ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-2475(ՏԴ)
տնտեսական դատարանի վճիռ 2006
Քաղաքացիական գործ թիվ ՏՍ-936/2006
Նախագահող դատավոր` Ա.Սուքոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թվականի դեկտեմբերի 21-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Իմպերիալ-ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2006 թվականի թիվ ՏՍ-936/2006 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ընդդեմ «Իմպերիալ-ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` անվճարունակ (սնանկ) ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը (այսուհետ` Դատախազություն) պահանջել է «Իմպերիալ-ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչել:
ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2006 թվականի թիվ ՏՍ-936/2006 վճռով Դատախազության հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը:
«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքի առկայությունն ակնհայտ չի եղել: Նշված հիմքը վիճարկվել է Ընկերության կողմից դատավարության ընթացքում: Ավելին, տվյալ հիմքի բացակայությունն ակնհայտ է, քանի որ առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
2) ՀՀ տնտեսական դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Դատարանը, մերժելով հայցային վաղեմության ժանկետի կիրառման մասին դիմումը, նշել է, որ պատասխանողի համար վճարման վերջին ժամկետ է սահմանվել 2003 թվականի դեկտեմբերի 15-ը: Դատարանը, իրավացիորեն պարտավորության կատարման վերջին ժամկետ համարելով 15.12.2003 թվականը, այսինքն` փաստորեն ընդունելով, որ Ընկերությունը մինչ այդ կետանցող չի համարվում, դրա հետ մեկտեղ հիմնավոր է համարել 21.11.2001 թվականից մինչև 19.10.2002 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների պահանջի առկայությունը:
Դատարանը հաշվի չի առել, որ 22.07.2003 թվականի վճռով հաստատվել է հաշտության համաձայնագիր, որով ամրագրվել է, որ հիմնական պարտքը` 251 518 000 ՀՀ դրամ և տույժի գումարը` 4 000 000 ՀՀ դրամ, պետք է վճարվի մինչև 15.12.2003 թվականը: Այսպիսով` նախկինում ծագած պարտավորությունը դադարել է կողմերի միջև պարտավորության նորացմամբ, քանի որ նախատեսվել է պարտավորության այլ առարկա (291 518 000 ՀՀ դրամի և 24 000 000 ՀՀ դրամի փոխարեն 251 518 000 ՀՀ դրամ և 4 000 000 ՀՀ դրամ) և կատարման այլ եղանակ: Ընդ որում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, իսկ տվյալ դեպքում կողմերի համաձայնությամբ այլ բան չի նախատեսվել:
Ընկերությունը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2006 թվականին կայացրած վճիռը և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարության 08.09.2001 թվականի թիվ 838 որոշմամբ «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության 64,6% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են նախօրոք հայտնի գնորդ Ընկերությանը.
2) ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության և Ընկերության միջև 21.09.2001 թվականին կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի թիվ 165-ու պայմանագիրը.
3) Ընկերությունը, խախտելով թիվ 165-ու պայմանագրի 3.1 կետը, մինչև 21.11.2001 թվականը բաժնետոմսերի վաճառքի գինը` 40 000 0000 ՀՀ դրամ, չի վճարել ՀՀ պետական բյուջե.
4) ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2002 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև 01.07.2002 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, համաձայն որի` կողմերը պարտավորվել են 15-օրյա ժամկետում, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 740-Ա որոշման հիման վրա, 2001 թվականի սեպտեմբերի 21-ին կնքված թիվ 165-ու պայմանագրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ.
5) 19.07.2002 թվականին կողմերի միջև կնքվել է պայմանագրի փոփոխություն, համաձայն որի` Ընկերությունը պարտավորվել է ապահովել պայմանագրի ընդհանուր արժեքի` 291 518 000 ՀՀ դրամի վճարումը վաճառողին` Հայաստանի Հանրապետությանը: Միաժամանակ սահմանվել է, որ պայմանագրի ընդհանուր արժեքը և վճարումների ուշացման հետևանքով պայմանագրի 7.3 կետի հիման վրա հաշվարկված 24 000 000 ՀՀ դրամի չափով տույժի գումարները պետք է վճարվի պայմանագրի փոփոխության կնքման օրվանից եռամսյա ժամկետում, սակայն Ընկերությունը մինչև 19.10.2002 թվականը դարձյալ չի կատարել իր վճարային պարտավորությունը.
6) ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2002 թվականի վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ:
7) 20.06.2003 թվականին հարկադիր կատարման փուլում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն և ներկայացրել հարկադիր կատարողին:
8) ՀՀ տնտեսական դատարանը 22.07.2003 թվականին կայացրած վճռով հաստատել է կողմերի միջև 20.06.2003 թվականին կնքված հաշտության համաձայնությունը: Ըստ նշված հաշտության համաձայնության` 291 518 000 ՀՀ դրամից (համաձայն կողմերի միջև 02.06.2003 թվականին կնքված նախավճարի մասին պայմանագրի) 18.06.2003 թվականին վճարվել է նախավճար` 40 000 000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը Ընկերությունը պարտավորվել է միանվագ վճարել մինչև 2003 թվականի դեկտեմբերի 15-ը: Միևնույն ժամանակ հաշտության համաձայնությամբ սահմանվել է, որ պայմանագրի 7.3 կետի հիման վրա հաշվարկված 24 000 000 ՀՀ դրամի տույժի գումարից Ընկերությունը 31.08.2001 թվականին վճարել է 20 000 000 ՀՀ դրամ և չվճարած տույժի գումարը` 4 000 000 ՀՀ դրամ, պետք է վճարվի մինչև 15.12.2003 թվականը.
9) 2003 թվականի դեկտեմբերի 12-ին Ընկերության կողմից փոխանցվել է վերը նշված գումարը: 2004 թվականի հունվարի 12-ին կնքված ընդունման-հանձնման ակտով Ընկերությանը հանձնվել է «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության 393098 հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը.
10) 25.03.2004 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ընկերության միջև կնքվել է «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 15.4% բաժնետոմսերի առուվաճառքի թիվ 669-ու պայմանագիրը: Նշված պայմանագրի 2.3 կետի համաձայն` վաճառքի գին է սահմանվել 71 517 000 ՀՀ դրամ, որը Ընկերությունը պարտավորվել է վճարել վեցամսյա ժամկետում, սակայն Ընկերությունը դեռևս այդ գումարը չի վճարել.
11) Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը որպես անվիճելի պարտավորություն պնդել է միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ընկերության ունեցած 94 053 323 ՀՀ դրամի պարտքը: Այսինքն` 21.11.2001 թվականից մինչև 19.07.2002 թվականը թույլ տված կետանցի և 19.10.2002 թվականից մինչև 18.06.2003 թվականը թույլ տված կետանցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բանկային տոկոսները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավորը պարտապանին ճանաչում է սնանկ, եթե նույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունն ակնհայտ է:
«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասում ոչ սպառիչ թվարկվում են այն դեպքերը, որոնց պարագայում սնանկությունը կարող է ակնհայտ համարվել: Մասնավորապես, սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ է համարվում, երբ պարտատերն ունի դրամական պարտավորության բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և չկա վեճ հանդիպակաց կողմի պարտավորությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ, պարտապանը չի առարկում իրեն ներկայացված դրամական պահանջի դեմ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացի վերոնշյալից օրենսդիրը չի բացառում պարտապանի սնանկության հիմքերն ակնհայտ լինելու այլ դեպքեր:
Պետք է նկատի ունենալ, որ սնանկության վարույթը դատավարական վարույթի առանձնահատուկ տեսակ է, և այն` վերոհիշյալ մեկնաբանվող հոդվածի մասով նման է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հատուկ վարույթի այն գործերի քննության կարգին, որոնց համար բնորոշ է անվիճելիության հատկանիշը:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` դատարանը դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագում իրավունքի մասին:
Հատուկ վարույթի գործերն այն գործերն են, որտեղ բացակայում է նյութաիրավական վեճը: Այս դրույթի կիրառումը դատական պրակտիկայում շատ նման է սնանկության վարույթի օրինակին: Այսպես, դատարանը սնանկության հարցը լուծելիս` պահանջի անվիճելիությունը որոշելիս պետք է պարզի, թե կա՞ արդյոք նյութաիրավական վեճ և ինչպես է այն արտահայտվում:
Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության ընթացքում առկա է եղել նյութաիրավական վեճը:
Մասնավորապես, Ընկերությունը ծանրակշիռ փաստարկներով վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման օրինականությունը: Ընդ որում քննարկվող գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը կամ չկիրառումը ուղղակիորեն հանգեցնում է Ընկերության մոտ «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայությանը կամ բացակայությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով սնանկության հատկանիշներն ակնհայտ (անվիճելի) չեն եղել:
2) բողոքն երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից չի քննարկվում հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները վիճելիության հիմքով սնանկության պահանջը մերժելիս չպետք է ըստ էության անդրադառնան նյութաիրավական վեճին` չսահմանափակելու համար այդ վեճի քննության համար դատարան դիմելու անձի իրավունքը:
Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 430-րդ հոդվածների կիրառման (չկիրառման) օրինականության մասին բողոքի պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. «Իմպերիալ-ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2006 թվականի թիվ ՏՍ-936/2006 գործով կայացված վճիռը և դատական ակտը փոփոխել` ՀՀ Կոտայքի մարզի դատախազության հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ