(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2007 թվականի N 55-Ն
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2007 թվականի հուլիսի 18-ի դռնբաց նիստում «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) 2007 թվականի հուլիսի 4-ի թիվ ՊՄ/2007-09 դիմումի հիման (այսուհետ` Դիմում) վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև` Օրենք) նախատեսված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու կամ դրան մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:
Քննարկման ընթացքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.
Դիմումով Հիմնադրամը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումն առ այն, թե Դիմումը ներկայացնելու պահին արդյոք գործում է կամ իրավաբանորեն կիրարկելի է (իրավաբանական ուժ ունի) Օրենքի 9-րդ հոդվածը` տնտեսվարող սուբյեկտների պարտավորության կատարման մասով, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավական ակտի բացակայությունն արդյոք չի ենթադրում, որ Օրենքի 9-րդ հոդվածը կգործի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից և այդ հանգամանքն օտարերկրյա ներդրողին հնարավորություն տալիս է առանց համակենտրոնացման հայտարարագրման և Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոսը:
Դիմումում նշվել է նաև, որ խնդրի պարզաբանման անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`...», իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը»: Մինչև այս պահը Հանձնաժողովի կողմից նման կարգ սահմանված չէ (Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակված չէ): Այսինքն, պարտադիր հայտարարագրման ինստիտուտն օրենքով սահմանվել է, սակայն դրա կիրառման մեխանիզմը բացակայում է:
Հիմնադրամը, մեջբերելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը, հայտնել է նաև, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը` դրա իրավաբանական ուժ ունենալու առումով, տարաբնույթ հարցադրումների հնարավորություն է ընձեռում:
Առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ մասով` Հիմնադրամը հարցի առնչությամբ առաջարկել է պարզաբանման հետևյալ տարբերակը. «Օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոսը` առանց համակենտրոնացման հայտարարագրման ու Հանձնաժողովի թույլտվության, քանի դեռ իրավաբանորեն ուժի մեջ չի մտել Հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրման կարգը և ձևը»:
Քննարկելով Դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է, որ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-107-Ն օրենքով Օրենքի 4-րդ գլուխը, ներառյալ 9-րդ հոդվածը, շարադրվել է նոր խմբագրությամբ` 9-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսելով, որ համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը: Ըստ այդմ, Հանձնաժողովի կողմից սահմանման ենթակա հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը ներառելու են Օրենքի 4-րդ գլխով նախատեսված` համակենտրոնացման հայտարարագրման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այն հարցերին, թե ով պետք է դիմի համակենտրոնացումը հայտարարագրելու համար (մասնակիցներից մե՞կը, թե՞ յուրաքանչյուրն առանձին-առանձին, թե՞ բոլոր մասնակիցները միասին), ով պետք է ներկայացնի մասնակիցներից յուրաքանչյուրի մասին տեղեկատվությունը, ինչ ձև ունի հայտարարագիրը և այլն: Այսինքն, Օրենքի 4-րդ գլխի, այդ թվում նաև` 9-րդ հոդվածի կիրարկումը հնարավոր է միայն Հանձնաժողովի կողմից նշված հարաբերությունները կանոնակարգող` համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանման պարագայում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն գործողության մեջ դնել համակենտրոնացումը կամ մասնակցել դրան առանց հայտարարագրման և (կամ) Հանձնաժողովի թույլտվության` մինչև վերջինիս կողմից համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանումը:
Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րղ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն գործողության մեջ դնել Օրենքով նախատեսված համակենտրոնացումի կամ մասնակցել դրան` առանց հայտարարագրման և (կամ) Հանձնաժողովի թույլտվության` մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի սահմանումը (ուժի մեջ մտնելը):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: