i
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ` ՎԻԵՆՆԱՅԻ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն Արձանագրության, ինչպես նաև 1961 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 14-ը Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, այսուհետ` Կոնվենցիա, մասնակից պետությունները,
արտահայտելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ կանոններ սահմանելու իրենց ցանկությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Արձանագրության նպատակների համար «ներկայացուցչության անդամներ» արտահայտությունը ունի Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «b» ենթակետում տրված նշանակությունը, այսինքն` «ներկայացուցչության ղեկավար և ներկայացուցչության անձնակազմի անդամներ»:
ՀՈԴՎԱԾ 2
Ընդունող պետության քաղաքացիներ չհանդիսացող ներկայացուցչության անդամները և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամները ձեռք չեն բերում այդ պետության քաղաքացիություն, ոչ այլ կերպ քան, ըստ ընդունող պետության օրենսդրության կիրարկման կարգի:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան մինչև 1961 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1962 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Արձանագրությունը բաց է դրան միանալու համար բոլոր այն պետությունների համար, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 6
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ճիշտ նույն օրը, ինչ և Կոնվենցիան կամ Արձանագրության վավերացման կամ միանալու մասին երկրորդ ակտը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվից որը ավելի ուշ կլինի:
2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ դրան կմիանա սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 7
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը, բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է`
ա) սույն Արձանագրությունը 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան, ստորագրելու, վավերացնելու կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին,
բ) սույն Արձանագրությունը, 6-րդ հոդվածին համապատասխան, ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վիեննայում 1961 թվականի ապրիլի 18-ին:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 23-ից: