(ուժը կորցրել է 15.05.08 թիվ 550-Ն որոշում)
i
040.0582.240507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2007 թվականի N 582-Ն
ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 3-ի
N 582-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ ակնագործության և ոսկեգործության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և դրանց հիման վրա պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) Քիմբերլի գործընթացին Հայաստանի Հանրապետության հետանդամակցային պարտավորությունների կատարման ապահովումը և Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը Հայաստանի Հանրապետությունում.
3) աջակցությունը ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և դրանց գործունեության ապահովման աշխատանքներին.
4) ակնագործության և ոսկեգործության ոլորտում միջազգային և միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը.
5) ակնագործության և ոսկեգործության ոլորտի համաշխարհային հանրահայտ կառույցներին ինտեգրման գործընթացների կազմակերպումը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ակնագործության և ոսկեգործության բնագավառում ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը, համալիր ծրագրեր մշակելը և դրանց իրականացման մեխանիզմներ տալը.
2) Հայաստանի Հանրապետությունից բնական ալմաստների արտահանման դեպքում Քիմբերլի գործընթացի հավաստագրեր տրամադրելը, ինչպես նաև մասնակից երկրներից Քիմբերլի հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն անմշակ ալմաստների ներմուծման հաշվառում, գրանցում և հրապարակում.
3) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ալմաստների Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառում և գրանցում, արտահանող երկրի լիազորված մարմնին ներմուծումը հաստատող կտրոնների առաքման ապահովում, արտահանման դիմումների հաշվառման իրականացում.
4) ներմուծման և արտահանման դիմումների հաշվառման համար առանձին հաշվառման գրանցամատյանների վարում.
5) Քիմբերլի գործընթացի մասնակից երկրների միջև վիճակագրական տվյալների փոխանակման իրականացում, անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակման ապահովում.
6) ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողություններին ներկա գտնվելը.
7) Քիմբերլի գործընթացի այլ մասնակիցների հետ տեխնիկական սխալների կամ այլ անկանխատեսելի հանգամանքների հետևանքով ծագած խնդիրների կարգավորման հարցում համագործակցելը.
8) շուկայավարման, պրակտիկ գործունեության մեջ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման գործում տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական և տեղեկատվական աջակցության ցուցաբերում: Այդ նպատակով բրոշյուրների և բուկլետների հրատարակման ու տարածման կազմակերպում.
9) իր լիազորությունների շրջանակներում ոսկեգործության և ակնագործության միջազգային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցելը: Հայաստանում նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպում.
10) ոսկեգործության և ակնագործության ոլորտը կարգավորող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցելը, միջազգային փորձի ուսումնասիրության իրականացում և նախարարին անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելը.
11) Հայաստանի Հանրապետության ակնագործության և ոսկեգործության ոլորտին առնչվող ուսումնասիրությունների իրականացում, տարբեր ակցիաների և խրախուսական միջոցառումների կազմակերպում.
12) ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման, արդիականացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտադրանքի արտահանման և ներմուծման խնդիրների կարգավորում, ինչպես նաև ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման նպատակային, այդ թվում` տարածաշրջանային ծրագրերի և միջոցառումների իրականացում.
13) իր լիազորությունների շրջանակներում ակնագործության և ոսկեգործության ոլորտի մասնագետների պատրաստման համար մասնագիտական կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելը.
14) իր լիազորությունների շրջանակներում ադամանդագործի էթիկայի, համապատասխան վարքի և գործունեության կանոնների մշակման ու ներդրման գործընթացին աջակցելը.
15) իր լիազորություններից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը: Գործակալության պետի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Նրան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է ակնագործության և ոսկեգործության զարգացման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) առաջարկություններ է ներկայացնում նախարարին օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին` գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: