(ուժը կորցրել է 28.11.13 թիվ 1330-Ն որոշում)
i
040.0297.240307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2007 թվականի N 297-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2007/2008 ուսումնական տարվա` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 1-ի
N 297-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. ՈՒսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`
1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.
2) օրենքով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`
ա. առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխաների կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
3. Առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է այդ ուսանողների ամբողջ ուսումնառության ընթացքում:
5. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով` սահմանված կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:
6. Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստ տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալական անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,
3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
5) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին,
6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,
7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ,
9) միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:
8. ՈՒսանողական նպաստներ տալու գործառույթներն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:
9. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ ստանալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:
10. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
11. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած` ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:
12. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել:
13. ՈՒսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով ուսանողներին տրվում է գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին): ՈՒսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակված աշխատանքները (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
4) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
15. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներքին կանոնների պահպանումն է:
16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:
17. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
18. ՈՒսանողի` պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` համաձայն սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:
19. Պետական կրթաթոշակների չօգտագործված մասը հատկացվում է սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարող ուսանողներին` մրցութային կարգով:
20. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած` կրթաթոշակ ստանալու իրավունքը:
21. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:
22. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ներքոլեջային կրթաթոշակներ: