ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԲԱՆ
Պայմանավորվող կողմերը,
գիտակցելով կենսաբանական բազմազանության, ինչպես նաև կենսաբանական բազմազանության և դրա բաղադրիչների էկոլոգիական, գենետիկական, սոցիալ-տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և էսթետիկական կարևոր նշանակությունը,
գիտակցելով նաև կենսաբանական բազմազանության կարևոր նշանակությունը էվոլյուցիայի և կյանքն ապահովող կենսոլորտի համակարգերի պահպանման համար,
հաստատելով, որ կենսաբանական բազմազանության պահպանումը ողջ մարդկության ընդհանուր խնդիրն է,
վերահաստատելով պետությունների ինքնիշխան իրավունքներն իրենց կենսաբանական պաշարների նկատմամբ,
վերահաստատելով նաև պետությունների պատասխանատվությունն իրենց կենսաբանական բազմազանության պահպանման և իրենց կենսաբանական պաշարների կայուն շահագործման նկատմամբ,
մտահոգություն հայտնելով, որ կենսաբանական բազմազանությունն զգալիորեն կրճատվում է մարդկային գործունեության որոշակի տեսակների արդյունքում,
գիտակցելով կենսաբանական բազմազանության վերաբերյալ տեղեկատվության և գիտելիքների պակասը և սույն հիմնախնդրի ընդհանուր ըմբռնման համար անհրաժեշտ գիտական, տեխնիկական և կազմակերպչական ներուժի զարգացման հրատապ պահանջը, ինչը հիմք կհանդիսանա համապատասխան միջոցների մշակման և իրականացման համար,
նշելով, որ անհրաժեշտ է կանխատեսել, կանխարգելել և հիմնովին վերացնել կենսաբանական բազմազանության զգալի կրճատման կամ կորստի պատճառները,
նշելով նաև, որ կենսաբանական բազմազանության զգալի կրճատման կամ կորստի սպառնալիքի առկայության դեպքում լիարժեք գիտական փաստերի բացակայությունը չպետք է պատճառ դառնա այդպիսի սպառնալիքի վերացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցների կիրառումը հետաձգելու համար,
նշելով ապա, որ կենսաբանական բազմազանության պահպանման հիմնական նախապայմանը տեղական էկոհամակարգերի և բնակության բնական վայրերի պահպանումն է և բնական պայմաններում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանումն ու վերականգնումը,
նշելով նաև, որ տեղերում, հատկապես ծագման երկրում միջոցների ձեռնարկումը նույնպես կարևոր նշանակություն ունի,
ճանաչելով ավանդական կենսակերպը պահպանող տեղական համայնքների ու բնիկների զգալի և ավանդական կախվածությունը բնական պաշարներից և տնտեսական բազմազանության պահպանմանն ու դրա բաղադրիչների կայուն շահագործմանն առնչվող ավանդական գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի կիրառման հետ կապված օգուտներից արդար հիմունքներով համատեղ օգտվելու ցանկալիությունը,
ճանաչելով նաև կանանց կարևոր դերը կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն զարգացման գործում և հաստատելով բոլոր մակարդակների վրա կենսաբանական բազմազանության պահպանմանն ուղղված քաղաքականության մշակման և իրագործման մեջ կանանց լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը,
ընդգծելով կենսաբանական բազմազանության պահպանման և դրա բաղադրիչների կայուն զարգացման ոլորտում պետությունների, միջկառավարական կազմակերպությունների և ոչ կառավարական սեկտորի միջև միջազգային, տարածաշրջանային և գլոբալ համագործակցության խթանման կարևորությունն ու անհրաժեշտությունը,
գիտակցելով, որ նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման և համապատասխան տեխնոլոգիաների մատչելիության ապահովման միջոցով հնարավոր կլինի զգալիորեն ընդլայնել կենսաբանական բազմազանության կորստի խնդրի լուծման առկա հնարավորությունները,
գիտակցելով նաև զարգացող երկրների կարիքները բավարարելու համար հատուկ դրույթ ընդունելու անհրաժեշտությունը, ներառյալ նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրումը և համապատասխան տեխնոլոգիաների մատչելիության ապահովումը,
նշելով այս առնչությամբ առավել թույլ զարգացած երկրների և կղզիների վրա գտնվող փոքր պետությունների հատուկ պայմանները,
գիտակցելով, որ կենսաբանական բազմազանության պահպանումը խոշոր կապիտալ ներդրումներ է պահանջում, և որ այդպիսի ներդրումներից մեծ թվով էկոլոգիական, տնտեսական և սոցիալական օգուտներ է ակնկալվում,
գիտակցելով, որ տնտեսական ու սոցիալական զարգացումը և աղքատության վերացումը զարգացող երկրների առաջնահերթ և կարևորագույն խնդիրներն են հանդիսանում,
գիտակցելով, որ կենսաբանական բազմազանության պահպանումը և կայուն շահագործումը վճռական նշանակություն ունեն սննդամթերքի և առողջապահության, ինչպես նաև աշխարհի աճող բնակչության այլ կարիքների բավարարման համար, և որ գենետիկական պաշարների և տեխնոլոգիաների մատչելիությունը և դրանց համատեղ օգտագործումը կարևոր նշանակություն ունեն այդ խնդիրների լուծման համար,
նշելով, որ, վերջին հաշվով, կենսաբանական բազմազանության պահպանումը և կայուն շահագործումը կամրապնդեն պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և կնպաստեն խաղաղության ամրապնդմանը ողջ մարդկության համար,
ցանկանալով ամրապնդել և լրացնել կենսաբանական բազմազանության պահպանման և դրա բաղադրիչների կայուն շահագործման մասին գործող միջազգային համաձայնագրերը և
վճռական լինելով պահպանել և կայուն եղանակով շահագործել կենսաբանական բազմազանությունը` ի շահ ներկա և ապագա սերունդների,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐ
Սույն Կոնվենցիայի նպատակները, որոնց իրականացմանն անհրաժեշտ է ձգտել համաձայն իր իսկ համապատասխան դրույթների, կայանում են կենսաբանական բազմազանության պահպանման, դրա բաղադրիչների կայուն շահագործման և գենետիկական պաշարների օգտագործման հետ կապված` արդար և հավասար հիմունքներով օգուտներ ստանալու մեջ, մասնավորապես, գենետիկական պաշարների անհրաժեշտ մատչելիությունն ապահովելու, համապատասխան տեխնոլոգիաները պատշաճ կերպով փոխանցելու` հաշվի առնելով այդպիսի պաշարների և տեխնոլոգիաների նկատմամբ բոլոր իրավունքները, ինչպես նաև համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Կոնվենցիայի իմաստով.
«Կենսաբանական բազմազանություն» նշանակում է` բոլոր աղբյուրներից առաջացող կենդանի օրգանիզմների փոփոխությունը` ներառյալ, մասնավորապես, ցամաքային, ծովային և այլ ջրային էկոհամակարգերը և էկոլոգիական համալիրները, որոնց մասն են դրանք հանդիսանում: Սույն հասկացությունն ընդգրկում է նաև մեկ տեսակի շրջանակներում և տարբեր տեսակների միջև առկա բազմազանությունը և էկոհամակարգերի բազմազանությունը:
«Կենսաբանական պաշարներն» ընդգրկում են գենետիկական պաշարները, օրգանիզմները կամ դրանց մասերը, պոպուլյացիաները և էկոհամակարգերի ցանկացած այլ բիոտիկ բաղադրիչները, որոնք մարդկության համար փաստացի կամ պոտենցիալ օգուտներ և արժեք են պարունակում:
«Կենսատեխնոլոգիա» նշանակում է` տեխնոլոգիայի ցանկացած այնպիսի տեսակ, որը կապված է կենսաբանական համակարգերի, կենդանի օրգանիզմների կամ դրանց ածանցյալների օգտագործման հետ` հատուկ նպատակների համար ապրանքներ կամ գործընթացներ ստանալու կամ փոփոխելու նպատակով:
«Գենետիկական պաշարներ տրամադրող երկիրը» տեղական աղբյուրներից հավաքված գենետիկական պաշարներ տրամադրող երկիրն է` ներառյալ ինչպես վայրի, այնպես էլ ընտելացված կենդանիները կամ տեղական աղբյուրներից ստացված պաշարները` անկախ դրանց ծագման երկրից:
«Ընտելացված և մշակվող տեսակներն» այն տեսակներն են, որոնց էվոլյուցիայի գործընթացն ազդեցության է ենթարկվում մարդու կողմից` իր իսկ կարիքների բավարարման նպատակով:
«Էկոհամակարգ» նշանակում է` որպես մեկ գործառական ամբողջություն գործող` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց շրջապատող ոչ կենդանի բնության դինամիկ համալիր:
«Տեղերից դուրս պահպանում» նշանակում է` կենսաբանական բազմազանության բաղադրիչների պահպանում դրանց բնակության միջավայրից դուրս:
«Գենետիկական նյութ» նշանակում է` ժառանգականության գործառական միավորներ պարունակող` բուսական, կենդանական, մանրէական կամ այլ ծագման ցանկացած նյութ:
«Գենետիկական պաշարներ» նշանակում է` փաստացի կամ պոտենցիալ արժեք ներկայացնող գենետիկական նյութ:
«Բնակության միջավայր» նշանակում է` այս կամ այն օրգանիզմի կամ պոպուլյացիայի բնական բնակության տեղանք կամ վայր:
«Տեղական պայմաններն» այն պայմաններն են, որոնցում էկոհամակարգերի կամ բնական բնակության միջավայրերի շրջանակներում գոյատևում են գենետիկական պաշարները, իսկ ընտելացված կամ մշակվող տեսակների համար` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:
«Պահպանում տեղերում» նշանակում է` էկոհամակարգերի և բնակության բնական միջավայրերի պահպանումը, ինչպես նաև տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանումը և վերականգնումն իրենց բնական միջավայրում, իսկ ընտելացված կամ մշակվող տեսակների համար` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:
«Պահպանվող շրջանը» որոշակի աշխարհագրական տարածք է, որն առանձնացվում, կարգավորվում կամ կառավարվում է որոշակի բնապահպանական նպատակների համար:
«Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը» տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից ստեղծված այնպիսի կազմակերպություն է, որին իր անդամ պետություններն օժտել են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ լիազորություններով, և որը, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, իրավասու է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու սույն Կոնվենցիան կամ միանալու դրան:
«Կայուն շահագործում» նշանակում է` կենսաբանական բազմազանության բաղադրիչների այնպիսի եղանակով կամ տեմպերով շահագործում, որը երկարաժամկետ կտրվածքով չի բերում կենսաբանական բազմազանության սպառման` դրանով իսկ պահպանելով ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու և սպասումներն արդարացնելու դրա ներուժը:
«Տեխնոլոգիան» ներառում է կենսատեխնոլոգիան:
ՀՈԴՎԱԾ 3. ՍԿԶԲՈՒՆՔԸ
Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնադրույթների համաձայն` պետություններն իրավունք ունեն շահագործելու սեփական պաշարները շրջակա միջավայրի ոլորտում իրենց քաղաքականության համապատասխան և պարտավոր են ապահովել, որ իրենց իրավազորության շրջանակներում կամ իրենց հսկողության ներքո իրականացվող գործունեությունը վնաս չպատճառի իրենց ազգային իրավազորության շրջանակներից դուրս գտնվող պետությունների կամ շրջանների շրջակա միջավայրին:
ՀՈԴՎԱԾ 4. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Այլ պետությունների իրավունքների պահպանման պայմանով և բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիայով բացահայտորեն այլ կերպ է նախատեսված, սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նկատմամբ.
ա/ կենսաբանական բազմազանության բաղադրիչների դեպքում` տվյալ Կողմի ազգային իրավազորության շրջանակներում,
բ/ տվյալ Կողմի իրավազորության կամ հսկողության ներքո իրականացվող գործընթացների դեպքում` անկախ դրանց հետևանքների առաջացման վայրից` ինչպես նրա ազգային իրավազորության շրջանակներում, այնպես էլ դրանցից դուրս:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր է կամ նպատակահարմար է, ուղղակիորեն կամ, եթե դա նպատակահարմար է, իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցում է այլ Պայմանավորվող կողմերի հետ իր ազգային իրավազորության շրջանակներից դուրս գտնվող հարցերի կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ոլորտներում` կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 6. ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՆԵՐ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր հատուկ պայմաններին և կարողություններին համապատասխան.
ա/ մշակում է կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ազգային ռազմավարություն, պլաններ և ծրագրեր կամ այդ նպատակով համապատասխան փոփոխություններ է կատարում գործող ռազմավարությունում, պլաններում կամ ծրագրերում, որոնք, մասնավորապես, արտացոլում են սույն Կոնվենցիայի համաձայն տվյալ Պայմանավորվող կողմին առնչվող միջոցները, և
բ/ որքանով դա հնարավոր կամ նպատակահարմար է, կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման միջոցներ է նախատեսում համապատասխան ճյուղային կամ միջճյուղային պլաններում, ծրագրերում և քաղաքականության մեջ:
ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՏԿԱՆՇՈՒՄ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է, մասնավորապես, 8-րդ և 10-րդ հոդվածների նպատակների համար.
ա/ հատկանշում է կենսաբանական բազմազանության այն բաղադրիչները, որոնք կենսական նշանակություն ունեն դրա պահպանման և կայուն շահագործման համար` հաշվի առնելով 1-ին Հավելվածում բերված կատեգորիաների կողմնորոշիչ ցանկը,
բ/ նմուշառման և այլ մեթոդների օգնությամբ իրականացնում է «ա» ենթակետով սահմանված կենսաբանական բազմազանության բաղադրիչների մոնիտորինգ` հատկապես կարևորելով այն բաղադրիչները, որոնք պահպանման անհապաղ միջոցներ են պահանջում, ինչպես նաև նրանք, որոնք առավել լայն հնարավորություններ են ստեղծում կայուն շահագործման համար,
գ/ հատկանշում է այն գործընթացները և գործունեության տեսակները, որոնք զգալի անբարենպաստ ազդեցություն են գործում կամ կարող են նման ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա, և նմուշառման ու այլ մեթոդների օգնությամբ իրականացնում է դրանց հետևանքների մոնիտորինգ, և
դ/ տարբեր մեխանիզմների օգնությամբ հավաքում և համակարգում է «ա», «բ» և «գ» ենթակետերին համապատասխան իրականացված` հատկանշման և մոնիտորինգի միջոցառումների արդյունքում ստացված տվյալները:
ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՀՊԱՆՈՒՄ ՏԵՂԵՐՈՒՄ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա/ ստեղծում է պահպանվող շրջանների կամ կենսաբանական բազմազանության պահպանման նպատակով հատուկ միջոցների կիրառման կարիք ունեցող շրջանների համակարգ,
բ/ անհրաժեշտության դեպքում մշակում է այդպիսի պահպանվող շրջանների կամ կենսաբանական բազմազանության պահպանման նպատակով հատուկ միջոցների կիրառման կարիք ունեցող շրջանների ընտրության, ստեղծման և ռացիոնալ օգտագործման ղեկավար սկզբունքներ,
գ/ կարգավորում կամ ռացիոնալ կերպով շահագործում է պահպանվող շրջաններում կամ դրանց տարածքից դուրս կենսաբանական բազմազանության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կենսաբանական պաշարները` դրանց պահպանման և կայուն շահագործման ապահովման նպատակով,
դ/ նպաստում է էկոհամակարգերի և բնակության բնական միջավայրերի պահպանությանը և բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանմանը,
ե/ խրախուսում է էկոլոգիապես առողջ և կայուն զարգացումը պահպանվող շրջաններին հարող շրջաններում` այդ շրջանների պահպանությանն օժանդակելու նպատակով,
զ/ միջոցներ է ձեռնարկում քայքայված էկոհամակարգերի վերակենդանացման և վերականգնման ուղղությամբ և օժանդակում է վտանգված տեսակների վերականգնմանը, մասնավորապես, ռացիոնալ շահագործման պլանների և այլ տեսակի ռազմավարությունների մշակման և իրագործման միջոցով,
է/ սահմանում կամ շարունակաբար կիրառում է կենսատեխնոլոգիայի միջոցով ստացված այնպիսի կենդանի փոփոխված օրգանիզմների օգտագործման և բացթողման կարգավորման, վերահսկման կամ ռիսկի նվազեցման միջոցներ, որոնք կարող են առաջացնել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա ազդեցություն գործող վնասակար էկոլոգիական հետևանքներ` նկատի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը,
ը/ կանխում է էկոհամակարգերին, բնակության միջավայրերին կամ այլ տեսակներին սպառնացող օտար տեսակների ներմուծումը, վերահսկում կամ ոչնչացնում է այդպիսի օտար տեսակները,
թ/ ձգտում է ստեղծել շահագործման գործող մեթոդների և կենսաբանական բազմազանության պահպանման և դրա բաղադրիչների կայուն շահագործման համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ,
ժ/ իր ազգային օրենսդրությանը համապատասխան` ապահովում է ավանդական կենսակերպն արտացոլող և կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման համար կարևոր նշանակություն ունեցող բնիկ և տեղական համայնքների գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի պահպանումը և հարգանքը դրանց նկատմամբ, նպաստում է այդպիսի գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի ավելի լայն կիրառմանը` դրանք կրողների համաձայնությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև խրախուսում է արդար հիմունքներով այդպիսի գիտելիքների, նորամուծությունների և պրակտիկայի կիրառման արդյունքում առաջացող օգուտների համատեղ օգտագործումը,
ժա/ մշակում կամ շարունակաբար կիրառում է վտանգված տեսակների և պոպուլյացիաների պահպանությունը կարգավորող անհրաժեշտ օրենսդրական դրույթները և/կամ այլ կարգավորող դրույթները,
ժբ/ այն դեպքերում, երբ, 7-րդ հոդվածի համաձայն, արձանագրվել է կենսաբանական բազմազանության վրա զգալի անբարենպաստ ազդեցության փաստ, կանոնակարգում կամ կարգավորում է համապատասխան գործընթացները և գործունեության տեսակները, և
ժգ/ համագործակցում է «ա»-»ի» կետերում թվարկված տեղերում պահպանության միջոցների իրականացման համար ֆինանսական և այլ օժանդակության ցուցաբերման գործում, մասնավորապես, զարգացող երկրներում:
ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է, և, առաջին հերթին, ի լրումն տեղերում պահպանման ապահովմանն ուղղված միջոցների.
ա/ միջոցներ է ձեռնարկում տեղերից դուրս կենսաբանական բազմազանության բաղադրիչների պահպանման համար` նախապատվություն տալով այդ բաղադրիչների ծագման երկրին,
բ/ ստեղծում և պահպանում է պայմաններ տեղերից դուրս բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների պահպանման և ուսումնասիրության համար` նախապատվություն տալով գենետիկական պաշարների ծագման երկրին,
գ/ միջոցներ է ձեռնարկում վտանգված տեսակների վերականգնման և վերակենդանացման համար և, համապատասխան պայմանների առկայության դեպքում, դրանց բնակության բնական միջավայրերում դրանց վերաբնակեցման համար,
դ/ կանոնակարգում և կառավարում է բնակության բնական միջավայրերի տեղերից դուրս պահպանման նպատակով կենսաբանական պաշարների հավաքումը, որպեսզի վտանգ չառաջանա տեղերում էկոհամակարգերի և տեսակների պոպուլյացիաների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղերից դուրս պահանջվում է հատուկ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել` «գ» ենթակետին համապատասխան,
ե/ համագործակցում է «ա»-»դ» կետերով սահմանված տեղերից դուրս պահպանման միջոցների իրականացման նպատակով ֆինանսական և այլ օժանդակության ցուցաբերման, ինչպես նաև զարգացող երկրներում տեղերից դուրս պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 10. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա/ նախատեսում է կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հարցերի քննարկումը ազգային մակարդակի վրա որոշումներ կայացնելու գործընթացների շրջանակներում,
բ/ միջոցներ է ձեռնարկում կենսաբանական պաշարների շահագործման ոլորտում` կենսաբանական բազմազանության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով,
գ/ պաշտպանում և խրախուսում է կենսաբանական պաշարների շահագործման ավանդական եղանակները` պահպանման կամ կայուն շահագործման պահանջների հետ համատեղելի մշակութային ավանդույթներին համապատասխան,
դ/ օժանդակություն է ցուցաբերում տեղական բնակչությանը վերականգնողական աշխատանքների իրականացման գործում տուժած շրջաններում, որտեղ տեղի է ունեցել կենսաբանական բազմազանության կրճատում, և
ե/ խրախուսում է իր պետության պետական և մասնավոր սեկտորի համագործակցությունը կենսաբանական պաշարների կայուն շահագործման մեթոդների մշակման ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 11. ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է, ձեռնարկում է սոցիալ-տնտեսական տեսանկյունից արդարացված միջոցներ, որոնք ուղղված են` խթանելու կենսաբանական բազմազանության բաղադրիչների պահպանումը և կայուն շահագործումը:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ կարիքները.
ա/ մշակում և իրականացնում են գիտատեխնիկական կրթության և ուսուցման ծրագրեր կենսաբանական բազմազանության և դրա բաղադրիչների հատկանշման, պահպանման և կայուն շահագործմանն ուղղված միջոցների իրականացման համար և օժանդակություն են ցուցաբերում այդպիսի կրթությանը և ուսուցմանը զարգացող երկրների հատուկ կարիքների բավարարման նպատակով,
բ/ խրախուսում և խթանում են կենսաբանական բազմազանության պահպանմանն ու կայուն շահագործմանը նպաստող հետազոտություններին հատկապես զարգացող երկրներում, մասնավորապես, գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի առաջարկությունների հիման վրա ընդունվող` Կողմերի Խորհրդաժողովի որոշումներին համապատասխան, և
գ/ 16-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` խրախուսում են կենսաբանական բազմազանության հետազոտությունների և կենսաբանական պաշարների պահպանման և կայուն շահագործման մեթոդների մշակման ընթացքում ստացված գիտական արդյունքների օգտագործմանն ու համագործակցում են այդ արդյունքների օգտագործման ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Պայմանավորվող կողմերը`
ա/ նպաստում և խթանում են կենսաբանական բազմազանության պահպանման և այդ նպատակով պահանջվող միջոցների իրականացման կարևոր նշանակության ըմբռնումը, ինչպես նաև դրա քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով և այդ հարցերի ընդգրկումը կրթական ծրագրերի մեջ,
բ/ անհրաժեշտության դեպքում համագործակցում են այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վերաբերյալ կրթական ծրագրերի և հանրության իրազեկության ծրագրերի մշակման ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 14. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա/ համապատասխան ընթացակարգեր է ներդնում, որոնց համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պահանջվում իր կողմից նախատեսվող ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա` այդպիսի ազդեցության հետևանքները կանխատեսելու և նվազեցնելու նպատակով, և, նպատակահարմարության դեպքում, ապահովում է այդպիսի ընթացակարգերի իրականացմանը հանրության մասնակցության հնարավորությունը,
բ/ համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար իր կողմից իրականացվող այն ծրագրերի և քաղաքականության էկոլոգիական հետևանքների հաշվի առնելը, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա,
գ/ փոխադարձ հիմունքներով` նպաստում է տեղեկատվության փոխանակմանը կամ խորհրդակցությունների անցկացման` իր իրավազորության կամ հսկողության ներքո իրականացվող գործունեության վերաբերյալ, որը կարող է զգալի բացասական ազդեցություն գործել այլ պետությունների կամ ազգային իրավազորության սահմաններից դուրս գտնվող տարածքների կենսաբանական բազմազանության վրա` համապատասխան դեպքերում երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրերի կնքումը խրախուսելու միջոցով,
դ/ այլ պետությունների իրավազորության ներքո գտնվող շրջաններում կամ իր ազգային իրավազորությունից դուրս գտնվող տարածքում կենսաբանական բազմազանության համար անխուսափելի կամ լուրջ վտանգի կամ դրան վնաս հասցնելու դեպքում, եթե դրանց աղբյուրները գտնվում են իր իրավազորության կամ հսկողության ներքո, անհապաղ տեղեկացնում է այն պետություններին, որոնք կարող են տուժել այդ վտանգից կամ վնասից, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդպիսի վտանգի կամ վնասի կանխման կամ նվազեցման համար, և
ե/ օժանդակում է ազգային մակարդակի վրա իրականացվող միջոցառումների անցկացմանը կենսաբանական բազմազանության համար լուրջ և անխուսափելի վտանգ ներկայացնող բնական կամ այլ պատճառներով առաջացած գործընթացներին կամ իրադարձություններին արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում և խրախուսում է ազգային մակարդակի վրա ձեռնարկվող այդպիսի ջանքերը լրացնող միջազգային համագործակցությունը և, երբ դա նպատակահարմար է և համաձայնեցված է շահագրգիռ պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների հետ, մշակում է համատեղ պլաններ արտակարգ իրավիճակների համար:
2. Կողմերի Խորհրդաժողովը անցկացվող հետազոտությունների հիման վրա քննարկում է պատասխանատվության և իրավիճակի կարգավորման հարցը` ներառյալ վերականգնողական աշխատանքները և կենսաբանական բազմազանությանը հասցվող վնասների փոխհատուցումը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պատասխանատվությունը զուտ ներքին կարգավորման ենթակա հարց է:
ՀՈԴՎԱԾ 15. ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Ճանաչելով սեփական բնական պաշարների նկատմամբ պետությունների ինքնիշխան իրավունքը` գենետիկական պաշարների մատչելիությունը որոշելու իրավունքը պատկանում է ազգային կառավարություններին և կարգավորվում է ազգային օրենսդրությամբ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է պայմաններ ստեղծել գենետիկական պաշարների մատչելիությունը ավելի դյուրին դարձնելու համար` այլ Պայմանավորվող կողմերի կողմից էկոլոգիապես անվտանգ օգտագործման նպատակով, և չկիրառել սույն Կոնվենցիայի նպատակներին հակասող սահմանափակումներ:
3. Սույն Կոնվենցիայի իմաստով սույն հոդվածում, ինչպես նաև 16-րդ և 19-րդ հոդվածներում նշված` Պայմանավորվող կողմից տրամադրվող գենետիկական պաշարներին են դասվում միայն այն պաշարները, որոնք տրամադրվել են այդպիսի պաշարների ծագման երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերից կամ այնպիսի Կողմերից, որոնք այդ գենետիկական պաշարներն ստացել են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
4. Տրամադրման դեպքում մատչելիությունն ապահովվում է փոխադարձ համաձայնեցված պայմաններով և կարգավորվում է սույն հոդվածի դրույթներով:
5. Գենետիկական պաշարների մատչելիությունը տրամադրվում է այդպիսի պաշարներ տրամադրող Պայմանավորվող կողմի նախնական հիմնավորված համաձայնության հիման վրա, եթե այդ Կողմ այլ կերպ չի որոշում:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է մշակել և իրականացնել այլ Պայմանավորվող կողմերի տրամադրած գենետիկական պաշարների վրա հիմնված գիտական հետազոտություններ այդ Կողմերի լիարժեք մասնակցությամբ և, երբ դա հնարավոր է, այդ Պայմանավորվող կողմերի տարածքում:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում 16-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան մշակված ֆինանսական մեխանիզմի միջոցով` հետազոտությունների և մշակումների արդյունքների, ինչպես նաև Պայմանավորվող կողմի հետ միասին այդ Կողմից տրամադրվող գենետիկական պաշարների առևտրային և այլ նպատակներով օգտագործման արդյունքում առաջացած օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 16. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ընդունելով, որ տեխնոլոգիան իր մեջ ներառում է նաև կենսատեխնոլոգիան, և որ տեխնոլոգիայի մատչելիությունն ու դրա փոխանակումը Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևոր տարրերն են հանդիսանում, պարտավորվում է, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, այլ Պայմանավորվող կողմերին տրամադրել այնպիսի տեխնոլոգիաներ կամ դյուրին դարձնել այնպիսի տեխնոլոգիաների մատչելիությունը, որոնք կապված են կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հետ կամ ենթադրում են գենետիկական պաշարների օգտագործում և վնաս չեն պատճառում շրջակա միջավայրին, ինչպես նաև նրանց այդպիսի տեխնոլոգիաների փոխանցումը:
2. 1-ին կետում նշված տեխնոլոգիայի մատչելիությունը և դրա տրամադրումը զարգացող երկրներին ապահովվում և/կամ հեշտացվում է արդար և առավել բարենպաստ պայմաններով, այդ թվում` համապատասխան փոխադարձ պայմանավորվածության դեպքում` կոնցեսիոնալ և արտոնյալ պայմաններով և, անհրաժեշտության դեպքում, 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան մշակված ֆինանսական մեխանիզմի միջոցով: Արտոնագրերով կամ մտավոր սեփականության իրավունքի այլ նորմերով կարգավորվող տեխնոլոգիաների դեպքում այդ մատչելիությունն ու տրամադրումն ապահովվում են այնպիսի պայմաններով, որոնք հաշվի են առնում մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և համապատասխանում են այդ պաշտպանության պահանջներին: Սույն կետի դրույթները կիրառվում են ստորև շարադրված 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում, որպեսզի գենետիկական պաշարներ տրամադրող Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի համար փոխադարձ համաձայնեցված պայմաններով ապահովվի այդպիսի պաշարներ օգտագործող տեխնոլոգիաների մատչելիությունը և այդ տեխնոլոգիաների տրամադրումը` ներառյալ արտոնագրերով կամ մտավոր սեփականության այլ իրավունքներով պաշտպանված տեխնոլոգիաները` 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթներին, միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև ստորև շարադրված 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մասնավոր սեկտորի օժանդակում է վերոնշյալ 1-ին կետում նշված տեխնոլոգիաների մատչելիությունը, համատեղ զարգացումը և փոխանցումը` ի շահ զարգացող երկրների կառավարական հաստատությունների և մասնավոր սեկտորի, և այդ առնչությամբ կկատարի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում ներառված պարտավորությունները:
5. Պայմանավորվող կողմերը, ընդունելով, որ արտոնագրերը և մտավոր սեփականության այլ իրավունքները կարող են ազդեցություն գործել սույն Կոնվենցիայի կիրառման վրա, համագործակցում են այդ ոլորտում` ղեկավարվելով ազգային օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով, որպեսզի ապահովեն, որ այդ իրավունքները նպաստեն և չհակասեն դրա նպատակներին:
ՀՈԴՎԱԾ 17. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերն օժանդակում են կենսաբանական բազմազանության պահպանմանն ու կայուն շահագործմանը վերաբերող` ցանկացած հանրամատչելի աղբյուրից ստացված տեղեկատվության փոխանակմանը` հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ կարիքները:
2. Տեղեկատվության այդպիսի փոխանակումը ներառում է տեխնիկական, գիտական և սոցիալ-տնտեսական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ուսումնական և հետազոտական ծրագրերի մասին տեղեկատվության, հատուկ գիտելիքների, զուտ տեղական և ավանդական գիտելիքների և 16-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեխնոլոգիաների հետ համակցված այդպիսի գիտելիքների փոխանակումը: Բացի այդ` այն նաև համապատասխան դեպքերում ներառում է տեղեկատվության հայրենադարձումը:
ՀՈԴՎԱԾ 18. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող կողմերը նպաստում են միջազգային գիտատեխնիկական համագործակցությանը կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում անհրաժեշտության դեպքում համապատասխան միջազգային և ազգային հաստատությունների միջոցով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նպաստում է այլ Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների հետ գիտատեխնիկական համագործակցությանը սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում, մասնավորապես, ազգային քաղաքականության մշակման և իրագործման միջոցով: Այդպիսի համագործակցությանն օժանդակելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարդկային ռեսուրսների զարգացման և համապատասխան հաստատությունների ստեղծման միջոցով ազգային կարողությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին նախանշում է գիտատեխնիկական համագործակցության խթանման և խրախուսման նպատակով միջնորդական մեխանիզմի մշակման ուղիները:
4. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության և քաղաքականության համաձայն, խրախուսում և մշակում են համագործակցության մեթոդներ տեխնոլոգիաների ստեղծման և օգտագործման ոլորտում, ներառյալ տեղական և ավանդական տեխնոլոգիաները, սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերն օժանդակում են նաև կադրերի ուսուցման և մասնագետների փոխանակման ոլորտում համագործակցությանը:
5. Պայմանավորվող կողմերը փոխադարձ պայմանավորվածության հիման վրա օժանդակում են սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխանող համատեղ գիտատեխնիկական ծրագրեր և տեխնոլոգիաներ մշակող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
ՀՈԴՎԱԾ 19. ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում կենսատեխնոլոգիական հետազոտությունների հետ կապված գործունեության մեջ այն Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար, որոնք գենետիկական պաշարներ են տրամադրում այդպիսի հետազոտությունների համար և, երբ դա հնարավոր է, այդպիսի Պայմանավորվող կողմերի տարածքում:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների համար արդար և հավասար հիմունքներով այդ Պայմանավորվող կողմերի տրամադրած գենետիկական պաշարների վրա հիմնված կենսատեխնոլոգիաների կիրառումից բխող արդյունքների և օգուտների արտոնյալ մատչելիության ապահովմանը նպաստելու համար:
3. Կողմերը քննարկում են արձանագրության տեսքով պարտադիր պայմանների ընդունումը և դրա անհրաժեշտությունը, որով կսահմանվեն համապատասխան ընթացակարգերը` ներառյալ, մասնավորապես, նախնական համաձայնեցված պայմանավորվածությունը, կենսատեխնոլոգիայի արդյունք հանդիսացող ցանկացած այնպիսի փոփոխված կենդանի օրգանիզմի անվտանգ փոխանցման, օգտագործման և կիրառման վերաբերյալ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ուղղակիորեն կամ համապատասխան պահանջ ներկայացնելով իր իրավազորության ներքո գտնվող և սույն հոդվածի 3-րդ կետում նշված` օրգանիզմներ տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձին, տրամադրում է ցանկացած առկա տեղեկություն այդ Պայմանավորվող կողմից սահմանված` այդպիսի օրգանիզմների օգտագործման կանոնների և անվտանգության պահանջների վերաբերյալ, ինչպես նաև հայտնում է ցանկացած առկա տեղեկություն համապատասխան օրգանիզմների վնասակար ազդեցության մասին այդպիսի օրգանիզմներ ներմուծող Պայմանավորվող կողմին:
ՀՈԴՎԱԾ 20. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր հնարավորությունների սահմաններում և իր ազգային պլաններին, առաջնայնություններին և ծրագրերին համապատասխան, պարտավորվում է ապահովել ազգային մակարդակի վրա իրականացվող գործունեության այնպիսի տեսակների ֆինանսավորումն ու խթանումը, որոնք ուղղված են սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը:
2. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրում` հնարավորություն տալով զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին հոգալ սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարումից բխող ամբողջական լրացուցիչ համաձայնեցված ծախսերը և օգուտներ ստացել Կոնվենցիայի դրույթների կատարումից: Այդ ծախսերը համաձայնեցվում են զարգացող երկիր հանդիսացող Կողմի և 21-րդ հոդվածում նշված վարչական կառույցի միջև` քաղաքականությանը, ռազմավարությանը, ծրագրային առաջնայնություններին և իրավասությունների չափանիշներին, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված լրացուցիչ ծախսերի կողմնորոշիչ ցանկին համապատասխան: Այլ Կողմերն, այդ թվում` շուկայական տնտեսության անցնելու փուլում գտնվող երկրները, կարող են կամավոր ստանձնել զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի համար սահմանված պարտավորությունները: Սույն հոդվածի նպատակների համար Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին սահմանում է զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի, ինչպես նաև զարգացող երկրների համար սահմանված պարտավորությունները ստանձնող այլ Կողմերի ցանկը: Կողմերի խորհրդաժողովը պարբերաբար վերանայում է ցանկը և անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխություններ և լրացումներ է կատարում: Կխրախուսվեն նաև այլ երկրների կողմից և այլ աղբյուրներից կամավոր կերպով կատարվող նվիրատվությունները: Այդ պարտավորությունները կատարելիս հաշվի են առնվում ֆինանսական միջոցների համապատասխանության, կանխատեսելիության և ճիշտ ժամանակին հատկացվելու անհրաժեշտությունը և ցանկում ընդգրկված ու ֆինանսավորմանը մասնակցող Կողմերի ծախսերի համահավասար բաշխման կարևորությունը:
3. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը կարող են նաև երկկողմանի, տարածաշրջանային և այլ բազմակողմանի ուղիներով տրամադրել, իսկ զարգացող երկրները` օգտվել սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված ֆինանսական միջոցներից:
4. Սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները արդյունավետ կերպով կատարելու` զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի կարողությունները կախված կլինեն զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի համար սույն Կոնվենցիայով սահմանված` ֆինանսական միջոցների և տեխնոլոգիայի տրամադրման հետ կապված պարտավորությունների կատարումից և ամբողջությամբ հաշվի կառնեն այն փաստը, որ սոցիալ-տնտեսական զարգացումը և աղքատության վերացումը զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի կարևորագույն առաջնահերթություն ունեցող խնդիրն է հանդիսանում:
5. Ֆինանսական միջոցների և տեխնոլոգիայի տրամադրման հետ կապված գործողություններ իրականացնելիս Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում առավել թույլ զարգացած երկրների որոշակի կարիքները և հատուկ պայմանները:
6. Պայմանավորվող կողմերը նկատի են առնում նաև այն հատուկ պայմանները, որոնք առաջանում են սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող Կողմեր զարգացող երկրներում, հատկապես կղզիների վրա գտնվող փոքր երկրներում կենսաբանական բազմազանությունից կախված լինելու, դրա բաշխման և տարածման արդյունքում:
7. Անհրաժեշտ է նաև հաշվի առնել զարգացող երկրների հատուկ դրությունը` ներառյալ այն երկրները, որոնք առավել խոցելի են էկոլոգիական տեսանկյունից, ինչպիսիք են չոր և կիսաչոր գոտիներ ու առափնյա և լեռնային շրջաններ ունեցող երկրները:
ՀՈԴՎԱԾ 21. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ֆինանսական միջոցների տրամադրումը կարգավորելու նպատակով սահմանվում է ֆինանսական մեխանիզմ, որի հիմնական տարրերի նկարագրությունը տրվում է սույն հոդվածում: Սույն Կոնվենցիայի նպատակների համար այն գործում է Կողմերի խորհրդաժողովի ղեկավարության և վերահսկողության ներքո և հաշվետու է նրա առջև: Մեխանիզմի գործելն ապահովում է այն վարչական կառույցը, որը Կողմերի խորհրդաժողովը կարող է սահմանել իր առաջին նիստի ժամանակ: Սույն Կոնվենցիայի նպատակների համար Կողմերի խորհրդաժողովը սահմանում է այդ միջոցների մատչելիությունը և օգտագործումը կարգավորող քաղաքականությունը, ռազմավարությունը, ծրագրային առաջնայնությունները և չափանիշները: Վճարները կատարվում են 20-րդ հոդվածում նշված ֆինանսական միջոցների կանխատեսելի, բավարար և ժամանակին հոսքն ապահովելու նկատառումով, որոնք համապատասխանում են առկա կարիքներին, որոնց չափերը պարբերաբար սահմանվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից, ինչպես նաև հաշվի առնելով 20-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` ֆինանսավորմանը մասնակցող Կողմերի ծախսերի հավասար բաշխման կարևորությունը: Կամավոր վճարումներ կարող են կատարվել նաև զարգացող երկրներ հանդիսացող Կողմերից, ինչպես նաև այլ երկրներից և աղբյուրներից: Մեխանիզմը գործում է կառավարման ժողովրդավարական և բաց համակարգի հիման վրա:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան` Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին սահմանում է ֆինանսական միջոցների մատչելիությունը և դրանց օգտագործումը կարգավորող քաղաքականությունը, ռազմավարությունը և ծրագրային առաջնայնությունները, ինչպես նաև մանրամասն չափանիշները և ղեկավար սկզբունքները` ներառյալ օգտագործման պարբերական վերահսկման միջոցները և դրանց գնահատումը: Ֆինանսական մեխանիզմի աշխատանքը ղեկավարող համապատասխան վարչական կառույցի հետ խորհրդակցվելուց հետո Կողմերի խորհրդաժողովը որոշում է ընդունում 1-ին կետի դրույթների կատարման համար անհրաժեշտ միջոցների մասին:
3. Կողմերի խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից առնվազն երկու տարի հետո, իսկ հետագայում` պարբերական հիմունքներով, իրականացնում է սույն հոդվածին համապատասխան ստեղծված ֆինանսական մեխանիզմի աշխատանքի, այդ թվում` 2-րդ կետում նշված չափանիշների և ղեկավար սկզբունքների արդյունավետության գնահատում: Այդպիսի գնահատման արդյունքների հիման վրա նա անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է մեխանիզմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ:
4. Պայմանավորվող կողմերը քննարկում են գործող ֆինանսական հաստատությունների ամրապնդման խնդիրը` կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 22. ԿԱՊԸ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում ցանկացած միջազգային համաձայնագրից բխող որևէ Պայմանավորվող կողմի իրավունքների և պարտականությունների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքների և պարտականությունների իրականացման արդյունքում կարող են լուրջ վնասներ կամ սպառնալիքներ առաջացնել կենսաբանական բազմազանության համար:
2. Պայմանավորվող կողմերը սույն Կոնվենցիայի դրույթները ծովային միջավայրի նկատմամբ կիրառում են ծովային իրավունքով նախատեսված` Պետությունների իրավունքներին և պարտականություններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 23. ԿՈՂՄԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողով: Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստը գումարվում է Միավորված ազգերի կազմակերպության` շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի կողմից` ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Հետագայում Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերը գումարվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից` առաջին նիստին սահմանված պարբերականությամբ:
2. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այն ժամանակ, երբ Խորհրդաժողովը կարող է դա անհրաժեշտ համարել, կամ` Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի համաձայն` պայմանով, որ քարտուղարության կողմից դիմումն իրենց ուղարկելու պահից վեց ամսվա ընթացքում դրան կողմ հանդես գա Կողմերի առնվազն մեկ երրորդը:
3. Կողմերի խորհրդաժողովը փոխհամաձայնությամբ սահմանում և ընդունում է իր ընթացակարգի կանոնները, ինչպես նաև ցանկացած այնպիսի օժանդակ մարմնի ընթացակարգի կանոնները, որոնք ինքը կարող է հիմնադրել, ինչպես նաև քարտուղարության ֆինանսավորումը կարգավորող ֆինանսական կանոնները:
4. Կողմերի խորհրդաժողովը վերահսկում է սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը և այդ նպատակով.
ա/ սահմանում է 26-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության տրամադրման ձևը և պարբերականությունը, ուսումնասիրում է այդ տեղեկատվությունը, ինչպես նաև ցանկացած օժանդակ մարմնի կողմից ներկայացվող զեկույցները,
բ/ ուսումնասիրում է 25-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող` կենսաբանական բազմազանության վերաբերյալ գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական առաջարկությունները,
գ/ 28-րդ հոդվածին համապատասխան` քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է արձանագրություններ,
դ/ 29-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան` քննարկում է սույն Կոնվենցիայում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները և անհրաժեշտության դեպքում ընդունում դրանք,
ե/ քննարկում է ցանկացած արձանագրության մեջ, ինչպես նաև նրա ցանկացած հավելվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները և համապատասխան որոշման ընդունման դեպքում տվյալ արձանագրության կողմերին առաջարկում է ընդունել դրանք,
զ/ 30-րդ հոդվածին համապատասխան` քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածները,
է/ հիմնադրում է այնպիսի օժանդակ մարմիններ, մասնավորապես գիտական և տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու նպատակով, որոնք կարող են անհրաժեշտ համարվել սույն Կոնվենցիայի իրագործման համար,
ը/ քարտուղարության միջոցով շփումներ է պահպանում սույն Կոնվենցիայի շրջանակներում ընդգրկված հարցերը շոշափող այլ կոնվենցիաների գործադիր մարմինների հետ` համագործակցության համապատասխան ձևաչափեր մշակելու նպատակով, և
թ/ քննարկում և ձեռնարկում է այնպիսի լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար` հաշվի առնելով իրականացման ընթացքում կուտակված փորձը:
5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի անդամ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են Կողմերի խորհրդաժողովին ներկայացված լինել դիտորդների կարգավիճակով: Ցանկացած այլ մարմին կամ հաստատություն, պետական թե հասարակական, որը փորձառու է կենսաբանական բազմազանության պահպանմանը և կայուն շահագործմանն առնչվող ոլորտներում, և որը քարտուղարությանը տեղեկացրել է դիտորդների կարգավիճակով Կողմերի խորհրդաժողովին ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է մասնակցել դրան, եթե այդ մասնակցության դեմ չի առարկում նիստին ներկա Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մուտքը և մասնակցությունը կարգավորվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից ընդունված ընթացակարգի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 24. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Սույնով հիմնադրվում է քարտուղարություն: Նրա գործառույթներն են.
ա/ 23-րդ հոդվածին համապատասխան անցկացվող Կողմերի խորհրդաժողովի նիստերի կազմակերպումը և սպասարկումը,
բ/ ցանկացած արձանագրությամբ իր համար սահմանված պարտականությունների կատարումը,
գ/ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` իր գործառույթների կատարման վերաբերյալ զեկույցների պատրաստումը և դրանց ներկայացումը Կողմերի խորհրդաժողովին,
դ/ այլ համապատասխան միջազգային մարմինների հետ փոխգործակցության համակարգումը, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային պայմանավորվածությունների ձեռքբերումը, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ կատարման համար,
ե/ այլ գործառույթների կատարումը, որոնք կարող են սահմանվել Կողմերի խորհրդաժողովի կողմից:
2. Քարտուղարությունը նշանակվում է Կողմերի խորհրդաժողովի կողմից` նրա առաջին նիստին, այն գործող իրավասու միջազգային կազմակերպությունների թվից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել կատարել քարտուղարական գործառույթները` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 25. ԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԱՐՄԻՆ
1. Սույնով հիմնադրվում է գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվություն տրամադրող օժանդակ մարմին, որի նպատակը Կողմերի խորհրդաժողովին և, անհրաժեշտության դեպքում, նրա այլ օժանդակ մարմիններին սույն Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ ժամանակին խորհրդատվություն տրամադրելն է: Այս մարմինը բաց է բոլոր Կողմերի մասնակցության համար և կրում է բազմաճյուղ բնույթ: Այն կազմվում է գիտության համապատասխան ճյուղի գծով մասնագիտացված կառավարությունների ներկայացուցիչներից: Այն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին իր գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ:
2. Ղեկավարվելով Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված սկզբունքներով և դրանց համապատասխան, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի հանձնարարությամբ` այդ մարմինը.
ա/ տալիս է կենսաբանական բազմազանության կարգավիճակի գիտական և տեխնիկական գնահատականները,
բ/ պատրաստում է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձեռնարկված տարբեր միջոցների հետևանքների գիտական և տեխնիկական գնահատականները,
գ/ հատկանշում է նոր, արդյունավետ, առավել արդիական և «նոու-հաու» տեխնոլոգիաներ կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում և առաջարկություններ է ներկայացնում այդպիսի տեխնոլոգիաների մշակումը խթանելու ուղիների և եղանակների, ինչպես նաև/կամ դրանց չտրամադրման վերաբերյալ,
դ/ խորհրդատվություն է տրամադրում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հետ կապված հետազոտությունների և մշակումների ոլորտում գիտական ծրագրերի և միջազգային համագործակցության վերաբերյալ,
ե/ պատասխանում է գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և մեթոդաբանական բնույթի հարցերին, որոնք կարող են դրան ուղղվել Կողմերի խորհրդաժողովի և վերջինիս օժանդակ մարմինների կողմից:
3. Մարմնի գործառույթները, գործունեության ոլորտը, բնույթը և գործելակերպը կարող են հետագայում լրացվել Կողմերի խորհրդաժողովի կողմից:
ՀՈԴՎԱԾ 26. ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Կողմերի խորհրդաժողովի սահմանած պարբերականությամբ Կողմերի խորհրդաժողովին է ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործումն ապահովելու նպատակով իր կողմից ձեռնարկված միջոցների և սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման տեսանկյունից այդ միջոցների արդյունավետության վերաբերյալ զեկույցներ:
ՀՈԴՎԱԾ 27. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճի դեպքում Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:
2. Եթե շահագրգիռ Կողմերին չի հաջողվում համաձայնության գալ բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են համատեղ ապավինել երրորդ Կողմի ծառայություններին կամ այդ Կողմին դիմել` միջնորդի դերում հանդես գալու խնդրանքով:
3. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած պահի, պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է ավանդապահին գրավոր դիմում ուղղել այն մասին, որ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետին համապատասխան չկարգավորված վեճի առնչությամբ ինքը որպես պարտադիր է ճանաչում վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսը.
ա/ իրավարարական ընթացակարգ 2-րդ Հավելվածի 1-ին մասով սահմանված կարգով,
բ/ վեճի հանձնում Միջազգային դատարան:
4. Եթե Կողմերը, սույն հոդվածի 3-րդ կետին համաձայն, չեն ընդունում միևնույն ընթացակարգը կամ ընթացակարգերից որևէ մեկը, ապա վեճը փոխանցվում է հաշտեցման 2-րդ Հավելվածի 2-րդ մասով սահմանված կարգով, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության նկատմամբ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 28. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիային կից արձանագրությունների մշակման և ընդունման ոլորտում:
2. Արձանագրություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի նիստին:
3. Ցանկացած առաջարկվող արձանագրության տեքստ քարտուղարության կողմից Պայմանավորվող կողմերին է ուղարկվում այդպիսի նիստից առնվազն վեց ամիս առաջ:
ՀՈԴՎԱԾ 29. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում կատարել փոփոխություններ և լրացումներ: Արձանագրության ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ կատարել այդ արձանագրության մեջ:
2. Սույն Կոնվենցիայում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի նիստում: Ցանկացած արձանագրության մեջ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են համապատասխան արձանագրության Կողմերի ժողովում: Քարտուղարությունը սույն Կոնվենցիայում կամ որևէ արձանագրության մեջ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ քննարկվող փաստաթղթի Կողմերին է ուղարկվում դրա հաստատման նիստից առնվազն վեց ամիս առաջ: Քարտուղարությունը առաջարկվող փոփոխությունների տեքստերը փոխանցում է նաև Կոնվենցիան ստորագրած Կողմերին` ի գիտություն:
3. Կողմերը ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Կոնվենցիայում կամ արձանագրության մեջ ցանկացած առաջարկվող փոփոխություն կամ լրացում ընդունվի փոխադարձ համաձայնությամբ: Եթե փոխադարձ համաձայնության ձեռքբերմանն ուղղված բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է տվյալ նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող` տվյալ փաստաթղթի Կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ և ավանդապահի կողմից ուղարկվում է բոլոր Կողմերին` վավերացման, ընդունման կամ հաստատման համար:
4. Ավանդապահը գրավոր ծանուցվում է փոփոխությունների և լրացումների վավերացման, ընդունման կամ հաստատման մասին: 3-րդ կետի համաձայն ընդունված փոփոխություններն ու լրացումները դրանք ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության Կողմերի, եթե տվյալ արձանագրությամբ այլ կերպ նախատեսված չէ, առնվազն երկու երրորդի կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ստանալու պահից իննսուներորդ օրը: Դրանից հետո ցանկացած այլ Կողմի համար փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում այդ Կողմից` նշված փոփոխությունը և վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
5. Սույն հոդվածի իմաստով «ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող կողմեր են» համարվում ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկած Կողմերը:
ՀՈԴՎԱԾ 30. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
1. Սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածները հանդիսանում են Կոնվենցիայի կամ այդ արձանագրության անբաժանելի մասը և, եթե ուղղակիորեն այլ կերպ նախատեսված չէ, Կոնվենցիային կամ արձանագրությանը կատարվող ցանկացած հղում միաժամանակ հղում է հանդիսանում դրանց ցանկացած հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
2. Բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ արձանագրությամբ դրա հավելվածների վերաբերյալ այլ կերպ է նախատեսված, սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության լրացուցիչ հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար նախատեսված են հետևյալ ընթացակարգերը.
ա/ սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածներն առաջարկվում և ընդունվում են 29-րդ հոդվածով սահմանված կարգով,
բ/ որևէ Կողմ, որը չի կարող ընդունել սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության լրացուցիչ հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին` վերջինիս կողմից այդ հավելվածն ընդունելու մասին տեղեկացվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Ավանդապահն անհապաղ տեղեկացնում է բոլոր Կողմերին ցանկացած այդպիսի ծանուցում ստանալու մասին: Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի հետ վերցնել առարկելու մասին իր հայտարարությունը, ինչից հետո հավելվածը, «գ» ենթակետին համապատասխան, ուժի մեջ է մտնում տվյալ Կողմի համար,
գ/ ավանդապահի` ընդունման մասին հայտնելու պահից մեկ տարին լրանալուն պես հավելվածն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության բոլոր այն Կողմերի համար, որոնք, «բ» ենթակետին համապատասխան, ծանուցում չեն ուղղել:
3. Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածներում փոփոխությունների և լրացումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կատարվում է նույն կարգով, որը սահմանված է Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար:
4. Եթե լրացուցիչ հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է սույն Կոնվենցիայում կամ ցանկացած արձանագրության մեջ փոփոխություն կատարելու հետ, ապա այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կամ համապատասխան արձանագրության մեջ կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 31. ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի` յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները իրենց իրավասության ներքո գտնվող հարցերին առնչվող քվեարկությանը մասնակցում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար ձայներով: Այդպիսի կազմակերպությունը չի օգտվում իր ձայնի իրավունքից, եթե այդ իրավունքից օգտվում է իր անդամ պետություններից որևէ մեկը և հակառակը:
ՀՈԴՎԱԾ 32. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
1. Պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է որևէ արձանագրության Կողմ դառնալ միայն այն դեպքում, երբ հանդիսանում է կամ միաժամանակ դառնում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ:
2. Որևէ արձանագրության համաձայն որոշումները կարող են ընդունել միայն այդ արձանագրության Կողմերը: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը չի վավերացրել, ընդունել կամ հաստատել արձանագրությունը, կարող է դիտորդի կարգավիճակով մասնակցել այդ արձանագրության Կողմերի ցանկացած ժողովին:
ՀՈԴՎԱԾ 33. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության համար Ռիո դե Ժանեյրոյում` 1992 թվականի հունիսի 5-ից մինչև 1992 թվականի հունիսի 14-ը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում` 1992 թվականի հունիսի 15-ից մինչև 1993 թվականի հուլիսի 4-ը:
ՀՈԴՎԱԾ 34. ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ
1. Սույն Կոնվենցիան և ցանկացած արձանագրությունը ենթակա են վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Վերը շարադրված 1-ին կետում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով կամ ցանկացած արձանագրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում սույն Կոնվենցիայով կամ այդ արձանագրությամբ նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այդ կազմակերպությունն, այդպես էլ դրա անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ սահմանված իրավունքներից:
3. Վավերացման, ընդունման կամ հաստատման իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղ տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:
ՀՈԴՎԱԾ 35. ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ
1. Պետությունները և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները կարող են միանալ սույն Կոնվենցիային և դրա ցանկացած արձանագրությանը Կոնվենցիան կամ համապատասխան արձանագրությունը ստորագրման համար փակվելու օրվանից: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Միանալու մասին իրենց փաստաթղթերում վերը շարադրված 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղ տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:
3. 34-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային կամ դրա որևէ արձանագրությանը:
ՀՈԴՎԱԾ 36. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Ցանկացած արձանագրություն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տվյալ արձանագրությամբ սահմանված քանակության փաստաթղթերը ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ Պայմանավորվող կողմի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
4. Ցանկացած արձանագրություն, եթե դրանով այլ կերպ նախատեսված չէ, այն Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է այդ արձանագրությունը կամ միանում է դրան 2-րդ կետին համապատասխան վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, ուժի մեջ է մտնում այդ Պայմանավորվող կողմի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը կամ տվյալ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է ավելի ուշ գալիս:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:
ՀՈԴՎԱԾ 37. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
Սույն Կոնվենցիայի նկատմամբ վերապահումներ չեն կարող արվել:
ՀՈԴՎԱԾ 38. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
1. Տվյալ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երկու տարին անցնելուն պես այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
2. Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարին լրանալուն պես կամ ավելի ուշ, ինչպես կարող է սահմանվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:
3. Կոնվենցիայից դուրս եկող ցանկացած Պայմանավորվող կողմ համարվում է նաև ցանկացած այն արձանագրությունից դուրս եկած, որի Կողմ նա հանդիսանում է:
ՀՈԴՎԱԾ 39. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գլոբալ շրջակա միջավայրի հիմնադրամը, 21-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` դրա լիակատար վերակառուցման պայմանով, Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիրը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ժամանակավորապես հանդիսանում են 21-րդ հոդվածով նախատեսված վարչական կառույցը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մինչև Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստի գումարումը կամ մինչև այն պահը, երբ Կողմերի խորհրդաժողովը, 21-րդ հոդվածին համապատասխան, կսահմանի այդ վարչական մարմինը:
ՀՈԴՎԱԾ 40. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ
Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի կողմից ապահովվող քարտուղարության գործառույթները սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մինչև Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստի գումարումը ժամանակավորապես կիրականացվեն 24-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված քարտուղարության կողմից:
ՀՈԴՎԱԾ 41. ԱՎԱՆԴԱՊԱՀ
Սույն Կոնվենցիայի և դրա ցանկացած արձանագրության ավանդապահի գործառույթներն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:
ՀՈԴՎԱԾ 42. ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ռիո դե Ժանեյրոյում` հազար ինը հարյուր իննսուներկու թվականի հունիսի հինգին:
Հավելված 1
ՀԱՏԿԱՆՇՈՒՄ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
1. Էկոհամակարգեր և բնակության միջավայրեր. բնութագրվում են լայն բազմազանությամբ, էնդեմիկ և վտանգված տեսակների մեծ թվով և վայրի բնության առկայությամբ. անհրաժեշտ են միգրացիաներ կատարող տեսակների համար. ունեն սոցիալական, տնտեսական, մշակութային կամ գիտական նշանակություն. կամ ներկայացուցչական են, եզակի բնույթ են կրում, կամ կապված են էվոլյուցիոն կամ այլ կենսաբանական գործընթացների հետ:
2. Տեսակներ և համակեցություններ, որոնք վտանգված են. ընտելացված կամ մշակվող տեսակների ազգակից տեսակներ են, ունեն բժշկական, գյուղատնտեսական կամ մշակութային նշանակություն. կամ կարևոր դեր են կատարում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում հետազոտությունների գործում, օրինակ` որպես ցուցանիշ տեսակներ:
3. Նկարագրված գենոմներ և գեներ, որոնք ունեն սոցիալական, գիտական կամ տնտեսական նշանակություն:
Հավելված 2
ՄԱՍ 1
ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1
Հարցվող Կողմը քարտուղարությանը ծանուցում է այն մասին, որ Կողմերը, սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վեճը հանձնում են իրավարարության: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Եթե Կողմերը վեճի առարկայի մասին չեն պայմանավորվել արբիտրաժի նախագահին նշանակելուց առաջ, ապա առարկան որոշվում է արբիտրաժի կողմից: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության բոլոր Պայմանավորվող կողմերին:
ՀՈԴՎԱԾ 2
1. Երկու Կողմերի միջև ծագած վեճի դեպքում արբիտրաժը կազմվում է երեք անդամներից: Վեճի յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկական իրավարարի, և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է արբիտրաժի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:
2. Ավելի քան երկու Կողմերի միջև ծագած վեճի դեպքում վեճում ընդհանուր շահեր հետապնդող Կողմերը փոխադարձ համաձայնությամբ նշանակում են արբիտրաժի մեկ անդամի:
3. Ցանկացած թափուր պաշտոն համալրվում է սկզբնական նշանակման համար նախատեսված կարգին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
1. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում արբիտրաժի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի առաջարկությամբ հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:
2. Եթե վեճի կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Գլխավոր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 4
Արբիտրաժն իր որոշումներն ընդունում է սույն Կոնվենցիայի, դրա համապատասխան արձանագրությունների և միջազգային իրավունքի նորմերին և դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 5
Եթե վեճի կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, արբիտրաժը սահմանում է իր սեփական ընթացակարգի կանոնները:
ՀՈԴՎԱԾ 6
Արբիտրաժը, կողմերից մեկի խնդրանքով, կարող է առաջարկել ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:
ՀՈԴՎԱԾ 7
Վեճի կողմերն օժանդակում են արբիտրաժի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.
ա/ տրամադրում են գործին առնչվող փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր,
բ/ անհրաժեշտության դեպքում արբիտրաժին հնարավորություն են ընձեռում կանչելու վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերն ու իրավարարներն ապահովում են իրենց կողմից իրավարարական հետաքննության ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:
ՀՈԴՎԱԾ 9
Եթե արբիտրաժը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը հավասարապես բաշխվում են վեճի Կողմերի միջև: Արբիտրաժը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Կոնվենցիայի ցանկացած Պայմանավորվող կողմ, որը վեճի առարկայում ունի իր իրավական շահերը, որոնց վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի, արբիտրաժի համաձայնությամբ, մասնակցելու գործի հետաքննությանը:
ՀՈԴՎԱԾ 11
Արբիտրաժը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 12
Արբիտրաժի ինչպես ընթացակարգային հարցերով, այնպես էլ գործի բնույթով որոշումներն ընդունվում են դրա անդամների ձայների մեծամասնությամբ:
ՀՈԴՎԱԾ 13
Եթե վեճի Կողմերից մեկը չի ներկայանում արբիտրաժ կամ չի կարողանում մասնակցել իր գործի հետաքննությանը, ապա այլ Կողմը կարող է արբիտրաժին դիմել, որպեսզի նա շարունակի հետաքննությունը և վերջնական որոշում կայացնի: Արբիտրաժում Կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործի հետաքննությանը չմասնակցելը խոչընդոտ չեն հանդիսանում հետաքննության համար: Մինչև վերջնական որոշում կայացնելը արբիտրաժ պետք է համոզվի հայցի փաստացի և իրավաբանական հիմնավորվածության մեջ:
ՀՈԴՎԱԾ 14
Արբիտրաժն իր վերջնական որոշումը կայացնում է իր վերջնական հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:
ՀՈԴՎԱԾ 15
Արբիտրաժի վերջնական որոշումը սահմանափակվում է վեճի առարկայով և ուղեկցվում է դրդապատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր Կողմերի համար: Այն ներառում է որոշման ընդունմանը մասնակցած անդամների ազգանունները և վերջնական որոշման ընդունման ամսաթիվը: Արբիտրաժի ցանկացած անդամ կարող է դրան կցել իր հատուկ կարծիքը կամ վերջնական որոշման հետ չհամընկնող կարծիքը:
ՀՈԴՎԱԾ 16
Ընդունված որոշումը վեճի Կողմերի համար պարտադիր է: Այն ենթակա չէ բողոքարկման, եթե միայն Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել բողոքարկման կարգի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 17
Ցանկացած տարաձայնություն, որը կարող է ծագել Կողմերի միջև արբիտրաժի վերջնական որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է նրանցից մեկի կողմից հանձնվել այդ որոշումն ընդունած արբիտրաժի քննարկմանը:
ՄԱՍ 2
ՀԱՇՏԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՈԴՎԱԾ 1
Հաշտեցման հանձնաժողովն ստեղծվում է վեճի Կողմերից մեկի պահանջով: Եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, այդ հանձնաժողովը կազմվում է հինգ անդամից, որոնցից երկուսին նշանակում է յուրաքանչյուր շահագրգիռ Կողմը, իսկ նախագահը համատեղ ընտրվում է այդ անդամների կողմից:
ՀՈԴՎԱԾ 2
Ավելի քան երկու Կողմ ունեցող վեճի դեպքում, ընդհանուր շահեր հետապնդող Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, միասին նշանակում են հանձնաժողովի իրենց անդամներին: Տարբեր շահեր հետապնդող երկու կամ ավելի Կողմեր ունեցող վեճի դեպքում կամ այդ Կողմերի մոտ ընդհանուր շահերի բացակայության մասին նրանց միջև պայմանավորվածության դեպքում անդամները նրանց կողմից նշանակվում են առանձին:
ՀՈԴՎԱԾ 3
Եթե Կողմերը չեն կատարում նախատեսված նշանակումները հաշտեցման հանձնաժողով ստեղծելու առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, կողմերից մեկի խնդրանքով, այդ նշանակումները կատարում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 4
Եթե հանձնաժողովի վերջին անդամներին նշանակելու պահից երկու ամսվա ընթացքում հաշտեցման հանձնաժողովի նախագահ չի նշանակում, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, Կողմերից մեկի խնդրանքով, նախագահին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 5
Հաշտեցման հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է իր անդամների ձայների մեծամասնությամբ: Եթե վեճի Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, նա սահմանում է իր սեփական ընթացակարգերը: Նա վեճի կարգավորման առաջարկություն է ներկայացնում, որը Կողմերը պարտավոր են բարեխղճորեն քննարկել:
ՀՈԴՎԱԾ 6
Հաշտեցման հանձնաժողովի իրավասությունների վերաբերյալ տարաձայնություններ ծագելու դեպքում այդ հարցը ենթակա է կարգավորման հանձնաժողովի կողմից:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 29-ից: