(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0112.190298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 1998 թվականի թիվ 112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ.
փետրվարի 19-ի թիվ 112
որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական առողջապահական գործակալության
i
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը (այսուհետև` գործակալություն), որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն ստեղծելու մասին» թիվ 593 որոշմամբ, պետական կառավարման հանրապետական մարմին է և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Գործակալությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Գործակալությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Գործակալության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Գործակալության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված պետական պատվերի միջոցով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (այսուհետև` բժշկական օգնություն իրականացնող) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ (անկախ սեփականության ձևից) պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքումը, դրանց համապատասխան փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփումը.
գ) բժշկական օգնություն իրականացնողների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը.
դ) բժշկական օգնություն իրականացնողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվապահական հաշվետվությունների տվյալների ուսումնասիրման կազմակերպումը և անցկացումը.
ե) պետական պատվերի շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.
զ) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.
է) Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա առողջապահական և այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Գործակալության աշխատանքի կազմակերպումը
5. Գործակալության համակարգը ներառում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և տարածքային ստորաբաժանումների ամբողջությունը:
6. Գործակալությունը`
ա) ապահովում է բժշկական օգնություն իրականացնողների կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների հաշվառումն ու գրանցումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն, տրամադրում է ամենամսյա տեղեկատվություն բժշկական օգնության և ծառայությունների ծավալների ու վճարումների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում լուծում է ոլորտին վերաբերող հարցերը` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման ու օգտագործման գործառույթները, համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում պետական սեփականության պահպանությունը.
ե) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծեր, իր իրավասության սահմաններում ընդունում գերատեսչական նորմատիվ ակտեր և վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
զ) սահմանված կարգով մասնակցում է գործակալության իրավասությանը վերաբերող հարցերի մասին միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային միջգերատեսչական պայմանագրեր.
է) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները.
թ) մշակում է գործակալության կենտրոնական ապարատի, տարածքային ստորաբաժանումների, գործակալության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների մասնագիտական պիտանիության ու որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների` զբաղեցրած պաշտոններին համապատասխանությունը.
ժ) համակարգի ձեռնարկություններին տալիս է թույլտվություն` տնտեսական միավորումներին անդամակցելու համար.
ժա) վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պետական գույքի օգտագործումը, դրանց օտարումն ու վարձակալության հանձնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գործակալության տարածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժգ) իր աշխատանքներում ներգրավում է փորձագետների, մասնագետների` վերջիններիս հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր.
ժդ) իրականացնում է հրատարակչական գործունեություն.
ժե) կազմակերպում և իրականացնում է գիտագործնական համաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, այլ միջոցառումներ.
ժզ) բժշկական օգնություն իրականացնողներին ցուցաբերում է անհրաժեշտ կազմակերպամեթոդական օժանդակություն.
ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ կետի բ ենթ. լրաց. 09.08.00 թիվ 520 որոշում)
7. Գործակալությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Գործակալության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով գործակալության պետի հետ:
Պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
8. Գործակալության պետը`
ա) պատասխանատվություն է կրում գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար, կազմակերպում և ղեկավարում է գործակալության գործունեությունը.
բ) սահմանում է պետի տեղակալների, գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքային, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.
գ) իր իրավասության սահմաններում գործում է գործակալության անունից, ներկայացնում նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տնօրինում գործակալության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) բժշկական օգնություն իրականացնողների հետ կնքում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին պայմանագրեր.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների թիվը, խորհրդի անդամների թիվն ու անհատական կազմը.
զ) հաստատում է գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքային, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համար և ստուգում դրանց կատարումը.
ը) սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է գործակալության կենտրոնական ապարատի աշխատողներին, տարածքային ստորաբաժանումների և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին.
թ) կազմակերպում և վարում է գործակալության խորհրդի նիստերը.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
9. Գործակալության գործունեության կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:
10. Գործակալությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալները, գործակալության այլ ղեկավար աշխատողներ:
11. Գործակալության խորհուրդը ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ անցկացվող նիստերում քննարկում է համակարգի գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքային, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով:
Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
i
12.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համակարգված գործունեություն իրականացնելու նպատակով ստեղծվում է գործակալության հասարակական հիմունքներով գործող` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հանձնաժողովը քննարկում է առողջապահության համակարգի ֆինանսական քաղաքականության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների ծավալների ու սակագների վերաբերյալ հարցերը, առողջապահության համակարգի ֆինանսավորմանը վերաբերող գործակալության ընթացիկ և տարեկան հաշվետվությունները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
(21.1 կետը լրաց. 09.08.00 թիվ 520 որոշում)
13. Գործակալությունը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) քննարկում:
14. Գործակալության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: