ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Սույն Արձանագրության Կողմերը,
հանդիսանալով Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիայի Կողմեր,
հիշելով մարդու գործունեության հետևանքով օզոնային շերտի փոփոխություններից առաջացած ժամանակավոր հետևանքներից մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորության մասին,
ընդունելով, որ օզոն քայքայող որոշ նյութերի համաշխարհային մասշտաբով կատարված արտանետումները կարող են զգալի չափով հյուծել կամ այլ կերպ փոխել օզոնային շերտը, ինչը հղի է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար անբարենպաստ հետևանքներով,
հիշելով կլիմայի վրա այդ նյութերի արտանետումների թողած պոտենցիալ ազդեցության մասին,
գիտակցելով, որ օզոնային շերտը քայքայումից պահպանելու համար ձեռնարկված միջոցառումների հիմքում պետք է ընկած լինեն գիտական մտքեր, որոնք կկիրառվեն տեխնիկական և տնտեսական դատողություններից ելնելով,
լի վճռականությամբ` ապահովելու օզոնային շերտի պահպանությունը, օզոն քայքայող նյութերի գլոբալ արտանետումների համապատասխան կարգավորման միջոցով կանխիչ միջոցներ ձեռնարկելով, ի վերջո նպատակ ունենալով գիտական հիմունքներով և հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական բնույթի դիտարկումները, հասնել դրանց վերացմանը,
ընդունելով, որ անհրաժեշտ է նախատեսել հատուկ դրույթ այդ նյութերի նկատմամբ զարգացող երկրների պահանջարկը բավարարելու համար,
հաշվի առնելով որոշ քլորաֆտորածխածնային արտանետումների կարգավորման համար ձեռնարկված կանխիչ միջոցները, որոնք արդեն ընդունված են կամ ընդունվում են ազգային և տարածաշրջանային մակարդակներով,
հաշվի առնելով օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումների կարգավորման և կրճատման նպատակով հետազոտությունների և մշակումների բնագավառում միջազգային գիտատեխնիկական համագործակցությանը աջակցելու կարևորությունը, հաշվի առնելով, մասնավորապես, զարգացող պետությունների կարիքները,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Արձանագրության նպատակների համար`
1. «Կոնվենցիա» նշանակում է 1985 թվականի մարտի 22-ին ընդունված Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան:
2. «Կողմերը», եթե ենթատեքստն այլ բան չի ենթադրում, նշանակում են սույն Արձանագրության Կողմերը:
3. «Քարտուղարություն» նշանակում է Կոնվենցիայի քարտուղարություն:
4. «Կարգավորվող նյութ» նշանակում է ցանկացած նյութ, որը նշված է սույն Արձանագրության Ա Հավելվածում, որը գոյություն ունի ինքնուրույն կամ խառնուրդի մեջ: Դա չի վերաբերում սակայն այն նյութերին կամ խառնուրդներին, որոնք կազմում են պատրաստի արտադրանքի բաղադրիչ մասը, որոնք ունեն այլ ձև, քան այն տարողությունը, որն օգտագործվում է նշված նյութի տեղափոխման կամ պահպանման համար:
5. «Արտադրություն» նշանակում է կարգավորվող նյութերի արտադրված քանակը, հանած նյութի այն քանակը, որը ոչնչացվում է Կողմերի կողմից հաստատման ենթակա տեխնոլոգիաների կիրառմամբ:
6. «Սպառում» նշանակում է կարգավորվող նյութերի արտադրությունը, գումարած ներմուծումը, հանած արտահանումը:
7. Արտադրության, ներմուծման, արտահանման և սպառման «հաշվարկային մակարդակները», 3-րդ հոդվածին համապատասխան, սահմանված մակարդակներն են:
8. «Արտադրության ռացիոնալիզացիա» նշանակում է արտադրության հաշվարկային ամբողջ մակարդակի կամ նրա մի մասի փոխանցումը մի Կողմից մյուս Կողմին, տնտեսական արդյունավետություն ապահովելու կամ ձեռնարկության փակման հետևանքով սպասվող ոչ բավարար պահանջարկը ծածկելու համար:
ՀՈԴՎԱԾ 2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու 7-րդ ամսվա առաջին օրվանից և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի նրա սպառման հաշվարկային մակարդակը: Այդ նույն ժամանակաշրջանի վերջում այդ նյութերից մեկը կամ մի քանիսը արտադրող յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի իր կողմից արտադրվող այդ նյութերի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը, բացառությամբ նրան, որ այդ մակարդակը կարող է աճել, բայց 1986 թվականի մակարդակի համեմատությամբ ոչ ավելի, քան 10%-ով: Այդպիսի աճ թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն անհրաժեշտ է Կողմերի, 5-րդ հոդվածի շրջանակներում գործող, ներքին հիմնական կարիքները բավարարելու համար և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի, սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո 37-րդ ամսվա առաջին օրվանից սկսած տասներկու ամսվա ընթացքում և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանի համար Ա Հավելվածի II խմբի մեջ ընդգրկված կարգավորվող նյութերի սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր սպառման հաշվարկային մակարդակը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, ապահովում է, որպեսզի իր կողմից արտադրվող այդ նյութերի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը, բացառությամբ նրան, որ այդ մակարդակը կարող է աճել, բայց 1986 թվականի մակարդակի համեմատությամբ ոչ ավելի, քան 10%-ով: Այդպիսի աճը թույլատրվում է միայն այն ժամանակ, եթե այն անհրաժեշտ է Կողմերի 5-րդ հոդվածի շրջանակներում գործող, ներքին հիմնական կարիքները բավարարելու համար, և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով: Այդ միջոցառումների կիրառման մեխանիզմը կորոշվի Կողմերի կողմից առաջին խորհրդակցության ժամանակ առաջին գիտական ամփոփումն անցկացնելուց հետո:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1994 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակամիջոցում և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբին պատկանող կարգավորվող նյութերի տարեկան սպառման մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր կողմից սպառված հաշվարկային մակարդակի 80%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, այդ նույն ժամանակահատվածներում ապահովում է, որ իր կողմից արտադրվող այդ նյութերի տարեկան հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակի 80%-ը: Սակայն Կողմերի, 5-րդ հոդվածի դրույթների շրջանակներում գործող, ներքին հիմնական պահանջները բավարարելու և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի համար իր արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը, բայց 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակի 10%-ից ոչ ավելի:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի 1998 թվականի հուլիսի 1-ից մինչև 1999 թվականի հունիսի 30-ը և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի իր սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի տարեկան 1986 թվականի իր սպառման հաշվարկային մակարդակի 50%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, այդ նույն ժամանակաշրջանում ապահովում է, որպեսզի կարգավորվող նյութերի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրման հաշվարկային մակարդակի 50%-ը: Սակայն Կողմերի, 5-րդ հոդվածի դրույթների շրջանակներում, գործող հիմնական ներքին կարիքները բավարարելու համար և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով, նրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը, բայց ոչ ավելի, քան 1986 թվականի իր արտադրության հաշվարկային մակարդակի 15%-ով: Սույն կետը կիրառվում է այն դեպքում, եթե Կողմերը չընդունեն այլ լուծում խորհրդակցություններից որևէ մեկում ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ, որոնք ներկայացնում են նյութեր սպառող Կողմերի ընդհանուր հաշվարկային մակարդակի ոչ պակաս, քան երկու երրորդը: Այդ լուծումը քննարկվում և ընդունվում է 6-րդ հոդվածում նշված գնահատականների լույսի ներքո:
5. Ցանկացած Կողմ, որի Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի արտադրանքի հաշվարկային մակարդակը 1986 թվականին կազմել է տարեկան 25 կիլոտոննայից պակաս, կարող է փոխանցել յուրաքանչյուր Կողմին կամ ընդունել նրանից ռացիոնալիզացիայի նպատակով 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված սահմանները գերազանցող արդյունաբերության, այն պայմանով, եթե այդ Կողմերի ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակը դուրս չգա արտադրության սահմանափակումների սահմաններից, որոնք սահմանված են այս հոդվածով: Այդպիսի արտադրության փոխանցման մասին ծանուցումն ուղարկվում է քարտուղարություն, փոխանցման ժամկետից ոչ ուշ:
6. Ցանկացած Կողմ, որը չի գործում 5-րդ հոդվածի շրջանակներում, և ունի կարգավորվող նյութերի արտադրության հզորություններ, որոնք գտնվում են շինարարության փուլում կամ որոնց համար ընդունվել են պայմանագրային պարտավորություններ մինչև 1987 թվականի սեպտեմբերի 16-ը, և որոնք նախատեսվել են ազգային օրենսդրությամբ, մինչև 1987 թվականի հունվարի 1-ը, այդպիսի հզորությունների արտադրանքը կարող է ավելացնել իր կողմից 1986 թվականի այդ նյութերի արտադրանքի բազային մակարդակին 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը որոշելու նպատակով, պայմանով, որ այդ հզորությունների շինարարությունը կավարտվի մինչև 1990 թվականի դեկտեմբերի 31-ը, և այդպիսի արտադրությունը այդ Կողմի բնակչության մեկ շնչի կողմից կարգավորվող նյութերի ամենամյա սպառումը 0,5 կիլոգրամից չի ավելացնի:
7. 5-րդ կետի համաձայն, արտադրանքի ցանկացած փոխանցման մասին, կամ 6-րդ կետի համաձայն արտադրանքի ցանկացած ավելացման մասին ծանուցումն ուղարկվում է քարտուղարությանը այդպիսի փոխանցման պահից ոչ ուշ:
8. ա) Ցանկացած Կողմ, որը հանդիսանում է տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների անդամ երկիր, համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 6-րդ կետի սահմանումների, կարող է որոշում կայացնել, որ նրանք համատեղ են սպառում այդ հոդվածի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները այն պայմանով, որ նրանց սպառման ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակը չի գերազանցում սույն հոդվածում սահմանված մակարդակներին:
բ) Կողմը հայտնում է քարտուղարությանը ցանկացած այդպիսի համաձայնության պայմանների մասին, մինչև սպառման կրճատման ամսաթիվը, որը համաձայնության առարկան է,
գ) այդպիսի համաձայնությունը ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ տնտեսական ինտեգրացիայի այդ տարածաշրջանային կազմակերպության բոլոր անդամ երկրները և ինքը տարածաշրջանային կազմակերպությունը հանդիսանում են Արձանագրության Կողմեր և տեղեկացրել են քարտուղարությանը այն մասին, թե ինչպես են նրանք ապահովում այդ կատարումը:
9. ա) 6-րդ հոդվածի համաձայն, կատարած գնահատականների հիման վրա, Կողմերը կարող են վճիռ ընդունել, թե պետք է արդյոք`
(i) ճշտել Ա Հավելվածում նշված օզոն քայքայող ունակության հաշվարկային գործակիցները և եթե այո, ապա ինչքանով, և
(ii) հարկավոր է արդյոք անցկացնել կարգավորվող նյութերի արտադրանքի կամ սպառման հետագա ճշտում և կրճատում 1986 թվականի մակարդակի հետ համեմատած, և եթե այո, ապա ինչպիսի մասշտաբներով, ծավալներով և ինչ ժամկետներում,
բ) այդպիսի ճշտումների մասին առաջարկությունները քարտուղարության կողմից հայտնվում են Կողմերին, նրանց խորհրդակցության սկսվելուց առնվազն վեց ամիս առաջ, որտեղ նրանք ներկայացվում են հաստատման,
գ) ընդունելով այդպիսի որոշումներ, Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի հասնեն պայմանավորվածության, միաձայնության ճանապարհով: Եթե, չնայած միաձայնության հասնելու բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, համաձայնության չեն հասնում, ապա այդպիսի որոշումները, որպես ծայրահեղ միջոց, ընդունվում են ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդի ձայների մեծամասնությամբ, որոնք ներկայացնում են Կողմերի կողմից կարգավորվող նյութերի ընդհանուր սպառման 50%-ից ոչ պակաս,
դ) որոշումները, որոնք պարտադիր են բոլոր Կողմերի համար, անհապաղ ավանդապահի կողմից հայտնվում են Կողմերին: Եթե որոշումների մեջ չի վերապահվել այլ բան, որոշումներն ուժի մեջ են մտնում, ավանդապահի կողմից ծանուցումների տարածման ամսաթվից սկսած վեց ամիսը լրանալուց հետո:
10. ա) 6-րդ հոդվածին համապատասխան, կատարված գնահատականների հիման վրա, որոնք անց են կացվել և Կոնվենցիայի 9-րդ հոդվածում շարադրված գործընթացին համաձայն, Կողմերը կարող են ընդունել որոշում.
(i) անհրաժեշտ է արդյոք սույն Արձանագրության ցանկացած հավելվածների մեջ մտցնել կամ հանել ցանկացած նյութերը և եթե այո, ապա որ նյութերը, և
(ii) նշված նյութերի նկատմամբ կիրառվող կարգավորման միջոցառումների մեխանիզմների, մասշտաբների և ժամկետների մասին,
բ) ցանկացած այդպիսի որոշում ուժի մեջ է մտնում այն դեպքում, եթե նա ընդունվել է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
11. Չնայած այս հոդվածում պարունակվող դրույթներին, Կողմերը կարող են ընդունել ավելի խիստ միջոցներ, քան պահանջվում է սույն հոդվածով:
ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
2-րդ և 5-րդ հոդվածների նպատակների համար յուրաքանչյուր Կողմ Ա Հավելվածի յուրաքանչյուր խմբի նյութերի համար առաջարկում է իր հաշվարկային մակարդակները`
ա) արտադրության համար, հետևյալ ճանապարհով`
(i) յուրաքանչյուր կարգավորվող նյութի համար իր տարեկան արտադրանքը բազմապատկում է իր համար Ա Հավելվածի մեջ նշված օզոն քայքայող ունակության ցուցանիշով, և
(ii) գումարելով յուրաքանչյուր խմբի համար ստացված ցուցանիշները:
բ) կիրառելով «ա» ենթակետով սահմանված mutatis mutandis, գործընթացը, ներմուծմանը և արտահանմանը համապատասխան,
գ) սպառման միջոցով իրենց արտադրանքի հաշվարկային մակարդակներին գումարելով ներմուծումը և այդ գումարից հանելով արտահանման իր հաշվարկային մակարդակը, որոնք սահմանվել են «ա» և «բ» ենթակետերին համապատասխան: Սակայն, 1993 թվականի հունվարի 1-ից սկսած եթե կարգավորվող նյութերը արտահանվում են Կողմ չհանդիսացող երկիր, ապա արտահանող Կողմի սպառման մակարդակի չափը հաշվարկելիս կարգավորվող նյութերի արտահանումը չի հանվում:
ՀՈԴՎԱԾ 4. ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄԸ ԿՈՂՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ արգելում է սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից կարգավորվող նյութերի ներմուծումը:
2. Սկսած 1993 թվականի հունվարի 1-ից 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող Կողմերից ոչ մեկը ոչ մի կարգավորվող նյութ չի կարող արտահանել սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում Կողմերը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նախատեսված դրույթներին համապատասխան, հավելվածի ձևով կպատրաստեն կարգավորվող նյութեր պարունակող ապրանքների ցուցակը: Այն Կողմերը, որոնք չեն առարկել հավելվածի դեմ, նշված գործընթացին համապատասխան, հավելվածը ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում արգելում են սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից այդ ապրանքների ներմուծումը:
4. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից հետո, հինգ տարվա ընթացքում, Կողմերը կորոշեն կարգավորվող նյութի հիման վրա արտադրվող, բայց դրանք չպարունակող, արտադրանքի արգելման կամ ներմուծման սահմանափակման գործնական հնարավորությունները սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրներից: Կողմերը, եթե նրանք կհամարեն այդ հնարավոր, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված գործընթացին, նախապատրաստում են այդ նյութերի ցուցակը հավելվածի տեսքով: Դրա դեմ չառարկած Կողմերը նշված գործընթացին համապատասխան, հավելվածը ուժի մեջ մտնելուց հետո, մեկ տարվա ընթացքում արգելում կամ սահմանափակում են այդպիսի արտադրանքի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:
5. Յուրաքանչյուր Կողմ չի խրախուսում կարգավորվող նյութերի արտադրության և կիրառման համար տեխնոլոգիայի արտահանումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:
6. Յուրաքանչյուր Կողմ ձեռնպահ է մնում սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրներին կարգավորվող նյութերի արտադրությանը նպաստող արտադրանքի, սարքերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների արտահանման համար նոր դրամական օժանդակություն, օգնություն, վարկեր, երաշխավորություն կամ ապահովագրության ծրագրեր տրամադրելուց:
7. 5-րդ և 6-րդ կետերը չեն կիրառվում այն արտադրանքի, սարքերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են կարգավորվող նյութերի անվնաս պահպանությանը, օգտագործմանը, վերաշրջանառությանը կամ ոչնչացմանը, արագացնում են այլընտրանքային նյութերի որոնումը, կամ այլ ձևով նպաստում են կարգավորվող նյութերի արտանետումների կրճատմանը:
8. Չնայած սույն հոդվածի դրույթներին, 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված ներմուծումը կարող է թույլատրվել սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից, եթե այդ պետությունը, ինչպես սահմանված է Կողմերի խորհրդակցություններից մեկում, լրիվ ծավալով պահպանում է 2-րդ հոդվածը, սույն հոդվածը և այդ նպատակով ներկայացնում է 7-րդ հոդվածում նախատեսված տվյալները:
ՀՈԴՎԱԾ 5. ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԻՃԱԿԸ
1. Իր ներքին հիմնական պահանջները բավարարելու համար ցանկացած Կողմ, որը զարգացող երկիր է, և որի կարգավորվող նյութերի ամենամյա սպառման հաշվարկային մակարդակը բնակչության մեկ շնչին ընկնող բաժնի հաշվով 0,3 կիլոգրամից պակաս է, Արձանագրությունն իր համար ուժի մեջ մտնելու պահից, կամ դրանից հետո ցանկացած այլ պահից, Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից հաշված տաս տարվա ընթացքում իրավունք ունի 2-րդ հոդվածի 1-ից 4-րդ կետերում նշված ժամկետից իր կողմից կարգավորման միջոցների պահպանումը հետաձգել տաս տարով: Սակայն, այդպիսի Կողմը չպետք է գերազանցի բնակչության մեկ շնչին ընկնող 0,3 կիլոգրամ ամենամյա սպառման հաշվարկային մակարդակը: Ցանկացած այդպիսի Կողմին իրավունք է վերապահվում 1995-1997 թվականները ներառյալ ընկած ժամանակաշրջանում իր կողմից կարգավորման միջոցները պահպանելու համար որպես հիմք օգտագործել կամ իր սպառման հաշվարկային միջին տարեկան մակարդակը, կամ բնակչության մեկ շնչին ընկած 0,3 կիլոգրամ սպառման հաշվարկային մակարդակը, կախված նրանցից թե որն է ցածր:
2. Կողմերը պարտավորվում են աջակցել զարգացող երկիր հանդիսացող Կողմերին մուտք ունենալ դեպի էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային քիմիական նյութերը և տեխնոլոգիաները և նրանց օգնություն ցույց տալ այդպիսի այլընտրանքային նյութերի և տեխնոլոգիաների օգտագործմանը արագորեն անցնելու նպատակով:
3. Կողմերը պարտավորվում են երկկողմ կամ բազմակողմ ուղիներով հեշտացնել զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին դրամական օժանդակությունների, օգնության, վարկերի, երաշխիքների կամ ապահովագրման ծրագրերի տրամադրելը այլընտրանքային տեխնոլոգիայի և փոխարինող ապրանքների օգտագործման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 6. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ
Սկսած 1990 թվականից և այնուհետև ոչ հաճախ, քան չորս տարին մեկ, գոյություն ունեցող գիտական, էկոլոգիական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվության հիման վրա Կողմերն անց են կացնում կարգավորման միջոցառումների գնահատում, որը նախատեսվում է 2-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անցկացվող գնահատումից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ Կողմերը հրավիրում են թվարկված բնագավառների համապատասխան որակյալ փորձագետների խմբերին և որոշում յուրաքանչյուր այդպիսի խմբի կազմը և ղեկավարման շրջանակը: Իրենց հրավիրման պահից հետո, մեկ տարվա ընթացքում, խմբերը քարտուղարության միջոցով իրենց եզրակացությունները հասցնում են Կողմերին ի գիտություն:
ՀՈԴՎԱԾ 7. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
1. Յուրաքանչյուր Կողմ, Կողմ դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում քարտուղարությանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ 1986 թվականի ընթացքում յուրաքանչյուր կարգավորվող նյութի վերաբերյալ իր արտադրության, ներմուծման, արտահանման մասին կամ այդ բնույթի ամենահավաստի գնահատման տվյալները, եթե փաստացի տվյալները բացակայում են:
2. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ` իր Կողմ դարձած տարում, այդ նյութերի արտադրության մասին (հատուկ նշելով ամենամյա ոչնչացվող նյութերի քանակների տվյալները, որտեղ կիրառվել է Կողմերի հաստատմանը ենթակա տեխնոլոգիան), համապատասխանորեն Կողմեր հանդիսացող և չհանդիսացող երկրներ կատարած ներմուծման և արտահանման մասին: Ամեն հետագա տարվա համար նա ներկայացնում է այդ տվյալները ոչ ուշ, քան տվյալները վերաբերող տարին վերջանալուց ինը ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 8. ՉՊԱՀՊԱՆՈՒՄ
Իրենց առաջին հերթական խորհրդակցության ժամանակ Կողմերը քննարկում և հաստատում են սույն Արձանագրության դրույթների խախտման փաստը որոշող գործընթացներն ու կազմակերպչական մեխանիզմը և այն, թե ինչպես վարվել Արձանագրությունը խախտող Կողմերի հետ:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՇԱԿՈՒՄՆԵՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Կողմերը համագործակցում են իրենց ազգային օրենսդրությանը, կանոններին և պրակտիկային համապատասխան և հաշվի առնելով, մասնավորապես զարգացող երկրների կարիքները, նպատակ ունենալով ուղղակի կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով աջակցել հետազոտությունների, մշակումների զարգացմանը և տեղեկության փոխանակմանը, հետևյալի մասին`
ա) կարգավորվող նյութերի անվտանգ պահպանության բարելավման, օգտագործման, վերաշրջանառության կամ ոչնչացման, կամ դրանց արտանետումների այլ ձևով կրճատման առավել կատարելագործված տեխնոլոգիայի մասին,
բ) կարգավորվող նյութերի հնարավոր փոխարինողների, դրանք պարունակող արտադրանքի և նրանց հիման վրա արտադրված արտադրանքի մասին,
գ) կարգավորման համապատասխան ռազմավարության կիրառման հետ կապված ծախսերի և օգուտների մասին:
2. Կողմերը անհատապես, միասին կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով համագործակցում են, հասարակության կողմից կարգավորվող նյութերի և օզոնային շերտը քայքայող այլ նյութերի արտանետումների էկոլոգիական հետևանքները ավելի խորը հասկանալն ապահովելու գործում:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում և ապա, երկու տարին մեկ, յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է հակիրճ հաշվետվություն, սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:
ՀՈԴՎԱԾ 10. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Հատուկ հաշվի առնելով զարգացող երկրների կարիքները և հիշելով Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթները, Կողմերը համագործակցում են տեխնիկական օգնության ընդլայնման բնագավառում սույն Արձանագրությունում մասնակցության հեշտացման և նրա կատարման համար:
2. Ցանկացած Կողմ կամ սույն Արձանագրությունը ստորագրած Կողմ կարող է քարտուղարությանը տեխնիկական օգնության հարցում ուղարկել դրա կատարման կամ դրանում մասնակցելու համար:
3. Իրենց առաջին խորհրդակցությունում Կողմերը սկսում են բանակցությունները 9-րդ հոդվածով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտավորությունների կատարման, այդ թվում նաև աշխատանքային պլանների նախապատրաստման վերաբերյալ: Այդպիսի աշխատանքային պլաններում հատուկ ուշադրություն պետք է դարձնել զարգացող երկրների կարիքներին և հանգամանքներին: Անհրաժեշտ է այդպիսի աշխատանքային պլաններում նախատեսված միջոցառումներում խրախուսել Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցությունը:
ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՂՄԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կողմերն անց են կացնում խորհրդակցություններ կանոնավոր ժամանակահատվածներից հետո: Կողմերի առաջին խորհրդակցությունը քարտուղարությունը գումարում է սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան մեկ տարի հետո, ինչպես նաև Կոնվենցիայի Կողմերի խորհրդակցության հետ միասին, եթե վերջինս նախատեսված է այդ ընթացքում:
2. Եթե Կողմերը չընդունեն այլ որոշում, Կողմերի հաջորդ հերթական խորհրդակցությունները անց են կացվում Կոնվենցիայի Կողմերի խորհրդակցությունների հետ համատեղ: Կողմերի արտահերթ խորհրդակցությունները կարող են անցկացվել ցանկացած այլ ժամկետներում, Կողմերի ցանկացած խորհրդակցության որոշման համաձայն կամ ցանկացած Կողմի գրավոր խնդրանքով, այն պայմանով, որ քարտուղարության կողմից այդպիսի խնդրանքը Կողմերին ուղարկելու ամսաթվից հետո, վեց ամսվա ընթացքում, նա ստանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի պաշտպանությունը:
3. Իրենց առաջին խորհրդակցությանը Կողմերը`
ա) միաձայն հաստատում են իրենց խորհրդակցությունների ընթացակարգային կանոնները,
բ) միաձայն հաստատում են 13-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ֆինանսական կանոնները,
գ) 6-րդ հոդվածի համաձայն, ստեղծում են խմբեր և որոշում նրանց ղեկավարման շրջանակները,
դ) քննարկում և հաստատում են 8-րդ հոդվածում հիշատակված գործընթացները և կազմակերպչական մեխանիզմը,
ե) 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սկսում են աշխատանքային պլանների նախապատրաստումը:
4. Կողմերի խորհրդակցությունների գործառույթները կայանում են հետևյալում`
ա) սույն Արձանագրության կատարման և նախատեսված կրճատումների ամփոփում,
բ) 2-րդ հոդվածի 9-րդ կետում նշված ցանկացած ճշտումների և կրճատումների վերաբերյալ որոշման ընդունում,
գ) որոշումների ընդունում հավելվածներում ընդգրկված նյութերի թվի լրացման, ընդլայնման կամ կրճատման մասին, ինչպես նաև 2-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարգավորման համապատասխան միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ,
դ) անհրաժեշտության դեպքում, ղեկավար ցուցումների կամ 7-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկության ներկայացման գործընթացների ընդունում,
ե) 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացված տեխնիկական օգնության մասին հարցումների քննարկում,
զ) 12-րդ հոդվածի «գ» ենթակետին համապատասխան քարտուղարության կողմից պատրաստված զեկուցումների քննարկում,
է) 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորման միջոցառումների գնահատման անցկացում` 6-րդ հոդվածին համապատասխան,
ը) սույն Արձանագրության մեջ ուղղումներ մտցնելու մասին առաջարկությունների, ցանկացած գոյություն ունեցող կամ նոր հավելվածի սահմանված կարգով, քննարկում և ընդունում,
թ) սույն Արձանագրության իրականացման համար բյուջեի քննարկում և հաստատում,
ժ) սույն Արձանագրության նպատակների իրականացման համար պահանջվող ցանկացած լրացուցիչ միջոցառումների քննարկում և ընդունում:
5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ինչպես նաև սույն Արձանագրության Կողմեր չհանդիսացող ցանկացած պետություն կարող է Կողմերի խորհրդակցությունում ներկայացվել որպես դիտորդ: Ցանկացած մարմիններ կամ հաստատություններ` ազգային և միջազգային, կառավարական և ոչ կառավարական, որոնք իրավասու են օզոնային շերտի պահպանության բնագավառներում և որոնք տեղեկացրել են քարտուղարությանը, խորհրդակցությանը, որպես դիտորդ, մասնակցելու իրենց ցանկության մասին, կարող են ստանալ խորհրդակցությանը մասնակցելու թույլտվություն, եթե միայն դրա դեմ չեն առարկում Կողմերի ներկաների առնվազն մեկ երրորդը: Դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կարգավորվում է Կողմերի սահմանած ընթացակարգային կանոններով:
ՀՈԴՎԱԾ 12. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն արձանագրության նպատակների համար քարտուղարությունը`
ա) կազմակերպում և սպասարկում է 11-րդ հոդվածով նախատեսված Կողմերի խորհրդակցությունները,
բ) Կողմերի խնդրանքով ստանում և տարածում է 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացված տվյալները,
գ) կանոնավոր կերպով պատրաստում և Կողմերին է ուղարկում զեկուցումները, որոնք հիմնված են 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան ստացված տեղեկատվության վրա,
դ) տեղեկացնում է Կողմերին, 10-րդ հոդվածին համապատասխան, ստացված տեխնիկական օգնության վերաբերյալ ցանկացած հարցման մասին, այդպիսի օգնությանը աջակցելու նպատակով,
ե) խրախուսում է Կողմերի խորհրդակցություններում Կողմ չհանդիսացող երկրների և կազմակերպությունների որպես դիտորդ մասնակցությունը և Արձանագրության դրույթներին համապատասխան նրանց գործողությունները:
զ) պատշաճ կարգով Կողմ չհանդիսացող պետությունների և կազմակերպությունների դիտորդներին է ուղղում «գ» և «դ» ենթակետերում հիշատակվող տեղեկությունը և հարցերը,
է) կատարում է ցանկացած այլ գործառույթներ Արձանագրության նպատակներին հասնելու համար, որոնք կարող են հանձնարարել նրան Կողմերը:
ՀՈԴՎԱԾ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Արձանագրության իրականացման համար անհրաժեշտ միջոցները, ներառյալ նաև նրանք, որոնք անհրաժեշտ են քարտուղարության գործունեության համար, կապված սույն Արձանագրության հետ, ձևավորվում են բացառապես Կողմերի անդամավճարների հաշվին:
2. Կողմերն իրենց առաջին խորհրդակցության ժամանակ միաձայնությամբ հաստատում են սույն Արձանագրության կատարման համար ֆինանսական կանոնները:
ՀՈԴՎԱԾ 14. ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ
Սույն Արձանագրությունում այլ դրույթների բացակայության դեպքում, սույն Արձանագրության նկատմամբ կիրառվում են Կոնվենցիայի արձանագրություններին վերաբերող դրույթները:
ՀՈԴՎԱԾ 15. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների համար Մոնրեալում` 1987 թվականի սեպտեմբերի 16-ին, Օտտավայում` 1987 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 1988 թվականի հունվարի 16-ը և Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում, Նյու Յորքում` 1988 թվականի հունվարի 17-ից մինչև 1988 թվականի սեպտեմբերի 15-ը:
ՀՈԴՎԱԾ 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում 1989 թվականի հունվարի 1-ից` պայմանով, որ ի պահ հանձնվի 1986 թվականի ընթացքում կարգավորվող նյութերի համաշխարհային սպառման գնահատման ոչ պակաս, քան երկու երրորդն ունեցող պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ Արձանագրությանը միանալու մասին առնվազն տասնմեկ փաստաթուղթ և կատարվեն Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ի կետի դրույթները: Եթե այդ ժամկետին նշված պայմանները չեն պահպանվել, սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում այդ պայմանների պահպանման ժամկետից հետո իննսուներորդ օրը:
2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից 1-ին կետի համար ի պահ տրված ցանկացած փաստաթուղթ չի համարվում լրացում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնել այդ կազմակերպության անդամ պետությունները:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն դառնում է սույն Արձանագրության Կողմ վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 17. ԿՈՂՄԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հաշվի առնելով 5-րդ հոդվածի դրույթները, ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, որը սույն Արձանագրության Կողմ է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, անհապաղ պահպանում է 2-րդ հոդվածով, ինչպես նաև 4-րդ հոդվածով սահմանված և այդ պահին գործող պարտավորությունների այն ամբողջ համալիրը, որը ներկայացվում է Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամանակ Կողմ դարձած պետություններին և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններին:
ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
Սույն Արձանագրության մեջ վերապահումներ կատարել չի թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 19. ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
Սույն Արձանագրության նպատակների համար, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, որոնք վերաբերում են Կոնվենցիայից դուրս գալուն, կիրառվում են Արձանագրության Կողմերի նկատմամբ, բացառությամբ այն Կողմերի, որոնք նշված են 5-րդ հոդվածի 1-ին կետում: Յուրաքանչյուր այդպիսի Կողմ կարող է 2-րդ հոդվածի 1-ից 4-րդ կետերում նշված պարտավորությունները ընդունելուց չորս տարի անց ցանկացած ժամանակ դուրս գալ սույն Արձանագրությունից` գրավոր ծանուցելով ավանդապահին: Արձանագրությունից ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի անց կամ այնպիսի ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշված լինել դուրս գալու մասին ծանուցման մեջ:
ՀՈԴՎԱԾ 20. ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐ
Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հանդիսանում են հավասարազոր, հանձնվում է ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի վկայություն որի` պատշաճ ձևով դրա համար լիազորված ներքոստորագրյալները, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Մոնրեալ քաղաքում, 1987 թվականի սեպտեմբերի 16-ին:
Ա Հավելված
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ
._________________________________________________.
|Խումբ |Քիմիական նյութը|Օզոն քայքայող պոտենցիալը|
|________|_______________|________________________|
|Խումբ I | | |
|________|_______________|________________________|
|CFCL3 |(ՔՖԱ-11) | 1.0 |
|________|_______________|________________________|
|CF2CL2 |(ՔՖԱ -12) | 1.0 |
|________|_______________|________________________|
|C2F3CL3 |(ՔՖԱ-113) | 0.8 |
|________|_______________|________________________|
|C2F4CL2 |(ՔՖԱ-114) | 1.0 |
|________|_______________|________________________|
|C2F5CL |(ՔՖԱ-115) | 0.6 |
|________|_______________|________________________|
|Խումբ II| | |
|________|_______________|________________________|
|CF2BrCL |(հալոն-1211) | 3.0 |
|________|_______________|________________________|
|CF3Br |(հալոն-1301) | 10.0 |
|________|_______________|________________________|
|C2F4Br2 |(հալոն-2402) | որոշվում է |
._________________________________________________.
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից: