Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆ ...

 

 

i

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ` ՎԻԵՆՆԱՅԻ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Արձանագրության, ինչպես նաև 1961 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 14-ը Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի Կոնվենցիայի, այսուհետ` Կոնվենցիա, մասնակից պետությունները,

արտահայտելով Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման մասին ցանկացած վեճի վերաբերյալ իրենց վերաբերող բոլոր հարցերով Միջազգային դատարանի պարտադիր ընդդատությանը դիմելու իրենց ցանկությունը, եթե կողմերը, ընդունելի ժամանակահատվածում, վեճի կարգավորման որևէ այլ ձևի վերաբերյալ չեն պայմանավորվել,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են Միջազգային դատարանի պարտադիր ընդդատությանը և համապատասխանաբար կարող են այդ դատարանին հանձնվել սույն Արձանագրության մասնակից վիճող ցանկացած երկրի դիմումով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ մի Կողմը ծանուցում է մյուս Կողմին այն մասին, որ իր կարծիքով, գոյություն ունի վեճ, Կողմերը կարող են պայմանավորվել վեճը հանձնելու ոչ թե միջազգային դատարան, այլ արբիտրաժ: Նշված ժամանակահատվածի ընթացքում վիճող կողմերից որևէ մեկի դիմումով վեճը չի կարող հանձնվել Միջազգային դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Այդ նույն երկու ամսվա ընթացքում վիճող կողմերը կարող են պայմանավորվել համաձայնեցված ընթացակարգ կիրառելու մասին` մինչև վեճը Միջազգային դատարան հանձնելը:

2. Համաձայնեցնող հանձնաժողովը պետք է իր առաջարկները ներկայացնի հանձնաժողովի ստեղծման օրվանից սկսած հինգ ամսվա ընթացքում: Եթե նրա առաջարկները վիճող կողմերը չընդունեն այդ առաջարկների մասին հաղորդման օրվանից սկսած երկու ամսվա ընթացքում, ապա վեճը կարող է դատարան հանձնվել կողմերից որևէ մեկի դիմումով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կոնվենցիային, քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ Արձանագրությանը և սույն Արձանագրությանը մասնակից պետությունները ցանկացած ժամանակ կարող են հայտարարել, որ իրենք սույն Արձանագրության դրույթները տարածում են այն վեճերի վրա, որոնք ծագում են քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ Արձանագրության մեկնաբանման և կիրառման առնչությամբ: Այդպիսի հայտարարությունները պետք է ծանուցվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան մինչև 1961 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1962 թվականի մարտի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրությունը բաց է դրան միանալու համար բոլոր այն պետությունների համար, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում նույն օրը, ինչ Կոնվենցիան կամ Արձանագրության վավերացման կամ միանալու մասին երկրորդ ակտը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվից որը ավելի ուշ կլինի:

2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ դրան կմիանա սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է.

ա) սույն Արձանագրությունը 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերացման կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին,

բ) սույն Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարության մասին,

գ) սույն Արձանագրությունը 8-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 5 հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննայում 1961 թվականի ապրիլի 18-ին:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 23-ից:

 

 

pin
18.04.1961
Ֆակուլտատիվ արձանագրություն