այլ սարքերին, ներառյալ գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:
1) Ծառայություն մատուցողը պարտավոր է հաճախորդներին տրամադրել ճշգրիտ հաշիվներ (bills): Հաշիվները պետք է տրամադրվեն անվճար, արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից հաճախորդը փաստացի օգտվել է` վճարների բացվածքը ներկայացնելով ըստ ծառայությունների տեսակների, իսկ հաճախորդի պահանջի դեպքում պետք է պարունակեն բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր զանգի ժամի, տևողության և նպատակակետի մասին:
2.8 Ծառայություն մատուցողը պարտավոր է ձայնային ծառայությունները մատուցել եվրոպական լավագույն փորձին համապատասխանող հաշիվների վարման (billing) ժամանակակից համակարգով:
2.9 Հեռախոսավարի օգնությամբ կամ ավտոմատ կերպով մատուցված միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունները վճարվում են ըստ հեռախոսային միացման տևողության, որը հաշվարկվում է յուրաքանչյուր անձի կամ բաժանորդային սարքի պատասխանի պահից մինչև կանչվող անձի կամ բաժանորդային սարքի անջատման պահն ընկած ժամանակահատվածի համար:
2.10 Բաժանորդային սարքերի շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև ձայնային ծառայության տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են`
1) տվյալների փոխանցման սարքերը,
2) ֆաքսիմիլային սարքը,
3) ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքը,
4) հեռախոսահամարի ավտոմատ որոշիչով հեռախոսային սարքը,
5) բաժանորդային այլ սարքերը, որոնք փոխարինում են բաժանորդին նրա բացակայության ընթացքում և ապահովում տեղեկատվության փոխանակումը:
2.11 Հեռախոսավարի օգնությամբ միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունների մատուցման դեպքում Ծառայություն մատուցողը պարտավոր է պատվերները գրանցել գրանցամատյանում:
2.12 Համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ Ծառայություն մատուցողը, ելնելով օգտագործվող կոմուտացիոն սարքավորումների հնարավորություններից, սահմանում է նվազագույն սակագրման միավորը տեղական, միջքաղաքային և միջազգային ձայնային ծառայությունների համար (վայրկյաններով կամ րոպեներով): Սակագրման միավորը չի կարող գերազանցել 1 րոպեն:
i
2.13 Ծառայություններ մատուցողին աշխարհագրական սկզբունքով հատկացված համարից դեպի ԱրմենՏելի ցանց կատարվող տեղական զանգերի համար սահմանել մեկ րոպեի համար 7,5 դրամ սակագին (առանց ավելացված արժեքի հարկի), սկսած առաջին րոպեից: Ծառայություններ մատուցողին հատկացված «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով համարներից դեպի ԱրմենՏելի ցանց զանգեր չեն կատարվում:
(2.13-րդ կետը փոփ. 29.10.08 թիվ 579-Ն որոշում)
i
2.13.1 «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով ձայնային ծառայությունները մատուցվում են Հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշման 1-ին կետով հաստատված «800 հատուկ ծառայության առավելագույն սակագներ» N 4 հավելվածով սահմանված սակագներով:
(2.13.1-րդ կետը լրաց. 29.10.08 թիվ 579-Ն որոշում)
2.14 Ծառայություն մատուցողը ձայնային ծառայությունները գովազդող քարտերի (կանխավճարային կամ հետվճարային) վրա պետք է նշի ընկերության անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն) կամ ապրանքանիշի (brand) անվանումը, ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի համարը, տրամադրման ամսաթիվը, իսկ կանխավճարային եղանակով ձայնային ծառայությունների մատուցման դեպքում նաև կանխավճարային քարտի հերթական համարը:
2.15 Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Ծառայություն մատուցողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ:
2.16 Ծառայություններ մատուցողին արգելվում է ձայնային ծառայությունները մատուցել համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով:
2.17 Ծառայություններ մատուցողի կողմից համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով ձայնային ծառայությունների մատուցման հայտնաբերման պարտավորությունը կրում է Օպերատորը, որի վերաբերյալ հարկադրման դիմում է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է դիմումը և ընդունում համապատասխան որոշում:
i
2.18 Ծառայություն մատուցողին տրամադրված համարներն Օպերատորի կողմից գործարկվում են միայն դրանց մուտքային զանգի հնարավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայություն մատուցողը բավարար հիմքեր է ներկայացնում Հանձնաժողովին այն մասին, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները:
(2.18-րդ կետը լրաց. 26.01.11 թիվ 13-Ն որոշում)
3. Ծառայություններ մատուցողի գործունեության վերահսկումը
3.1 Ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի կամ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:
3.2 Հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել Ծառայություններ մատուցողի տարածք:
3.3 Վերահսկումն իրականացնելու ընթացքում Ծառայություններ մատուցողը պարտավոր է լիովին համագործակցել և աջակցել Հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին: