Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-2300 ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                 2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3082

նախագահող դատավոր` Ա.Թումանյան

    դատավորներ`        Տ.Սահակյան

                       Ա.Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով Սամվել Զախարյանի վճռաբեկ բողոքն ըստ Զոյա Զախարյանի հայցի ընդդեմ Սամվել Զախարյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին թիվ 06-3082 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 20.09.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է փոփոխել նախկինում սահմանված ալիմենտի չափը և յուրաքանչյուր երեխայի համար իր նախկին ամուսնուց` Սամվել Զախարյանից բռնագանձել 15.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.07.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Սամվել Զախարյանից հօգուտ Զոյա Զախարյանի բռնագանձել ալիմենտ որպես նրանց երկու երեխաների ապրուստի միջոց` յուրաքանչյուրի համար ամսական 15000 ՀՀ դրամի չափով, մինչև չափահաս դառնալը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Զախարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանն ալիմենտի չափը սահմանելիս հաշվի չի առել պատասխանողի գույքային, ընտանեկան դրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է երրորդ խմբի զինվորական հաշմանդամ, չունի մշտական աշխատանք, խնամքին ունի երկու մանկահասակ երեխաներ, կինը երկրորդ խմբի հաշմանդամ է: Բողոք բերած անձի պնդմամբ` վերաքննիչ դատարանի վճիռը վտանգի տակ է դրել նրանց ապրելու և գոյատևելու իրավունքը:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.09.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.07.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սամվել և Զոյա Զախարյաններն ամուսնացել են 1995 թվականին: Համատեղ ամուսնությունից ունեցել են երկու երեխա:

2) Զոյա Զախարյանը և Սամվել Զախարյանը ամուսնալուծվել են 2000 թվականին: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.12.2002 թվականի վճռով Սամվել Զախարյանից հօգուտ Զոյա Զախարյանի խնամքին գտնվող երկու երեխաների` վճռվել է բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր երեխայի համար 4000 դրամի չափով` մինչև նրանց չափահաս դառնալը:

3) Պատասխանող Ս.Զախարյանը 2003 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է և ներկայումս նոր ամուսնությունից ունի երկու մանկահասակ երեխա:

4) Պատասխանողը երրորդ, իսկ կինը` երկրորդ խմբերի հաշմանդամներ են:

5) Պատասխանողը չունի վարձատրվող աշխատանք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` ալիմենտի ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ այդ բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, որպես 15000 դրամ ալիմենտի չափ սահմանելու հիմնավորում` իր վճռում հղել է Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` օրենսգրքերի, օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (15000 դրամ): Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 դրամը:

Հետևաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1000 դրամը:

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարով ալիմենտի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

Սույն գործով պատասխանող Սամվել Զախարյանը 2003 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ և ներկայումս ունի երկու մանկահասակ երեխա:

Ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը հաշվի չի առել պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն, որ պատասխանողը մշտական աշխատանք չունի, 2003 թվականին կազմել է նոր ընտանիք, վերջին ամուսնությունից ունի երկու մանկահասակ երեխա, ինքը և կինը հաշմանդամներ են:

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, որոնք վերաբերում են պատասխանողի ընտանեկան և սոցիալական դրությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի կատարման արդյունքում, կարող է առաջանալ Սամվել Զախարյանի և նրա ընտանիքի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բավարար կենսամակարդակի իրավունքի խախտման իրական վտանգ:

Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.09.2006 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Սամվել Զախարյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2006
N 3-2300(ՎԴ)
Որոշում